ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2023 թվականի N 899-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» N 404-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) հիվանդությունների և ախտաբանական վիճակների ցանկի 9-րդ հոդվածի «դ» կետի 3-րդ սյունակում «H» տառը փոխարինել «G» տառով.
2) հիվանդությունների և ախտաբանական վիճակների ցանկին հաջորդող 2-րդ կետում՝
ա. «(ա)» ենթակետի IV սյունակի վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«● Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած քաղաքացիներ»,
բ. «(ա)» ենթակետի V սյունակի չորրորդ պարբերությունից հանել «Պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած քաղաքացիներ» բառերը,
գ. «(բ)» ենթակետի վերջին պարբերությունում «ՀԴՄ» հապավումը փոխարինել «ՀՄԴ» հապավումով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Վարժական հավաքներին ներգրավվող քաղաքացիների փորձաքննության ժամանակ V սյունակում նշված A և B տառերը համապատասխանում են I տառին, իսկ D, E և F տառերը համապատասխանում են J տառին:».
3) հիվանդությունները և ախտաբանական վիճակները նկարագրող՝
ա. 7-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունում «Դ» կետին» բառերը փոխարինել «Ե» կետին» բառերով,
բ. 8-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «այլ» բառը փոխարինել «այն» բառով,
գ. 10-րդ հոդվածի առաջին պարբերությունում «ընկնավորությունը (էպիլեպսիան)» բառերը փոխարինել «էպիլեպսիան» բառով, իսկ երրորդ, չորրորդ, հինգերորդ, յոթերորդ և ութերորդ պարբերություններում և 11-րդ հոդվածի չորրորդ և վեցերորդ պարբերություններում «ընկնավորություն» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «էպիլեպսիա» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով,
դ. 10-րդ հոդվածի ութերորդ պարբերությունից հանել «գործառութային ծանրաբեռնվածության ժամանակ, ինչպես նաև`» բառերը,
ե. 12-րդ հոդվածի երրորդ պարբերությունը «բարձրացումով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև գլխուղեղի 0.6 սմ և ավելի գլիոզի օջախները կամ պերիֆերիկ նյարդային համակարգի չափավոր արտահայտված խանգարումները» բառերով, իսկ վեցերորդ պարբերությունը «փոփոխությունների» բառից առաջ լրացնել «բնորոշ» բառով,
զ. ուժը կորցրած ճանաչել 14-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունը,
է. 14-րդ հոդվածի վեցերորդ պարբերությունում «թեթև արտահայտված էսենցիալ դող,» բառերը հանել, իսկ «ներուղեղային» բառից հետո լրացնել «կիսագնդային» բառով,
ը. 16-րդ հոդվածի չորրորդ պարբերությունում «12-15մմ» բառերը փոխարինել «սկսած 12 մմ-ից մինչև 15 մմ ներառյալ» բառերով,
թ. 17-րդ հոդվածի առաջին պարբերությունը «15 կգ/մ2-ից ցածր է» բառերից հետո լրացնել «և առկա չէ ոսկրամկանային համակարգի զարգացման հապաղում» բառերով,
ժ. 20-րդ հոդվածի երրորդ պարբերությունից հանել «, արտահայտված սնուցման իջեցումը (ՖԶԻ-ը ցածր է 15.0-ից)» բառերը,
ժա. 22-րդ հոդվածի երկրորդ պարբերության վերջում` վերջակետից առաջ լրացնել «կամ ժառանգական անգիոայտուցը» բառերով, ութերորդ, իններորդ, տասնմեկերորդ պարբերություններում «Կվինկեյի այտուց» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «անգիոայտուց (անոթայտուց)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ տասնմեկերորդ պարբերության 2-րդ կետում «3 տարի» բառերը փոխարինել «1 տարի» բառերով,
ժբ. 26-րդ հոդվածի առաջին պարբերության երրորդ նախադասությունում «արյան շրջանառության խանգարման» բառերը փոխարինել «սրտային անբավարարության» բառերով,
ժգ. 26-րդ հոդվածի երկրորդ պարբերության առաջին նախադասությունում «Արյան շրջանառության» բառերը փոխարինել «Սրտային անբավարարության» բառերով, «իջեցում» բառից հետո լրացնել «դիաստոլիկ դիսֆունկցիա» բառերով, իսկ «որոշ» բառից առաջ լրացնել «և Pro-BNP, NT Pro-BNP լաբորատոր հետազոտություններով» բառերով,
ժդ. 26-րդ հոդվածի չորրորդ, հինգերորդ և յոթերորդ պարբերություններում «արյան շրջանառության» բառերը փոխարինել «քրոնիկական սրտային անբավարարության» բառերով, իսկ վեցերորդ պարբերությունում «արյան շրջանառության խանգարման» բառերը փոխարինել «քրոնիկական սրտային անբավարարության» բառերով,
ժե. 26-րդ հոդվածի երրորդ պարբերության 3-րդ կետից հանել «(Killip դասակարգմամբ II-IV ֆունկցիոնալ դաս)» բառերը,
ժզ. 26-րդ հոդվածի հինգերորդ պարբերության 4-րդ կետում «` թոքային հիպերտենզիայի առկայության, կամ այլ փականի առնվազն 1-ին աստիճանի հետհոսքի հետ համակցված լինելու դեպքում» բառերը փոխարինել «փորձաքննվում են, եթե առկա է թոքային հիպերտենզիա, կամ եթե հետհոսքը համակցված է այլ փականի 1-ին և ավելի աստիճանի հետհոսքի հետ» բառերով,
ժէ. 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 27. Ներառում է զարկերակային հիպերտենզիան, որի փորձաքննության ժամանակ հաշվի է առնվում հիվանդության ախտաբանական ծագումը, կլինիկական ընթացքը և դրսևորումները, թիրախ օրգանների ախտահարվածության աստիճանը, բարդությունների առկայությունը, դեղորայքային բուժման արդյունավետությունը, հիվանդության դրսևորման վաղեմությունը և այլն: Զորակոչիկները պարտադիր հետազոտվում են ստացիոնար պայմաններում, որի ընթացքում կատարվում է 24-ժամյա ԶՃ դինամիկ հսկողություն և կցվում են ամբողջական (24-ժամյա) ԶՃ և ՍԿՀ տվյալները։ Սիրտանոթային համակարգի սոմատոմորֆ վեգետատիվ դիսֆունկցիայով պայմանավորված զարկերակային ճնշման բարձրացումը փորձաքննվում է 28-րդ հոդվածով: Ախտանշանային հիպերտենզիայով տառապող զինծառայողների փորձաքննության համար անհրաժեշտ է ղեկավարվել համապատասխան հոդվածներով` հիմք ընդունելով հիմնական հիվանդությունը, իսկ անարդյունք բուժման կամ բարդ ձևերի արմատական բուժման անհնարինության դեպքում` նաև սույն հոդվածով:
«Ա» կետին է վերաբերում III աստիճանի զարկերակային հիպերտենզիան, երբ սիստոլիկ ճնշումը ≥180 մմ/սս է, դիաստոլիկը՝ ≥110 մմ/սս և առկա է ձախ փորոքի հիպերտրոֆիա առնվազն մեկ սեգմենտի 1․2 սմ–ից ավելի կամ ստորև նշվածներից որևէ երկուսը․ դիաստոլիկ դիսֆունկցիա, կամ միտրալ փականի հետհոսք առնվազն II աստիճանի, կամ աորտալ փականի հետհոսք առնվազն I աստիճանի, կամ ձախ փորոքի դիլատացիա 5․6 սմ–ից ավելի կամ պրոտեինուրիա 0․033 պրոմիլից ավելի։
«Բ» կետին է վերաբերում II աստիճանի զարկերակային հիպերտենզիան, երբ սիստոլիկ ճնշումը 160-179 մմ/սս է, դիաստոլիկը՝ 100-109մմ/սս և առկա է ձախ փորոքի հիպերտրոֆիա առնվազն մեկ սեգմենտի 1․2 սմ–ից ավելի կամ ստորև նշվածներից որևէ երկուսը․ դիաստոլիկ դիսֆունկցիա, կամ միտրալ փականի հետհոսք առնվազն II աստիճանի, կամ աորտալ փականի հետհոսք առնվազն I աստիճանի, ձախ փորոքի դիլատացիա 5․6 սմ–ից ավելի, կամ պրոտեինուրիա 0․033 պրոմիլից ավելի։ V սյունակով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է` նկատի ունենալով հիվանդության արտահայտվածությունը, տարիքը, ծառայության բնույթը, ծառայողական և բժշկական բնութագրերի տվյալները:
«Գ» կետին է վերաբերում I աստիճանի զարկերակային հիպերտենզիան, երբ սիստոլիկ ճնշումը 140-159 մմ/սս է, դիաստոլիկը՝ 90-99 մմ/սս և առկա է նշվածներից որևէ երկուսը․ ձախ փորոքի հիպերտրոֆիա առնվազն մեկ սեգմենտի 1․1 սմ–ից ավելի, կամ դիաստոլիկ դիսֆունկցիա, կամ ձախ նախասրտի դիլատացիա 4․0 սմ–ից ավելի, կամ միտրալ փականի հետհոսք առնվազն II աստիճանի, աորտալ փականի հետհոսք առնվազն I աստիճանի, ձախ փորոքի դիլատացիա 5․6 սմ–ից ավելի, ակնահատակի բնորոշ փոփոխություններ կամ պրոտեինուրիա 0․033 պրոմիլից ավելի։
«Դ» կետին է վերաբերում ստացիոնար հետազոտման ժամանակ ի հայտ եկած զարկերակային ճնշման ժամանակավոր բարձրացումը (դիաստոլիկը` մինչև 90մմ սս, սիստոլիկը` կայուն մինչև 140մմ սս կամ եզակի, ոչ կայուն սիստոլիկ ճնշման տատանումները մինչև 160մմ սս):
Եթե բարձր զարկերակային ճնշման պայմաններում առկա չեն կառուցվածքային կամ լաբորատոր փոփոխություններ` փորձաքննությունն իրականացվում է 28-րդ հոդվածի համապատասխան կետերով։»,
ժը. 28-րդ հոդվածի ամբողջ տեքստում «սոմատոտրոֆ» բառը փոխարինել «սոմատոմորֆ» բառով,
ժթ. 36-րդ հոդվածի տասներկուերորդ պարբերությունը «58-60 աստիճան է» բառերից հետո լրացնել «` ուղեկցվող Շոերման մանուի հիվանդությամբ,» բառերով,
ի. 37-րդ հոդվածի առաջին պարբերությունում «ազդրոսկրագլխիկի խոռոչի շրջանում կոնքի ոսկրերի» բառերը փոխարինել «քացախափոսի» բառով,
իա. 39-րդ հոդվածի առաջին և երկրորդ պարբերություններում «ազդրոսկրերի ներքին կողմերի ելունդների» բառերը փոխարինել «ազդրոսկրերի միջային կոճերի» բառերով, իսկ «սրունքների ներքին կոճերի» բառերը փոխարինել «սրունքների միջային պճեղների» բառերով,
իբ. 48-րդ հոդվածի չորրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.
«5) ցողունային երակահատումներից հետո վիճակները, եթե չկա երակային համակարգի փականային անբավարարություն:»,
իգ. 48-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունից հանել «` բարդացած թրոմբոֆլեբիտով,» բառերը,
իդ. 49-րդ հոդվածից հետո լրացնել հիվանդությունների և ախտաբանական վիճակների 50-րդ և 51-րդ հոդվածների նկարագրությունները՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 50. «Ա» կետին է վերաբերում ուղիղ աղիքի III աստիճանի արտանկումը, երբ արտանկած աղիքն ինքնուրույն տեղը չի ընկնում և ձեռքով տեղը գցելը սակավ արդյունավետ է, հետանցքը խոր բացված է, սեղմամկանը (սֆինկտեր) թուլացած, կղանքն ու գազերը չեն պահվում, այսինքն՝ առկա է հետանցքի սեղմամկանի III աստիճանի անբավարարություն:
«Բ» կետին է վերաբերում ուղիղ աղիքի II աստիճանի արտանկումը, երբ արտանկած աղիքը տեղն է ընկնում ինքնուրույն կամ ձեռքի օգնությամբ, հետանցքը ներքաշված է կամ մի քիչ կարծրացած, հեղուկ կղանքը չի պահվում, այսինքն՝ առկա է սեղմամկանի I կամ II աստիճանի անբավարարություն:
Ուղիղ աղիքի I և II աստիճանի արտանկման դեպքում առաջարկվում է ուղիղ աղիքի վիրահատություն: Վիրահատությունից հետո, համաձայն 34-րդ հոդվածի «դ» կետի, զինծառայողներին տրվում է ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական), իսկ զորակոչիկներին տրվում է տարկետում՝ մինչև 6 ամիս: Զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է ըստ բուժման արդյունքների: Հաջող վիրահատությունից հետո վիճակը խոչընդոտ չէ զինվորական ծառայության համար: Հիվանդությունը կրկնվելու դեպքում եզրակացություն է կայացվում «բ» կետի համաձայն:
Հոդված 51. Ներառում է վիրահատական միջամտությունից հետո անբնական հետանցքի առկայության դեպքերը:
Հետանցքի նեղացման և սեղմամկանի անբավարարության դեպքում առաջարկվում է վիրահատություն: Վիրահատությունից հետո, համաձայն 34-րդ հոդվածի «դ» կետի, զինծառայողներին տրվում է ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական), իսկ զորակոչիկներին տրվում է տարկետում՝ մինչև 6 ամիս: Զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է ըստ բուժման արդյունքների: Հիվանդության կրկնվելու դեպքում եզրակացություն է կայացվում ըստ 34-րդ հոդվածի «ա» կամ «բ» կետերի: Վիրահատությունից հրաժարվելու դեպքում` I սյունակի համաձայն փորձաքննվողները ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար:»,
իե. 54-րդ հոդվածի առաջին պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ա» կետով են փորձաքննվում միզասեռական համակարգի հիվանդությունները և զարգացման արատները:»,
իզ. 54-րդ հոդվածի առաջին պարբերության երկրորդ նախադասությունից հանել «նաև» բառը,
իէ. 55-րդ հոդվածի երրորդ պարբերությունը «կետով» բառից հետո լրացնել «, որի դեպքում փորձաքննվողը ճանաչվում է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար (ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով)» բառերով,
իը. 56-րդ հոդվածի տասներորդ պարբերությունում «3,5 սմ-ից փոքր» բառերը փոխարինել «3,2 սմ-ից փոքր» բառերով,
իթ. 56-րդ հոդվածի տասնմեկերորդ պարբերությունում «պիտանի են զինվորական ծառայության համար» բառերը փոխարինել «զորակոչիկները ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվելուց հետո նրանց բուժումն իրականացվում է զինվորական ծառայության ընթացքում՝ ըստ բժշկական ցուցման» բառերով,
իժ. 72-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը «բուժում» բառից հետո լրացնել «, որի մասին տեղեկացված լինելու վերաբերյալ նախազորակոչիկի կողմից գրառում է կատարվում օբյեկտիվ զննության թերթիկում» բառերով,
լ. 89-րդ հոդվածի հինգերորդ պարբերության երկրորդ նախադասությունից հանել «նեյրոֆիբրոմատոզի բծային ձևի,» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հունիսի 2023 թվական: