ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
ԲԴԽ-57-Ո-Կ-16 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Կ. Անդրեասյանի | ||
մասնակցությամբ՝ անդամներ |
Ա. Աթաբեկյանի Հ. ԳրիգորյանիԵ. Թումանյանցի Ք. Մկոյանի Վ. Քոչարյանի | ||
Արդարադատության նախարարի տեղակալ |
Լ․ Բալյանի | ||
Արդարադատության նախարարի ներկայացուցիչներ |
Ա. ՍՈՒՋՅԱՆԻ Ա. ԲԱԴԱԼՅԱՆԻ | ||
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր |
Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ | ||
քարտուղարությամբ՝ |
Թ․ Ղուկասյանի |
2023 թվականի հուլիսի 3-ին |
ք. Երևանում |
դռնփակ նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի թիվ 42-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի նախապատմությունը
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել զանգվածային լրատվության միջոցի՝ «news.am» լրատվական կայքի հրապարակումը:
Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը 14.04.2023 թվականին ներկայացրել է զեկուցագիր (այսուհետ՝ Զեկուցագիր)՝ զանգվածային լրատվության միջոցի հրապարակման առիթով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Դավիթ Հարությունյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտությունը դիտարկելու վերաբերյալ:
Զեկուցագրի ուսումնասիրության արդյունքում հայտնի դարձածի հիման վրա Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողն Արդարադատության նախարարության վերահսկողական վարչությանը հանձնարարել է իրականացնել Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի ուսումնասիրություն:
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 20.04.2023 թվականի թիվ 31-Ա որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի 24.05.2023 թվականի թիվ 42-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Խորհուրդը 19.06.2023 թվականի արձանագրային որոշումներով բավարարել է Խորհրդի անդամ Նաիրա Հովսեփյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի և վարույթ հարուցած մարմնի կողմից Խորհրդի անդամ Արշակ Վարդանյանին ներկայացված բացարկ հայտնելու մասին միջնորդությունները:
Դատավորի կողմից ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացվել նաև Խորհրդի նախագահին և մյուս անդամներին, սակայն արձանագրային որոշումներով մերժվել են:
2.Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը
Վարույթ հարուցած մարմինը նշել է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 67-րդ հոդվածի 1-ին մասի, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերի, 90-րդ հոդվածի 2-րդ մասի համադրության արդյունքում ստացվում է, որ դատավորին արգելվում է կասկածի տակ դնել դատարանի կողմից (այդ թվում՝ որպես դատարան հանդես եկող Խորհրդի կողմից) կայացված դատական ակտերը, դատարանի գործողությունները, արգելվում է կասկածի տակ առնել դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը, ինչպես նաև չի թույլատրվում դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորել։
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատավորը, Խորհրդի՝ որպես կոլեգիալ կազմով գործ քննող դատարանի կողմից ընդունվող կոնսենսուսային՝ միաձայն որոշումների առկայությունը պայմանավորել է բացառապես որոշակի ուղղորդման առկայությամբ, ինչից հետևում է, որ Դատավորի բնորոշմամբ, եթե առկա է կոլեգիալ կազմով որևէ գործ քննող մարմնի կողմից ընդունված միաձայն որոշում, ապա դա չի կարող լինել տվյալ մարմնի անդամների սեփական և անկախ կարծիքի արտահայտման դրսևորում։ Նշվածը փաստում է Դատավորի հրապարակային կարծիքի մասին առ այն, որ Խորհրդի անդամներն իրենց որոշումները (դատական ակտերը) կայացնելիս անկախ և անաչառ չեն՝ կաշկանդված լինելով որոշակի ուղղորդումներով (կամ ցուցումներով)։
Նշված դիրքորոշման շրջանակներում վարույթ հարուցած մարմինն էական է համարել այն հանգամանքը, որ Դատավորը Խորհրդի կոնսենսուսային որոշումներ կայացնելու վերաբերյալ փաստը ներկայացնելով, ըստ էության, միտումնավոր կերպով փորձել է այնպիսի տպավորություն ստեղծել հասարակության լայն շրջանակներում, որ կոնսենսուսային որոշման կայացումը բացառում է կոլեգիալ մարմնի անդամների կողմից իրենց դիրքորոշման արտահայտման հնարավորությունը և կարող է որոշակի ցուցման (ուղղորդման) առկայության հետևանք լինել միայն։ Այնինչ, Դատավորն ուղղակիորեն անտեսել է այն հանգամանքը, որ կոնսենսուսային որոշման, տվյալ դեպքում Խորհրդի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման և դրա տեքստի համաձայնեցմանը և միաձայն ընդունմանը կարող են նախորդել լայնածավալ մասնագիտական քննարկումներ, բանավեճեր, Խորհրդի անդամներից յուրաքանչյուրի արտահայտած դիրքորոշման հիման վրա կատարված բովանդակային փոփոխություններ և դրա արդյունքում միայն կարող է ընդունվել փոխադարձ ընդունելի և համաձայնեցված որոշում։ Հատկանշական է, որ հրապարակմանը նախորդող վեցամսյա ժամանակահատվածում Խորհրդի կողմից կայացվել են նաև ոչ միաձայն որոշումներ (այդ թվում՝ դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցով), ինչի վերաբերյալ Դատավորը որևէ հիշատակում չի կատարել իր տված հարցազրույցում։ Այս առումով դժվար է ենթադրել, որ Դատավորը տեղյակ չի եղել ոչ միաձայն որոշումների կայացման փաստի մասին (անգամ տեղյակ չլինելու պարագայում՝ Դատավորը, մինչ հրապարակային եղանակով Խորհրդի որոշումների վերաբերյալ գնահատականներ տալը կարող էր և պարտավոր էր նման տեղեկություններին տիրապետել), որպիսի պայմաններում ստացվում է, որ Դատավորը, միտումնավոր կերպով անտեսելով այդ հանգամանքը, վերստին փորձ է կատարել Խորհրդի կողմից կայացվող որոշումները ներկայացնել որպես արտաքին (կամ ներքին) որոշակի ուղղորդման հետևանք։
Վերոգրյալից զատ, վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Դատավորը, վերջին վեց ամսվա ընթացքում, իր հաշվարկով, 20-ից ավելի դատավորների լիազորությունները դադարեցվելու գործընթացը բնորոշել է որպես անօրինական։ Արդյունքում՝ Դատավորն անօրինական է որակել դատավորներ Աննա Փիլոսյանի, Սուրեն Անտոնյանի, Ալեքսեյ Սուքոյանի և Զարուհի Նախշքարյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու վերաբերյալ Խորհրդի դատական ակտերը։ Այս առումով, ակնհայտ է, որ Դատավորի կողմից մեկ այլ դատարանի կողմից կայացված դատական ակտերի «անօրինական» որակումը, ակնհայտորեն և ուղղակիորեն, հրապարակայնորեն կասկածի տակ է դնում այդ դատարանի, տվյալ դեպքում՝ Խորհրդի կայացրած դատական ակտերը։
Միևնույն ժամանակ, Դատավորի արտահայտած գնահատականների հիման վրա վարույթ հարուցած մարմինը փաստել է, որ Դատավորը դատական իշխանության մաս կազմող Խորհուրդը վարկաբեկող, տվյալ սահմանադրական մարմնի անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ է դրսևորել։ Դատավորի նման վարքագիծը վտանգում է դատական իշխանության հեղինակությունը և կարող է նվազեցնել հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ։
Վարույթ հարուցած մարմինը, անդրադառնալով սույն վարույթի համար էական նշանակություն ունեցող՝ Դատավորի՝ իր կարծիքի ազատ արտահայտման և դատավորի վարքագծի կանոնների պահպանման սկզբունքի համատեղման հարցին, անհրաժեշտ է համարել նշել հետևյալը.
Վարույթ հարուցած մարմինը նշել է, որ ըստ Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունների՝ կան սահմանափակ հանգամանքներ, երբ դատավորը կարող է պատշաճ կերպով բարձրաձայնել քաղաքականապես վիճելի հարցի մասին, այն է՝ երբ հարցն ուղղակիորեն ազդում է դատարանների գործունեության, դատական իշխանության անկախության վրա (ինչը կարող է ներառել դատավորների աշխատավարձերը կամ սոցիալական երաշխիքները), արդարադատության իրականացման կամ դատավորի անձնական անձեռնմխելիության հիմնարար ասպեկտները։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս հարցերում դատավորը պետք է գործի մեծ զսպվածությամբ։ Թեև դատավորը կարող է հրապարակայնորեն Կառավարության ուշադրությունը հրավիրել նշված հարցերի վերաբերյալ, սակայն դա չպետք է դիտվի որպես «լոբբիստական» որպես Կառավարության ուղղորդում, կամ ինչ-որ կերպ ցույց տա, թե նա ինչպես որոշում կկայացնի, եթե տվյալ հարցի լուծումը տրվի դատարանին։ Ավելին, դատավորը պետք է հիշի, որ իր հրապարակային մեկնաբանությունները կարող են ընկալվել որպես դատական իշխանության տեսակետների արտացոլում, դատավորի համար երբեմն կարող է դժվար լինել արտահայտել այնպիսի կարծիք, որը կընդունվի որպես զուտ անձնական, այլ ոչ թե ընդհանրապես դատական իշխանությանը։
Վերը նշված իրավական նորմերը և մեկնաբանությունները, ինչպես նաև վկայակոչված վարքագծի կանոնները համադրելով տվյալ գործի փաստական հանգամանքների հետ՝ վարույթ հարուցած մարմինն արձանագրել է, որ չնայած այն հանգամանքին, որ կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքը տարածվում է նաև դատավորների վրա, այնուամենայնիվ, այն ունի որոշակի սահմանափակումներ Օրենսգրքով ամրագրված վարքագծի կանոնների համատեքստում։ Ընդ որում՝ դատավորը, ստանձնելով իր պաշտոնը, գնում է նման գիտակցված սահմանափակման և դատավորի կարծիքի ազատ արտահայտման սահմանափակումը, այդ թվում՝ որոշակի կոնկրետ հարցերի վերաբերյալ կարծիքի արտահայտման բացառումը (ի տարբերություն հասարակության այլ անդամների), պայմանավորված է բացառապես դատական իշխանության հեղինակությունը և անկախությունը բարձր պահելու անհրաժեշտությամբ։
Վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 4-րդ մասը՝ վարույթ հարուցած մարմինը գտել է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտումները կատարվել են դիտավորությամբ, քանի որ ցանկացած հարցի վերաբերյալ կարծիք արտահայտելու փաստը (այդ թվում՝ կայացված դատական ակտի օրինականությունը կասկածի տակ դնելը, Խորհրդի՝ որպես դատարանի անկախությունը և անաչառությունը կասկածի տակ դնելը) ինքնին ենթադրում է անձի սուբյեկտիվ, գնահատողական վերաբերմունքի արտացոլում այս կամ այն հանգամանքի վերաբերյալ, կարծիքի արտահայտումը չի կարող դրսևորվել անձի՝ իր արտահայտած խոսքով սոսկ փաստերի շարադրանքի և այդ փաստերի առնչությամբ սուբյեկտիվ ընկալման արտահայտման միջև տարբերակման սահմանագիծը չգիտակցելու եղանակով։
Վերոգրյալի արդյունքում՝ Դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը և վարքագծի կանոնների խախտումները կատարվել են դիտավորությամբ։
Անդրադառնալով Դատավորի կողմից 12.05.2023 թվականին և 19.02.2023 թվականին ներկայացրած գրություններին՝ վարույթ հարուցած մարմինը նշել է.
Կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել (ինչպես բացահայտված է եղել վարույթ հարուցելու մասին որոշման շրջանակներում) Դատավորի կողմից՝ Օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտումը, իսկ վարույթի հարուցման առիթ՝ զանգվածային լրատվության միջոցի համապատասխան հրապարակումը։ Հրապարակմամբ զետեղված տեսանյութն ամբողջությամբ, ինչպես նաև դրա առանձին հատվածների բառացի մեջբերումները ներկայացվել են Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողին՝ մամուլի քարտուղարի կողմից, իր պաշտոնի անձնագրով և աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքային պարտականությունների կատարման շրջանակներում։ Նշված զեկուցագրի հիման վրա հետագայում իրականացվել է Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի ուսումնասիրություն։
Դատավորի դրսևորած վարքագծով Խորհրդի՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորներ Ալեքսեյ Սուքոյանի և Զարուհի Նախշքարյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դատական ակտերը կասկածի տակ դնելու մասին Լիազոր մարմնի եզրահանգման առնչությամբ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ դրա կատարման համար հիմք է հանդիսացել տեսանյութում արտացոլված լրագրողի հարցի և Դատավորի պատասխանի կոնտեքստը, դատողությանն առնչվող ժամանակահատվածը, ինչպես նաև լիազորությունները դադարեցված դատավորների վերաբերյալ թվաքանակը։
Մասնավորապես համաձայն տեսանյութի՝ Դատավորը, անդրադառնալով լրագրողի հարցին, մի խումբ դատավորների պաշտոնավարումը դադարեցվելու (այդ թվում, լրագրողի բնորոշմամբ, դատավոր Զարուհի Նախշքարյանի կողմից իր խոսքի ազատության իրավունքից օգտվելու համար) և այդ երևույթի՝ դատական իշխանության վրա հնարավոր ազդեցության մասին, նշել է, որ հատկապես վերջին վեց ամսվա ընթացքում դատավորների լիազորությունների դադարեցումը բացասական ազդեցություն է ունեցել դատական համակարգի վրա՝ ի հավելումն դրա, մատնանշելով իր գնահատականը 20-ից ավելի դատավորների լիազորությունների անօրինական կերպով դադարեցման մասին։ Այդ համատեքստում օբյեկտիվորեն ակնհայտ է, որ դատավորների լիազորությունների դադարեցումը բնորոշելով անօրինական՝ ի պատասխան լրագրողի՝ այդ թվում նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացի շրջանակներում դատավորների լիազորությունների դադարեցման արդյունքում դատական իշխանության վրա ունեցած հետևանքների մասին Դատավորը «անօրինական» է որակել նաև նշված 4 դատական ակտերը։ Ընդ որում, նշված դատավորների՝ լիազորությունների դադարեցման մասին որոշումները կայացվել են հենց Դատավորի առանձնացրած ժամանակահատվածում՝ վերջին 6 ամսվա ընթացքում։ Այնուամենայնիվ, նշված ժամանակահատվածում 20-ից ավելի դատավորների լիազորությունների դադարեցման անօրինական լինելու մասին գնահատականն անխուսափելիորեն ներառում է նաև Խորհրդի նշված 4 դատական ակտերի արդյունքում դատավորների լիազորությունների դադարեցմանը՝ հաշվի առնելով նաև նշված ժամանակահատվածում դատավորների լիազորությունների դադարեցման ընդհանուր թվաքանակը։
Ինչ վերաբերում է այլ դատավորների կողմից կատարված հրապարակումների վերաբերյալ Լիազոր մարմնի կողմից կատարվող ուսումնասիրություններին, ապա հաշվի առնելով Օրենսգրքի 147-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված կարգապահական վարույթի գաղտնիության պահպանման պահանջը՝ սույն վարույթի շրջանակներում, Լիազոր մարմինը կաշկանդված է նշված հարցի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու հնարավորությամբ։
Ինչ վերաբերում է հիշյալ գրությամբ ներկայացված դիրքորոշմանը և հարցադրումներին առ այն, որ Արդարադատության նախարարի 20.04.2023 թվականի թիվ 30-Ա որոշմանը կից տրամադրված լազերային կրիչն ունի ստեղծման ամսաթիվ «19.04.2023» և ձևափոխման ամսաթիվ «14.04.2023»՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ հիշյալ լազերային կրիչում պատճենահանված էր «news.am» լրատվական կայքում 07.04.2023 թվականին հրապարակում ստացած տեսանյութը, որն ամբողջությամբ հասանելի է նաև հետևյալ հղմամբ https։//ոews.am/arm/videos/60618.html:
Դատավորի՝ 19.05.2023 թվականի գրության շրջանակներում բարձրացրած հարցադրումների վերաբերյալ վարույթ հարուցած մարմինը նշել է հետևյալը.
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 20.04.2023 թվականի թիվ Ե-0243 գրությամբ առաջարկվել է այդ գրությունը ստանալու պահից 15-օրյա ժամկետում Արդարադատության նախարարին ներկայացնել գրավոր բացատրություններ։ Նշված գրությունը Դատավորի կողմից ստացվել է 26.04.2023 թվականին, ուստի բացատրությունները կարող էին ներկայացնել մինչև 11.05.2023 թվականը ներառյալ։ Դատավորի կողմից Արդարադատության նախարարին 12.05.2023 թվականին ուղղված գրությամբ թեև դիրքորոշում է ներկայացվել հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ, սակայն գրավոր բացատրություններ, որպես այդպիսին չեն ներկայացվել։ Այնուհետև, Արդարադատության նախարարի 16.05.2023 թվականի թիվ Ե-0268 գրությամբ առաջարկվել է գրավոր բացատրությունները ներկայացնել մինչև 22.05.2023 թվականը։ Նշված գրությունը Դատավորի կողմից ստացվել է 17.05.2023 թվականին, սակայն Արդարադատության նախարարին ուղղված գրությամբ գրավոր բացատրություններ կրկին չեն ներկայացվել։
Ինչ վերաբերում է Արդարադատության նախարարի 20.04.2023 թվականի թիվ 30-Ա որոշման էլեկտրոնային տարբերակը տրամադրելու հարցին վարույթ հարուցած մարմինը հայտնել է, որ Օրենսգրքի 147-րդ հոդվածի 9-րդ մասից բխում է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման և հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում կազմվող այլ փաստաթղթերի շրջանառությունն իրականացվում է ոչ թե էլեկտրոնային՝ «Mulberry» համակարգի միջոցով, այլև թղթային տարբերակով, հետևաբար նաև՝ դրանք չեն ստորագրվում էլեկտրոնային եղանակով։ Նման պայմաններում վարույթ հարուցած մարմնի կողմից կազմվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները չեն կարող տրամադրվել այլ անձանց, քանի որ դրանք ստորագրվող փաստաթղթերի աշխատանքային, նախագծային տարբերակներն են և իրենցում չեն պարունակում որոշման համար պարտադիր պահանջվող վավերապայման հանդիսացող՝ այն ընդունելու իրավասություն ունեցող անձի ստորագրությունը։
Անդրադառնալով Դատավորի կողմից Արդարադատության նախարարին ուղղված՝ սույն կարգապահական վարույթի շրջանակներում իր անունից հանդես գալու հորդորին՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախարարի հիվանդության, արձակուրդում գտնվելու կամ արտասահմանում գործուղման մեջ լինելու դեպքում նախարարին փոխարինող փոխնախարարն ամբողջ ծավալով իրականացնում է նախարարին վերապահված լիազորությունները, այդ թվում՝ Ազգային ժողովում, իսկ «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ պետական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է առաջին տեղակալը, իսկ առաջին տեղակալի պաշտոն նախատեսված չլինելու կամ առաջին տեղակալի բացակայության դեպքում՝ տվյալ մարմնում պետական մարմնի ղեկավարի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։ (...):
Միաժամանակ, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Վարչապետի 03.05.2023 թվականի N 471-Ա որոշման համաձայն՝ 2023 թվականի մայիսի 10-14–ը ներառյալ գործուղվել է Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ), Վարչապետի 10.05.2023 թվականի N 500-Ա որոշման համաձայն՝ 2023 թվականի մայիսի 15-19-ը ներառյալ գործուղվել է Էստոնիայի Հանրապետություն (Տալլին), Վարչապետի 19.05.2023 թվականի N 539-Ա որոշման համաձայն՝ 2023 թվականի մայիսի 22-25-ը ներառյալ գործուղվել է Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի):
Նշվածի կապակցությամբ գործուղումների ընթացքում Արդարադատության նախարարի պարտականությունների կատարումը համապատասխանաբար վերապահվել են Արդարադատության նախարարի տեղակալներ՝ Արմենուհի Հարությունյանին և Լևոն Բալյանին։
Հաշվի առնելով վերոգրյալ իրավակարգավորումները, ինչպես նաև վերը նշված ժամանակահատվածներում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի՝ արտասահմանում գործուղման մեջ գտնվելու հանգամանքը՝ Արդարադատության նախարարի՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և իրականացնելու լիազորությունն ամբողջ ծավալով Վարչապետի համապատասխան որոշումներով պայմանավորված վերապահվել է Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող տեղակալին։ Ուստի, վերոնշյալ իրավակարգավորումների առկայությամբ և թվարկված օբյեկտիվ փաստերով պայմանավորված՝ Արդարադատության նախարարի փոխարեն նրա տեղակալի կողմից որոշումների կայացումը կամ նախարարին ուղղված գրություններին պատասխանելը չի կարող ընկալվել որպես կամայական, առավել ևս՝ օրենսդրությամբ անթույլատրելի լիազորությունների իրականացում, որի դեպքում պարզապես հիմնազուրկ է դառնում Դատավորի կողմից կատարված հորդորն առ այն, որ Արդարադատության նախարարը «գոնե» այսուհետ հանդես գա իր անունից։
Միաժամանակ, վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Դատավորն իր գրությամբ ներկայացրել է Արդարադատության նախարարության աշխատակազմի կողմից, ինչպես նաև Դատավորի կողմից իր աշխատանքի կազմակերպման հարցերի վերաբերյալ գնահատողական դատողություններ, որոնց անդրադարձ չի կատարվել, քանի որ դրանք սույն կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն չունեն։
3․ Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ
Դատավորը վարույթ հարուցած մարմնին 12.05.2023 թվականին հասցեագրված գրությամբ պահանջել է պարզաբանել՝
- վարույթի ենթադրյալ խախտման հիմքն ու բովանդակությունը, մասնավորապես՝ պարզաբանել, թե ով է սղագրել հարցազրույցը, նյութը,
- վարույթի հեղինակն ինչի՞ց է ենթադրել, թե Դատավորը կասկածի տակ է դրել չորս դատավորի վերաբերյալ Խորհրդի դատական ակտերը,
- Դատավորի՞, թե՞ այլ անձանց խոսքերից է վարկաբեկվել Խորհուրդը, ինչո՞վ է վտանգվում դատական իշխանության հեղինակությունը ու նվազում հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ և վերաբերելի խոսքերի հեղինակների, հնչեցրած ու գործողություններ կատարած նախորդ այլ անձանց հրապարակային խոսքն ու գործողություններն ուսումնասիրվել է նախարարության կողմից, թե ոչ։
Իսկ 19.05.2023 թվականի գրությամբ Դատավորը նշել է, որ. «(...) կողմերը գրագրություն, որոշումներ միմյանց ուղարկելիս, ի հարգանք նաև մյուս կողմի, ուղարկում են նաև էլեկտրոնային տարբերակը, որպիսի արձագանքելու, քաղվածքներ ուղակի խոսքի, գրվածքի մեջբերման (copy/paste) տեխնիկական խնդիրներ, հավելյալ ժամանակ չպահանջվի։ Առավել ևս, եթե նույնիսկ չեն ուղարկում, ապա պահանջի, խնդրանքի դեպքում անհապաղ տրամադրվում են։ Մինչդեռ՝ անտեսվել է նույնիսկ այդ խնդրանքը՝ անարձագանք թողնելով այն կամ նշելով, թե «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված իրավունքների շրջանակը չի նախատեսում վարույթի ընթացքում բարձրացված հարցադրումներին պարզաբանում կամ պատասխան ստանալու որևէ ընթացակարգ։ (...): (...), սույն գրությունը ոչ միայն վերևում նշվող հասցեատիրոջ, այլև բովանդակային առումով հասցեագրված է բացառապես Վարույթի, գրության իրական հեղինակին՝ Նախարարին, ով անձամբ ծանոթացել է փաստաթղթին դեռևս մայիսի 15-ին, սակայն կրկին գերադասել է պատասխանել հաջորդ օրն այլ պաշտոնյայի անունից։ Դեռ ավելին, որևէ այլ պաշտոնյա իրավասու էլ չէ իրականացնել օրենքով բացառապես նախարարին վերապահված վիճարկելի լիազորությունը։ (..): Պահանջներս, որոնք առավելապես տեխնիկական են, պատշաճ անդրադառնալու չնչին ակնկալիքով կրկին հորդորում եմ նախարարին գոնե այսուհետ հանդես գալ իր անունից»։
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները
4.1. Խորհուրդը 26.12.2022 թվականի թիվ ԲԴԽ-116-Ո-Կ-27 որոշմամբ բավարարել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Լիազոր մարմնի միջնորդությունը՝ էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները։ Նշված որոշման կարգապահական տույժի ընտրության հարցով Բարձրագույն դատական խորհրդի անդամներից երկուսը դեմ են քվեարկել։
4.2. Բարձրագույն դատական խորհրդի 26.01.2023 թվականի թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-4, 30.01.2023 թվականի թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-3, 27.02.2023 թվականի թիվ ԲԴԽ-20-Ո-Կ-9 որոշումներով բավարարել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Լիազոր մարմնի միջնորդությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելով համապատասխանաբար Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորներ Ալեքսեյ Սուքոյանի և Զարուհի Նախշքարյանի լիազորությունները։ Նշված որոշումները Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընդունվել են միաձայն՝ որոշումներին կողմ են քվեարկել (թե կարգապահական խախտման առկայության, թե կարգապահական տույժի ընտրության հարցով) նիստին մասնակցող բոլոր անդամները։
4.3. Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակման կատարմանը նախորդող վեց ամսվա ընթացքում ընդունել է մի շարք այլ միաձայն որոշումներ՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի քննության շրջանակներում, գործելով որպես դատարան՝ Արդարադատության նախարարության և Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունների հիման վրա։
4.4. Զեկուցագրում մեջբերումներ են կատարվել 07.04.2023 թվականին «news.am» լրատվական կայքին Դատավորի կողմից տրված հարցազրույցից։ Նշված հրապարակմամբ Դատավորը, պատասխանելով լրագրողի հարցադրմանը՝ ԲԴԽ և դատավորների միջև առկա հնարավոր լարվածության մասին, չբնորոշելով լարվածության առկայությունը, այնուամենայնիվ իր գնահատականն է տվել վերջին մեկ տարվա ընթացքում Դատավորների միության կողմից ԲԴԽ փոխարեն դատավորների անկախության, դատական իշխանության պաշտպանության անունից հանդես գալու մասին, որպիսի գործառույթը պետք է արվեր ԲԴԽ կողմից, իսկ նման հանգամանքը, Դատավորի կարծիքով, կարող է հանգեցնել լարվածության առկայության։ Անդրադառնալով քաղաքական իշխանության կողմից ուղղորդումների վերաբերյալ լրագրողի հարցադրմանը՝ Դատավորը, ըստ էության, արձանագրել է իր գնահատականն առ այն, որ տասը դատավորներից բաղկացած կոլեգիալ մարմնում կոնսենսուսային, միաձայն որոշումների առկայությունը պարտադիր ենթադրում է ինչ-որ (արտաքին կամ ներքին) ուղղորդման առկայություն։
Միաժամանակ, հրապարակման շրջանակներում Դատավորը, անդրադառնալով լրագրողի հարցին՝ մի խումբ դատավորների պաշտոնավարումը դադարեցվելու (այդ թվում, լրագրողի բնորոշմամբ, դատավոր Զարուհի Նախշքարյանի կողմից իր խոսքի ազատության իրավունքից օգտվելու համար) և այդ երևույթի՝ դատական իշխանության վրա հնարավոր ազդեցության մասին, նշել է, որ հատկապես վերջին վեց ամսվա ընթացքում դատավորների լիազորությունների դադարեցումը բացասական ազդեցություն է ունեցել դատական համակարգի վրա՝ ի հավելումն դրա, մատնանշելով իր գնահատականը 20-ից ավելի դատավորների լիազորությունների անօրինական կերպով դադարեցման մասին։
5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները
Հաշվի առնելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի ու նրա ներկայացուցիչների կողմից ներկայացված դիրքորոշումները` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
5.1. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ է տրվել խոսքի ազատության իրավունքի սահմանազանցում, որը հանգեցրել է վարքագծի կանոնի (կանոնների) խախտման,
5.2. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի կանոնի (կանոնների) ենթադրյալ խախտումը կատարվել է դիտավորությամբ, թե՞ կոպիտ անփութությամբ,
5.3. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումը հանգեցրել է էական կարգապահական խախտման:
6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի հաղորդումը, ինչպես նաև Արդարադատության նախարարի տեղակալի և ներկայացուցիչների դիրքորոշումները, Դատավորի ու նրա ներկայացուցիչների դիրքորոշումները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Խորհուրդն արձանագրում է, որ վարույթ հարուցած մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:
ՀՀ Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:
ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:
ՀՀ Սահմանադրության 175-րդ և Օրենսգրքի 89-րդ հոդվածներով սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, որոնք ամբողջությամբ ուղղված են դատական իշխանության կազմակերպմանը և բնականոն գործունեության ապահովմանը:
Օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դատավորի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:
Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:
Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ, 8-րդ կետերը համապատասխանաբար սահմանում են, որ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝
1) զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց,
6) զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, բացառությամբ օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի,
8) զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը։
Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ ՀՀ Սահմանադրությունը դատավորներին է վերապահում արդարադատության իրականացման բացառիկ իրավասությունը, որն, ուղղակիորեն առնչվելով անհատների իրավունքների և ազատությունների հետ, ազդում է դատական համակարգի հանդեպ հանրային վստահության ձևավորման վրա: Ուստի հաշվի առնելով դատավորի պաշտոնի առանձնահատուկ դերն արդարադատության իրականացման հարցում՝ դատավորներին վերաբերելի վարքագծի կանոններն իրենց բնույթով ավելի խիստ են քան պետական մյուս պաշտոնյաներինը: Այլ կերպ ասած, դատավորներն իրենց վարքագծով ոչ միայն պետք է ձեռնպահ մնան դատական համակարգը վարկաբեկելուց, այլև պետք է խթանեն դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության ամրապնդումը:
Դատավորի, դատարանի և դատական իշխանության յուրահատուկ դերը և դրանից բխող կարգավիճակն ամրագրված է մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում։ Դրանց մեջ կարևոր են հատկապես ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1985 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 40/32 և 1985 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 40/46 բանաձևերով հաստատված՝ «Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքները» և դրա հավելված՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից թիվ 2200A (XXI) բանաձևով հաստատված «Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքները», «Դատավորների կարգավիճակի մասին» 1998 թվականի հուլիսի 10-ի Եվրոպական խարտիան և Եվրոպական խարտիայի պարզաբանման հուշագիրը, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2010 թվականի նոյեմբերի 17-ի՝ «Դատավորների անկախության, գործունեության արդյունավետության և պատասխանատվության մասին» թիվ CM/Rec(2010) 12 հանձնարարականը, Եվրոպական Դատավորների Խորհրդատվական խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի մի շարք եզրակացություններ ու զեկույցներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներ և այլն։
Վկայակոչված միջազգային փաստաթղթերում ամրագրված են դատական իշխանության, դատավորների անկախության, դատավորների գործունեության, ինչպես նաև վերջիններիս վարքագծի կանոնների վերաբերյալ ելակետային դրույթներ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հովանու ներքո հրապարակված ««Դատական սեմինար» Վստահության ամրապնդումը դատական համակարգի նկատմամբ» հաշվետվողական փաստաթղթում ամրագրված են եվրոպական չափանիշներով ընդունելի մոտեցումները, մասնավորապես այն, որ դատավորի շրջահայաց լինելու պարտականությունը հետապնդում է որոշակի նպատակ, այն է՝ դատավորի խոսքն ի տարբերություն փաստաբանների, ընկալվում է, որպես օբյեկտիվ գնահատականի արտահայտում, որը պարտավորեցնող է ոչ միայն դատավորի՝ որպես առանձին սուբյեկտի, այլ նաև ամբողջ դատական համակարգի համար։
Դատավորների միջազգային միության Կենտրոնական խորհրդի կողմից 1999 թվականի նոյեմբերի 17-ին Թայվանում ընդունված, Վերանայված 2017 թվականի նոյեմբերի 14-ին Սանտյագոյում (Չիլի) դատավորների համընդհանուր խարտիայի 6.2 հոդվածի համաձայն՝ դատավորը պարտավոր է ձեռնպահ մնալ ցանկացած այնպիսի վարքագծից, գործողություն կատարելուց կամ արտահայտություն անելուց, որն ազդեցություն կունենա նրա անկողմնակալության, անկախության, ինչպես նաև վստահության վրա:
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Դատավորի վարքագծի Բանգալորյան սկզբունքների 4-րդ կետի համաձայն՝ վարքագծի կանոնների պահպանումը և դրա դրսևորումը դատավորի ողջ գործունեության կարևորագույն մասն է:
Իսկ նույն սկզբունքների 4.6-րդ կետի համաձայն՝ դատավորը, ինչպես ցանկացած այլ քաղաքացի, ունի ազատ արտահայտվելու, դավանանքի, միավորման և հավաքների իրավունք, սակայն այդ իրավունքների իրականացման ճանապարհին դատավորը միշտ պետք է դրսևորի իրեն այնպես, որ բարձր պահի դատավորի պաշտոնի համբավը և զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք անհամատեղելի են դատական իշխանության անաչառության և անկախության հետ:
Նույն սկզբունքների 4.1-րդ կետի համաձայն՝ դատավորը պետք է պահպանի վարքագծի կանոնները և դատավորի պաշտոնի հետ կապված ցանկացած գործողություն կատարելիս զերծ մնա ոչ պատշաճ տպավորություն թողնելուց:
Բանգալորյան սկզբունքների 4-րդ և 4.6-րդ կետերի բովանդակությունից հետևում է, որ ինչպես ցանկացած քաղաքացի, այնպես էլ՝ դատավորն ունի ազատ արտահայտվելու իրավունք, սակայն դատավորի կողմից այդ իրավունքի իրականացումը պետք է կատարվի զգուշորեն, իր բարձր պաշտոնի համբավը չվնասելու և իր ազատ արտահայտվելու իրավունքի իրականացման շրջանակում կատարված արտահայտությունները դատական իշխանության անաչառության և անկախության հետ անհամատեղելի չդիտվելու նկատառմամբ։
Միաժամանակ Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությամբ նշված է, որ դատավորն իր պաշտոնը ստանձնելուց հետո չի կորցնում ազատ արտահայտվելու իրավունքը, ինչպես նաև նախկինում ձևավորված իր քաղաքական համոզմունքները և քաղաքական հարցերում հետաքրքրվածություն ունենալու հնարավորությունը։ Այնուամենայնիվ, նշված իրավունքների իրականացումը պետք է սահմանափակվի դատական իշխանության անաչառության և անկախության նկատմամբ հանրության վստահությունը չնվազեցնելու նկատառմամբ։ Այս կապակցությամբ դատավորի կամ դատական իշխանության կողմից հանրային հնչեղություն ունեցող հարցերի (public debate) քննարկմանը ներգրավվելու աստիճանի պատշաճությունը գնահատելու, առաջնորդվելու հիմք հանդիսացող չափանիշներից մեկն էլ այն հանգամանքն է, թե արդյո՞ք դատավորի կողմից հանրային հնչեղություն ունեցող հարցի քննարկմանը ներգրավվելը կամ դրա կապակցությամբ կարծիք հայտնելը ողջամտորեն նվազեցնում է դատավորի անաչառության վերաբերյալ վստահությունը1:
Որպես հասարակության սևեռուն ուշադրության առարկա՝ դատավորը պարտավոր է գիտակցաբար և ինքնակամ իր համար ընդունել անձնական սահմանափակումներ, չնայած նրան, որ դրանք շարքային քաղաքացու համար կարող են դժվար իրականանալի թվալ: Մասնավորապես՝ դատավորի վարքագիծը պետք է համապատասխանի դատավորի պաշտոնի արժանապատվությանը:
Միաժամանակ Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությամբ ևս նշված է, որ կան սահմանափակ հանգամանքներ, երբ դատավորը կարող է պատշաճ կերպով բարձրաձայնել քաղաքականապես վիճելի հարցի մասին, այն է՝ երբ հարցն ուղղակիորեն ազդում է դատարանների գործունեության, դատական իշխանության անկախության վրա (ինչը կարող է ներառել դատավորների աշխատավարձերը կամ սոցիալական երաշխիքները), արդարադատության իրականացման կամ դատավորի անձնական անձեռնմխելիության հիմնարար ասպեկտները: Այնուամենայնիվ, նույնիսկ այս հարցերում դատավորը պետք է գործի մեծ զսպվածությամբ։ Թեև դատավորը կարող է հրապարակայնորեն Կառավարության ուշադրությունը հրավիրել նշված հարցերին, սակայն դա չպետք է դիտվի որպես «լոբբիստական» որպես Կառավարության ուղղորդում, կամ ինչ-որ կերպ ցույց տա, թե նա ինչպես որոշում կկայացնի, եթե տվյալ հարցի լուծումը տրվի դատարանին: Ավելին, դատավորը պետք է հիշի, որ իր հրապարակային մեկնաբանությունները կարող են ընկալվել որպես դատական իշխանության տեսակետների արտացոլում. դատավորի համար երբեմն կարող է դժվար լինել արտահայտել այնպիսի կարծիք, որը կընդունվի որպես զուտ անձնական, այլ ոչ թե ընդհանրապես դատական իշխանությանը2:
«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) իր 2015 թվականի հունիսի 23-ի ո՛806/2015 եզրակացության 80-րդ կետում արձանագրում է, որ «եվրոպական երկրների օրենսդրական և սահմանադրական դրույթները, ինչպես նաև համապատասխան նախադեպային իրավունքը ցույց են տալիս, որ խոսքի ազատության երաշխիքները տարածվում են նաև քաղաքացիական ծառայողների, այդ թվում՝ դատավորների վրա։ Բայց, դատավորների լիազորությունների և պարտականությունների յուրահատկությունը և դատական իշխանության անկողմնակալությունն ու անկախությունն ապահովելու անհրաժեշտությունը համարվում են օրինաչափ նպատակներ՝ դատավորների խոսքի, միավորման և հավաքների ազատության իրավունքները որոշակիորեն սահմանափակելու համար»։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ «… արտահայտվելու ազատությունը ժողովրդավարական հասարակության հիմնաքարերից մեկն է և դրա առաջընթացի ու յուրաքանչյուր անհատի ինքնաիրացման հիմնական պայմաններից մեկը: Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դա տարածվում է ոչ միայն այն «տեղեկությունների» կամ «գաղափարների» վրա, որոնք ընդունվում են բարեհաճությամբ կամ համարվում են ոչ վիրավորական կամ պարզապես անտարբերությամբ հնչեցված, այլև՝ վիրավորական, ցնցող կամ անհանգստացնող արտահայտությունների վրա. այդպիսիք են բազմակարծություն, հանդուրժողականություն և լայն մտածելակերպ պահանջող արտահայտությունները, առանց որոնց «ժողովրդավարական հասարակություն» լինել չի կարող: Արտահայտվելու ազատությունը, ինչպես շարադրված է 10-րդ հոդվածում, ենթակա է մի շարք բացառությունների, որոնք, սակայն, պետք է նեղ մեկնաբանություն ստանան, և ցանկացած սահմանափակման անհրաժեշտություն պետք է համոզիչ կերպով հիմնավորվի»:
Միաժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բակկան ընդդեմ Հունգարիայի գործով որպես ընդհանուր կանոն արձանագրել է. «(…) դատական համակարգում ծառայող պետական պաշտոնյաներից կարելի է ակնկալել, որ նրանք պետք է զսպվածություն ցուցաբերեն իրենց խոսքի ազատությունն իրականացնելիս բոլոր այն դեպքերում, երբ դատական համակարգի հեղինակությունն ու անաչառությունը կարող են կասկածի տակ դրվել։ Նույնիսկ ճշգրիտ տեղեկատվության տարածումը պետք է իրականացվի չափավոր և պատշաճ ձևով»3։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք դատավորի խոսքի ազատության սահմանափակումը համապատասխանում է «սոցիալական անհրաժեշտության» և «օրինական նպատակին համաչափ լինելու» չափանիշներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր դատավարական պրակտիկայում հարցը քննարկում է կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավարական պրակտիկայի ուսումնասիրությունից պարզ են դառնում այն գործոնները, որոնք առավել կարևորություն ունեն կոնվենցիայի խախտման առկայությունը կամ բացակայությունն արձանագրելիս․ ա) դատավորի պաշտոնը, բ) խնդրո առարկա հայտարարության բովանդակությունը, գ) համատեքստը, որում հայտարարությունն արվել է, դ) դատավորի նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների բնույթը և խստությունը։
Խորհուրդն իր ԲԴԽ-48-Ո-Կ-17 որոշմամբ արձանագրել է, որ խոսքի ազատության իրավունքը դատավորի անքակտելի իրավունքներից մեկն է՝ երաշխավորված ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով։ Այնուամենայնիվ, խոսքի ազատության իրավունքը բացարձակ չէ և որոշակի խումբ անձանց համար այդ իրավունքն ավելի լայն սահմանափակումների կարող է ենթարկվել։ Դատավորները, հանդիսանալով պետական իշխանության թևերից մեկի ներկայացուցիչներ, ի պաշտոնե պարտավոր են պահպանել զսպվածություն՝ վտանգի տակ չդնելով իրենց անաչառությունը, դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը, ինչպես նաև պարտավոր են համատեղել իրենց վարքագիծը և կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ իրենց՝ որպես դատավորի, ազատ արտահայտման իրավունքի իրացման արդյունքում:
Հաշվի առնելով ժողովրդավարական հասարակությունում դատավորների առանձնահատուկ դերը՝ օրենսդիրը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանել է վարքագծի համապատասխան կանոններ։ Այդ կանոնները բացահայտում են այն արարքները, որոնք պաշտպանված չեն խոսքի ազատության իրավունքի ներքո։ Այս կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում վերստին արձանագրել, որ խոսքի ազատությունը, լինելով յուրաքանչյուր անհատի անքակտելի իրավունք, բացարձակ չէ և հաշվի առնելով դատավորի յուրահատուկ կարգավիճակը՝ ենթակա է ավելի խիստ սահմանափակումների:
Միաժամանակ, հաշվի առնելով լրատվամիջոցների առանցքային դերը ժողովրդավարական հասարակություններում և հատկապես արդարադատության իրականացման մասին հասարակության ընկալումների ձևավորման հարցում՝ Խորհուրդը կարևոր է համարում արձանագրել, որ այն բացառիկ դեպքում, երբ դատավորները լրատվամիջոցների առջև հայտարարություններով են հանդես գալիս քննության փուլում գտնվող դատական գործերի վերաբերյալ կամ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերաբերյալ մեկնաբանություններ են անում, վերջիններս պետք է դրսևորեն բացառիկ շրջահայացություն՝ խուսափելով որևէ կերպ դատական համակարգի անկախությունը և հեղինակությունը կասկածի տակ առնելուց: Այսինքն, դատավորները չպետք է թույլ տան այնպիսի արտահայտություններ, որոնք ողջամիտ դիտարկման դեպքում կնշանակեն վեճի լուծման կանխորոշում, վարույթի վրա ազդեցություն, կասկածի տակ կդնեն արդարադատության իրականացումը կամ որևէ այլ կերպ կվնասեն դատական համակարգի անկախությանը և հեղինակությանը:
Խորհուրդը կարևոր է համարում ընդգծել, որ, հաշվի առնելով իշխանությունների տարանջատման սկզբունքի կարևորությունը և դատական իշխանության անկախության պահպանման իր սահմանադրական առաքելությունը, ցանկացած միջամտություն դատավորի խոսքի ազատության իրացմանը, պետք է մանրազնին ուսումնասիրության առարկա դառնա Բարձրագույն դատական խորհրդի կողմից։
Սույն գործի քննության շրջանակներում Խորհուրդն անդրադառնալով «news.am» լրատվական կայքի հրապարակման մեջ Դատավորի կողմից հայտնված այն կարծիքին թե՝ «(…) Գիտեք անկախ նրանից ուղղորդում լինի, ում կողմից լինի, երբ որ կանգնում ասում են, որ իրանց մոտ բացարձակ կոնսենսուս ա, դա էդպես չի կարա լինի ուղղակի, դա ինչ-որ նշանակում ա, եթե բացարձակ կոնսենսուս կա, ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում ա, իսկ դա չի կարող էդպես լինել (...) Հնարավոր չէ տասը հոգին նույն կարծիքն ունենան։ Եթե տասը իրավաբան, որոնք սովորել են տարբեր բուհերում, տարբեր ժամանակներում, տարբեր կենսափորձ ունեն, կեսը՝ գիտնական, կեսը՝ դատավոր, հնարավոր չէ էդ տասը հոգին չունենան իրենց սեփական, ինքնուրույն կարծիքը (...) եթե ասում են՝ իրենք վիճում են, հետո ինչ-որ մի որոշման են ընդհանուր հանգում, էդպես չի կարող լինել, եթե վիճում են, պետք է ամեն մեկը, գոնե մի մասը, գոնե տասից մեկը մի կարծիք ունենա, բայց էստեղ ստացվում ա իրանք ասում են թե, առանց կաշկանդվելու, ընդ որում, ասում են, թե բացարձակ կոնսենսուսի պայմաններում ենք աշխատել (4 ր 33վ - 6ր 19վ)» հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Այսպես, Խորհուրդը կարևոր է համարում նշել, որ յուրաքանչյուր դատավոր պետք է զերծ մնա այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը, քանի որ դատավորների հրապարակային դիրքորոշումներն իրենց բոլոր դետալներով հանրության կողմից ընկալվում են իբրև օբյեկտիվ, հետևաբար դատավորի խոսքի իրավունքի ազատության սահմանազանցման հարցը քննարկելիս անհրաժեշտ է բացահայտել, թե դրանք ինչպես կարող են ընկալվել հանրության կողմից։ Տվյալ դեպքում, Դատավորի կողմից արված՝ «(…) Գիտեք անկախ նրանից ուղղորդում լինի, ում կողմից լինի, երբ որ կանգնում ասում են, որ իրանց մոտ բացարձակ կոնսենսուս ա, դա էդպես չի կարա լինի ուղղակի, դա ինչ-որ նշանակում ա, եթե բացարձակ կոնսենսուս կա, ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում ա, իսկ դա չի կարող էդպես լինել (...) Հնարավոր չէ տասը հոգին նույն կարծիքն ունենան (...)» արտահայտությունը կասկածի տակ է դնում Խորհրդի որպես դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող անկախ պետական մարմնի կողմից որոշումների կայացման գործընթացում Խորհրդի յուրաքանչյուր անդամի սեփական, ինքնուրույն կարծիքը ունենալու և այն պնդելու հնարավորության առկայության հանգամանքը՝ հայտարարելով, որ «եթե կա բացարձակ կոնսենսուս, ապա ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում է», ինչը տվյալ տեսանյութը դիտող յուրաքանչյուր ողջամիտ անձի մոտ կստեղծի տպավորություն, որ Խորհուրդը որոշումներ կայացնելիս անկախ և անաչառ չէ և ենթարկվում է ուղղորդման: Հետևաբար, Դատավորի կողմից Խորհրդի գործունեության վերաբերյալ տրված վերոնշյալ գնահատականը դուրս է դատավորի խոսքի ազատության իրավունքի շրջանակներից և վերոնշյալ արտահայտությունների համատեքստում յուրաքանչյուր օբյեկտիվ դիտորդի մոտ ողջամտորեն կարող է ձևավորվել արդարացի հետևություն առ այն, որ Խորհրդի որոշումներն ուղղորդված են:
Հաջորդիվ անդրադառնալով «news.am» լրատվական կայքի հրապարակման մեջ Դատավորի կողմից Խորհրդի որոշումների օրինականության վերաբերյալ հայտնված այն կարծիքին թե՝ «(...) 20-ից ավելի դատավորի լիազորություն, տարբեր եղանակներով, ըստ իս, անօրինական կերպով, դադարեցվել են (...) (11ր 03վ - 11 ր 12վ)» հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Նախ, Խորհուրդը կարևոր է համարում նախապես արձանագրել, որ Դատավորի կողմից «news.am» լրատվական կայքի միջոցով հայտնված կարծիքը պաշտպանված չէ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի իրավիճակներով, քանի որ Դատավորն իր գնահատականները հնչեցրել է ի պատասխան լրագրողի կողմից տրված հարցերի, այլ ոչ թե օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության ընթացքում:
Տվյալ դեպքում Դատավորը, գնահատելով սահմանադրական մարմնի կարգավիճակ, դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու սահմանադրական առաքելություն ունեցող, ինչպես նաև դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելիս որպես դատարան հանդես եկող Խորհրդի՝ վերջին 6-ամսյա ժամանակահատվածում կայացված որոշումներով որոշակի թվով դատավորների լիազորությունները կարգապահական վարույթի քննության արդյունքում դադարեցրած լինելու հանգամանքին՝ դրանք որակել է «անօրինական», ինչով զերծ չի մնացել դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ չառնելու մասին դատավորի վարքագծի ընդհանուր կանոնի խախտումից:
Քննարկվող պարագայում դիտարկելով Դատավորի կողմից հնչեցված արտահայտությունները, հաշվի առնելով վերոհիշյալ փաստական և իրավական հանգամանքները՝ Խորհուրդն արձանագրում է, որ միջնորդության հիմքում վկայակոչված փաստական հանգամանքներն ապացուցում են, որ Դատավորի կողմից թույլ են տրվել արտահայտություններ, որոնք կասկածի տակ են դրել Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի կայացրած՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումների օրինականությունը, մինչդեռ դատավորը պարտավոր է դրսևորել բավարար շրջահայացություն, զսպվածություն և խուսափել դատարանի գործողությունները և որոշումները կասկածի տակ դնելուց: Ավելին, Դատավորի արտահայտությունները, որոնք հրապարակայնորեն կասկածի տակ են առնում իբրև դատարան հանդես եկած Բարձրագույն դատական խորհրդի գործողությունները, դատական ակտերը, հանդիսանում են դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագծի դրսևորումներ։ Սույն վարույթի շրջանակներում Խորհուրդը կարևոր է համարում արձանագրել, որ այն իրավիճակներում, երբ դատավորները դատական համակարգի անկախության և հանրային վստահության բարձրացման նպատակով իրենց խոսքի ազատության իրավունքի շրջանակներում հանդես են գալիս հրապարակային քննադատությամբ կամ որևէ այլ կերպ ներկայացնում են առանցքային հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները, ապա նրանք նախևառաջ պարտավոր են հաշվի առնել, որ իրենց հայտարարությունների թիրախը չի սահմանափակվում իրավաբանական հանրույթով, այլ ներառում է հասարակության բոլոր շերտերը, և նրանք պարտավոր են ցանկացած հարցի վերաբերյալ ներկայացնել համապարփակ և մանրամասն բացատրություններ։ Այսինքն, դատավորները պարտավոր են բոլոր տեսակի քննադատությունները կամ դիրքորոշումները ներկայացնել մատչելի լեզվով, առավելագույնս հիմնավորել դրանք և անկողմնակալ դիտորդի տեսանկյունից հնարավորինս պահպանել անաչառությունը։
Կարևորելով վերոնշյալ եզրահանգումները, Խորհուրդը անդրադառնալով Դատավորի կողմից գործի քննության շրջանակներում հնչեցված՝ 20-ից ավելի դատավորների լիազորությունները «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 8-րդ և 11-րդ մասերով և նույն օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասի հիմքով կայացված՝ համապատասխանաբար, որոշակի թվով դատավորների ռեզերվային դատավորների կարգավիճակ ձեռք բերելու և դատավորի պաշտոնների թափուր տեղեր առաջանալու փաստերի արձանագրման մասին Խորհրդի որոշումների անօրինական կերպով դադարեցված լինելու մասին պնդմանը, հարկ է համարում արձանագրել, որ եթե նույնիսկ Խորհուրդը Դատավորի կողմից հնչեցված կարծիքը դիտարկի նշված համատեքստում, ապա նման պարագայում ևս Դատավորը զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, այն պայմաններում երբ դատավորը պետք է դրսևորի բացառիկ շրջահայացություն՝ խուսափելով որևէ կերպ դատական համակարգի անկախությունը և հեղինակությունը կասկածի տակ առնելուց, քանի որ դատավորների հրապարակային դիրքորոշումներն իրենց բոլոր դետալներով հանրության կողմից ընկալվում են իբրև օբյեկտիվ: Հետևաբար, վերոնշյալ իրավիճակում ևս դատավորի կողմից արված արտահայտություններում առկա է Օրենսգրքի 69-րդ հոդվածով նախատեսված դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների պահանջի խախտում:
Մյուս կողմից, Խորհուրդը կարևոր է համարում նաև արձանագրել, որ որևէ մարմին քննադատությունից վեր չէ, առավել ևս՝ սահմանադրական մարմինները, որոնք ունեն առանցքային դեր ժողովրդավարական հասարակություններում իրավունքի գերակայության սկզբունքի ապահովման հարցում։ Այնուամենայնիվ, երբ դատավորներն իրենց խոսքի ազատության իրավունքի շրջանակներում քննադատության են ենթարկում հատկապես այդ մարմիններին, ապա իրենց խոսքերում պարտավոր են դրսևորել առավել զգուշավոր մոտեցում։ Դատավորները, հաշվի առնելով իրենց խոսքի ազդեցիկությունը, պարտավոր են հանրությանը մանրամասն բացատրել իրենց քննադատության պատճառները և հիմնավորումները։ Ավելին, յուրաքանչյուր դեպքում դատավորները պետք է դրսևորեն հավասարակշիռ մոտեցում, խուսափեն որևէ կողմնակալության տպավորություն ստեղծելուց և փոխարենը ձգտեն արդարացի և բազմակողմանի ներկայացնել խնդրի բոլոր կողմերը։
Նշած պահանջների կարևորությունն առավել ակներև է, երբ դատավորների քննադատության թիրախը հանդիսանում է Բարձրագույն դատական խորհուրդը, քանի որ դատական համակարգի անկախության երաշխավոր հանդիսացող մարմինը հեղինակազրկող խոսքերն ուղղակիորեն կասկածի տակ են դնում դատական ամբողջ համակարգին, այսինքն՝ դատական համակարգի անկախությունն ընդհանրապես։ Դատավորի կողմից քննադատական խոսքը չպետք է նպատակ ունենա որևէ մարմնի, առավել ևս Բարձրագույն դատական խորհրդին հեղինակազրկել, և այն պետք է լինի կառուցողական։
Այս առումով, Խորհուրդը կարևոր է համարում նշել, որ կառուցողական քննադատությունը, որը համակարգում առկա խնդիրներին անդրադառնում է բազմակողմանիորեն և հստակորեն, նպաստում է իրավական համակարգի և հանրության միջև փոխըմբռնման և վստահության ամրապնդմանը։ Մինչդեռ այն պարագայում, երբ դատավորներն առանց հիմնավորման և կողմնակալ կերպով քննադատության են ենթարկում Խորհրդի գործողությունները և որոշումները, ապա որպես հետևանք վնասվում է ոչ միայն Խորհրդի հեղինակությունը, այլև կասկածի տակ է դրվում ամբողջ դատական համակարգի անկախությունը և վստահելիությունը։
Ելնելով վերոգրյալից՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից կատարված արտահայտություններով թույլ են տրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների պահանջների խախտումներ, մասնավորապես, վերջինիս կողմից կատարված արտահայտությունները վարկաբեկում են դատական իշխանությունը, նման արտահայտություններով նվազեցվում է հանրության վստահությունը դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ, ինչպես նաև հրապարակայնորեն կասկածի տակ են առնում Խորհրդի որոշումների օրինականությունն ու որոշումների կայացման ընթացքում Խորհրդի անդամների անկախությունը և անաչառությունը՝ անկախ այն հանգամանքից, թե՛ Դատավորի կողմից «անօրինական» որակված Խորհրդի որոշումները հանդիսանում են Խորհրդի՝ որպես դատարանի իրավակիրառ գործունեության և թե՛ Օրենսգրքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման արդյունք:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:
Վերոնշյալ իրավական եզրահանգումների արդյունքում Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կողմից խոսքի ազատության իրավունքի իրացման պայմաններում դատավորի վարքագծի կանոններով սահմանված առավել խիստ սահմանափակումները կանխատեսելի են եղել Դատավորի համար։
Դատավորի կողմից Խորհրդի որոշումների օրինականությունն ու որոշումների կայացման ընթացքում Խորհրդի անդամների անկախությունը և անաչառությունը կասկածի տակ առնելու հանգամանքները թույլ են տալիս ողջամտորեն եզրահանգել Դատավորի գործողություններում դիտավորության առկայության մասին։ Ավելին, վերը նշված հիմնավորումների լույսի ներքո արձանագրված խախտումներն այնքան ակնհայտ էին, որ Դատավորը չէր կարող չգիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, մասնավորապես, Խորհրդի կարգապահական խախտման հիմքով դատավորների լիազորությունները դադարեցնելու մասին որոշումների մի մասը անօրինական համարելը, Խորհրդի անդամների անկախության և անաչառության մասին կասկածներ արտահայտելը։ Այսպիսով, Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ մատնանշված դրվագներով խոսքի ազատության իրավունքի սահմանազանցումը ողջամիտ կասկածից վեր է, հետևաբար, այն չէր կարող դրսևորվել որևէ այլ կերպ, քան դիտավորությունն է։
Այնուհետև Խորհուրդն, անդրադառնալով Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի և Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջև առկա տնտեսական, ընկերական, աշխատանքային և քաղաքական կապերի առկայության հիմքով Դատավորի կողմից Խորհրդի նախագահին ներկայացված և Խորհրդի արձանագրային որոշմամբ մերժված միջնորդության հիմնավորումներին, հարկ է համարում նշել, որ Խորհուրդն այդ հանգամանքներին անդրադարձել է իր 26.01.2023 թվականի թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-4 որոշմամբ, մասնավորապես նշելով հետևյալը. «Օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի համաձայն՝ «Ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի (…) նկատմամբ, գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ նա անձամբ կամ նրա մերձավոր ազգականը տնտեսական շահ ունի (…) կողմերից մեկի հետ»։
Խորհրդի գնահատմամբ Օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը սահմանված լինելով իբրև դատավորի անաչառության ապահովման երաշխիք, նպատակ ունի, ի թիվս այլնի, բացառել, որ դատավորը որոշում կայացնելիս կաշկանդած լինի կողմերից մեկի այնպիսի գործողությամբ կամ անգործությամբ, որը կարող է ֆինանսական հետևանքներ առաջացնել իր համար։
Միաժամանակ Խորհուրդն արձանագրել է, որ ինքնաբացարկի հիմք հանդիսացող տնտեսական շահի առկայությունը ենթադրում է այնպիսի իրավիճակ, երբ դատավորը կամ իր մերձավոր ազգականը մասնավոր կարգավիճակով պայմանավորված ունի այնպիսի շահ, որը կարող է ազդեցություն ունենալ իր լիազորությունների պատշաճ կատարման վրա։ Այսպես, Օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի իմաստով տնտեսական շահ կարող է առկա լինել բացառապես այն պարագայում, երբ կողմերից մեկն ունենա այնպիսի առարկայական լծակներ, որոնք ուղղակիորեն կարող են ներազդել դատավորի կամ իր մերձավոր ազգականի տնտեսական շահերի վրա։
Խորհուրդն արձանագրել է նաև, որ Դատավորի ներկայացուցչի կողմից ներկայացված հանրահայտ փաստերն ինքնին բավարար չեն եզրակացնելու, որ Կ․ Անդրեասյանը կարող է դրսևորել կողմնակալություն։ Ավելին, արձանագրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Rustavi 2 Broadcasting Company Ltd-ը և այլք ընդդեմ Վրաստանի գործով վիճարկվել է միաձայն որոշում կայացրած ինը դատավորից բաղկացած կազմը նախագահող դատավորի անկողմնակալությունը և ՄԻԵԴ–ը գտել է, որ խախտում առկա չէ4: Նույն որոշմամբ վկայակոչվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Fazli Aslaner-ն ընդդեմ Թուրքիայի գործով արձանագրումը, ըստ որի՝ դատավորներից ոմանց նախկինում որոշակի դիրք ունենալը, ինքնին բավարար չէ եզրակացնելու, որ ողջ կազմը եղել է կողմնակալ։ ՄԻԵԴ–ն ընդգծել է, որ նմանաբնույթ իրավիճակներում անհրաժեշտ է հաշվի առնել նաև այլ գործոններ4:
Խորհուրդը նաև հարկ է համարում հիշատակել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 06.06.2023 թվականի վարույթի հարուցումը մերժելու մասին թիվ N 01-ԴՄ որոշմամբ հայտնած դիրքորոշումը, որտեղ ի թիվս այլնի անդրադառնալով այն հարցին թե «արդյո՞ք Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հետ ընկերական, գաղափարական և ընդհանուր տնտեսական շահով պայմանավորված կապերի պայմաններում տվյալ հիմքով կարգապահական վարույթ հարուցելու նախարարի գործունեությունն ընդհանրապես (…) կարգապահական վարույթ հարուցելու առնչությամբ, մասնավորապես կոռուպցիոն առումով ռիսկային չէ և չի հանգեցնում շահերի բախման, վարքագծի կանոնների և այլ սահմանափակումների խախտումների»՝ գտել է, որ.
«(…) 17. Այսպես, ներպետական նյութական իրավունքի նորմերի բովանդակությունից հետևում է, որ անձի անձնական շահերի և պաշտոնեական պարտականությունների միջև առկա հակասությունն ինքնին շահերի բախում չի դիտարկում: Ներպետական օրենսդրությունը շահերի բախման համար որպես պայման դիտարկում է այս կամ այն կերպ գույքային կամ իրավական դրության բարելավումը, որևէ արտոնության ապահովումը, որը դրսևորվելու է իրեն կամ իր հետ փոխկապակցված անձանց, ինչպես նաև այն անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ, որոնց հետ ինքը կամ իր հետ փոխկապակցված անձն ունի գործարար, քաղաքական կամ այլ գործնական կամ անձնական հարաբերություններ։
Շահերի բախման վերաբերյալ միջազգային չափորոշիչների և սահմանումների բովանդակությունից ևս հետևում է, որ շահերի բախումն, ըստ էության, անձնական և հանրային/պաշտոնեական շահերի (հարաբերությունների)՝ միջև առկա հակասություն է. Յուրաքանչյուր այն դեպքում, երբ առկա է այնպիսի հարաբերություն, որի առկայությամբ կարող է պայմանավորել կամ ազդեցություն ունենալ անձի կողմից պաշտոնեական լիազորությունների իրականացման վրա, ապա առկա է շահերի բախման ռիսկ: Խիստ կարևոր է, որ շահերի բախման մեկնաբանման ընթացքում կառավարման տարբեր ոլորտների առանձնահատկությունները չանտեսվեն այնպես, որ խաթարվի իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիմնարար սկզբունքը, և հնարավոր պատասխանատվության կիրառման գործընթացը չհանգեցնի իշխանության մեկ ճյուղի կողմից մյուսի գործունեության միջամտության:
Հանձնաժողովն անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել հարաբերությունների կողմերը, զբաղեցրած պաշտոնները և այն խնդիրները, որոնց կապակցությամբ նշված սուբյեկտներն առնչություն ունեն.
1) Սուբյեկտներից մեկը հանդիսանում է պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավար, այս պարագայում Արդարադատության նախարար, ով գործում է Սահմանադրության և օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում:
2) Սուբյեկտներից մյուսը հանդիսանում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ: Բարձրագույն դատական խորհուրդը սահմանադրական մարմնի կարգավիճակ ունեցող անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը և գործում է կոլեգիալության հիման վրա: Բարձրագույն դատական խորհրդի անդամներից հինգը հանդիսանում են դատավոր անդամներ, մնացած հինգը՝ գիտնական անդամներ, նրանցից յուրաքանչյուրը ինքնուրույն ձայնի իրավունքով մասնակցում են որոշումների կայացման գործընթացին: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:
Հետևաբար՝ դիմումում ներկայացված երկու սուբյեկտներն իրականացնում են Սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորություններ, որոնք ուղղված են հանրային շահի իրացմանը:
18. Սույն գործով՝ շահերի բախման համատեքստում, Հանձնաժողովն անհրաժեշտ է համարում գնահատել, արդյո՞ք ընկերական, գաղափարական կապերի և առկա ընդհանուր տնտեսական շահերի առկայության պայմաններում մի պետական մարմնի ներկայացուցչի՝ այս դեպքում Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելը հանգեցնում է վարքագծի կանոնների, շահերի բախման և անհամատեղելիության պահանջների խախտման:
Այսպես, թե՛ ներպետական օրենսդրությամբ, թե՛ միջազգային չափորոշիչներով մասնավոր շահը ի պաշտոնե կատարած գործողության, անգործության կամ որոշման կայացումն է, որի արդյունքում պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձը կամ կազմակերպությունը պաշտոնատար անձի կողմից դրսևորած գործողության, անգործության կամ կայացրած որոշման դիմաց ստանում է որևէ արտոնություն կամ առավելություն: Մինչդեռ, սույն դիմումով ներկայացված փաստերի շրջանակում կարգապահական վարույթը ներկայացվում է սահմանադրական մարմնի կարգավիճակ ունեցող անկախ պետական մարմին, և ըստ էության ներկայացված փաստերով որևէ կերպ չի հիմնավորվում, թե կարգապահական վարույթ հարուցելով Արդարադատության նախարարն ինչ արտոնություն կամ առավելություն է տրամադրել իր հետ փոխկապակցված անձին կամ կազմակերպությանը: Ընդ որում, ներկայացված հիմքով կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունն Արդարադատության նախարարի համար սահմանված է օրենքով: Հետևաբար, սույն գործով ներկայացված փաստերի համատեքստում կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի կարող մեկնաբանվել որպես Արդարադատության նախարարի մասնավոր շահի սպասարկում: Մինչդեռ, շահերի բախումը անձի մասնավոր շահի անհարկի ազդեցությունն է պաշտոնեական պարտականությունների կատարման անաչառության վրա, օգուտ կամ առավելություն ապահովելով իր հետ փոխկապակցված անձի կամ կազմակերպության համար: (…)»5:
Ի լրումն վերոնշյալի՝ Խորհուրդն անհրաժեշտ է համարում նաև հիշատակել Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքների 2.5.3. կետը, որի համաձայն՝ Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել բոլոր այն դեպքերում, երբ նա չի կարող գործով անաչառ որոշում կայացնել կամ երբ անկողմնակալ դիտորդին թվում է, թե նա ի վիճակի չէ տվյալ գործով անաչառ որոշում կայացնել: Նման գործերը ներառում են, սակայն չեն սահմանափակվում այն դեպքերով, երբ՝ (…) դատավորը կամ դատավորի ընտանիքի անդամը նյութական շահ ունի առկա գործի ելքով: Խորհուրդը հարկ է համարում վերահաստատել, որ սույն գործի շրջանակներում նյութական շահի և/կամ մասնավոր շահի որևէ դրսևորում առկա չէ, ավելին՝ թե՛ Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը և թե՛ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն իրականացնում են Սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորություններ, որոնք ուղղված են հանրային շահի իրացմանը:
Վերոնշյալ համատեքստում Խորհուրդը հարկ է համարում վերահաստատել, որ դատավորի կարգապահական պատասխանատվության ինստիտուտը, նաև որպես դատական համակարգի «առողջացման» կառուցակարգ, անկախ, անաչառ և հանրության առջև հաշվետու դատական համակարգ ունենալու և դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու անհրաժեշտ գործիքներից է: Իր հերթին, դատական իշխանության հանրային դրական ընկալումները և վստահության բարձր աստիճանը ամուր և անկախ դատական համակարգ ունենալու կարևոր նախապայման են: Հետևաբար, ինչպես նշում է Վենետիկի հանձնաժողովը, եթե դատավորի սխալ վարքագիծը ունակ է թուլացնելու դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը, ապա հանրության շահերից է բխում այդ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը6:
Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Խորհրդի նախագահ Կ. Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մասին Դատավորի և Դատավորի ներկայացուցիչների միջնորդությունները մերժվել են։ Ինչ վերաբերում է Խորհրդի մյուս անդամներին հայտնված ինքնաբացարկներին, ապա դրանք մերժվել են հիմնավոր չլինելու հանգամանքով պայմանավորված:
Խորհուրդը կարևոր է համարում անդրադառնալ նաև Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Լիազոր մարմնի միջնորդության քննությունը դռնփակ անցկացնելու մասին որոշում կայացնելու անհրաժեշտությանը և արձանագրել, որ սույն կարգապահական վարույթի հարուցման համար հիմք է հանդիսացել՝ Օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների խախտումները, որոնք ըստ Լիազոր մարմնի միջնորդության դրսևորվել են դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող հրապարակային արտահայտություններ թույլ տալով, միաժամանակ, ըստ Լիազոր մարմնի միջնորդության Դատավորը զերծ չի մնացել դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց և այնպիսի վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը:
Նկատի ունենալով, որ Օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով և դատավորին (…) կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու, (…) վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք Բարձրագույն դատական խորհրդի անդամի կամ վարույթի մասնակցի միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանված որոշմամբ անցկացվում են դռնփակ՝ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով, ապա Խորհուրդը գնահատելով Լիազոր մարմնի միջնորդությամբ մատնանշված փաստերը (Խորհրդի՝ որպես կոլեգիալ կազմով գործ քննող դատարանի կողմից ընդունվող կոնսենսուսային, միաձայն որոշումների առկայությունը բացառապես որոշակի ուղղորդմամբ պայմանավորելը, ինչպես նաև 20-ից ավելի դատավորների լիազորությունները դադարեցվելու գործընթացը որպես անօրինական բնորոշելը), գտել է, որ հաշվի առնելով Խորհրդի՝ Սահմանադրությամբ ամրագրված դատարանների և դատավորների անկախությունը ապահովելու գործառույթը Դատավորի կողմից վերոնշյալ փաստերի վերաբերյալ խոսքի տարածումը դատական կարգով գործի հրապարակային քննության շրջանակներում լրացուցիչ բացասական ազդեցություն կարող է ունենալ դատական իշխանության հեղինակության, հանրության վստահության պահպանման համատեքստում, ինչով և պայմանավորված Խորհուրդը, հիմք ընդունելով արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտությունը, որոշում է կայացրել դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին:
Միաժամանակ, Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ նիստը դռնփակ անցկացնելու որոշում կայացնելիս Խորհուրդը, կարևորելով գործի քննության հրապարակայնության սկզբունքը, որը թե' Սահմանադրության, թե' միջազգային իրավական ակտերի, թե' դատավարական օրենսդրության շրջանակներում դատավարական իրավունքների իրացման կարևորագույն և անխախտելի սկզբունք է, քննարկել է դատական վարույթի մի մասը դռնփակ անցկացնելու հնարավորությունը:
Մինչդեռ, դատական վարույթի ընթացքում Դատավորի և նրա որոշ ներկայացուցիչների վարքագիծը առավել քան մտահոգիչ էր և ուղղակիորեն միտված էր դատական իշխանության հեղինակազրկմանը և վարկաբեկմանը: Արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտությունը պայմանավորված էր ոչ միայն Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանների և դատավորների անկախության երաշխավորի, այլ նաև հանրության ընկալման առումով դատավորի՝ որպես հավաքական կերպարի ու դատավորի բարձր պաշտոնի կարևորության համատեքստում: Խորհուրդը հարկ է համարում վերահաստատել, որ դատավորը պետք է պահպանի վարքագծի կանոնները և դատավորի պաշտոնի հետ կապված ցանկացած գործողություն կատարելիս զերծ մնա ոչ պատշաճ տպավորություն թողնելուց, ինչպես նաև դատավորը պարտավոր է գիտակցաբար և ինքնակամ իր համար ընդունել անձնական սահմանափակումներ, չնայած նրան, որ դրանք շարքային քաղաքացու համար կարող են դժվար իրականանալի թվալ: Ավելին, դատավորի վարքագիծը պետք է համապատասխանի դատավորի պաշտոնի արժանապատվությանը:
Մինչդեռ, Դատավորի, ինչպես նաև նրա որոշ ներկայացուցիչների կողմից ոչ միայն չեն պահպանվել վարքագծի կանոնները, այլև որոշ դեպքերում վերջիններիս գործողություններն այնպիսի դրսևորումներ են ունեցել, որ անընդունելի են հասարակության մեջ և չեն համապատասխանում անգամ սոցիալական նորմերի կանոններին, որի արդյունքում նիստը նախագահողը բազմաթիվ անգամ ստիպված է եղել հիշեցնել Օրենսգրքով սահմանված դատական սանկցիա կիրառելու հնարավորության մասին, իսկ որոշ դեպքերում Խորհուրդը ստիպված է եղել կիրառել դրանք:
Վերոնշյալի համատեքստում Խորհուրդը կարևոր է համարում ընդգծել, որ դատավորի անկախությունը, անկողմնակալությունը, բարեվարքությունն ու պրոֆեսիոնալիզմը հանդիսանում են դատական համակարգի հիմնաքարային արժեքներ: Ընդ որում, անկախությունը դատավորին տրված արտոնություն կամ առավելություն չէ, ընդհակառակը, այն հիմնարար սկզբունք է, ցանկացած ժողովրդավարական պետության էական տարր, իրավունքի գերակայության նախապայման և արդար դատաքննության երաշխիք7:
Միաժամանակ Խորհուրդը, կարևորելով հրապարակայնության սկզբունքը, հարկ է համարում անդրադառնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ամրագրված չափանիշներին: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակային դատաքննության (անկախ իրականացման ընթացակարգային ձևից) առաջնահերթ բաղադրիչներ է համարում գործի հանգամանքների քննության (կամ «բանավոր լսումների») անցկացումը և որոշման հրապարակումը: Այսպես, «ԵԽ անդամ բոլոր պետությունները ճանաչում են հրապարակայնության սկզբունքը, սակայն նրանց օրենսդրական համակարգերը և դատական պրակտիկան ունեն որոշակի տարբերություններ ինչպես դրա ծավալի, այնպես էլ իրականացման եղանակի առումով` կապված լսումների անցկացման և դատական որոշումների հրապարակման հետ: Հարցի ձևական կողմը, այնուամենայնիվ, 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հրապարակայնության պահանջների հիմքում ընկած նպատակի համեմատությամբ ունի երկրորդական նշանակություն»8: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է նաև, որ դռնբաց հրապարակման պահանջն ապահովված է համարվում այն դեպքերում, երբ վճիռը տրամադրվել է քարտուղարության կողմից և դրա տեքստը հասանելի է դարձել բոլորին9:
Այսպիսով, հաշվի առնելով նկարագրված իրողությունները, այդ թվում՝ դատական իշխանության հեղինակազրկման վտանգը, դատավորի պաշտոնի արժանապատվության պահպանման անհրաժեշտությունը և դատական իշխանության անկախության ու անաչառության հանդեպ հանրության վստահությունը պահպանելու նկատառումներից ելնելով, միաժամանակ կարևորելով հրապարակայնության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, Խորհուրդը սահմանված ժամկետում սույն որոշումը ամբողջ ծավալով հրապարակում է Դատական իշխանության պաշտոնական կայքում:
Անդրադառնալով Դատավորի և Դատավորի ներկայացուցիչների կողմից Խորհրդին ուղղված գործի քննությունը վերսկսելու մասին միջնորդությանը՝ Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման հավելված 1-ի 93-րդ կետի համաձայն՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում Խորհուրդը, որպես դատարան գործելիս, ղեկավարվում է Օրենքով, իսկ այն դեպքում, երբ կոնկրետ դատավարական գործընթացը կազմակերպված չէ Օրենքով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով: Հետևաբար, Դատավորի և ներկայացուցիչների կողմից Խորհրդին ուղղված գործի քննությունը վերսկսելու մասին միջնորդությունների քննարկման համար հիմք է ընդունվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումները, ըստ որի՝ վարչական դատարանը, դատաքննության ավարտից հետո անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, վերսկսում է գործի քննությունը, որի մասին կայացնում է որոշում։
Հոդվածի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ դատաքննության ավարտից հետո ապացույցների լրացուցիչ հետազոտման կամ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզման նպատակով գործի վարույթի վերսկսման անհրաժեշտությունը գնահատելու հայեցողական լիազորությունը սույն վարույթում բացառապես պատկանում է Խորհրդին, իսկ Խորհուրդը տվյալ պարագայում սույն գործի վարույթը վերսկսելը նպատակահարմար չի համարել՝ անկախ դատավորի և դատավորի ներկայացուցիչների կողմից ներկայացված գործի վարույթը վերսկսելու մասին միջնորդությունների առկայության հանգամանքից:
Այնուամենայնիվ, Խորհուրդը հարկ է համարում անդրադառնալ գործի վարույթը վերսկսելու մասին միջնորդություններում տեղ գտած որոշակի պնդումների և դրանց շրջանակներում արձանագրում է հետևյալը.
Դատավորը և Դատավորի ներկայացուցիչները իրենց կողմից ներկայացված գործի վարույթը վերսկսելու մասին միջնորդություններով հայտնել են, որ 2023 թվականի հունիսի 26-ին ՀՀ Փաստաբանական պալատի կողմից նախապես հայտարարված գործադուլին, ինչպես նաև փաստաբանների պալատում կայանալիք վերապատրաստման դասընթացներին (Դեոնթոլոգիայի) մասնակցելու անհրաժեշտությամբ պայմանավորված չեն ներկայացել 2023 թվականի հունիսի 26-ին նշանակված դատական նիստին, որի արդյունքում Դատավորը զրկվել է դատական պաշտպանության իրավունքից, այնինչ Խորհուրդը Դատավորի կողմից ներկայացված 14 փաստաբաններից կազմված փաստաբանական խմբից 4 ներկայացուցիչներին դռնփակ նիստում Դատավորի շահերը ներկայացնելու հնարավորություն տալով ստեղծել է Դատավորի իրավունքների արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր պայմանները, ավելին՝ թե՛ Դատավորը և թե՛ նրա ներկայացուցիչները նախապես ծանուցվել են 2023 թվականի հունիսի 26-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին, ինչպես նաև նիստի ընթացքում թե՛ Դատավորին և թե՛ նրա ներկայացուցիչներին պարզաբանվել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը ունի նիստերի անցկացման ժամանակացույց և, անկախ ՀՀ Փաստաբանական պալատի կողմից նախապես հայտարարված գործադուլից, նիստը կկայանա սահմանված կարգին համապատասխան: Այսպիսով, Խորհուրդը դատական նիստի ընթացքում նախապես տեղեկացրել է թե՛ Դատավորին և թե՛ նրա ներկայացուցիչներին, որ 2023 թվականի հունիսի 26-ին նախապես հայտարարված գործադուլին Դատավորի ներկայացուցիչների մասնակցության ցանկությունը որևէ կերպ չի կարող փոփոխել Խորհրդի հաստատված ժամանակացույցը՝ վերահաստատելով այն մոտեցումը, որ գործադուլին մասնակցել կամ չմասնակցելը յուրաքանչյուրի իրավունքն է:
Ինչ վերաբերվում է վերապատրաստման դասընթացների մասնակցությանը, ապա Խորհուրդը հարկ է համարում նշել, որ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 22.02.2019 4/11Լ որոշումը պարունակում է որոշակի կառուցակարգեր, որոնք փաստաբաններին հնարավորություն են տալիս վերապատրաստման դասընթացները տեղափոխել մեկ այլ ժամանակահատված:
Նկատի ունենալով վերոգրյալ հանգամանքները, հիմք ընդունելով այն, որ փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է և հաշվի առնելով, որ փաստաբանը կոչված է ծառայել արդարադատության շահերին, Խորհուրդը տվյալ պարագայում սույն գործի վարույթը վերսկսելը նպատակահարմար չի համարել՝ անկախ Դատավորի և Դատավորի ներկայացուցիչների կողմից ներկայացված գործի վարույթը վերսկսելու մասին միջնորդությունների առկայության հանգամանքից:
Ինչ վերաբերում է 2023 թվականի հունիսի 26-ին կայացած նիստի ընթացքում Դատավորի նկատմամբ դատական սանկցիա կիրառելուց հետո ներկայացուցիչների դատական նիստի ներկայանալուն և Խորհրդի դռնփակ նիստի ընթացքում Խորհրդի նախագահի կողմից հնչեցված՝ ձայնային կրիչում արտացոլված և Դատավորի կողմից ներկայացված միջնորդությամբ վկայակոչված կարգադրություններին և հարցերին, ապա եթե նույնիսկ այդ կարգադրությունները և հարցերը ժամանակագրական առումով համապատասխանել են ներկայացուցիչների Խորհուրդ հասնելու և նիստերի դահլիճ մուտք գործելու ցանկություն հայտնելու ժամանակահատվածի հետ, Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ դրանք վերաբերել են ոչ թե ներկայացուցիչների դատական նիստերի դահլիճ մուտք գործելուն, այլ դատական սանկցիայի կատարումն ապահովելու նպատակով լրացուցիչ քանակով դատական կարգադրիչների ներգրավման նպատակահարմարության հարցի քննարկմանը:
Միաժամանակ, Խորհուրդը կարևոր է համարում անդրադառնալ Դատավորին դատական սանկցիա կիրառելու միջոցով դատական նիստերի դահլիճից հեռացնելու հարցին և անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը նախատեսում է դատավորի կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերում դատական սանկցիա կիրառելու դատարանի հնարավորությունը, որպիսի հնարավորությունը տվյալ պարագայում Խորհրդի կողմից համաչափորեն օգտագործվել է, քանի որ Դատավորը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումները դադարեցնելու մասին նախագահողի կողմից հնչեցված մի քանի զգուշացումներից հետո ևս շարունակել է նույնանման վարքագծի դրսևորումները, որոնք իրենց հերթին նաև փաստել են Խորհրդի նկատմամբ դատավորի ակնհայտ անհարգալից վերաբերմունքի մասին: Ավելին, Խորհուրդը հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի իրավակարգավորումները, Դատավորին արտահայտվելու հնարավորություն է տվել՝ առաջարկելով ընդունել իր արարքի հակաիրավականությունը և հայցել դատարանի ներողամտությունը՝ պարզաբանելով նման պայմաններում անձի նկատմամբ դատական սանկցիա չկիրառելու վերաբերյալ իրավական կարգավորումները: Մինչդեռ, Դատավորը արտահայտվելու իրավունքն օգտագործել է դատական սանկցիայի կիրառման հիմք հանդիսացող արարքը շարունակելու համար՝ ևս մեկ անգամ փաստելով Խորհրդի նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունքը:
Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալ իրողությունները, Խորհուրդը տվյալ պարագայում նույնպես սույն գործի վարույթը վերսկսելը նպատակահարմար չի համարել:
Անդրադառնալով Դատավորի վարքագծում էական կարգապահական խախտման առկայության հարցին՝ Խորհուրդն արձանագրում է հետևյալը․
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ էական կարգապահական խախտում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խախտումը, որը դրսևորվել է 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականությունների խախտմամբ և պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով՝ համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ։
Վերը նշված հիմնավորումներով Խորհուրդն արդեն իսկ արձանագրել է, որ Դատավորն իր վարքագծով զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, ուստի այս համատեքստում անհրաժեշտ է անդրադառնալ արարքի համատեղելիությանը դատավորի կարգավիճակի հետ:
Սույն գործի փաստական հանգամանքների վերլուծությունից արդեն իսկ արձանագրվել է, որ Դատավորն իր կողմից կատարված հրապարակային արտահայտություններով կասկածի տակ է դրել Խորհրդի անկախությունը և անաչառությունը, հետևաբար, Դատավորի նման վարքագիծը ոչ միայն վարկաբեկում է դատական իշխանությունը, այլև իր կատարման հանգամանքներով պայմանավորված՝ համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասով, 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը,
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
___________________________
1 Տես, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի կողմից հաստատված Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունները, 2007թ., էջ 95-97, կետ 134, 136, 138, https://www.unodc.org/documents/nigeria/publications/Otherpublications/Commentry_on_the_Bangalore_principles_of_Judicial_Conduct.pdf:
2 Տես, նույն տեղում, կետ 138:
3 Տես, Բակկան ընդդեմ Հունգարիայի, թիվ 20261/12 դիմում, Վերին պալատ, 23/06/2016, պար․164։
4 Տես, Fazlı Aslaner v. Turkey, https://hudoc.echr.coe.int/fre#{%22itemid%22:[%22002-9417%22]}, §§ 36-43։
5 Տես, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 06.06.2023 թվականի վարույթի հարուցումը մերժելու մասին թիվ N 01-ԴՄ որոշում, http://cpcarmenia.am/files/legislation/1041.pdf:
6 Տես, COMPILATION OF VENICE COMMISSION OPINIONS AND REPORTS CONCERNING COURTS AND JUDGES, Strasbourg, 12 July 2019 CDL-PI(2018)008, էջ 32:
7 Տես, CDL-AD(2014)018-e Joint opinion - Venice Commission and OSCE/ODIHR - on the draft amendments to the legal framework on the disciplinary responsibility of judges in the Kyrgyz Republic, adopted by the Venice Commission at its 99th Plenary Session (Venice, 13-14 June 2014), պարբ. 14, CCJE Opinion N1 (2001), պարբ. 11, CCJE Opinion N17 (2014), պարբ. 5:
8 Տես, Sutter v. Switzerland, https://hudoc.echr.coe.int/eng#{%22fulltext%22:[%22Sutter%20v.%20Switzerland%22],%22documentcollectionid2%22:[%22GRANDCHAMBER%22,%22CHAMBER%22],%22itemid%22:[%22001-57585%22]}, § 27, Adolf v. Austria, https://hudoc.echr.coe.int/eng#{%22fulltext%22:[%22Adolf%20v.%20Austria%22],%22documentcollectionid2%22:[%22GRANDCHAMBER%22,%22CHAMBER%22],%22itemid%22:[%22001-57417%22]}, § 30, Pretto and others v. Italy, https://hudoc.echr.coe.int/eng#{%22fulltext%22:[%22Pretto%20and%20others%20v.%20Italy%22],%22documentcollectionid2%22:[%22GRANDCHAMBER%22,%22CHAMBER%22],%22itemid%22:[%22001-57561%22]}, § 23, Axen v. Germany, https://hudoc.echr.coe.int/eng#{%22fulltext%22:[%22Axen%20v.%20Germany%22],%22documentcollectionid2%22:[%22GRANDCHAMBER%22,%22CHAMBER%22],%22itemid%22:[%22001-57426%22]}, § 25:
9 Տես, Pretto and others v. Italy, https://hudoc.echr.coe.int/eng#{%22fulltext%22:[%22Axen%20v.%20Germany%22],%22documentcollectionid2%22:[%22GRANDCHAMBER%22,%22CHAMBER%22],%22itemid%22:[%22001-57426%22]}, §§ 27-28:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Կ. Անդրեասյան | ||
Անդամներ`
|
Ա. Աթաբեկյան Հ. ԳրիգորյանԵ. Թումանյանց Ք. Մկոյան Վ. Քոչարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հուլիսի 2023 թվական: