ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, |
ԵԴ/1976/01/22 | ||
|
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
Ս. Համբարձումյան դատավորներ՝ Լ. Հովհաննիսյան
նախագահող դատավոր՝
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի | ||
Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ Ա. Պողոսյանի | ||
|
Ս. Օհանյանի |
17 մայիսի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով Արտյոմ Սերգեյի Հակոբքեխվյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի հունիսի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 12111122 քրեական գործը:
Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Նարեկ Ավագյանը ճանաչվել է տուժող:
Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի հունիսի 8-ի որոշմամբ Արտյոմ Սերգեյի Հակոբքեխվյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
2022 թվականի հունիսի 10-ին Արտյոմ Հակոբքեխվյանը ձերբակալվել է, իսկ 2022 թվականի հունիսի 11-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ միջնորդություն է հարուցվել հսկող դատախազին՝ թիվ 12111122 քրեական վարույթով Արտյոմ Հակոբքեխվյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ Ս.Պողոսյանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ, թիվ 12111122 քրեական վարույթով Արտյոմ Հակոբքեխվյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական հետապնդում։
Նախաքննության մարմինը 2022 թվականի դեկտեմբերի 16-ին որոշումներ է կայացրել մեղադրյալ Ա.Հակոբքեխվյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց բացակայելու արգելքն ընտրելու մասին:
2022 թվականի դեկտեմբերի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2023 թվականի մարտի 1-ի դատավճռով Արտյոմ Հակոբքեխվյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (որը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին) և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ, Ա.Հակոբքեխվյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով:
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2023 թվականի հունիսի 15-ի որոշմամբ դատախազի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ թողնվել անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ, ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները, Արտյոմ Հակոբքեխվյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, պատշաճ չեն գնահատել վերջինիս արարքի բնույթը և դրա հանրային վտանգավորության աստիճանը:
Բողոք բերած անձն ընդգծել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված քրեաիրավական նորմը կիրառելիս դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին, ինչը տվյալ դեպքում ստորադաս դատարանների կողմից չի ապահովվել: Ուստի, բողոքաբերի համոզմամբ` Առաջին ատյանի դատարանը, նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, իսկ Վերաքննիչ դատարանը՝ դատավճիռն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, ինչն էլ հիմք է դատական ակտը պատժի մասով բեկանելու և փոփոխելու համար։
Բողոք բերած անձը նշել է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել պաշտպանվող հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, ինչպես նաև այն, որ Ա.Հակոբքեխվյանին պատժի կրումից պայմանականորեն ազատելը չի կարող ապահովել պատժի նպատակների իրականացումը:
Բողոքի հեղինակը նաև փաստարկել է, որ ստորադաս դատարանների կողմից Ա.Հակոբքեխվյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ճանաչված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում վերջինիս կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը, ուստի դրանք չէին կարող դրվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման նախադրյալների հիմքում։
6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի հունիսի 15-ի որոշումը մասնակի` պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական ակտ` անթույլատրելի ճանաչելով Արտյոմ Հակոբքեխվյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Արտյոմ Հակոբքեխվյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ «նա, 2022 թվականի հունիսի 5-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Խաղաղ Դոն փողոցի 27-րդ շենքի հետնամասում՝ հիշյալ շենքի 7-րդ մուտքի հարակից տարածքում, անձնական հարցերի շուրջ վիճաբանել է իր ծանոթ Նարեկ Ավագյանի հետ, որի ընթացքում վերջինիս առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ կտրող-ծակող առարկայով մեկ անգամ հարվածել է նրա կրծքավանդակին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որն արտահայտվել է թափանցող վերքի ձևով՝ ուղեկցված վերքային արյունահոսությամբ, ձախակողմյան պնևմոհեմոթորաքսով և սուր շնչական անբավարարությամբ»1։
8. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն. «(...) Դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտնում է, որ մեղադրյալ Արտյոմ Սերգեյի Հակոբքեխվյանը կատարել է ՀՀ քրեական (18.04.2003թ. ընդունված) օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը:
Դատարանը, հաստատված համարելով հանցագործության և դրա կատարման մեջ Արտյոմ Սերգեյի Հակոբքեխվյանի մեղքի ապացուցված լինելը, գտնում է, որ նա ենթակա է պատժի կատարածի համար:
(...)
Դատարանը մեղադրյալի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում ինչպես կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, այնպես էլ նրա անձը բնութագրող տվյալները. Արտյոմ Հակոբքեխվյանը երիտասարդ է, նախկինում դատապարտված չի եղել (ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն կատարված հարցման արդյունքների) և ըստ «Արգիշտի» համատիրության կառավարչի կողմից հաստատված բնութագրի՝ բնութագրվում է դրականորեն:
Որպես մեղադրյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ Դատարանը հաշվի է առնում այն, որ վերջինս ընդունել է իր մեղքը և զղջացել է կատարածի համար, տվել է խոստովանական բնույթի ցուցմունքներ:
Մեղադրյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք Դատարանը չի արձանագրում:
(...) Դատարանը հանգում է հետևության, որ մեղադրյալ Արտյոմ Հակոբքեխվյանի նկատմամբ պատիժ պետք է նշանակվի ՀՀ քրեական (18.04.2003թ. ընդունված) օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատժի նվազագույն չափով:
(...) [Հ]աշվի առնելով մեղադրյալ Արտյոմ Հակոբքեխվյանի կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, դեպքի հանգամանքները, նրա անձը (երիտասարդ լինելը, դրական բնութագրվելը, նախկինում դատված չլինելը), պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, մասնավորապես՝ մեղքն ընդունելը, անկեղծորեն զղջալը, խոստովանական բնույթի ցուցմունքներ տալը` Դատարանը գալիս է եզրահանգման, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը, մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը ռեալ կրելու, ուստի նրա նկատմամբ նշանակվող ազատազրկման ձևով պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել:
Ընդ որում, Դատարանը նման հետևության է հանգել` ելնելով քրեական օրենսդրության սկզբունքներից, սոցիալական արդարության վերականգնման և պատժի նպատակների իրականացման անհրաժեշտությունից` հիմնվելով կատարված հանցագործության, դրա առանձնահատկությունների, գործի կոնկրետ հանգամանքների բազմակողմանի գնահատման վրա:
Այսպիսով, Դատարանը գտնում է, որ մեղադրյալ Արտյոմ Հակոբքեխվյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու և այն ՀՀ քրեական (18.04.2003թ. ընդունված) օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա 2 (երկու) տարի ժամկետով պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական (18.04.2003թ. ընդունված) օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և նմանատիպ հանցագործությունների կանխմանը»2:
9. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Արտյոմ Հակոբքեխվյանի նկատմամբ պայմանական դատապարտում կիրառելու միջոցով կարելի է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:
(...) Վերաքննիչ դատարանը գործով հանրային մեղադրող, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ Ս.Պողոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում հանգում է այն հետևության, որ բերված վերաքննիչ բողոքը բավարարելու, դատավճիռը պատժի մասով բեկանելու, մեղադրյալ Արտյոմ Հակոբքեխվյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հիմքեր չկան, նկատի ունենալով, որ դատարանը դատավճիռ կայացնելիս` թույլ չի տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ: (...)»3։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք Արտյոմ Հակոբքեխվյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
11. Վճռաբեկ դատարանն առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքում պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին անդրադարձել է իր մի շարք նախադեպային որոշումներում4:
12. Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ քննարկվող հոդվածով նախատեսված հանցանք կատարելու դեպքում պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս, ստորադաս դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտվող հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մարմնական վնասվածքների քանակը, տեղակայումը, բնույթը և այլն5:
13. Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կոնկրետ գործի փաստական հանգամանքների շրջանակներում վնաս պատճառելու համար օգտագործված տարատեսակ գործիքները կամ առարկաները (հրազեն, դանակ, կացին, մուրճ, մետաղյա ձող, քար և այլն), կյանքի համար վտանգ ներկայացնող վնասի պատճառումը, հանցավորի պատրաստվածությունը, մեղքի դիտավորյալ ձևը (հատկապես` ուղղակի դիտավորությունը) իրենց ամբողջության մեջ անկանխելի են դարձնում հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը, մեծացնում հանցագործությունը հաջողությամբ ավարտին հասցնելու կամ ավելի մեծ վնաս պատճառելու հավանականությունը։ Հետևաբար, նման դեպքերում օբյեկտիվորեն բարձրանում է նաև արարքի հանրային վտանգավորության աստիճանը:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Արտյոմ Հակոբքեխվյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա 2022 թվականի հունիսի 5-ին անձնական հարցերի շուրջ վիճաբանել է իր ծանոթ Նարեկ Ավագյանի հետ, որի ընթացքում վերջինիս առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ կտրող-ծակող առարկայով մեկ անգամ հարվածել է նրա կրծքավանդակին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս6,
- Առաջին ատյանի դատարանը գտել է, որ կատարված արարքի համար Արտյոմ Հակոբքեխվյանի նկատմամբ որպես պատիժ պետք է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժը: Միաժամանակ, հաշվի առնելով Ա.Հակոբքեխվյանի կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, դեպքի հանգամանքները, նրա անձը (երիտասարդ լինելը, դրական բնութագրվելը, նախկինում դատված չլինելը), պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, մասնավորապես՝ մեղքն ընդունելը, անկեղծորեն զղջալը, խոստովանական բնույթի ցուցմունքներ տալը` Առաջին ատյանի դատարանը եկել է եզրահանգման, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը, Ա.Հակոբքեխվյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը ռեալ կրելու, ուստի նրա նկատմամբ նշանակվող ազատազրկման ձևով պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել7,
- Վերաքննիչ դատարանը համաձայնել է Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դիրքորոշման հետ և եզրահանգել, որ դատախազի վերաքննիչ բողոքը բավարարելու, դատավճիռը պատժի մասով բեկանելու և Արտյոմ Հակոբքեխվյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հիմքեր չկան8։
15. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից Արտյոմ Հակոբքեխվյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը:
16. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արտյոմ Հակոբքեխվյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող հետևյալ գործոնները.
ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ մեղադրյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա,
բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է, որ իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառում է ծանր վնաս, նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը,
գ) հանցագործության գործիքը, մասնավորապես՝ հանրորեն վտանգավոր արարքը կտրող-ծակող առարկայի գործադրմամբ կատարելը,
դ) հանցագործության եղանակը և իրադրությունը՝ այն, որ Ա.Հակոբքեխվյանը վիճաբանության մեջ մտնելով Ն.Ավագյանի հետ, առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել է վերջինիս` պատճառելով ծանր վնասվածք։
ե) հասցված մարմնական վնասվածքի բնույթն ու տեղակայումը, մասնավորապես այն, որ Ա.Հակոբքեխվյանը հարված է հասցրել տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում՝ կրծքավանդակին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որն արտահայտվել է թափանցող վերքի ձևով՝ ուղեկցված վերքային արյունահոսությամբ, ձախակողմյան պնևմոհեմոթորաքսով և սուր շնչական անբավարարությամբ:
17. Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ յուրաքանչյուր դեպքում որևէ հանգամանք մեղմացնող համարելու համար, այն պետք է բավարարի որոշակի չափանիշների: Մասնավորապես.
ա) հանգամանքը պետք է իրական լինի, այսինքն՝ գործով ձեռք բերված ապացույցները պետք է հաստատեն դրա առկայությունը,
բ) այն պետք է ողջամտորեն նվազեցրած լինի անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը,
գ) այն հաստատված ճանաչելիս դատարանը պետք է պահպանի ապացուցման ընդհանուր քրեադատավարական կանոնները. հանգամանքի առկայությունը հաստատող ապացույցները պետք է վերաբերելի և թույլատրելի լինեն, դրանք պետք է հետազոտված լինեն դատաքննության ընթացքում, ինչպես նաև պետք է պահպանվեն ապացույցների ստուգման և գնահատման օրենսդրական պահանջները9։
18. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Ա.Հակոբքեխվյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում, իսկ դրանք անտեսելը հանգեցրել է քրեադատավարական օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերը շարադրված` մեղադրյալ Ա.Հակոբքեխվյանի անձը բնութագրող տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող փաստական տվյալների առկայության պայմաններում, չեն կարող ողջամտորեն նվազեցնել Ա.Հակոբքեխվյանի կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ: Ուստի, նման պայմաններում, ստորադաս դատարանների կողմից Ա.Հակոբքեխվյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները բավարար չեն կարող համարվել ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար:
19. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Ա.Հակոբքեխվյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, պատշաճ ուշադրություն չեն դարձրել խախտված հասարակական հարաբերության բնույթին ու կարևորությանը, կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքին, օգտագործված գործիքին, տուժողի առողջությանը պատճառված վնասի բնույթին և մարմնական վնասվածքի տեղակայմանը:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Հակոբքեխվյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:
20. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, Ա.Հակոբքեխվյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Ուստի անհրաժեշտ է Ա.Հակոբքեխվյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և թողնել կրելու 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը, որին ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պետք է հաշվակցել 2022 թվականի հունիսի 10-ից մինչև 2022 թվականի հունիսի 11-ն անազատության մեջ գտնվելու ժամկետը և Ա.Հակոբքեխվյանին վերջնական թողնել կրելու ազատազրկում` 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 29 (քսանինը) օր ժամկետով` պատժի կրման սկիզբը հաշվելով Ա.Հակոբքեխվյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արտյոմ Սերգեյի Հակոբքեխվյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2023 թվականի մարտի 1-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հունիսի 15-ի որոշումը փոփոխել։ Արտյոմ Սերգեյի Հակոբքեխվյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել: 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա Արտյոմ Սերգեյի Հակոբքեխվյանի նկատմամբ նշանակված պատժին` 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկմանը, հաշվակցել 2022 թվականի հունիսի 10-ից մինչև 2022 թվականի հունիսի 11-ն անազատության մեջ գտնվելու ժամկետը և վերջնական թողնել կրելու ազատազրկում 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 29 (քսանինը) օր ժամկետով:
Պատժի կրման սկիզբը հաշվել Արտյոմ Սերգեյի Հակոբքեխվյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
________________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 231:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 26-35:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 86-97:
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19 որոշման 12-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արամայիս Հովհաննիսյաի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14 որոշումը:
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ. Թադևոսյան Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: