Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2023 թվականի N 751-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1604-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Ավտոկայարանային գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 1604-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) որոշման նախաբանում «1-ին մասի» բառերը փոխարինել «1-ին և 4-րդ մասերի» բառերով.
2) որոշման հավելվածի՝
ա․ 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10․1-ին կետ՝
«10․1․ Ավտոկայարանների և ավտոկայանների շենքերն ու շինությունները, դրանց հարող տարածքները պետք է կազմակերպվեն հաստատված նախագծային լուծումներին համապատասխան՝ հաշվի առնելով քաղաքաշինության բնագավառում գործող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի հիմնական իրավակարգավորումները երկրաշարժադիմացկունության, քաղաքացիական պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության, կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության (էներգաարդյունավետության և էներգախնայողության, տարածքների համալիր բարեկարգման-կանաչապատման) միջոցառումների կատարման պարտադիր պահանջները։»,
բ․ 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16․1-ին կետ՝
«16․1․ Ավտոկայարանների և ավտոկայանների շենքերի և շինությունների ներքին մակերեսների (այդ թվում` սպասասրահների, դրամարկղերի, սանհանգույցների, բուժկետերի, ուղևորային հարթակների և սպասարկման այլ ծառայությունների համար նախատեսված սենքերի) հարդարումն ու կահավորանքը, տեխնիկական միջոցներն ու սարքերը, դրանց տեղաբաշխումը պետք է իրականացվի հաստատված նախագծային լուծումներին համապատասխան՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության և խելամիտ հարմարեցումների ապահովման պայմանով՝ հիմք ընդունելով քաղաքաշինության և առողջապահության ոլորտներում գործող շինարարական և սանիտարական նորմերն ու կանոնները։»,
գ․ 22-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23-րդ կետ՝
«23․ Ավտոկայարանները և ավտոկայանները պետք է ապահովեն համապատասխան միջոցներով տարբեր խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը և արդյունավետ կողմնորոշման հնարավորությունը։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
18.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մայիսի 2023 թվական: