ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2023 թվականի N 402-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «Հրազդան մարզահամալիր» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի, Հրազդանի կիրճ հ. 4 հասցեում գտնվող՝ 39 525 քառ. մետր (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 05.03.2007 թ. հ. 2242732 վկայական) հողամասից՝ 15 509 քառ. մետր հողամասը (այսուհետ՝ հողամաս)՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե)՝ Երևան համայնքին նվիրաբերելու, «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) նոր մարզաբազայի կառուցման նպատակով:
2. Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել կոմիտեի և ընկերության միջև անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.
2) սահմանել, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կիրականացվեն կոմիտեի միջոցների հաշվին.
3) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո քառամսյա ժամկետում Երևան համայնքի հետ կնքել հողամասի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ
ա. պայմանագրի նոտարական վավերացման, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերը ենթակա են իրականացման Երևան համայնքի միջոցների հաշվին,
բ. նվիրաբերվող հողամասի արժեքը սահմանվում է հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի չափով,
գ. նվիրաբերության պայմանի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված, և նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված հողամասը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին, որոնք փոխհատուցման ենթակա չեն.
4) սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված պայմանագրի կնքման աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Երևան համայնքի հետ ապահովել հողամասի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
(2-րդ կետը փոփ. 24.08.23 N 1423-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
30.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.08.2023, N 1423-Ա | 25.08.2023, N 402-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|