Գլխավոր տեղեկություն
Номер
N 783-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.05.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 19.05.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.05.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.05.2023
Дата вступления в силу
20.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2023 թվականի N 783-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1220-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 1220-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

2) հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով՝

«3) շահառուից միավորված հողամասը ձեռք բերած ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ գնորդ):».

3) հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Շահառուներին տրամադրվելու է պետական աջակցություն՝ ծրագրի N 1 աղյուսակով նախատեսված՝ շահառուի կողմից իրականացված աշխատանքների համար փաստացի կատարված ծախսերի 50%-ի փոխհատուցման տեսքով, բայց ոչ ավելի, քան N 1 աղյուսակում յուրաքանչյուր աշխատանքի համար նախատեսված արժեքի 50%-ի չափով՝ համաձայն սույն ծրագրի պահանջների։ Սույն ծրագրով նախատեսվող պետական աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր հողամասի համար մեկ անգամ՝ շահառուի և նախարարության միջև կնքվող փոխհատուցման պայմանագրի (այսուհետ՝ փոխհատուցման պայմանագիր) հիման վրա։ Փոխհատուցման պայմանագրի օրինակելի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով։ Փոխհատուցման պայմանագրի օրինակելի ձևում պարտադիր սահմանվում է սահմանափակում առ այն, որ միավորված հողամասի նկատմամբ գրանցված սեփականության իրավունք ունեցող սուբյեկտները փոխհատուցումն ստանալու պահին հաջորդող առնվազն 5 տարվա ընթացքում՝

1) չեն կարող բաժանել սեփականության (համատեղ սեփականության, բաժնային սեփականության) իրավունքով իրենց պատկանող միավորված հողամասն առանձին միավորների.

2) չեն կարող փոփոխել միավորված հողամասի նպատակային նշանակությունը.

3) պարտավորվում են ապահովել միավորված հողամասի պարտադիր օգտագործումը գյուղատնտեսական նպատակներով.

4) միավորված հողամասը (համատեղ կամ բաժնային սեփականությամբ իրենց պատկանող բաժինը) վարձակալության հանձնել միայն այն դեպքում, եթե պարտավորվում է ապահովել ծրագրով և պայմանագրով սահմանված պարտավորությունները.

5) պարտավորվում է միավորված հողամասը (համատեղ կամ բաժնային սեփականությամբ իրենց պատկանող բաժինը) օտարել միայն նախարարության համաձայնությամբ (նախարարությունը համաձայնություն կտա, եթե օտարվող հողամասի մակերեսը լինի առնվազն շահառուի կողմից ծրագրի շրջանակում միավորված հողամասի մակերեսի չափով), պայմանով, որ միավորված հողամասի օտարման պայմանագրի կողմ է հանդիսանալու նաև նախարարությունը: Ընդ որում՝ պայմանագրի պարտադիր պայմաններ են ծրագրի 4-րդ կետի 1-3 ենթակետերով սահմանված և գնորդի կողմից 5 տարի միավորված հողամասը չօտարելու, պարտավորությունները, ինչպես նաև դրանք, գնորդի կողմից խախտվելու դեպքում, ծրագրի շրջանակում շահառուին տրամադրված աջակցության չափով տուգանքը պետական բյուջե վճարելու գնորդի պարտավորությունը: Նախարարությունը պարտավորվում է պայմանագիրը վավերացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրից բխող սահմանափակումներն անշարժ գույքի պետական ռեգիստրում գրանցելու համար ներկայացնել դիմում: Պայմանագրի գործողության ընթացքում նախարարությունն իրականացնում է մոնիթորինգ՝ նախարարության կողմից սահմանված կարգով:».

4) հավելվածի 5-րդ կետում «30» թիվը փոխարինել «10» թվով.

5) հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի միավորների քանակը (ներառյալ սույն ծրագրի 6-րդ կետով նախատեսված՝ միավորման անհնարինությամբ պայմանավորված՝ չմիավորվող հողամասերի գույքային միավորների թվաքանակը) պետք է լինի 10-30 հա (30 հա ներառյալ) միավորված հողամասի դեպքում առնվազն 5 միավոր, 30-ից ավելի-100 հա (100 հա ներառյալ) միավորված հողամասի դեպքում առնվազն 10 միավոր, 100-ից ավելի-200 հա (200 հա ներառյալ) միավորված հողամասի դեպքում՝ առնվազն 20 միավոր, ընդ որում՝ նշված միավորները չեն ներառում մինչև փոխհատուցման պայմանագրի կնքումը շահառուին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի միավորների քանակը.».

6) հավելվածի 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով՝

«6) տեղեկանք Կադաստրի կոմիտեի կողմից միավորված հողամասի սահմանափակումների առկայության վերաբերյալ:».

7) հավելվածի 21-րդ կետում «1.38 մլրդ դրամ» բառերը փոխարինել «998.4983 մլն դրամ» բառերով.

8) հավելվածի 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Ծրագիրը կիրականացվի մինչև 2025 թվականը ներառյալ՝ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում այդ նպատակով միջոցներ նախատեսված լինելու դեպքում։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

 

19.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ