ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր` Ն․ Բեգլարյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
ՇԴ/0021/01/20 | ||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ավետիսյանի Լ. Թադևոսյանի | |
Դ. խաչատուրյանի Ա. պ ողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
23 փետրվարի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով Գոռ Վրույրի Կարախանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի որոշման դեմ պաշտպան Հ.Ղարաքեշիշյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի հունվարի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է թիվ 68101120 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով։
2020 թվականի հունվարի 27-ին Գոռ Վրույրի Կարախանյանը ձերբակալվել է:
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հունվարի 28-ի որոշմամբ Գոռ Կարախանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունվարի 29-ի որոշմամբ Գ.Կարախանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մարտի 4-ի որոշմամբ Գ.Կարախանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով։
2020 թվականի մարտի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ Առաջին ատյանի դատարան):
Դատական քննության նախապատրաստական փուլում, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի մարտի 24-ի որոշմամբ, Գ.Կարախանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ։
2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2020 թվականի հունիսի 18-ի դատավճռով Գ.Կարախանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 4 (չորս) ամիս 22 (քսաներկու) օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ և 69-րդ հոդվածների կիրառմամբ՝ նշանակված պատժին հաշվակցվել է արգելանքի տակ գտնվելու ժամկետը և ամբողջությամբ գումարվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ նշանակված հանրային աշխատանքների չկրած մասն ու Գ.Կարախանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, և հանրային աշխատանքներ՝ 1.906 (հազար ինը հարյուր վեց) ժամ տևողությամբ։ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Գ.Կարախանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 4 (չորս) տարի ժամկետով՝ մշտական բնակության վայրը չփոխելու պարտականություն դնելով: Նույն դատավճռով Գ.Կարախանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ։
2.1. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2021 թվականի մարտի 15-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի դատավճիռը մասնակիորեն բեկանել է և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
2.2. Պաշտպան Հ.Ղարաքեշիշյանի վճռաբեկ բողոքի քննության արդյունքում, Վճռաբեկ դատարանը 2022 թվականի հունիսի 27-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն, Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի մարտի 15-ի որոշումը բեկանել է ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
3. Վերաքննիչ դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի դատավճիռը բեկանել է և փոփոխել՝ վերացնելով ամբաստանյալ Գ.Կարախանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Գ.Կարախանյանի պաշտպան Հ.Ղարաքեշիշյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի մարտի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա։
Այսպես՝ բողոք բերած անձը նախ նշել է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 54-րդ հոդվածը, ի տարբերություն նախկին քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի, սահմանում է, որ հանցագործությունների ռեցիդիվը գնահատելիս հաշվի չի առնվում այն դատվածությունը, որն առաջացել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ նշանակելու հետևանքով, ապա անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ գտել է, որ գործող կարգավորումների համաձայն՝ Գ.Կարախանյանի արարքում առկա չէ ռեցիդիվ, իսկ Վերաքննիչ դատարանը, հետադարձ ուժ չտալով անձի վիճակը բարելավող օրենքին և Գ.Կարախանյանի արարքում հաստատված համարելով ռեցիդիվի առկայությունը, թույլ է տվել դատական սխալ։
5.1. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Գ.Կարախանյանը համարվում է դատվածություն չունեցող անձ, քանի որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 93-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված անձի նկատմամբ դատվածությունը մարվում է պատիժը կատարելուց հետո, իսկ սույն գործով ամբաստանյալը դատապարտված է եղել հանրային աշխատանքների, որոնք ավարտվել են 2022 թվականի հունիսի 16-ին։
Բացի այդ, բողոքաբերը փաստել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով որպես պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է դիտվում դատվածություն ունենալը, ինչը ներառված չի եղել նախկին քրեական օրենսգրքում, հետևաբար այդ մասով առկա է անձի վիճակի վատթարացում։
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը, եզրահանգել է, որ Գ.Կարախանյանի արարքում պատիժը ծանրացնող որևէ հանգամանք առկա չէ։
5.2. Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը Գ.Կարախանյանի նկատմամբ նշանակել է ոչ արդարացի և խիստ պատիժ, մինչդեռ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ գնահատման ենթարկելով Գ.Կարախանյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, եկել էր ճիշտ եզրահանգման՝ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելով։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի դատավճռին։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Գոռ Կարախանյանն Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել այն արարքի կատարման համար, որ «(...) [Ն]ա 2020 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 21:30-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում, իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող Արթուր Պետրոսի Ղարիբյանի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, նախապես տեղյակ լինելով նրա կողմից վարձակալած՝ Գյումրի քաղաքի Ռուսթավելի փողոցի 3-րդ նրբանցքի 25-րդ տանը մարդ չլինելու, բնակարանի մուտքի դուռը բաց լինելու մասին և օգտվելով այդ հանգամանքից, մորը՝ Մանիկ Զավենի Կարախանյանին պատկանող և իր կողմից շահագործվող «CITROEN» մակնիշի 35 AD 141 հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենայով գնացել է նշված տանը հարակից տարածք, որտեղ կայանելով ավտոմեքենան, Ա.Ղարիբյանի տան բակի քարաշեն ցանկապատն անցնելով ապօրինի մուտք է գործել Գյումրի քաղաքի Ռուսթավելի փողոցի 3-րդ նրբանցքի 25-րդ տան բակ, ապա՝ փականքով չփակված մուտքի դռնից ապօրինի մուտք է գործել նշված բնակարան և փորձելով իրականացնել իր հանցավոր մտադրությունը, բնակարանից դուրս է բերել զգալի չափերով՝ 125.200 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 31.3 կգ ընդհանուր քաշով 2 արկղ «Кремлина» ապրանքանիշի «КУРАГА» տեսակի, 2 արկղ «Кремлина» ապրանքանիշի «ИНЖИР» տեսակի և 1 արկղ «Кремлина» ապրանքանիշի «ЧЕРНОСЛИВ» տեսակի շոկոլադե կոնֆետներ, որոնք դրել է բակի պարսպի վրա՝ ավտոմեքենայում տեղավորելու և տեղափոխելու համար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ դարպասի մոտ նկատելով Արթուր Ղարիբյանի աներորդուն՝ Գևորգ Ասատրյանին, ավտոմեքնենան և գողոնը թողնելով դեպքի վայրում՝ դիմել է փախուստի (…)»1:
7.1. Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով ամբաստանյալի նկատմամբ նշանակվելիք պատժի հարցին, իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Դատարանն ամբաստանյալ Գոռ Կարախանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նրա կատարած արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը (այդ թվում՝ հանցավոր մտադրության իրականացման աստիճանը):
Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասը, որպես ամբաստանյալ Գոռ Կարախանյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի է առնում այն, որ ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել և զղջացել է կատարած արարքի համար:
Որպես ամբաստանյալ Գ.Կարախանյանի անձը բնութագրող տվյալներ՝ Դատարանը հաշվի է առնում այն, որ վերջինս երիտասարդ է, և բնութագրվում է դրական:
Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որպես ամբաստանյալ Գոռ Կարախանյանի պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է դիտում հանցանքը կատարելու ռեցիդիվը։ (...)
Տվյալ դեպքում հանցագործությունների ռեցիդիվի պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով կատարված արարքի համար նախատեսված առավել մեղմ պատժի` 4 տարի ժամկետով ազատազրկման և դատական քննության արագացված կարգ կիրառելու պայմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով կատարված արարքի համար նախատեսված պատժի առավելագույն չափի` 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման միջև առկա չէ որևէ անորոշություն կամ հակասություն։ Դատարանը գտնում է, որ քրեաիրավական և քրեադատավարական նորմերի միաժամանակյա կիրառության պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով կատարված արարքի համար ամբաստանյալ Գ.Կարախանյանի նկատմամբ պատիժ կարող է նշանակվել ազատազրկում՝ 4 տարուց մինչև 5 տարի 4 ամիս ժամկետով։
Դատարանը, գտնում է, որ (...) Գ.Կարախանյանի նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 տարի 4 ամիս 22 օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման (...)։
Սույն գործում առկա՝ ամբաստանյալ Գ.Կարախանյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, ինչպես նաև՝ անձը բնութագրող հանգամանքներն էականորեն նվազեցնում են կատարված հանցագործության հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը և հիմք են տալիս եզրահանգելու, որ ազատազրկման ձևով նշանակված պատիժն առանց փաստացի կրելու հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակներին, ուստի Դատարանը գտնում է, որ պետք է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ՝ ամբաստանյալ Գ.Կարախանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան՝ 4 տարի ժամկետով: Դատարանն իր վերոնշյալ եզրահանգման համար, ի թիվս այլնի, հիմք է ընդունում նաև հետևյալ հանգամանքները՝
- Գ.Կարախանյանն ավարտին չի հասցրել իրեն մեղսագրվող հանցավոր արարքը՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողությունը,
- տուժող Ա.Ղարիբյանը որևէ բողոք կամ պահանջ չունի,
- ազատազրկման ձևով նշանակված պատժի փաստացի կրումը կարող է բացասաբար ազդել Գ.Կարախանյանի ընտանիքի կյանքի պայմանների վրա:
(…)
Դատարանն արձանագրում է, որ փորձաշրջանի ընթացքում ամբաստանյալ Գ.Կարախանյանի վարքի նկատմամբ վերահսկողությունը պետք է դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության վրա՝ սահմանելով պարտականություն՝ չփոխելու մշտական բնակության վայրը: (…)»2:
8. Վերաքննիչ դատարանն իր 2022 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ թեև 2021թ. մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ «2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ», սակայն տվյալ դեպքում նոր քրեական օրենքով ամբաստանյալ Գ․Կարախանյանին վերագրվող արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակի չի վերացել /այն նախատեսված է 2021թ. մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասով/, չի մեղմացել նաև դրա համար սահմանված պատիժը։
(...)
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Գ.Կարախանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, որպես պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք դիտելով հանցանքը կատարելու ռեցիդիվը, այն պատժի կրման նպատակահարմարության տեսակետից պատշաճ գնահատականի չի արժանացրել։ Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում փաստել, որ Գ.Կարախանյանը նախկինում դատապարտված լինելով համասեռ հանցագործության համար, սույն գործով իրեն վերագրվող հանցանքը կատարել է նախորդ դատավճռով նախատեսված պատժի կրման ընթացքում (...), ինչն էականորեն բարձրացնում է կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը, որն Առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ կերպով հաշվի չի առնվել ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս։
Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի կողմից հաշվի առնված (...)` ամբաստանյալի անձը բնութագրող, վերջինիս պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներին, ապա (...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերոգրյալներն այն աստիճան չեն նվազեցնում կատարված հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, որպեսզի ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվի։
Վերոշարադրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Գ.Կարախանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավոր չեն: (...)»3:
9. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի հունիսի 6-ի դատավճռով Գոռ Կարախանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ Գ.Կարախանյանի նկատմամբ վերոնշյալ դատավճռով նշանակված տուգանքը փոխարինվել է 2200 ժամ հանրային աշխատանքներով4:
10. ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրված թիվ 009649 տեղեկանքի համաձայն՝ Գ.Կարախանյանը պատիժ է կրել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային բաժնում մինչև 2022 թվականի հունիսի 16-ը, որտեղից ազատվել է հանրային աշխատանքները լրիվ կրելով5։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «8. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։
Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգային հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգիրքը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Գ.Կարախանյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Գ.Կարախանյանի քրեական պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է հանցանքը կատարելու ռեցիդիվը։
13. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։ (…)»:
Սույն հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու համար վճռորոշ նշանակություն ունի այն հանգամանքը, թե մինչ այդ օրենսդրությունն ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձանց վերաբերյալ առկա՞ է արդյոք օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ, թե ոչ: Եթե նման ակտ առկա չէ, ապա պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, այսինքն տարածվում է մինչ այդ օրենսդրությունն ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձանց վրա:
13.1. Անդրադառնալով պատիժը մեղմացնող օրենսդրության բնութագրիչ առանձնահատկությանը` Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքի շրջանակներում ընդգծել է, որ նոր օրենքը համարվում է պատիժը մեղմացնող, եթե հոդվածի սանկցիայով նախատեսված՝ ա) պատժի նվազագույն կամ առավելագույն չափերն իջեցվում են, բ) պատժատեսակը փոխարինվում է ավելի մեղմ պատժատեսակով, գ) պարտադիր լրացուցիչ պատժատեսակը վերացվում է կամ վեր է ածվում ֆակուլտատիվի, դ) նախատեսվում է երկընտրելի առավել մեղմ պատժատեսակ6։ Ընդ որում՝ պետք է նկատի ունենալ, որ պատժի մեղմացումը կարող է տեղ գտնել ոչ միայն քրեական օրենսգրքի Հատուկ մասի հոդվածի սանկցիայում, այլև՝ Ընդհանուր մասի դրույթներում, օրինակ՝ պատիժ նշանակելու կանոններում:
13.2. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն՝ «1.Հանցագործությունների ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, ով դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարված հանցանքի համար:
(…)
4. Այն հանցանքների համար դատվածությունը, որը հանվել կամ մարվել է օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև այն հանցանքները, որոնք կատարվել են մինչև անձի տասնութ տարին լրանալը, ռեցիդիվը գնահատելիս հաշվի չեն առնվում»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի համաձայն՝ «1.Հանցագործությունների ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, որը դատվածություն ունի դիտավորյալ հանցագործության կատարման համար:
2. Հանցագործությունների ռեցիդիվը գնահատելիս հաշվի չի առնվում այն դատվածությունը, որը՝
(…)
3) առաջացել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ նշանակելու հետևանքով»:
Մեջբերված նորմերի համեմատական վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործող օրենսդրությամբ հանցագործությունների ռեցիդիվը որոշելու կարգում նախատեսվել է էական փոփոխություն։ Մասնավորապես՝ եթե նախորդ օրենսգիրքը սահմանում էր, որ ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, ով դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարված հանցանքի համար՝ որևէ տարբերակում չդնելով, թե ի՞նչ պատիժ է նշանակվել անձի նկատմամբ, ապա գործող օրենսգիրքը սահմանում է, որ ռեցիդիվը գնահատելիս հաշվի չի առնվում այն դատվածությունը, որն առաջացել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ նշանակելու հետևանքով։ Այսպիսով, նոր իրավակարգավորումների պայմաններում անձի արարքում հանցագործությունների ռեցիդիվի առկայությունը որոշելու կարգում տեղ է գտել այնպիսի փոփոխություն, որն իր բնույթով պատիժը մեղմացնող է, քանի որ անձի արարքում ռեցիդիվի առկայությունն ուղղակիորեն ազդում է պատժի վրա՝ հանգեցնելով անձի նկատմամբ նշանակվող պատժի խստացման, հետևաբար նշված փոփոխությանը պետք է հետադարձ ուժ տրվի։
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի հունիսի 6-ի դատավճռով Գոռ Կարախանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, որը Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ փոխարինվել է 2200 ժամ հանրային աշխատանքներով7,
- Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի դատավճռով Գ.Կարախանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, և նրա նկատմամբ նույն օրենսգրքի 67.1-րդ հոդվածի 2-րդ մասի և 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 4 (չորս) ամիս 22 (քսաներկու) օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ Նույն օրենսգրքի 67-րդ և 69-րդ հոդվածների կիրառմամբ, Գ.Կարախանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, և հանրային աշխատանքներ՝ 1.906 (հազար ինը հարյուր վեց) ժամ տևողությամբ։ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ, Գ.Կարախանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 4 (չորս) տարի ժամկետով՝ մշտական բնակության վայրը չփոխելու պարտականություն դնելով8,
- քննարկելով Գ.Կարախանյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի կիրառման հիմքերը, Վերաքննիչ դատարանը գտել է, որ տվյալ դեպքում նոր քրեական օրենքով ամբաստանյալ Գ.Կարախանյանին վերագրվող արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակի չի վերացել, չի մեղմացել նաև դրա համար սահմանված պատիժը։ Վերաքննիչ դատարանը որպես ամբաստանյալ Գ.Կարախանյանի քրեական պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է հաշվի առել հանցանքը կատարելու ռեցիդիվը և, ըստ էության, ռեցիդիվի առկայության հիմնավորմամբ վերացրել ամբաստանյալ Գ.Կարախանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը9։
15. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-13.2-րդ կետերում մեջբերված իրավանորմերի և արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցագործությունների ռեցիդիվը որոշելու առումով 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված կարգավորումն ըստ էության պատիժը մեղմացնող է։ Հետևաբար, սույն գործի փաստական հանգամանքների շրջանակներում հաշվի առնելով, որ նախորդ դատավճռով Գ.Կարախանյանի նկատմամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ, ուստի հանցագործությունների ռեցիդիվը որոշելու գործող կարգի կիրառման արդյունքում, պետք է արձանագրել, որ Գ.Կարախանյանի արարքում բացակայում է հանցագործությունների ռեցիդիվը, ինչն էլ իր հերթին բացառում է այն որպես Գ.Կարախանյանի քրեական պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք դիտարկելու հնարավորությունը, ինչպես նաև հանցագործությունների ռեցիդիվի կանոններով վերջինիս նկատմամբ պատիժ նշանակելը։
16. Այսպիսով, ամփոփելով կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում տեղ գտած կարգավորումը հետադարձության կարգով տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կատարած Գ.Կարախանյանի նկատմամբ և որպես արդյունք պետք է արձանագրել, որ վերջինիս արարքում ռեցիդիվ առկա չէ։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Գ.Կարախանյանի քրեական պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է հանցանքը կատարելու ռեցիդիվը, հիմնավոր չէ։
17. Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ Գ.Կարախանյանը համարվում է դատվածություն չունեցող անձ, քանի որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 93-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված անձի նկատմամբ դատվածությունը մարվում է պատիժը կատարելուց հետո, իսկ սույն գործով ամբաստանյալը դատապարտված է եղել հանրային աշխատանքների, որոնք նա 2022 թվականի հունիսի 16-ի դրությամբ լրիվ կրել է10, ապա Վճռաբեկ դատարանն այն ընդունելի չի համարում և արձանագրում է, որ դատվածության մարված լինելը որոշելու համար նշանակություն ունի ոչ թե դատական ակտի կայացման, այլ հանցանքի կատարման օրը, իսկ սույն գործով Գ.Կարախանյանն իրեն մեղսագրվող հանցանքը կատարել է 2020 թվականի հունվարի 26-ին11՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի հունիսի 6-ի դատավճռով նշանակված և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ հանրային աշխատանքների փոխարինված պատիժը կրելու ընթացքում12: Հետևաբար, դատվածության մարման ժամկետի հաշվարկման գործող կարգի կիրառման արդյունքում պետք է փաստել, որ սույն քրեական գործով հաստատված հանցանքը կատարելու օրվա՝ 2020 թվականի հունվարի 26-ի դրությամբ Գ.Կարախանյանի դատվածությունը մարված չի եղել և վերջինս պետք է համարվի դատվածություն ունեցող անձ։
Վերոգրյալի հետ մեկտեղ անդրադառնալով բողոքաբերի այն պնդմանը, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով որպես քրեական պատասխանատվությունը կամ պատիժը ծանրացնող հանգամանք նախատեսված՝ հանցանքը դատվածություն ունեցող անձի կողմից կատարելը, որպես այդպիսին չի կարող հաշվի առնվել Գ.Կարախանյանի պատժի անհատականացման գործընթացում, քանի որ նախատեսված չի եղել վերջինիս մեղսագրված արարքը կատարելու պահին գործող քրեական օրենսգրքով և ունի անձի վիճակը վատթարացնող բնույթ, ապա Վճռաբեկ դատարանն այն նույնպես հիմնավոր չի համարում և հարկ է համարում նշել, որ դատվածություն ունեցող անձի կողմից դիտավորյալ հանցանքի կատարումը նախկին օրենսգրքով ևս հաշվի էր առնվում որպես պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք, մասնավորապես դիտվում էր որպես հանցանքը կատարելու ռեցիդիվ։
18. Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ.Կարախանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով մեղսագրվող արարքի կատարման համար Առաջին ատյանի դատարանի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի 2-րդ մասի և 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ նշանակված 4 (չորս) տարի 4 (չորս) ամիս 22 (քսաներկու) օր ժամկետով ազատազրկումը պետք է փոփոխել և առանց հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու կանոնի կիրառման, նշանակել պատիժ՝ ազատազրկում՝ 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով։ Նկատի ունենալով, որ Գ.Կարախանյանը 2020 թվականի հունվարի 27-ից մինչև նույն թվականի հունիսի 18-ը գտնվել է արգելանքի տակ13։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշանակված 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկմանը, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնների կիրառմամբ, պետք է հաշվակցել նրա արգելանքի տակ գտնվելու՝ 4 (չորս) ամիս 22 (քսաներկու) օր ժամկետը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 10 (տասը) ամիս 8 (օր) ժամկետով։
19. Անդրադառնալով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին՝ Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ հարցի կապակցությամբ նախկինում արտահայտած իր դիրքորոշումների14 լույսի ներքո ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը, վերլուծելով ամբաստանյալ Գ.Կարախանյանի կատարած արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև հաշվի առնելով վերջինիս անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները՝ մեղքն ընդունելը, կատարածի համար զղջալը, ծանրացնող հանգամանքի առկայությունը, իր համաձայնությունն է հայտնում սույն գործով ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժն առանց փաստացի կրելու պատժի նպատակների իրացման հնարավորության մասին Առաջին ատյանի դատարանի հետևություններին և գտնում է, որ Գ.Կարախանյանի նկատմամբ նշանակված պատիժը, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, պետք է պայմանականորեն չկիրառել15 և կատարված վերոնշյալ վերլուծության հաշվառմամբ սահմանել փորձաշրջան՝ 4 (չորս) տարի ժամկետով:
20. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 359-րդ, 361-րդ, 363-րդ, 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Գոռ Վրույրի Կարախանյանի վերաբերյալ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը փոփոխել:
2. Գոռ Վրույրի Կարախանյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով։
2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնների կիրառմամբ՝ նշանակված 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկմանը հաշվակցել Գոռ Վրույրի Կարախանյանի արգելանքի տակ գտնվելու ժամկետը՝ 4 (չորս) ամիս 22 (քսաներկու) օրը, և թողնել կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 10 (տասը) ամիս 8 (օր) ժամկետով։
3. Գոռ Վրույրի Կարախանյանի նկատմամբ նշանակված պատիժը, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան՝ 4 (չորս) տարի ժամկետով: Փորձաշրջանի ընթացքում նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա:
4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ։
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
_________________________________________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 32-34։
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 34-41։
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 62-67
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 25
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 49։
6 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Վաղարշակ Գալոյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0008/15/13 որոշման 19-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 2-րդ, 7-րդ և 7.1-րդ կետերը։
9 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
10 Տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը։
11 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
12 Տե՛ս սույն որոշման 9-րդ և 10-րդ կետերը։
13 Տե՛ս սույն որոշման 1-ին և 2-րդ կետերը։
14 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Սերոբ Սարգսյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ/0109/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Սեյրան Աղախանյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԱՎԴ/0082/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննեսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննսիյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները:
15 Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ ամբաստանյալ Գ.Կարախանյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը:
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ. Թադևոսյան |
Դ. խաչատուրյան Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: