Գլխավոր տեղեկություն
Номер
ԲԴԽ-105-Ո-Կ-25
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.11.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.11.28-2022.12.11 Պաշտոնական հրապարակման օրը 06.12.2022
Принят
Բարձրագույն դատական խորհուրդ
Дата принятия
24.11.2022
Подписан
Բարձրագույն դատական խորհրդի անդամներ
Дата подписания
24.11.2022
Дата вступления в силу
24.11.2022

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԲԴԽ-105-Ո-Կ-25

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ՝
Բարձրագույն դատական խորհրդի անդամ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ


մասնակցությամբ՝ անդամներ

Ե. Թումանյանցի

Դ․ Խաչատուրյանի

 

Ն. Հովսեփյանի

 

Մ Մակյանի

 

Ա. Մխիթարյանի

 

Վ. Քոչարյանի

 

Ս. Չիչոյանի


Արդարադատության նախարարի տեղակալ


Ա
. Սարգսյանի


Արդարադատության նախարարի ներկայացուցիչներ


Ա. Սուջյանի

Հ. Սանոյանի

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆԻ


Երևան
քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Ստեփանյանի ներկայացուցիչ


Ս. ՍԱՀԱԿՅԱՆԻ


քարտուղարությամբ՝


Մ.
Թելոյանի

Թ. Ղուկասյանի

 

2022 թվականի նոյեմբերի 24-ին  ք. Երևանում

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 87-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1.Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Հայաստան Նազարյանի կողմից 2022 թվականի հունիսի 13-ին Արդարադատության նախարարություն ներկայացված հաղորդումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Արթուր Ստեփանյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ:

Արդարադատության նախարարի 2022 թվականի օգոստոսի 9-ի թիվ 70-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 2022 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 87-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Խորհուրդը 2022 թվականի նոյեմբերի 7-ին արձանագրային որոշմամբ բավարարել է Խորհրդի նախագահ Կ. Անդրեասյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, նույն օրվա որոշումներով մերժել է Դատավորի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի (այսուհետ նաև՝ Ներկայացուցիչ) կողմից ներկայացված Խորհրդի անդամ Ե. Թումանյանցին հայտնված բացարկի և Խորհրդի անդամներ Ե. Թումանյանցին, Դ. Խաչատուրյանին, Վ. Քոչարյանին հայտնված բացարկի միջնորդությունները:

Խորհուրդը 2022 թվականի նոյեմբերի 7-ին և 14-ին արձանագրային որոշումներով մերժել է Ներկայացուցչի կողմից ներկայացված թվով 2 կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդությունները:

 

2.Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողը, ներկայացրած միջնորդությամբ, վկայակոչելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 11-րդ հոդվածի 6-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետը, 17-րդ հոդվածի 7-րդ մասը, 115-րդ հոդվածի 2-րդ մասը, 178-րդ հոդվածի 3-րդ մասը, 179-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, Վճռաբեկ դատարանի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով 2019 թվականի մայիսի 30-ի և թիվ ԵԴ/2029/02/19 քաղաքացիական գործով 2022 թվականի փետրվարի 23-ի որոշումներով արտահայտած դիրքորոշումները, նշել է, որ վկայակոչված իրավական նորմերից, Վճռաբեկ դատարանի կողմից դրանց տրված մեկնաբանություններից բխում է, որ դատարանը կրում է եզրափակիչ դատական ակտը հրապարակելու պարտականություն, ինչը կատարվում է դատական իշխանության պաշտոնական կայքում զետեղելու եղանակով և եզրափակիչ դատական ակտի օրինակը գործին մասնակցող անձանց տրամադրելու պարտականություն, ինչը կատարվում է առձեռն հանձնելու կամ ուղարկելու եղանակով:

Օրենսդիրը նշված պարտականությունների կատարման համար սահմանել է հստակ ժամկետներ: Մասնավորապես՝ վճռի հրապարակումը պետք է կատարվի 15-օրյա ժամկետում, որի հաշվարկը սկսվում է դատարանի կողմից վճռի հրապարակման ժամանակը և վայրը հայտարարելու օրվան հաջորդող օրվանից:

Միաժամանակ նախատեսված է վճռի հրապարակման ժամկետը երկարաձգելու հնարավորություն, որի միակ հիմքը դատավորի առողջական վիճակի հետ կապված հանգամանքն է: Օրենսդիրը նշված հանգամանքին տալով բացառիկության հատկանիշ՝ հաջորդիվ բացահայտում է դրա պարտադիր հետևանքը, այն է՝ հայտարարված ժամկետում նշված հանգամանքով պայմանավորված դատարանի կողմից վճռի հրապարակման անհնարինությունը: Տվյալ դեպքում ևս վճռի հրապարակման ժամկետի երկարաձգումն ունի հստակ սահմաններ, այն է՝ երկարաձգման առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 15 օրը: Իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ դատարանի կողմից վճիռը գործին մասնակցող անձանց ինչպես հանձնելու, այնպես էլ ուղարկելու առավելագույն ժամկետը վճռի հրապարակման հաջորդ օրն է:

Թե՛ վճիռը հրապարակելու, թե՛ դրա ժամկետը երկարաձգելու, թե՛ վճիռը գործին մասնակցող անձանց տրամադրելու համար սահմանված դատավարական ժամկետներն ունեն իմպերատիվ բնույթ և այդ ժամկետների հաղթահարման համար որևէ բացառություն կամ կառուցակարգ օրենսգրքով նախատեսված չէ: Այսպիսով օրենսդրի կողմից սահմանվել են անհրաժեշտ ու բավարար կարգավորումներ՝ ուղղված դատական ակտը գործին մասնակցող անձանց կողմից ամբողջությամբ ու սեղմ ժամկետում ստանալուն, ինչը հանդիսանում է երաշխիք՝ նրանց կողմից դատական մատչելիության ու արդար դատաքննության իրենց իրավունքներն արդյունավետ իրացնելու համար:

Նախորդ դիրքորոշման լույսի ներքո վարույթ հարուցող մարմինը նշել է, որ եզրափակիչ դատական ակտի հրապարակման և դատական ակտը գործին մասնակցող անձանց տրամադրելու դատավարական իմպերատիվ ժամկետների սահմանումը պայմանավորված է անձի կողմից հայցադիմում ներկայացնելու միջոցով իր իրավունքների դատական պաշտպանությունը հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովելու անհրաժեշտությամբ: Ուստի անհրաժեշտ է դիտարկել դատարանի կողմից դատավարական ժամկետները պահպանելու պարտականությունն անձի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարր համարվող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրականացումն ապահովելու համատեքստում:

Իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրականացումը ենթադրում է, որ անձն իր իրավունքների պաշտպանության դատական կարգն ընտրում է՝ վստահելով իր մասնակցությամբ վեճի լուծումը դատարանին և ունենալով այն լեգիտիմ ակնկալիքը, որ դատարանը համապատասխան ժամկետներում կքննի և կլուծի իր գործը: Այս իմաստով արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի հետ տրամաբանորեն կապված է արդար դատաքննության իրավունքի տարր համարվող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը: «Ողջամիտ ժամկետում» գործերի քննությանն անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր մի շարք վճիռներում արտահայտած դիրքորոշումներում,1 Սահմանադրական դատարանն իր 2021 թվականի մարտի 16-ի թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ, Բարձրագույն դատական խորհուրդը 2020 թվականի ապրիլի 2-ի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3, 2020 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ ԲԴԽ-9-Ո-Կ-4, 2021 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԲԴԽ-101-Ո-Կ-27 որոշումներով:

Վկայակոչված սահմանադրական և կոնվենցիոն նորմերի, ՀՀ քաղաքացիական դատավարության սկզբունքի, դրանց վերաբերյալ կատարված վերլուծությունների հիման վրա վարույթ հարուցող մարմինը փաստել է, որ դատավարության յուրաքանչյուր մասնակից ակնկալում է ողջամիտ ժամկետում իր գործի քննություն և արդյունքում գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացում, և գործի՝ ողջամիտ ժամկետում քննության իրականացումը համարվում է ապահովված այն ժամանակ, երբ քննության արդյունքում կայացվող դատական ակտն օրենքով նախատեսված եղանակներով համապատասխան ժամկետում հասանելի է դառնում դատավարության մասնակիցներին:

Քննարկվող դեպքում թիվ ԵԴ/1306/02/19 գործի (այսուհետ նաև՝ Գործ) փաստերի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 20-ին կայացած դատական նիստում Դատարանը, Գործի քննությունը հայտարարելով ավարտված, վճռի հրապարակման օր է նշանակվել 2021 թվականի փետրվարի 10-ը: Գործի նյութերում առկա է 2021 թվականի փետրվարի 10 ամսաթվով թվագրված վճիռը, այնուամենայնիվ Դատարանի կողմից այն դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է միայն 2022 թվականի սեպտեմբերի 26-ին, այսինքն՝ հայտարարված ամսաթվից առնվազն 1 տարի 7 ամիս անց:

Բացատրությունը ներկայացնելու օրվա՝ 2022 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ վճռի օրինակը վճռի հասցեատերերից պատասխանող «Սևան» համատիրությանը (այսուհետ նաև՝ Պատասխանող) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 4-րդ մասի, 99-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումների համաձայն՝ առձեռն հանձնված կամ ուղարկված չէ. Գործի նյութերում բացակայում է այդպիսի փաստ հաստատող ապացույց: Ինչ վերաբերում է Դատավորի օգնականի կողմից կազմված ԴԴ-20/Ե համարով և 2021 թվականի փետրվարի 10-ի ամսաթվով գրության (այսուհետ նաև՝ Գրություն) առկայությանը, ապա Գրությամբ արձանագրվում է միայն Դատավորի օգնականի կողմից այդպիսի գրություն կազմված լինելը, սակայն ոչ՝ վճռի օրինակը Պատասխանողին (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) ուղարկված լինելու հանգամանքը:

Անդրադառնալով վճռի օրինակը հայցվոր Հայաստան Նազարյանին (այսուհետ նաև՝ Հայցվոր) տրամադրված լինելուն՝ վարույթ հարուցող մարմինը հայտնել է, որ Գործի նյութերում կրկին բացակայում է վճռի օրինակը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 99-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումների համաձայն, Հայցվորին ուղարկված լինելու փաստը հաստատող որևէ ապացույց: Այն, որ Գրության հիմքով վճռի օրինակը չի ուղարկվել (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) Հայցվորին վկայում է դրա վրա Հայցվորի կողմից կատարված ձեռագիր գրառումն առ այն, որ վերջինս վճիռը ստացել է առձեռն: Այսպիսով՝ Գրությամբ հիմնավորվում է վճռի օրինակը Հայցվորի կողմից առձեռն ստացված լինելու հանգամանքը, սակայն այն չի պարունակում տեղեկատվություն վճռի առձեռն ստացման ամսաթվի վերաբերյալ. Հայցվորի կողմից Գրության վրա վճռի առձեռն ստացման ամսաթվի վերաբերյալ որևէ գրառում կատարված չէ: Այդուհանդերձ նկատի ունենալով, որ Հայցվորի ներկայացուցիչը 2022 թվականի հունվարի 4-ին և մայիսի 11-ին Դատավորին ուղղված գրություններով բարձրացրել է վճիռը «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգում (այսուհետ նաև՝ Համակարգ) տեղադրված չլինելու, դրա օրինակը Հայաստան Նազարյանին ուղարկված չլինելու հարցը՝ խնդրելով այն տրամադրել և 2022 թվականի հունիսի 13-ի հաղորդմամբ որպես պահանջի հիմնավորում մասնավորապես նշված՝ «Բազմիցս, այդ թվում գրավոր կերպով, դիմել եմ պարոն Ստեփանյանին, սակայն շուրջ մեկ ու կես տարի՝ 10.02.2021թ.-ից մինչ օրս, գործով վճիռը չի հրապարակել, չի տրամադրել վճռի թղթային տարբերակը կամ հրապարակել «Դատալեքս» համակարգում»՝ վարույթ հարուցող մարմինը նշել է, որ այդ փաստերը վկայում են և դրանց հիման վրա կարելի է հետևություն անել այն մասին, որ վճռի օրինակը Հայցվորին Դատարանի Արաբկիր նստավայրում առձեռն հանձնվել է միայն 2022 թվականի հունիսի 13-ից հետո:

Ամփոփելով Գործի՝ վերը ներկայացված հանգամանքները՝ վարույթ հարուցող մարմինը նշել է, որ Գործով կայացված վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է հայտարարված ժամկետից առնվազն 1 տարի 7 ամիս հետո: Գործով կայացված վճիռը սահմանված ժամկետից առնվազն 1 տարի 4 ամիս հետո է առձեռն հանձնվել Հայցվորին, իսկ Պատասխանողին հանձնված կամ ուղարկված լինելու վերաբերյալ ապացույցները 2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Գործում բացակայել են, այդպիսի տվյալներ ներկայացված չեն նաև 2022 թվականի հոկտեմբերի 3-ի բացատրությամբ:

Հարուցված վարույթի փաստական հանգամանքների և վկայակոչված քաղաքացիադատավարական նորմերի համադրումից հետևում է, որ Գործով Դատավորի կողմից չեն պահպանվել եզրափակիչ դատական ակտը հրապարակելու, եզրափակիչ դատական ակտի օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկելու համար սահմանված ժամկետները: Դատարանի կողմից դատավարական ժամկետները չպահպանելու հետևանքով խախտվել է Գործին մասնակցող անձանց՝ իրենց իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրականացումը: Մասնավորապես՝ վճռի, որպես քաղաքացիական գործն ըստ էության լուծող դատական ակտի, բացակայության փաստով պայմանավորված, նկատի ունենալով, որ վճիռը հրապարակված չլինելու և Գործին մասնակցող անձանց տրամադրված չլինելու հանգամանքը վճռի հասցեատերերի համար համարժեք է վճռի բացակայությանը, Գործի քննության և լուծման ժամկետը ձգձգվել է առնվազն 1 տարի 7 ամիս տևողությամբ, այն դեպքում, երբ Դատարանի կողմից Գործի դատաքննությունն ավարտվել էր:

Դատական ակտը շահագրգիռ կողմերին հասանելի չդարձնելու արդյունքում արդարադատության խաթարման խնդրին անդրադարձել է Խորհուրդը 2022 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-72-Ո-Կ-17 որոշման շրջանակներում:

Արդյունքում, Դատարանի կողմից խախտվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի, 179-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները, որոնք, որպես հետևանք հանգեցրել են նաև Գործի մասնակիցների Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում, Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում, 63-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված անձի հիմնարար իրավունքների խախտման:

Վարույթ հարուցող մարմինը, վկայակոչելով Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, նշել է, որ դատավորի վարքագծի կանոններին վերաբերող վերոնշյալ իրավանորմերից հետևում է, որ ցանկացած դեպքում Դատավորը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել այնպես, որ բարձր պահի դատական իշխանության հեղինակությունը՝ թե՛ որպես անհատ, և թե՛ որպես արդարադատություն իրականացնող անձ՝ թույլ չտալով այնպիսի գործողություն կամ անգործություն, որոնք կարող են որևէ կերպ վարկաբեկել դատական իշխանությունը կամ հանրության ցանկացած անդամի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որը կարող է թյուր պատրանք ստեղծել կամ այլ կերպ բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության և անաչառության վրա:

Դատավորի կողմից գործի ողջամիտ ժամկետում գործի քննության իրականացման պահանջն իր ամրագրումն է ստացել ոչ միայն դատավարական օրենսգրքերում, այլ նաև՝ դատավորին ներկայացվող վարքագծի կանոններում՝ իրենից ներկայացնելով առանձնակի կարևորություն, քանի որ, որոշ դեպքերում և պայմաններում, դրա խախտումը կարող է իր ազդեցությունն ունենալ դատական իշխանության հեղինակազրկման հարցում՝ հանգեցնելով դատական իշխանության նկատմամբ դատավարության մասնակիցների անվստահության ձևավորմանը, ինչպես նաև կարծիք ստեղծել՝ իրեն վերաբերող վեճի լուծման շուրջ արդարադատություն իրականացնող մարմնի կողմից դրսևորվող անտարբերության տեսանկյունից:

Վկայակոչելով ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2006 թվականի թիվ 2006/23 բանաձևով հաստատված Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքների (այսուհետ՝ Բանգալորյան սկզբունքներ) 4-րդ, 6.5-րդ կետերը՝ վարույթ հարուցող մարմինը նշել է, որ այդ սկզբունքների մեկնաբանությունների համաձայն՝ իրեն վերապահված պարտականություններն արդյունավետ, արդարացի և ողջամիտ արագությամբ կատարելու համար դատավորը պարտավոր է պատշաճ շրջահայացություն դրսևորել կողմերի լսված լինելու իրավունքը ապահովելու և գործը կամ այլ հարցերն առանց անհարկի հետաձգումների և ծախսերի լուծելու հարցում: Դատավորն իր վարույթում գտնվող գործերի քննության և լուծման ընթացքն այնպես պետք է կառավարի, որ նվազեցնի կամ բացառի ձգձգումներով պրակտիկան, անհարկի հետաձգումները և ծախսերը: Դատավորը պետք է իրեն վերապահված հարցերի վերաբերյալ որոշում կայացնի ողջամիտ արագությամբ՝ հաշվի առնելով հարցի հրատապությունը և այլ կարևոր հանգամանքները: Հատկապես կարևոր է, որ դատավորը հրապարակի որոշման պատճառաբանություններն ու հիմնավորումներն առանց ոչ խելամիտ հետաձգումների:2

Դատարանի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի պահպանումն անմիջականորեն կապված է անձի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարրերից իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի ապահովման հետ: Այս իմաստով արդարադատության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքան արագ է այն իրականացվում: Երբ արդարադատության իրականացումը ձգձգվում է, տպավորություն է ստեղծվում, որ դատական համակարգն ի վիճակի չէ կատարելու իր առջև դրված խնդիրները, իսկ դա անվստահություն է առաջացնում արդարադատության ողջ համակարգի նկատմամբ:

Վերոգրյալից հետևում է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ անձն ընտրում է իր իրավունքների պաշտպանության դատական կարգը՝ վստահելով իր մասնակցությամբ վեճի լուծումը դատարանին և ունենալով լեգիտիմ ակնկալիք, որ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետներում կքննի և կլուծի իր գործը, իսկ դատարանը չի պահպանում օրենքով սահմանված դատավարական ժամկետները (օրենքով սահմանված ողջամիտ ժամկետները), ապա նման վարքագիծը ոչ միայն հանգեցնում է առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի, այլև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու վարքագծի կանոնի խախտման, քանի որ դատարանի կողմից գործի քննության և լուծման, ինչպես նաև գործով կայացված ակտը գործի մասնակցին մատչելի դարձնելը ձգձգելու արդյունքում անձի մոտ խարխլվում է դատական համակարգի և արդարադատության արդյունավետության նկատմամբ վստահությունը՝ հեղինակազրկելով դատական իշխանությունը:

Վկայակոչված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով և 179-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական նորմերի համադրված վերլուծությունից հետևում է, որ «վճռի հրապարակման» փուլը հաջորդում է դատաքննությունը եզրափակող «վճռի կայացման» փուլին, այսինքն՝ «վճռի հրապարակման փուլում» դատարանը հրապարակում է արդեն իսկ գոյություն ունեցող, կայացված վճիռը:

Քննարկվող դեպքում 2022 թվականի փետրվարի 10-ի դրությամբ արդեն իսկ կայացված վճռի առկայության պայմաններում այն հրապարակելու, դրա օրինակը Գործին մասնակցող անձանց ուղարկելու համար սահմանված ժամկետները Դատարանի կողմից էապես խախտելու հանգամանքը դիմումատուի, ինչպես նաև անկողմնակալ դիտորդի մոտ առաջացնում է ողջամիտ կասկած՝ Դատավորի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելուն և լուծելուն ուղղված անհրաժեշտ շրջահայացություն և պատշաճ վարքագիծ ցուցաբերելու առնչությամբ: Դատարանի նման գործելակերպն ուղղակի ազդեցություն է ունենում դատարանի գործունեության արդյունավետության վրա, որն իր հերթին նվազեցնում է հանրության վստահությունն արդարադատության նկատմամբ և հեղինակազրկում դատական իշխանությունը:

Արդյունքում, Գործով եզրափակիչ դատական ակտը հրապարակելու, եզրափակիչ դատական ակտի օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկելու համար սահմանված դատավարական ժամկետները չպահպանելով՝ Դատավորի կողմից խախտվել են նաև Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված վարքագծի կանոնները:

Անդրադառնալով մեղքի ձևին՝ վարույթ հարուցող մարմինը, վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին, 5-րդ մասերը, նշել է, որ Դատավորի կողմից բացատրությամբ չի ներկայացվել որևէ փաստարկ իրեն վերագրվող կարգապահական խախտումը կատարելու պատճառների, պայմանների, խախտման հանգամանքների վերաբերյալ: Ավելին, Դատավորը Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով դիրքորոշում է հայտնել առ այն, որ եթե նույնիսկ Դատավորին վերագրված ենթադրյալ արարքը ձևականորեն պարունակի կարգապահական խախտման հատկանիշներ, ապա հաշվի առնելով Գործի դատավարական նախապատմությունը, ըստ Դատավորի՝ վարույթը հարուցած մարմնի կողմից դատավորի վարքագծի կանոնների խախտման հիմքով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար Օրենսգրքով սահմանված ժամկետները խախտված լինելը՝ այդպիսի արարքը չի կարող կասկածի տակ դնել Դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:

Ինչպես երևում է՝ Դատավորը չի հերքում իրեն վերագրվող արարքում դատավարական իրավունքի նորմերի խախտման հատկանիշների «ձևական» առկայությունը, այլ անդրադառնում է դրա հետևանքներին և ներկայացնելով փաստարկներ և հիմնավորումներ՝ տալիս է իր իրավական գնահատականը այդպիսի (ձևականորեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ պարունակող) արարքի նվազ կարևորություն ունենալու վերաբերյալ:

Վարույթի փաստական հանգամանքների, բացատրության և կատարված իրավական վերլուծության համադրման արդյունքում, Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտումը կատարվել է մեղավորությամբ, որ դրսևորվել է կոպիտ անփութությամբ, քանի որ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը՝ ՀՀ քաղաքացիական դատավորության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասով, 179-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված՝ վճիռը հայտարարված ժամկետում հրապարակելու, վճռի օրինակը գործին մասնակցող անձանց առձեռն հանձնվելու, իսկ դրա անհնարինության դեպքում հրապարակման հաջորդ օրը նրանց ուղարկվելու պահանջների խախտման հանգամանքը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ դատավարական ժամկետների պահպանմամբ իր վրա դրված պարտականությունները կատարելու համար:

 Վերոգրյալից հետևում է, որ սույն միջնորդությամբ ներկայացված՝ Դատավորի կողմից կոպիտ անփութությամբ դատավարական նորմերի խախտումներ կատարելու հետ միաժամանակ վերջինս կոպիտ անփութությամբ թույլ է տվել նաև դատավորի վարքագծի կանոնների խախտում՝ ի պաշտոնե գործելիս առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում չքննելով և չլուծելով իր իրավասությանը վերապահված հարցերը և ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում զերծ չմնալով դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց:

Անդրադառնալով Դատավորի բացատրությամբ ներկայացված այն դիրքորոշմանը, որ Դատավորին վերագրվող դատավորի վարքագծի կանոնների խախտման պահից անցել է 1 տարի, ուստի Արդարադատության նախարարի 2022 թվականի օգոստոսի 9-ի թիվ 70-Ա որոշումը կայացնելիս արդեն իսկ լրացել էր դատավորի վարքագծի կանոնների խախտման հիմքով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ժամկետը՝ վարույթ հարուցող մարմինը նշել է, որ Գործի փաստերի համաձայն՝ վճռի հրապարակման ամսաթիվ է նշանակվել 2021 թվականի փետրվարի 10-ը, միաժամանակ վճռի հրապարակման ժամկետը երկարաձգված չէ, ուստի վճիռը նույն օրը պետք է զետեղվեր Համակարգում և առնվազն 2021 թվականի փետրվարի 11-ին պետք է ուղարկվեր Հայցվորին և Պատասխանողին: Սակայն այն հանգամանքը, որ Դատավորը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի, 179-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջների կատարման նկատմամբ դրսևորել է անգործություն՝ 2021 թվականի փետրվարի 10-ին վճիռը չի հրապարակել Համակարգում և առնվազն 2021 թվականի փետրվարի 11-ին վճռի օրինակը չի ուղարկել Գործին մասնակցող անձանց, չի հանգեցնում նշված նորմերով Դատավորի վրա դրված պարտականության դադարմանը: Այլ կերպ՝ Դատավորի վարքագծում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի, 179-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի խախտման հատկանիշներ առկա կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանց պահանջները նրա կողմից կատարված չեն: Հակառակ դեպքում Դատավորի կողմից չէին ձեռնարկվի միջոցներ ուղղված վճռի հրապարակմանը, վճռի օրինակը Գործին մասնակցող անձին հանձնելուն: Նշվածից ելնելով՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ին նախորդող օրվա՝ 2022 թվականի սեպտեմբերի 25-ի դրությամբ Դատավորի կողմից խախտված են եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի, 179-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները, իսկ 2022 թվականի սեպտեմբերի 27-ին նախորդ օրվա՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ, 179-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը: Հետևաբար Դատավորի նկատմամբ 2022 թվականի օգոստոսի 9-ին, ի թիվս այլնի, Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված դատավորի վարքագծի կանոնների խախտման հիմքով, կարգապահական վարույթ հարուցելով՝ վարույթ հարուցող մարմնի կողմից Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթ հարուցելու ժամկետների խախտում թույլ չի տրվել:

Գործի քննության ողջամիտ ժամկետի խախտումը չի կարող արձանագրվել անմիջապես դատավորի վրա դրված պարտականության չկատարման պահին. գործի քննության ողջամիտ ժամկետի խախտման և այդ պարտականության խախտման պահը չեն կարող համընկնել: Գործի քննության ողջամիտ ժամկետի խախտման դեպքում գործ ունենք մի ընթացքի, ժամանակահատվածի, տևողության հետ, որը ելնելով յուրաքանչյուր գործի հանգամանքներից՝ ենթակա է գնահատման ողջամտության տեսանկյունից: Հետևաբար կարգապահական խախտման հատկանիշներ (իրավունքի նորմի, վարքագծի կանոնի) պարունակող արարքի կատարման պահից հաշվարկվող 1 տարվա ժամանակահատվածը չի կարող դիտարկվել որպես չափանիշ բոլոր իրավիճակների դեպքում՝ գործի քննության ողջամիտ ժամկետի խախտում արձանագրելու համար: Հակառակ պարագայում կարող է ստացվել մի իրավիճակ, երբ դատավորի կողմից թույլ տրված ողջամիտ ժամկետում գործի քննության խախտման առաջին օրվանից հաշվված 1 տարին լրանալուց հետո դատավորը կարող է հայտնվել ավելի բարենպաստ իրավիճակում, քան մինչ այդ՝ խուսափելով ավելի երկար ժամանակով անգործություն դրսևորելու համար վրա հասնող պատասխանատվությունից:

Անդրադառնալով Դատավորի դիրքորոշմանն առ այն, որ դատավարական և նյութական իրավունքի նորմի խախտումը կարող է դիտարկվել, որպես դատավորին կարգապահական պատասխանատվության հիմք միայն դատավորի վարքագծի կանոնի խախտման համակցությամբ պայմանավորված՝ վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասը, նշել է, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասը կառուցված է 2 առանձնացված կետերից, որոնցով բաժանված են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը (կամ պայմանները), ընդ որում, այդ կետերն իրարից առանձնացված են միջակետով, ոչ՝ ստորակետով կամ «և» կամ «ու» կամ «կամ» շաղկապով, հետևաբար այդ կետերում շարադրված հիմքերից առնվազն մեկի առկայությունը բավարար է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Այսպիսով՝ Օրենսգրքի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը սահմանող 142-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված խախտումը և դատավորի վարքագծի կանոնների դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված խախտումը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինքնուրույն հիմքեր են և ինքնին կարող են հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:

Անդրադառնալով բացատրության ներկայացված Դատավորի դիրքորոշմանն առ այն, որ Գործի քննության ընթացքում Դատավորի կողմից չեն անտեսվել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված դատավորի վարքագծի կանոնները, ինչի մասին վկայում է Գործի դատավարական նախապատմությունը՝ վարույթ հարուցող մարմինը նշել է, որ չանդրադառնալով Գործի քննության ընթացքում Դատարանի դրսևորած վարքագծին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված ժամանակահատվածում արդարադատության իրականացմանն ուղղված դատավարական գործողությունների կատարումը և դատական ակտերի կայացումը դուրս են սույն կարգապահական վարույթի շրջանակներից, Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է դրանից հետո՝ 2021 թվականի փետրվարի 10-ից սկիզբ առած անգործության հիմքով, որը պարունակել է դատավարական իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների խախտման հատկանիշներ:

Անդրադառնալով Դատավորի դիրքորոշմանն առ այն, որ Դատավորին վերագրվող արարքը չի կարող համարվել կարգապահական խախտում, քանի որ բացատրության վերը նշված հանգամանքների հաշվառմամբ այն կասկածի տակ չի դնում Դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը՝ վարույթ հարուցող մարմինը նշել է, որ Խորհուրդն իր մի շարք որոշումներում, այդ թվում՝ դատավորի կողմից վկայակոչված 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ ԲԴԽ-7-Ո-Կ-02 որոշմամբ հայտնել է այն իրավական դիրքորոշումը, որ այն բոլոր դեպքերում, երբ իրավունքի խախտումն առաջ չի բերում որևէ սուբյեկտիվ իրավունքից զրկում կամ դրա սահմանափակում, ինչպես նաև իրավունքի սուբյեկտի մոտ չի առաջացնում օրենքով չնախատեսված պարտականություններ կամ այդպիսիք առաջանալու հնարավորություն, ապա իրավունքի նման խախտումը զանցակազմի նյութական բաղադրիչի առկայության պայմաններում Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կարող է որակվել որպես նվազ կարևորություն ունեցող և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չհանդիսացող, թեկուզև այն առերևույթ պարունակել է կարգապահական խախտում համարվող արարքի հատկանիշներ:

Վարույթ հարուցող մարմինը չնայած նրան, որ սույն միջնորդությամբ արդեն իսկ ներկայացրել է իրավական վերլուծություններ Գործին մասնակցող անձանց՝ դատավարական իրավունքների խախտման արդյունքում առաջացած հիմնարար իրավունքների խախտման վերաբերյալ, Դատավորի կողմից վերը առաջ քաշված դիրքորոշման առնչությամբ կրկին նշել է, որ Դատավորի կոպիտ անփութության պատճառով 2021 թվականի փետրվարի 10-ի եզրափակիչ դատական ակտը միայն 2022 թվականի սեպտեմբերի 26-ին հրապարակելը, դրա օրինակը Հայցվորին միայն 2022 թվականի հունիսի 13-ից հետո հանձնելը և Գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի պահպանված չլինելը խախտում է անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը, ինչն իր հերթին հեղինակազրկում է դատական իշխանությունը և կասկածի տակ չի դնում դատավորի համապատասխանությունը որպես արդարադատություն իրականացնողի կարգավիճակին:

Այսպիսով, վերոնշյալը վկայում է, որ Դատավորի կողմից բացատրությամբ ներկայացված փաստարկները հիմնավոր չեն:

 

3 Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակում Դատավորը Նախարարին ներկայացրած բացատրությամբ միջնորդել է կարճել կարգապահական վարույթը:

Այսպես, Դատավորը նշել է, որ կարգապահական վարույթ հարուցելու առերևույթ հիմքը ծագել է 2021 թվականի փետրվարի 10-ին կամ հաջորդ օրը՝ 2021 թվականի փետրվարի 11-ին: Նկատի ունենալով Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կարգավորումը, ինչպես նաև արձանագրելով, որ կարգապահական վարույթը հարուցվել է 2022 թվականի օգոստոսի 9-ին (դատավորի վարքագծի կանոնների ենթադրյալ խախտումը կատարելուց մեկ տարվա ժամկետը լրանալուց հետո)՝ դատավորի վարքագծի կանոնների ենթադրյալ խախտման մասով կարգապահական վարույթը հարուցվել է Օրենսգրքով նախատեսված ժամկետի ավարտից հետո:

Դատավարական իրավունքի նորմի ենթադրյալ խախտումը ցանկացած պարագայում պետք է գնահատականի արժանանա դատավորի վարքագծի կանոնների ենթադրյալ խախտման համադրության արդյունքում, մասնավորապես Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70֊րդ հոդվածի 2-րդ մասի 6֊րդ կետով սահմանված իրավակարգավորումների համատեքստում և առանց այդ հետևանքների ինքնին չի կարող հիմք հանդիսանալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Գործի դատավարական նախապատմությունը չի կարող վկայել, որ Գործի քննության ընթացքում անտեսվել է դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու, ինչպես նաև առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու պահանջների պահպանումը:

Դատավորը նշել է, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի, 147-րդ հոդվածի 6-րդ մասի 6-րդ կետի, Խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ ԲԴԽ-7-Ո-Կ֊02 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման, Գործի դատավարական նախապատմության և բացատրությանը կից ներկայացված՝ Գործի նյութերի համադրմամբ կատարված վերլուծության արդյունքում, եթե նույնիսկ իրեն վերագրված ենթադրյալ արարքը ձևականորեն պարունակի կարգապահական խախտման հատկանիշներ, ապա ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ չի կարող կասկածի տակ դնել Դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:

Խորհրդում 2022 թվականի նոյեմբերի 7-ին կայացած նիստի ընթացքում Ներկայացուցիչը ներկայացրել է կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդություն, որով, վկայակոչելով Գործի փաստերը, նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի, 179-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի ուսումնասիրությունից երևում է, որ դատավորի կողմից դատավարական խախտում է համարվում վճիռը գործի քննությունն ավարտելուց հետո՝ 15 օրվա ընթացքում չհրապարակվելը և վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց չուղարկելը, որի պարագայում ինքնուրույն խախտման հատկանիշներ չի պարունակում այն հանգամանքը, թե կոնկրետ որ օրն է կատարվել վճռի հրապարակումը կամ դրա օրինակն ուղարկվել գործին մասնակցող անձանց:

Նշվածից հետևում է, որ Դատավորի կողմից խախտումը կատարելու պահը համարվում է վճիռը գործի քննությունն ավարտելուց հետո՝ 15 օրվա ընթացքում չհրապարակվելու և վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց չուղարկելու օրը, որն այս դեպքում համապատասխանաբար համարվում է 2021 թվականի փետրվարի 10-ը և 11-ը:

Վերոգրյալի հաշվառմամբ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ենթադրյալ խախտումը կատարելուց մեկ տարի հետո, հետևաբար Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտմամբ, ուստի խնդրել է Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը կարճել:

Խորհրդում 2022 թվականի նոյեմբերի 14-ին կայացած նիստի ընթացքում Ներկայացուցիչը ներկայացված կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդությամբ հայտնել է, որ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գ. Մինասյանը, Օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի կարգավորման համաձայն, Հայցվորից պահանջել է մինչև 2022 թվականի հոկտեմբերի 6-ը ներառյալ տրամադրել տեղեկատվություն թիվ ԵԴ/1306/02/19 քաղաքացիական գործով 2021 թվականի փետրվարի 10-ի վճիռն իր կողմից ստացած լինելու կամ չլինելու, իսկ ստացած լինելու դեպքում՝ ստացման ամսաթվի վերաբերյալ:

2022 թվականի հոկտեմբերի 6-ին Հայցվորն Արդարադատության նախարարին հասցեագրված դիմումում խնդրել է ընթացք չտալ իր 2022 թվականի հունիսի 13-ի թիվ ԵԴ/1306/02/19 գործով դատավոր Ա. Ստեփանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին դիմումին՝ հաշվի առնելով, որ վճիռը ստացել է, իսկ նախկինում չէր ստացել թյուրիմացության արդյունքում:

Ներկայացուցիչը նշել է, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասից, 146-րդ հոդվածի 1-ին մասից բխում է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ իրականացվում է, եթե առկա են կարգապահական վարույթ հարուցելու առիթը և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը:

Տվյալ դեպքում կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության նախարարությունում 2022 թվականի հունիսի 13-ին ստացված դիմումատու Հայաստան Նազարյանի հաղորդումը, որից վերջինս հրաժարվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Արդարադատության նախարարին խնդրելով ընթացք չտալ հիշյալ հաղորդմանը: Դիմումից հրաժարվելու վերաբերյալ բողոքաբերի կամահայտնությունը հավասարազոր է կարգապահական խախտման մասին վեճի բացակայության, որպիսի պայմաններում վարույթը չի կարող շարունակվել, և վարույթ հարուցած սուբյեկտը պարտավոր է կարճել գործի վարույթը:

Այս պարագայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ից սույն գործով այլևս բացակայում է Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու օրինական առիթը: Ընդ որում, Լիազոր մարմինը Հայցվորի 2022 թվականի հոկտեմբերի 6-ի դիմումը ստանալուց հետո չի լուծել դիմումով բարձրացված խնդրանքը՝ հաղորդմանը ընթացք չտալու վերաբերյալ, միաժամանակ Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կարգով չի հարուցել կարգապահական վարույթ, եթե գտնում էր, որ ամեն դեպքում Դատավորի գործողություններում (անգործություն) առերևույթ առկա են կարգապահական խախտման հատկանիշներ: Այսինքն, Արդարադատության նախարարը, տեղյակ լինելով հրաժարման փաստին, հետագա վարույթ իրականացնելու արգելքը հաղթահարելուն ուղղված որևէ գործողություն չի ձեռնարկել: Ավելին, վարույթ հարուցած կողմը չի «փոխակերպել» հարուցման առիթը, որպիսի պայմաններում հրաժարման փաստն ինքնին վարույթի ընթացքը դարձնում է ոչ իրավաչափ:

ՀՀ օրենսդրությունը հանրային շահերից ելնելով առիթների փոխակերպման մեխանիզմ ունի (մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածը):

Վերոգրյալի հաշվառմամբ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթն իրականացվում է Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտմամբ, որպիսի պայմաններում վերջինիս նկատմամբ կարգապահական վարույթը ենթակա է դադարեցման:

Ելնելով վերոգրյալից՝ խնդրել է կարճել Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

4.1. Դատարանը 2019 թվականի մարտի 20-ի որոշմամբ վարույթ է ընդունել Հայաստան Նազարյանի հայցադիմումն ընդդեմ «Սևան» համատիրության՝ չվճարված աշխատավարձի բռնագանձման, վերջնահաշվարկ կատարելու և տուժանք վճարելու պահանջի մասին:

4.2. Դատարանը 2021 թվականի հունվարի 20-ին տեղի ունեցած դատական նիստում, որին մասնակցել են Հայցվորի և Պատասխանողի ներկայացուցիչները, Գործի քննությունը հայտարարել է ավարտված և դատական ակտի հրապարակման օր է նշանակել 2021 թվականի փետրվարի 10-ը:

4.3. «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգում 2021 թվականի փետրվարի 10-ը նշված է որպես վճռի հրապարակման օր (ստեղծման ամսաթիվ: 2021-01-20 19:17:03):

4.4. Դատարանի կողմից Գործով կայացված 2021 թվականի փետրվարի 10-ի վճիռը, որով հայցը բավարարվել է, Համակարգում տեղադրվել է 2022 թվականի սեպտեմբերի 26-ին (ստեղծման ամսաթիվ: 2022-09-26 19:31:10):

4.5. Հայցվորի ներկայացուցիչը 2022 թվականի հունվարի 4-ին և մայիսի 11-ին Դատավորին ուղղված գրություններով բարձրացել է վճիռը Համակարգում տեղադրված չլինելու, դրա օրինակը Հայցվորին ուղարկված չլինելու հարցը՝ խնդրելով տրամադրել այն:

4.6. 2022 թվականի հունիսի 13-ի հաղորդմամբ, որպես պահանջի հիմնավորում, մասնավորապես նշված է հետևյալը. «Բազմիցս, այդ թվում գրավոր կերպով, դիմել եմ պարոն Ստեփանյանին, սակայն շուրջ մեկ և կես տարի է՝ 10.02.2021թ.-ից մինչ օրս, գործով վճիռը չի հրապարակել, չի տրամադրել վճռի թղթային տարբերակը կամ հրապարակել «Դատալեքս» համակարգում:»:

4.7. Գործի նյութերում առկա չէ որևէ ապացույց վճռի օրինակը Հայցվորին և Պատասխանողին ուղարկված լինելու վերաբերյալ:

4.8. Բացատրությանը կից ներկայացվել է Դատավորի օգնականի կողմից կազմված ԴԴ-20/Ե համարով և 2021 թվականի փետրվարի 10 ամսաթվով գրություն՝ վճռի օրինակը Հայցվորին և Պատասխանողին ուղարկելու վերաբերյալ, որի վրա առկա է ձեռագիր գրառում հետևյալ բովանդակությամբ. «Ստացա վճիռը Հայաստան Նազարյան» և ստորագրություն:

4.9. Արդարադատության նախարարի պաշտոնակատարը 2022 թվականի հոկտեմբերի 5-ին Դատավորին ուղղված գրությամբ խնդրել է տրամադրել տեղեկատվություն վճռի օրինակը Հայցվորին առձեռն հանձնելու ամսաթվի վերաբերյալ:

4.10. Դատավորի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 7-ի գրությամբ տրվել է պատասխան առ այն, որ բարձրացված հարցի առնչությամբ կատարվել է ուսումնասիրություն, որի արդյունքում Դատավորի աշխատակազմը բանավոր պատասխանել է, որ Դատավորի վարույթում գտնվող մեծաթիվ գործերի և կայացած դատական ակտերի նման ծավալի, ինչպես նաև դրանով պայմանավորված բազմաթիվ, այդ թվում՝ դատական ակտերը կողմերին հանձնելու/ուղարկելու գործառույթներ իրականացնելու պայմաններում չեն կարողանում մտաբերել Գործով վճիռը հայցվորին հանձնելու ամսաթիվը, ուստի նկատի ունենալով, որ դատական ակտն ուղարկելը հանդիսանում է դատավորի օգնականի պարտականությունը՝ Դատավորը հնարավորություն չունի տրամադրել Գործով վճիռը Հայցվորին առձեռն հանձնելու ամսաթվի վերաբերյալ տեղեկատվություն:

4.11. Արդարադատության նախարարի պաշտոնակատարը 2022 թվականի հոկտեմբերի 5-ին Հայցվորին ուղղված գրությամբ խնդրել է տրամադրել տեղեկատվություն վճռի օրինակը նրա կողմից ստացած լինելու և ստացման ամսաթվի վերաբերյալ:

4.12. Սույն միջնորդությունը ստորագրելու օրվա դրությամբ Հայցվորի կողմից պատասխան Արդարադատության նախարարությունում ստացված չէ:

4.13. Արդարադատության նախարարությունում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ստացվել է Հայցվորի դիմումը՝ հաղորդմանն ընթացք չտալու պահանջով:

 

5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները.

Հաշվի առնելով Նախարարի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի ու նրա ներկայացուցչի կողմից ներկայացված պատասխանը` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

5.1 արդյո՞ք թիվ ԵԴ/1306/02/19 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի/նորմերի խախտում,

5.2. եթե այո, ապա արդյո՞ք թիվ ԵԴ/1306/02/19 քաղաքացիական գործով կատարված խախտումները կատարվել են դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,

5.3 արդյո՞ք թիվ ԵԴ/1306/02/19 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտումները հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնի (կանոնների) խախտման:

 

6. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի հաղորդումը, ինչպես նաև Նախարարի տեղակալի և ներկայացուցիչների դիրքորոշումները, Դատավորի ու ներկայացուցչի պատասխանը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Խորհուրդն արձանագրում է, որ Նախարարի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:

Վերը նշված հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ տվյալ դեպքում վարույթ հարուցող մարմինն է կրում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունն ապացուցելու պարտականությունը: Վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է ձեռք բերվեն բավարար ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ բավարար կլինեն Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար և կհաստատեն վերջինիս մեղքը: Այսինքն, գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում վարույթ հարուցող մարմինը պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի` եզրափակիչ, իսկ սույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճիռը սույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ: Բացառիկ դեպքերում, երբ առկա են դատավորի առողջական վիճակի հետ կապված հարգելի հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում հայտարարված ժամկետում վճռի հրապարակումը, դատարանը կարող է մինչև 15 օրով երկարաձգել վճռի հրապարակման ժամանակը՝ այդ մասին ծանուցելով գործին մասնակցող անձանց, իսկ 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

Վճռաբեկ դատարանն իր 2022 թվականի մարտի 3-ի թիվ ՇԴ3/0845/02/19 որոշմամբ արձանագրել է. «(…) Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:»։

Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ օրենսդրի կողմից դատավարական ժամկետի նախատեսումն ինքնանպատակ չէ. ժամկետ նախատեսելով օրենսդիրը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ երաշխավորել տվյալ իրավահարաբերության մասնակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ապահովել իրավահարաբերությունների կայունությունը, որոշակիությունը, ինչպես նաև կանխել և բացառել «կամայականության վտանգ»-ը՝ տալով համապատասխան սուբյեկտներին իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորություն: Դատավարական ժամկետների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դրանք սահմանում են հենց դատավարական գործողության իրականացման ժամանակահատվածը (պահերը): Միաժամանակ դատավարական ժամկետները նպաստում են դատական քաշքշուկի բացառմանը, դատավարական իրավահարաբերությունների կայունությանը, հստակությանն ու որոշակիությանը, որոնք վերջին հաշվով ապահովում են դատարան դիմող քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու երաշխավորվածությունը, մի խոսքով՝ արդարադատության իրականացման արդյունավետությունը:

Միաժամանակ Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1133-Լ որոշմամբ և Բարձրագույն դատական խորհրդի գործունեության 2019 թվականի տարեկան հաղորդմամբ արձանագրված դատարանների գերծանրաբեռնվածության փաստի ուժով դատավարական ժամկետների խախտումներ կարող են տեղի ունենալ, այդուհանդերձ, դրանք պետք է լինեն ողջամիտ և արդարացված այնքանով, որ չհանգեցնեն դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների և ազատությունների էական սահմանափակումների և խախտումների: Դատավարական ժամկետների պահպանման օբյեկտիվ անհնարինության պայմաններում յուրաքանչյուր դեպքում դատավորները պետք է բացառեն դրանց պահպանման առումով անտարբերության, դատավարության մասնակիցներից և որևէ մեկի նկատմամբ կողմնակալության տպավորության հնարավորությունը, որը կարող է ձևավորվել անկողմնակալ դիտորդի տեսանկյունից։

Քննարկվող պարագայում Դատարանը Հայցվորի և Պատասխանողի ներկայացուցիչների մասնակցությամբ 2021 թվականի հունվարի 20-ին տեղի ունեցած դատական նիստում Գործի քննությունը հայտարարել է ավարտված և դատական ակտի հրապարակման օր է նշանակել 2021 թվականի փետրվարի 10-ը: Նշված օրը «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգում վճիռը չի հրապարակվել, այլ տեղադրվել է 2022 թվականի սեպտեմբերի 26-ին: Միաժամանակ հաղորդման ներկայացման պահի դրությամբ Հայցվորի և Պատասխանողի կողմից վճռի ստացման մասին ապացույցը գործում բացակայում է, ավելին, Հայցվորն իր հաղորդման մեջ, որպես հիմնավորում, մասնավորապես նշում է հետևյալը. «Բազմիցս, այդ թվում գրավոր կերպով, դիմել եմ պարոն Ստեփանյանին, սակայն շուրջ մեկ և կես տարի է՝ 10.02.2021թ.-ից մինչ օրս, գործով վճիռը չի հրապարակել, չի տրամադրել վճռի թղթային տարբերակը կամ հրապարակել «Դատալեքս» համակարգում:»:

Վերոգրյալի լույսի ներքո Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ դեպքում Դատարանը, թիվ ԵԴ/1306/02/19 քաղաքացիական գործով վճիռը՝ ըստ օրենքի պետք է հրապարակած լիներ 2021 թվականի փետրվարի 10-ին, մինչդեռ այն դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել է 2022 թվականի սեպտեմբերի 26-ին, այն է՝ օրենքով սահմանված ժամկետից 1 տարի 7 ամիս անց, իսկ դատավարության կողմերին վճիռը տրամադրված լինելու վերաբերյալ ապացույց գործում առկա չէ: Միաժամանակ Խորհուրդն արձանագրում է, որ թեև Դատավորի բացատրությանը կից ներկայացվել է հաղորդում ներկայացրած անձի կողմից վճիռը ստանալը հիմնավորող փաստաթուղթ (առանց ամսաթվի նշման), սակայն Խորհրդի գնահատմամբ որևէ կերպ չի հիմնավորվել Հայցվորի՝ վճիռը մինչև հաղորդում ներկայացնելը ստանալու հանգամանքը, իսկ Պատասխանողի կողմից վճռի ստացման մասին ապացույցն առհասարակ բացակայում է:

Այդուհանդերձ Խորհուրդն արձանագրում է, որ դատավարական ժամկետների ողջամիտ խախտումները մեղքի հիմնավորման կամ դրանց հետևանքների կարևորության աստիճանը գնահատելու տեսանկյունից կարող են արդարացվել միայն բացառիկ, դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների պաշտպանության կամ երաշխավորման անհրաժեշտությամբ, այսինքն այնպիսի իրավիճակներում, երբ դատարանները կհիմնավորեն, որ դատավարական ժամկետների խախտման արդյունքում պաշտպանվել է առավել կարևոր շահ կամ պայմանավորված լինեն դատավարության մասնակիցների վարքագծով. մինչդեռ նման պայմաններում անաչառ դիտորդի կողմից հնարավոր է ծագի ողջամիտ կասկած առ այն, որ Դատարանը վերը նշված վճիռը կայացնելու ժամանակ չի դրսևորել պատշաճ ջանասիրություն առ այն, որ կայացված դատական ակտը օրենքով սահմանված ժամկետում չի հրապարակել և չի ուղարկվել դատավարության մասնակիցներին:

Խորհուրդը վերը նշվածի հաշվառմամբ արձանագրում է, որ Դատավորի կողմից վճռի հրապարակման հայտարարված օրվանից մոտ 1 տարի 7 ամիս հետո հրապարակելը, ինչպես նաև վճռի օրինակը դատավարության կողմերին օրենքով սահմանված ժամկետում չուղարկելը չի կարող որևէ մեկնաբանությամբ համարվել նվազ կարևոր: Տվյալ դեպքում Դատավորը չի դրսևորել պատշաճ ջանասիրություն, ինչի արդյունքում վերջինիս կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավանորմերի խախտում:

Խորհուրդը միաժամանակ արձանագրում է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտումը, այն է՝ դատական ակտը հայտարարված ժամկետից 1 տարի 7 ամիս հետո հրապարակելը և դատական ակտը կողմերին օրենքով սահմանված ժամկետում չուղարկելը, հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնի խախտման, մասնավորապես վերջինս թույլ է տվել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց) և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնների խախտում:

Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր՝ դիտավորություն և կոպիտ անփութություն:

Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:

Միաժամանակ որոշելու համար Դատավորի մեղքի ձևը՝ Խորհուրդը գտնում է, որ Դատավորն իրեն վերագրվող խախտումները կատարել է կոպիտ անփութությամբ, քանի որ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել, այնքանով, որքանով դատական ակտի տրամադրման խնդրանքներով դիմումների առկայության պայմաններում չի հիմնավորել դատավարական նորմով սահմանված ժամկետի խախտմանն իր առնչության բացակայությունը կամ այդպիսիք բացառելու առումով իր ջանասիրությունը: Դատարանի նման վարքագծի դրսևորումը անկողմնակալ դիտորդի տեսանկյունից կարող է ողջամտորեն կասկած հարուցել նաև Դատարանի անկախության ու անաչառության հարցում, դրանով իսկ նվազեցնելով հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ:

Վերոգրյալի հիման վրա Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումներն իրենց բնույթի և հետևանքների առումով հեղինակազրկում են դատական իշխանությունը։

Ինչ վերաբերում է Դատավորի կողմից թույլ տրված խախտումն Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ նվազ կարևորություն ունեցող համարելու մասին Դատավորի փաստարկին, ապա Խորհուրդը, անդրադառնալով նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումներին նշված հոդվածի վերաբերյալ, հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Այսպես, Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել հետևյալը.

1. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմն ունի ոչ միայն ձևական, այլև նյութական բաղադրիչ,

2. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմի նյութական բաղադրիչը պայմանավորված է խախտման կարևորության աստիճանով,

3. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմի նյութական բաղադրիչը՝ խախտման կարևորության աստիճանը, որպես հետևանք, պետք է կասկածի տակ դնի դատավորի համապատասխանությունն իր կարգավիճակին և հեղինակազրկի դատական իշխանությունը:

Խորհուրդը 2021 թվականի ապրիլի 05-ի թիվ ԲԴԽ-7-Ո-Կ-02 որոշմամբ նշել է. «(…) հաշվի առնելով դատավորի անկախության սահմանադրական և միջազգային իրավական պահանջները և այդ համատեքստում գնահատելու համար դատավորի կողմից կատարված իրավունքի խախտման ու դրանով պայմանավորված կարգապահական պատասխանատվության ենթարկելու առկայության կամ բացակայության իրավական հիմքը, որոշիչ նշանակություն է ձեռք բերում նրա կողմից կատարված իրավունքի խախտման կարևորության աստիճանը: (…)»:

Նույն որոշմամբ Խորհուրդն արձանագրել է, որ «(…) սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, որն իրականացվում է դատարանի կողմից օբյեկտիվ իրավունքի կիրառմամբ, իր հանրային իրավական ընկալման տիրույթում կոչված է ապահովելու գործող իրավակարգի անշեղ կենսագործումը: Այդ առումով իրավունքի յուրաքանչյուր խախտում այս կամ այն կերպ բացասաբար է անդրադառնում իրավակարգի բնականոն գործելու վրա: Միաժամանակ հարկ է նշել, որ կախված իրավախախտման հետևանքից, այն տարաբնույթ անդրադարձ կարող է ունենալ պետության իրավակարգի գործառնական խնդիրների լուծման վրա: Այն բոլոր դեպքերում, երբ իրավունքի խախտումն առաջ չի բերում որևէ սուբյեկտիվ իրավունքից զրկում կամ դրա սահմանափակում, ինչպես նաև իրավունքի սուբյեկտի մոտ չի առաջացնում օրենքով չնախատեսված պարտականություններ կամ այդպիսիք առաջանալու հնարավորություն, ապա իրավունքի նման խախտումը զանցակազմի նյութական բաղադրիչի առկայության պայմաններում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կարող է որակվել որպես նվազ կարևորություն ունեցող և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չհանդիսացող, թեկուզև այն առերևույթ պարունակել է կարգապահական խախտում համարվող արարքի հատկանիշներ (…)»:

Քննարկվող պարագայում Գործում առկա են Հայցվորի 2022 թվականի հունվարի 4-ի և մայիսի 11-ի Դատավորին ուղղված գրությունները, որոնցով վերջինս բարձրացրել է վճիռը Համակարգում տեղադրված չլինելու, դրա օրինակը Հայցվորին ուղարկված չլինելու հարցը՝ խնդրելով տրամադրել այն: Այսինքն, Դատավորը, ստանալով նշված դիմումները, հետամուտ չի եղել ու չի ձեռնարկել գործուն միջոցներ դրանցում նշված պահանջի կատարումն ապահովելու համար, ինչի արդյունքում դատավարության մասնակիցները տևական ժամանակահատված զրկված են եղել Գործով վեճի լուծման արդյունքի վերաբերյալ տեղեկանալու, ըստ այդմ իրենց իրավունքներն իրացնելու հնարավորությունից, որպիսի հանգամանքները ևս Խորհրդի գնահատմամբ բացառում են արարքը նվազ կարևոր որակելու հնարավորությունը:

Խորհուրդը, անդրադառնալով Դատավորի ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ կայացված արձանագրային որոշումների հիմնավորումների բացահայտմանը, հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Խորհրդի անդամ Ե. Թումանյանցին բացարկ հայտնելու վերաբերյալ Դատավորի ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդության մասով Խորհուրդն արձանագրել է, որ միջնորդաբեր կողմը չի ներկայացրել բավարար ապացույցներ, այն մասին որ Ե. Թումանյանցը որևէ մասնակցություն կամ առնչություն է ունեցել Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցմանն ու հետագա գործընթացներին:

Իսկ Խորհրդի անդամներ Ե. Թումանյանցին, Դ. Խաչատուրյանին, Վ. Քոչարյանին բացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդության մասով Խորհուրդն արձանագրել է, որ այն առավելապես վերաբերում է սահմանադրական իրավակարգավորումներին, որոնց վերաբերյալ իրավական գնահատականներ տալու լիազորությամբ Խորհուրդն օժտված չէ:

Ինչ վերաբերում է կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդությանը, ապա Խորհուրդն արձանագրել է, որ Օրենսգրքի 147-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված են վարույթ հարուցած մարմնի կողմից կարգապահական վարույթը կարճելու հիմքերը, որոնց մեջ Դատավորի վկայակոչած հանգամանքն առկա չէ, ինչի պարագայում որևէ կերպ չի ստվերվում կարգապահական վարույթի հարուցման օրինականությունը:

Անդրադառնալով կարգապահական վարույթը՝ ժամկետը լրացած լինելու հիմքով կարճելու վերաբերյալ միջնորդությանը՝ Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված դատավարական նորմի խախտումն ավարտվել է դատական ակտը Համակարգում հրապարակելու օրը և դրան հաջորդող ժամանակահատվածում, Արդարադատության նախարարի կողմից վարույթի հարուցմամբ չի խախտվել Օրենսգրքի 144-րդ հոդվածով սահմանված՝ վարույթ հարուցելու մեկամյա ժամկետը:

Հիշյալ պայմաններում, Խորհուրդն արձանագրում է, որ բացակայում է կարգապահական վարույթը կարճելու որևէ հիմք, իսկ Դատավորը ենթակա է կարգապահական պատասխանատվության։ Միևնույն ժամանակ, տույժի տեսակը որոշելիս Խորհուրդը հաշվի է առնում նաև այն, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը,

՛

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1․ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին հայտարարել նկատողություն:

2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

___________________________

1 Տե՛ս, Cases of H. v. France, application no. 10073/82, 24/10/1989, and Katte Klitsche de la Grange v. Italy, application no. 12539/86, 27/10/1994, StՓgmՖller v. Austria (1602/62) գործով Եվրոպական դատարանի 10.11.1969 թվականի վճիռը, H. v. France (10073/82) գործով Եվրոպական դատարանի 24.10.1989 թվականի վճիռը)

2 Տե՛ս, Դատավորի վարքագծի բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունները, կետ 207, 209, https://www.unodc.org/documents/nigeria/publications/Otherpublications/Commentry_on_the_Bangalore_principles_of_Judicial_Conduct.pdf

 

Բարձրագույն դատական խորհրդի անդամներ`

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ե. Թումանյանց

Դ Խաչատուրյան

 

Ն. Հովսեփյան

 

Մ Մակյան

 

Ա. Մխիթարյան

 

Վ. Քոչարյան

 

Ս. Չիչոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2022 թվական: