ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2024 թվականի N 818-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի միջոցառումների կատարման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը և միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» N 954-Լ որոշումը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
31.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 30-ի N 818-L որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Պարենային անվտանգության ապահովման բաղադրիչ հանդիսացող սննդամթերքի անվտանգությունը ռազմավարական նշանակություն ունեցող հիմնախնդիր է ինչպես սոցիալ-տնտեսական, այդպես էլ ազգաբնակչության առողջության ապահովման տեսանկյունից։
2. Առևտրի գլոբալիզացիայի պայմաններում սննդամթերքի արտադրությունը և շրջանառությունն իրականացվում են «ֆերմայից` պատառաքաղ» սկզբունքով, որում իր ուրույն դերն ունի գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացը:
3. Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության շրջանակներում հետագծելիության սկզբունքի կիրառումը ազգաբնակչության, կենդանիների առողջության, շրջակա միջավայրի անվտանգության ապահովման երաշխիքն է։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշման համաձայն՝ ագրարային ոլորտի առջև ծառացած կարևոր խնդիրներից է համարվում հաշվառման համակարգի բարելավումը, որի լուծումներից մեկն է գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման համակարգի ներդրումը:
5. Համակարգի ներդրումը և կենտրոնացված տվյալների բազայի ձևավորումը խթանիչ գործիք են անասնաբուծական արտադրանքի կանխատեսման ճշգրտության բարձրացման, կենդանիների վերարտադրության հետագծելիության, կենդանիների տեղաշարժի վերահսկման, թաքնված գլխաքանակի բացահայտման, ապահովագրական մեխանիզմների մշակման համար, ինչպես նաև անասնահամաճարակային կայուն վիճակի ապահովմանը միտված գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների հսկողական ծրագրերի մշակման և իրականացման համար։
6. Սույն ծրագրի դրույթները տարածվում են միայն խոշոր եղջերավոր կենդանիների (այսուհետ՝ ԽԵԿ) և մանր եղջերավոր կենդանիների (այսուհետ՝ ՄԵԿ) համարակալման և հաշվառման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման, ինչպես նաև կենտրոնացված տվյալների բազայի ձևավորման հետ կապված իրավահարաբերությունների վրա:
2. ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
7. Ներկայումս հանրապետությունում անասնագլխաքանակի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) կողմից։
8. Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության բացակայությունը կարող է բացասաբար անդրադառնալ ներպետական և միջազգային շուկաներում կենդանիների և կենդանական ծագման հումքի և մթերքի հասանելիության, պարենային անվտանգության ապահովության (հիվանդությունների դեմ պայքար, կենդանական ծագման արտադրանքի ծավալների կանխատեսումներ և այլն) և սննդամթերքի անվտանգության վրա, որը և հրատապ է դարձնում նախաձեռնել ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի համարակալման և հաշվառման գործընթացը, ինչպես նաև շահագրգիռ բոլոր կողմերի համար՝ էլեկտրոնային տեղեկատվական հարթակի հասանելիությունը։
9. Ծրագրի իրականացման կարևոր բաղադրիչ է «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգը (այսուհետ՝ ԱՆԻ ՊԱՍ), որով ապահովվում է կենդանու վերաբերյալ տեղեկության (անասնատեր, կենդանու նույնականացման անհատական համար, հաշվառման վայր, անասնաբուժական միջոցառումներ, տեղաշարժ և այլն) մուտքագրումը և վերլուծությունը։
10. Ծրագրի իրականացման գործընթացի կարևոր բաղադրիչ է ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի նույնականացման անհատական համարով ականջապիտակի ամրացումը, որին ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1315-Ն որոշմամբ։
11. Կենդանիների և կենդանական ծագման հումքի և մթերքի միջազգային առևտրի զարգացման համար նմանատիպ միջազգային ստանդարտներով կենդանիների առողջության պահպանության և օգտագործման պահանջների ներդաշնակեցման համար կիրառվում է ԱՆԻ ՊԱՍ-ի կենտրոնացված ստույգ տվյալների բազան։
12. ԱՆԻ ՊԱՍ-ի կենտրոնացված ստույգ տվյալների բազան ուղղակիորեն անդրադառնում է տոհմասելեկցիոն համակարգված աշխատանքների կազմակերպման և նախիրներում արտադրատնտեսական բարձր ցուցանիշներով օժտված կենդանիների տեսակարար կշռի` ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի ցեղերի (ցեղայնության), տոհմային կենդանիների գլխաքանակի ավելացման, ինչպես նաև ըստ սեռահասակային խմբի ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի գլխաքանակի տեղաշարժի վերահսկման գործընթացի վրա։
13. Հայաստանի Հանրապետությունում ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի առողջության և բարեկեցության միջազգային չափանիշների ու պահանջների ներդրմամբ պայմանավորված անհրաժեշտ նախապայման է Կենդանիների հաշվառման միջազգային կոմիտեի կողմից տրամադրված ստանդարտների համապատասխանելիության հավաստագրի առկայությունը նույնականացման անհատական համարով ականջապիտակի համար։
14. Պարենային անվտանգության ապահովման ողջ արժեշղթայում միջպետական և միջազգային համագործակցության, ինչպես նաև Մաքսային միությանն անդամակցության շրջանակներում տեղեկատվության փոխանակման, ստանդարտների տեղայնացման, ընթացակարգերի և չափանիշների ներդրման աշխատանքների իրականացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել հանրապետությունում ներդնելու գյուղատնտեսական կենդանիների՝ ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի նույնականացման համակարգ։
15. ԱՆԻ ՊԱՍ-ի կիրառումը նախադրյալներ կստեղծի հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության ինստիտուտի ստեղծմանն ու կայացմանը՝ լրացուցիչ խթան հանդիսանալով անասնապահության զարգացման համար:
3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
16. Ծրագրի նպատակներն են՝
1) ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի համարակալման և հաշվառման ինստիտուտի կայացումը․
2) հանրապետության տարածքում կենդանիների տեղաշարժի նկատմամբ վերահսկողության բարելավումը․
3) անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական հումքի և մթերքի արտադրության ապահովման բարելավումը.
4) կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացումը․
5) տավարաբուծության տեղեկատվական հարթակի կատարելագործումը.
6) կենդանիների կերակրման, պահպանման, անասնահակահամաճարակային միջոցառումների, ինչպես նաև կենդանիների սպանդի, կենդանիների ծագման հումքի և մթերքի վերամշակման, պահեստավորման և իրացման արդյունավետության գնահատումը․
7) կենդանիների պահման, բուծման և օգտագործման ոլորտում հասարակական հարաբերությունների իրավական կարգավորման համակարգի կատարելագործումը․
8) կենդանիների և կենդանական ծագման հումքի և մթերքի միջազգային առևտրի զարգացման համար նմանատիպ միջազգային ստանդարտներով կենդանիների պահպանության և օգտագործման պահանջների ներդաշնակեցումը․
9) սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացումը, հետագծելիության ապահովումը։
17. Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է՝
1) հանրապետությունում միջոցառման իրականացման մեկնարկային տարվա ընթացքում համարակալել և հաշվառել ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի ամբողջ առկա անասնագլխաքանակը՝ ներառյալ ընթացիկ տարվա հորթերը, գառները և ուլերը․
2) նախիրներում, ըստ սեռահասակային կազմի, ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվական բազայի ապահովում․
3) հանրապետության ամբողջ տարածքով ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի տեղաշարժի վերահսկում և հետագծելիության բարելավում․
4) կայուն անասնահամաճարակային իրավիճակ՝ կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր արդյունավետ համակարգի և հետագծելիության ապահովման նոր մեխանիզմի ներդրում․
5) տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների կազմակերպման համար նախադրյալների ստեղծում․
6) կենդանական ծագման արտադրանքի արտադրության ծավալների կանխատեսումների ճշգրտության բարձրացում․
7) գյուղատնտեսական կենդանիների համար ռեգիստրի ստեղծում․
8) հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության ինստիտուտի կայացման նախադրյալների ստեղծում․
9) հանրապետությունում ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի մսատու և կաթնատու ուղղությունների զարգացում՝ միջազգային շուկաներում մրցունակ դարձնելու նպատակով․
10) ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի շարժի և տեղաբաշխվածության վերաբերյալ ստացված տեղեկատվության հիման վրա առկա արոտավայրերի և խոտհարքների շահագործման կառավարման արդյունավետության բարձրացում․
11) ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի համարակալում և հաշվառում՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
4. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ
18. Ծրագրի լիարժեք իրականացման համար կարևոր նախապայման են հանրապետությունում տավարաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծության վարման տեխնոլոգիայի, ԽԵԿ-ի, կովերի անասնագլխաքանակի, կովերի ծնելիության (80 տոկոս), ՄԵԿ-ի, մաքիների անասնագլխաքանակի, մաքիների ծնելիության (100 տոկոս), շրջանառու անասնագլխաքանակի շարժի (ծին, խոտան, իրացում և այլն), հնարավոր թաքնված գլխաքանակի առկայության և կրկնակի համարակալումների (ականջապիտակի կորուստ, փոխարինում) վերաբերյալ վերլուծությունները։
19. Ծրագիրը նախատեսում է Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացնել հանրապետությունում առկա ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի համարակալում, հաշվառում, տեղեկատվական էլեկտրոնային բազայի ստեղծում և տվյալների պահպանում, որը կրելու է շարունակական բնույթ։
20. ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի համարակալման դաշտային աշխատանքների կազմակերպման, դրանց հաշվառման և տվյալների թվայնացման աշխատանքները համակարգում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն)՝ անասնաբույժի հետ կնքելով անասնաբուժական ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով՝ համայնքը սպասարկող անասնաբույժի (այսուհետ՝ անասնաբույժ) հետ։
21. ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի համարակալման գործընթացի վերահսկումը, ԱՆԻ ՊԱՍ-ի սերվերի սպասարկումը և մուտքագրված տվյալների պահպանումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կողմից, իսկ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տեխնիկատեղեկատվական սպասարկումը՝ կազմակերպության կողմից։
22. Ծրագրի միջոցառումների իրականացման նպատակով մեկնարկային տարվա համար համարակալման և հաշվառման գործընթացի պլանավորումն իրականացվելու է կոմիտեի կողմից հրապարակված անասնագլխաքանակի տվյալների հիման վրա։
23. ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի ականջապիտակի նույնականացման անհատական համարը պարունակում է կենդանու մասին ամբողջական տեղեկատվություն, որը հնարավոր է ստանալ ականջապիտակի վրա նշված արագ արձագանքման կոդի (այսուհետ՝ QR կոդ) և դրանցից առնվազն մեկի վրա առկա ռադիոհաճախային պիտակի՝ ռադիոհաճախականության նույնականացման համակարգի (այսուհետ՝ RFID) միջոցով, կամ միայն QR կոդի միջոցով։
24. Անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, «Անասնաբուժության մասին» օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածների համաձայն, պարտավոր են՝
1) անասնաբույժին կամ անասնաբուժական ծառայությանը ծանուցել գյուղատնտեսական կենդանիների քանակների փոփոխությունների վերաբերյալ` նոր ձեռք բերված կամ տնտեսությունը լքած կամ անկած կամ սպանդի կամ հարկադիր մորթի ենթարկված կենդանիների դեպքում` 3 օրվա ընթացքում, իսկ տնտեսությունում նոր ծնված հորթերի, գառների և ուլերի դեպքում` 7 օրվա ընթացքում․
2) անասնաբույժին կամ անասնաբուժական ծառայությանը 3 օրվա ընթացքում ներկայացնել նոր ձեռք բերված կենդանու անձնագիրը` առկայության դեպքում, և ձեռք բերված ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը․
3) ապահովել իրենց տնօրինության տակ գտնվող հաշվառման և համարակալման ենթակա ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի համարակալումը, պատվաստումները, ախտորոշիչ հետազոտությունները․
4) անասնաբույժին կամ անասնաբուժական ծառայությանն անհապաղ տեղեկացնել կենդանիների հանկարծակի և զանգվածային հիվանդացության կամ անկումների մասին․
5) կատարել օրենքով սահմանված այլ պարտականություններ։
25. Անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերին, «Անասնաբուժության մասին» օրենքի 22-րդ հոդվածի համաձայն, արգելվում է՝
1) չհամարակալված ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի տեղաշարժը կամ տեղափոխումը, որոնց նկատմամբ չեն կիրառվել անասնահամաճարակային տարեկան, կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման հրահանգներով սահմանված միջոցառումները․
2) ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի ականջապիտակի նույնականացման անհատական համարի հանումը․
3) համայնքային արոտավայրերի և ջրելատեղերի օգտագործումը չհամարակալված և հակաանասնահամաճարակային տարեկան միջոցառումներում չներառված ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի կողմից․
4) կատարել օրենքով սահմանված այլ սահմանափակումներ։
26. ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի ականջապիտակի նույնականացման անհատական համարը ամրագրվում է մեկ անգամ ամբողջ կյանքի համար, սակայն անհատական համարները ենթակա են փոխարինման միայն դրանց կորստի, անընթեռնելի լինելու կամ պատահական կրկնությունների դեպքում։
27. Ականջապիտակի նույնականացման անհատական համարով, QR կոդով, իսկ առկայության դեպքում առնվազն մեկ ականջին՝ RFID-ով, ականջապիտակներն ամրացվում են ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի ականջներին՝ յուրաքանչյուրին մեկ հատ (զույգ) ականջապիտակ։
28. Անասնաբույժի կողմից կենդանու վրա ականջապիտակի նույնականացման անհատական համարն ամրացնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան թվային տեխնիկայի միջոցով տվյալները մուտքագրվում են ԱՆԻ ՊԱՍ:
29. ԱՆԻ ՊԱՍ մուտքագրվող տվյալները պարունակում են առնվազն հետևյալ տեղեկությունները՝
1) սեփականատիրոջ տվյալները (անուն, ազգանուն, հասցե, կոնտակտային տվյալներ)․
2) ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի հաշվառման վայրը (մարզ, համայնք, բնակավայր)․
3) ամրագրված նույնականացման անհատական համարը (ականջապիտակի համարը)․
4) համարակալման ամսաթիվը․
5) ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի սեռահասակային կազմը․
6) ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի ցեղը (ցեղայնությունը՝ մաքրացեղ, խառնացեղ, տոհմային) և արտակազմվածքի նկարագիրը (գույն, այլ տարբերակիչ նշաններ)․
7) անասնաբուժական պարտադիր անասնահակահամաճարակային միջոցառումների վերաբերյալ տեղեկություններ։
30. Թվային համապատասխան տեխնիկայի բացակայության կամ տարբեր տեխնիկական խնդիրների դեպքում անասնաբույժը 7 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությանն է ներկայացնում գրանցամատյանից քաղվածք ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի համարակալված տվյալների վերաբերյալ՝ ԱՆԻ ՊԱՍ մուտքագրելու նպատակով։
31. Թվային համապատասխան տեխնիկայի բացակայության կամ տարբեր տեխնիկական խնդիրների դեպքում կազմակերպությունը 7 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է անասնաբույժին ապահովել թվային տեխնիկայով։
32. ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի համարակալման և հաշվառման գործընթացի բաղադրիչ է ԱՆԻ ՊԱՍ-ից հաշվառված կենդանու ականջապիտակի նույնականացման անհատական համարի ելքագրումը՝
1) ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի անկման դեպքում սեփականատերը 3 օրվա ընթացքում անկման փաստը հաստատելու նպատակով տեղեկատվություն է ներկայացնում անասնաբույժին կամ անասնաբուժական ծառայությանը և հանձնում կենդանու նույնականացման անհատական համարով ականջապիտակը։ Սույն ենթակետով նախատեսված դեպքում կենդանու անկման փաստը հաստատվում է անասնաբույժի կամ անասնաբուժական ծառայության կողմից կազմված ակտով․
2) ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի արտահանման դեպքում անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք սահմանված կարգով տեղեկատվություն են ներկայացնում տեսչական մարմին, և վերջինիս կողմից իրականացվում է ԱՆԻ ՊԱՍ-ից կենդանու նույնականացման անհատական համարի ելքագրումը․
3) սպանդանոցային սպանդի դեպքում սպանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսավարողի կողմից սպանդանոցների կառավարման էլեկտրոնային համակարգի միջոցով անմիջապես ելքագրվում է սպանդի ենթարկված կենդանու նույնականացման անհատական համարը, իսկ նույնականացման անհատական համարով ականջապիտակը 7 աշխատանքային օրվա ընթացքում հանձնվում է կազմակերպության անասնաբույժին։
33. Սպանդի նպատակով ներմուծված ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի վերաբերյալ տեղեկատվությունը տեսչական մարմնի կողմից մուտքագրվում է ԱՆԻ ՊԱՍ համակարգ՝ ներմուծված կենդանու նույնականացման անհատական համարով ներմուծման թույլտվություն տրամադրելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ նույնականացման անհատական համարի ելքագրումն իրականացվում է սպանդանոցային սպանդ իրականացրած տնտեսավարող սուբյեկտի կողմից՝ սպանդանոցների կառավարման էլեկտրոնային համակարգի միջոցով։
34. Բուծման նպատակով ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի ներմուծման դեպքում տեսչական մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկատվություն է ներկայացնում նախարարություն՝ ներմուծված կենդանիների համարակալման և հաշվառման ապահովման նպատակով։
35. Տարանցիկ փոխադրման նպատակով ներմուծված ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի՝ 21 օրացուցային օրից ավելի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում տեսչական մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկատվություն է ներկայացնում նախարարություն՝ տարանցիկ փոխադրման նպատակով ներմուծված կենդանիները համարակալելու և հաշվառելու համար։
36. ԱՆԻ ՊԱՍ-ից հանված ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի նույնականացման անհատական համարով ականջապիտակները կազմակերպության կողմից ակտավորվում և ոչնչացվում են։
37. ԱՆԻ ՊԱՍ-ում տվյալների մուտքագրման իրավասություն ունեն կազմակերպությունը, անասնաբույժները, տեսչական մարմինը, ինչպես նաև «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ իրենց իրավասությունների շրջանակներում։
38. ԱՆԻ ՊԱՍ-ը, որպես տեղեկատվական հարթակ, հասանելի է նախարարությանը, տեսչական մարմնին, կազմակերպությանը, ինչպես նաև ըստ ոլորտային առանձնահատկությունների՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններին, կոմիտեին, Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին (համայնքապետարաններ), համայնքը սպասարկող անասնաբույժներին, սպանդանոցներին և ոլորտային հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին։
5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂԻՆԵՐԸ
39. Ծրագրի իրականացման ռիսկերն են՝
1) մեկնարկային տարվա ընթացքում նախատեսված միջոցառումների ծավալների թերակատարումը․
2) տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի համարակալման գործընթացի իրականացման խոչընդոտների ստեղծումը․
3) նոր ծնված և համարակալման ենթակա հորթերի, գառների և ուլերի վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը կամ տեղեկատվության տրամադրման ուշացումները․
4) ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի համարակալման և հաշվառման տվյալների՝ ԱՆԻ ՊԱՍ մուտքագրման տեխնիկական խնդիրները․
5) սերվերի ծրագրային և էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տեխնիկատեղեկատվական ապահովման խափանումները․
6) ծրագրի շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների դադարեցումը կամ նվազումը։
40. Ռիսկերի հաղթահարման հնարավոր ուղիներն են՝
1) գերատեսչությունների միջև փոխհամաձայնեցված և համատեղ աշխատանքների իրականացումը․
2) տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումը․
3) տեսչական մարմնի կողմից վերահսկողության ուժեղացումը․
4) անասնաբույժների շրջանում վերապատրաստման դասընթացների անցկացումը․
5) մասնագիտական հաստիքների ստեղծումը (կազմակերպություն, տեսչական մարմին)․
6) ամեն տարի «Պետական բյուջեի մասին» օրենքով ծրագրի գծով սահմանվող անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումը, օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրների (միջազգային դոնոր կազմակերպություններ և այլն) ներգրավումը:
6. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
41. Ծրագիրն իրականացվում է ամեն տարի «Պետական բյուջեի մասին» օրենքով ծրագրի գծով սահմանվող միջոցների, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրների հաշվին։
42. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար ըստ կենդանատեսակի մեկ պայմանական գլխի հաշվարկման համար սահմանվում են հետևյալ վճարային գործակիցները`
1) ԽԵԿ՝ 1,0 միավոր․
2) ՄԵԿ՝ 0,6 միավոր։
43. Ծրագրի արդյունավետ իրականացումը կապված է հետևյալ երեք ֆինանսական բաղադրիչներից՝
1) անասնաբուժական պարագաների ձեռքբերում․
2) ներգրավված անասնաբույժների վերապատրաստման դասընթացների անցկացման ծառայության ձեռքբերում․
3) հանրապետությունում տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից բուծվող ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի համարակալման և հաշվառման ծրագրի իրականացում։
7. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
44. Ծրագրի մոնիթորինգն իրականացնում են նախարարությունը, կազմակերպությունը և տեսչական մարմինն իրենց իրավասությունների շրջանակներում։
45. Մոնիթորինգի հիմնական նպատակներն են ԱՆԻ ՊԱՍ չհաշվառված ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի, չհաշվառված նույնականացման համարով ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի առկայության, ինչպես նաև սեփականատիրոջ, ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի նույնականացման տվյալների անհամապատասխանությունների հայտնաբերումը, նույնականացման համարների կրկնության բացառումը, միևնույն վարչատարածքում (սեփականատեր, տնտեսություն) ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի ականջապիտակների պարբերաբար կորուստների պատճառների, ինչպես նաև ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի մուտքերի (ծին, ներկրում) և ելքերի (սպանդ, անկումներ, արտահանում) ԱՆԻ ՊԱՍ մուտքագրման ժամկետների ուսումնասիրումը, ծրագրի իրականացմանը խոչընդոտող խնդիրների բացահայտումը և այլն:
46. Ծրագրի իրականացման ընթացքում նախարարությունը կազմակերպությունից կարող է պահանջել տեղեկություններ՝
1) ըստ մարզերի և համայնքների՝ գրանցամատյաններում սեփականատերերի տնօրինության տակ գտնվող հաշվառված ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի գլխաքանակի և բաշխված նույնականացման համարների․
2) մատուցված ծառայությունների․
3) հաշվառումից հանված, ակտավորման և ոչնչացման ենթակա նույնականացման անհատական համարով ականջապիտակի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
31.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 30-ի N 818-L որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
NN ը/կ |
Միջոցառում |
Պատասխանատու կատարողները |
Ժամկետները |
Ֆինանսավորման աղբյուրը |
1․ |
Անասնաբույժների վերապատրաստման դասընթացների անցկացման ծառայության ձեռքբերում |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
յուրաքանչյուր տարի (անհրաժեշտու- թյան դեպքում) |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, կամ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
2․ |
Հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացում |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, տեսչական մարմին, կազմակերպություն (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ), հիմնադրամներ (համաձայնությամբ) |
յուրաքանչյուր տարի առաջին և երկրորդ եռամսյակ |
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
3․ |
Ականջապիտակների, սեղմիչ աքցանների, ռադիոհաճա- խականության նույնականացման համակարգի (այսուհետ՝ RFID) գրանցող սարքի ձեռքբերում |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
յուրաքանչյուր տարի (անհրաժեշտու- թյան դեպքում) |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, կամ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
4․ |
Ծրագրով նախատեսված միջոցառման իրականացում |
Կազմակերպություն (համաձայնությամբ) |
յուրաքանչյուր տարի |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե |
5․ |
ԱՆԻ ՊԱՍ-ի սերվերի սպասարկում |
Տեսչական մարմին |
շարունակական |
Ֆինանսավորում չի պահանջվում |
6․ |
ԱՆԻ ՊԱՍ-ի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տեխնիկատեղեկատվական սպասարկում |
Կազմակերպություն (համաձայնությամբ) |
շարունակական |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, կամ օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
7․ |
Արտահանման դեպքում ԱՆԻ ՊԱՍ-ից նույնականացման անհատական համարների ելքագրում |
Տեսչական մարմին |
շարունակական |
Ֆինանսավորում չի պահանջվում |
8․ |
Հիվանդության ախտորոշում, հաստատում և նույնականացման անհատական համարների մուտքագրում ԱՆԻ ՊԱՍ համակարգ |
«Հանրապետական անասնաբուժա- սանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
շարունակական |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
31.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |