ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0199 Ն. 28.11.23
28 նոյեմբերի 2023 թվականի |
թիվ 199-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով վերանայել բանկերի կողմից տարածքից դուրս իրականացվող ֆինանսական գործառնությունների շրջանակը,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետում «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» բառերը փոխարինել «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» բառերով:
2. Որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգի 22-րդ կետում.
ա. 12-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած,
բ. լրացնել 21-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.
«21) «Ֆինանսական գործառնությունների իրականացման ավտոմատ սարք (ՖԳԻԱՍ)» (այսուհետ նաև՝ ավտոմատ սարք)` ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 196-Ն որոշմամբ հաստատված «Ավտոմատ ինքնասպասարկման սարքերի միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման կարգով» սահմանված նշանակության:»:
2) Կանոնակարգի գլուխ 36-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ 233.1-րդ կետով.
«233.1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերին թույլատրվում է սույն գլխով սահմանված կարգով իրենց գործունեության տարածքից դուրս իրականացնել՝
1) օրենքով նախատեսված ծառայությունների մատուցում ֆինանսական գործառնությունների իրականացման ավտոմատ սարքերի (ՖԳԻԱՍ) միջոցով,
2) իրականացնել գյուղերում բանկի աշխատակցի կողմից վարկերի տրամադրման (վճարային քարտերի միջոցով) կամ հավաքագրման գործընթացներ:»։
3) Կանոնակարգի 234-րդ կետում.
ա.ուղղ. 1-ին նախադասությունում «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերին թույլատրվում է իրենց գործունեության տարածքից դուրս իրականացնել վարկերի տրամադրման և/կամ վարկերի հավաքագրման գործընթացները» բառերը փոխարինել «Իրենց գործունեության տարածքից դուրս բանկերը կարող են իրականացնել գյուղերում վարկերի տրամադրման կամ հավաքագրման գործընթացներ» բառերով,
բ. 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
գ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Գյուղերից կանխիկ միջոցների՝ բանկ, բանկի մասնաճյուղ տեղափոխումն իրականացվում է զինված ոստիկանի ուղեկցությամբ կամ ինկասատորի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կամ ինկասացիոն կազմակերպության հետ կնքված պայմանագրի հիման վրա:»,
դ. 3-րդ ենթակետում բոլոր «գյուղական համայնքում» բառերը փոխարինել «գյուղում» բառով։
4) Կանոնակարգի գլուխ 36-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ 234.1-րդ, 234.2-րդ և 234.3-րդ կետերով.
«234.1. Բանկը, օտարերկրյա բանկի մասնաճյուղը կարող է տեղադրել ավտոմատ սարք, որն իրականացնում է միայն արտարժույթի առքի կամ վաճառքի գործառնություններ բացառապես հետևյալ վայրերում (ընդ որում, ավտոմատ սարքից սույն կետի 2-7-րդ ենթակետերով սահմանված վայրերում հնարավոր է օգտվել բացառապես այդ վայրի ներսից).
1) բանկի գլխամասի, մասնաճյուղի տարածքում, այդ թվում՝ գլխամասի, մասնաճյուղի արտաքին պատին ներկառուցված,
2) առնվազն վեց հարյուր քառակուսի մետր ընդհանուր տարածքով խանութում, որից առնվազն չորս հարյուր քառակուսի մետր մակերեսը պետք է զբաղեցնի գործող առևտրի (սպասարկման) սրահը: Խանութի առևտրի (սպասարկման) սրահ է համարվում խանութի այն տարածքը, որտեղ ցուցադրված են ապրանքները և ծառայությունները, և հաճախորդը հնարավորություն ունի ընտրություն կատարել և վճարել ձեռք բերված ապրանքների և ծառայությունների համար: Ընդ որում` խանութի ընդհանուր տարածքը տարբեր սենյակներում կամ հարկերում տեղակայված լինելու դեպքում` սենյակները և հարկերը պետք է հարակից լինեն և ունենան ներքին կապ (դուռ, աստիճանավանդակ, վերելակ և այլն),
3) առնվազն երկու հազար քառակուսի մետր տարածքով փակ (ոչ բացօթյա) առևտրի կենտրոնում,
4) առնվազն հազար քառակուսի մետր տարածքով հյուրանոցում,
5) օդանավակայանի տարածքում,
6) երկաթուղային կայարանի տարածքում,
7) մետրոպոլիտենի կայարանի տարածքում։
234.2. Այն դեպքում, երբ ավտոմատ սարքը արտարժույթի առքի կամ վաճառքի գործառնություններից բացի իրականացնում է կանխիկ դրամական միջոցների մուտքագրման կամ տրամադրման այլ գործառնություն ևս, ապա բանկը կարող է ավտոմատ սարքը տեղադրել նաև սույն կանոնակարգի 234.1-րդ կետով նախատեսված վայրերից տարբերվող վայրերում։
234.3. Անկախ ավտոմատ սարքի տեղադրման վայրից՝ բանկը չի կարող դրանց միջոցով իրականացնել արտարժույթի մուտքագրման կամ տրամադրման գործառնություններ, բացառությամբ բանկի կողմից արտարժույթի առքի կամ վաճառքի գործարքների։»։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2023 թվական: