ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 21.07.16 N 763-Ն, 02.11.23 N 1891-Ն)
16 հուլիսի 2009 թվականի N 791-Ն
ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ, ԲԱՐՁՈՒՆՔԱՅԻՆ, ԾԱՆՐԱՉԱՓԱԿԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՇԱՐՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 02.11.23 N 1891-Ն)
Համաձայն «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետությունում, որպես ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգ, ենթակա է կիրառման WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) կոորդինատային համակարգը: WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված Ազգային գեոդեզիական ցանցի հիմնակետերի կոորդինատները, Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզներն ու հատակագծերը, ինչպես նաև բազային քարտեզագրական շերտերն օգտագործման համար բաց են և հասանելի.
2) WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված` Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզներն ու հատակագծերը, ինչպես նաև բազային քարտեզագրական շերտերը հիմք են բոլոր պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման համար.
3) WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված բազային տարածական տվյալների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» և «Տարածական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան.
4) Հայաստանի Հանրապետությունում, որպես պետական բարձունքային համակարգ, ենթակա է կիրառման Բալթյան-77 բարձունքային համակարգը (БСВ-77).
5) WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված բարձունքային ցանցի գեոդեզիական բարձունքային համակարգից նորմալ բարձունքային համակարգին անցնելու համար ուղղումների հաշվարկը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ծանրաչափական հանույթի համակարգում (առանձին գեոդինամիկական պոլիգոններում և (կամ) 1-ին և 2-րդ դասերի նիվելիրացման բոլոր հենանիշերի և դրոշմանիշերի վրա) իրականացվող ծանրության ուժի արագացման բարձր ճշտության դիտարկումներով (չափումներով)։ Ծանրաչափական չափումները պետական ծանրաչափական ցանցում իրականացվում են Միավորների միջազգային համակարգում (СИ): Որպես թույլատրելի միավոր ընդունված է օգտագործել նաև Գալ-ը.
6) պետական (ազգային) կոորդինատային և բարձունքային համակարգերում Հայաստանի Հանրապետության պետական տեղագրական քարտեզների մասշտաբային շարքը՝ 1։10000, 1։25000, 1:50000, 1։100000, 1։200000, 1։500000, 1։1000000 մասշտաբներով, տեղագրական հատակագծերի մասշտաբային շարքը՝ 1։500, 1։1000, 1։2000, 1։5000 մասշտաբներով.
7) Հայաստանի Հանրապետության պետական տեղագրական քարտեզներում և հատակագծերում արտացոլված բոլոր աշխարհագրական անվանումները, բացատրություններն ու ծանոթագրությունները տրվում են հայերենով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև օտար լեզուներով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
|