ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2023 թվականի N 451-Ն
«ՄԵՆՔ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆՔ ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ՑՈՒՑԱՆԱԿԻ ՁԵՎԸ, ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ QR (ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ) ԿՈԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՏԱՑՈԼՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 17.3-րդ և 25-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) «ՄԵՆՔ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆՔ ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ցուցանակի ձևը, տեղադրման և ապամոնտաժման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել՝
1) QR (արագ արձագանքման) կոդին ներկայացվող պահանջները և դրանց միջոցով արտացոլվող տեղեկատվության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
31.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 451-Ն որոշման |
«ՄԵՆՔ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆՔ ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ՑՈՒՑԱՆԱԿԻ ՁԵՎԸ, ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով կարգավորվում են հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում թերլիցքավորման (հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառք՝ չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ) համար փակցվող «ՄԵՆՔ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆՔ ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ցուցանակի ձևը, դրա տեղադրման և ապամոնտաժման հետ կապված հարաբերությունները:
2. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում թերլիցքավորում (հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառք՝ չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ) հայտնաբերելուց և տվյալ խախտման համար օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվություն կիրառելուց հետո վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում լիցքավորման բաշխիչ աշտարակների կամ վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա՝ ընթեռնելի և տեղադրված վարորդին տեսանելի հատվածում, չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին) մեկ ամիս ժամկետով փակցնում է «ՄԵՆՔ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆՔ ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ցուցանակ (ցուցանակներ) (այսուհետ՝ ցուցանակ)՝ համաձայն ձևի:
3. Ցուցանակը պետք է լինի հորիզոնական:
4. Ցուցանակի չափը կազմում է 90x42 սմ: Ցուցանակի վրա գրվող տառերի բարձրությունը կազմում է նվազագույնը 14 սմ: Այն դեպքերում, երբ լիցքավորման բաշխիչ աշտարակների կամ վառելիքաբաշխիչ սարքավորումների չափերը փոքր են, ցուցանակի չափը և ցուցանակի վրա գրվող տառերի բարձրությունը համապատասխանեցվում են լիցքավորման բաշխիչ աշտարակների կամ վառելիքաբաշխիչ սարքավորումների չափերի հետ:
5. Ցուցանակի տեքստը գրվում է սպիտակ ֆոնի վրա սև գույնի տառերով, կարմիր շրջանակի մեջ, իսկ կարմիր շրաջանակի արտաքին չորս անկյուններում գրվում է ՇՎՏՄ (ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին) և հետևյալ հեռախոսահամարը՝ 8520:
6. Ցուցանակի տեքստը պետք է լինի ընթեռնելի, «ՂԷԱ Գրապալատ» (GHEA Grapalat) տառատեսակով, բոլորը գլխատառ:
7. Ցուցանակը փակցվում է տեսչական մարմնի ծառայողի կողմից ընտրված տեղում:
8. Ցուցանակի տեքստի լեզուն հայերենն է:
9. Ցուցանակի տեղադրման և ապամոնտաժման աշխատանքներն իրականացվում են տեսչական մարմնի ծառայողի կողմից: Տեսչական մարմնի համաձայնության դեպքում ցուցանակի ապամոնտաժման աշխատանքները կարող են իրականացվել նաև տնտեսավարող սուբյեկտի կողմից:
10. Ցուցանակի տեղադրման և ապամոնտաժման վերաբերյալ կազմվում է ակտ, որի ձևը և կնքման եղանակը սահմանում է տեսչական մարմնի ղեկավարը:
11. Յուրաքանչյուր ցուցանակ պետք է ունենա հերթական համար:
12. Ցուցանակը վնասելու դեպքում տնտեսավարող սուբյեկտն անհապաղ տեղեկացնում է տեսչական մարմնին և 2-օրյա ժամկետում շտկում է թերությունները:
13. Տնտեսավարող սուբյեկտն ապահովում է տեղադրված ցուցանակի պատշաճ վիճակը:
14. Ցուցանակը երեկոյան ժամերին պետք է լուսավորված լինի:
15. Ցուցանակների համարակալման, գրանցման, հաշվառման, վնասման վերաբերյալ տեղեկատվությունը ներառվում է գրանցամատյանում, որի ձևը և վարման կարգը սահմանում է տեսչական մարմնի ղեկավարը:
Ձև
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
31.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 451-Ն որոշման |
QR (ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ) ԿՈԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՏԱՑՈԼՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ
1. Սույն կարգով կարգավորվում են տնտեսավարող սուբյեկտների (ըստ հասցեների) չափագիտության բնագավառում իրենց մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների, արդյունքների մասին տեղեկատվություն պարունակող QR (արագ արձագանքման) կոդը (այսուհետ՝ կոդ), կոդին ներկայացվող պահանջները և դրանց միջոցով արտացոլվող տեղեկատվության ձևը:
2. Տնտեսավարող սուբյեկտները (ըստ հասցեների) պարտավոր են ունենալ կոդ:
3. Կոդը մեքենայական ընթերցվող օպտիկական պիտակ է, որը պարունակում է տնտեսավարող սուբյեկտի մոտ իրականացված նախորդ ստուգումների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ:
4. Կոդը բաղկացած է սպիտակ ֆոնի վրա քառակուսի ցանցի մեջ տեղադրված սև քառակուսիներից, որը կարելի է կարդալ համապատասխան բջջային սարքի միջոցով:
5. Կոդի փիքսելը կազմում է 21x21:
6. Կոդն օգտագործում է կոդավորման թվային ռեժիմ, որը պարունակում է 3 նիշ, 10 բիթ:
7. Կոդը պարունակում է 25 սիմվոլ և 4 մոդուլ:
8. Կոդի ճանաչումն իրականացվում է սկանավորման միջոցով:
9. Կոդի միջոցով հնարավոր է իրականացնել ստուգում (հղվում է տնտեսավարող սուբյեկտի տվյալներով էջ) և այն կարող է իրականացնել յուրաքանչյուր ոք:
10. Կոդի միջոցով ստուգելիս իրականացվում է վերաուղղորդում տվյալ տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը ցուցադրող էջ, որը ներառում է հետևյալը՝
1) տնտեսավարող սուբյեկտի անվանումը.
2) գործունեության հասցեն.
3) ՀՎՀՀ.
4) առնվազն վերջին 2 տարիների ստուգումների ժամկետները.
5) առնվազն վերջին 2 տարիների ստուգումների արդյունքները:
11. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, ըստ անհրաժեշտության, թարմացվում է տեսչական մարմնի կողմից:
12. Կոդը տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից սահմանված կարգով:
13. Կոդը տեղադրվում է լիցքավորման բաշխիչ աշտարակների կամ վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա՝ ընթեռնելի և վարորդին տեսանելի հատվածում:
14. Տեսչական մարմինը տրամադրված կոդերի վերաբերյալ վարում է գրանցամատյան, որի վարման կարգը սահմանում է տեսչական մարմնի ղեկավարը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
31.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2023 թվական: