ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 2022 թվականի N 710-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-245-27.04.2022-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
19.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-245-27.04.2022-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) 1-ին հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 3.1-ին հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ, որով սահմանվում է, որ աշխատանքային հարաբերությունների իրացման ընթացքում խտրականություն է համարվում նաև հաշմանդամություն ունեցող անձանց խելամիտ հարմարեցումներ չտրամադրելը:
Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ ենթակետում նախատեսվում է օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելուց հետո աշխատողն իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման կամ նույն գործատուի մոտ այլ աշխատանքի անցնելու նպատակով կարող է դիմել գործատուին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված խելամիտ հարմարեցումներ ստանալու նպատակով:»:
Նախագծի հիմնավորման համաձայն՝ օրենքի ընդունումը պայմանավորված է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանության իրավական հիմքերի հստակեցման և ներպետական օրենսդրության ներդաշնակեցման անհրաժեշտությամբ:
Այդ առումով հարկ է նշել, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով սահմանվում է հաշմանդամության հիմքով խտրականության հասկացությունը, մասնավորապես «հաշմանդամության հիմքով խտրականություն՝ իրական կամ ենթադրյալ հաշմանդամության պատճառով ցանկացած տարբերակում, բացառում, սահմանափակում կամ նախապատվություն, որի նպատակը կամ արդյունքը քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և (կամ) ցանկացած այլ ոլորտում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումը և (կամ) մյուսների հետ հավասար հիմունքներով օրենքով սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման և (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումն է: Հաշմանդամության հիմքով խտրականությունը ներառում է նաև խելամիտ հարմարեցումների ապահովման մերժումը.»:
Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում հաշմանդամություն ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա կատարվում է խելամիտ հարմարեցում գործատուի կամ ուսումնական հաստատության ղեկավարի (այսուհետ՝ պարտականություն կրող) հետ երկխոսության միջոցով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ինտերակտիվ երկխոսությունից հետո առաջացած անհամաձայնության դեպքում խելամիտ հարմարեցումների ապահովման պարտականություն կրողը պետք է ներկայացնի օբյեկտիվ հիմնավորում (գրավոր), իսկ 4-րդ մասի համաձայն՝ պարտականություն կրողը կարող է մերժել խելամիտ հարմարեցումների տրամադրումը, չառաջացնելով հաշմանդամության հիմքով խտրականություն, եթե հիմնավորում է, որ այն իրագործելի չէ (իրավական և (կամ) գործնական տեսանկյուններից), համապատասխան չէ (խելամիտ հարմարեցումը չի համապատասխանում նպատակին կամ անհրաժեշտ չէ), օգտագործված միջոցների (ժամանակի, արժեքի, տևողության և ազդեցության) առումով անհամաչափ է կամ առաջացնում է անհարկի բեռ:
Ելնելով վերոգրյալից հարկ է նշել, որ օրենքում արդեն իսկ սահմանված են հաշմանդամություն ունեցող անձանց համար խելամիտ հարմարեցումներ ապահովելու մասին դրույթներ, որոնք չեն հակասում օրենսգրքի նշված դրույթներին և լրացնում են օրենսգրքում նշված կարգավորումների բացը:
Միաժամանակ, հարկ է նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները և ներքին հակասությունները: Նույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն մարմնի ընդունած նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում չպետք է անհիմն կրկնվեն գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված նորմերը:
Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նախատեսվում է օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասից հանել «և հաշմանդամության կարգը որոշվելու» բառերը: Այդ առումով հարկ է նշել, որ գործող օրենսգրքում սահմանված է՝ «Աշխատողի աշխատունակությունը չվերականգնվելու և հաշմանդամության կարգը որոշվելու դեպքում գործատուն սույն գլխով նախատեսված հիմքերով կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը:»:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում` նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով: Ստացվում է, որ վերոնշյալ երկու պայմանների՝ աշխատողի աշխատունակությունը չվերականգնվելու և հաշմանդամության կարգը որոշվելու առկայության դեպքում գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը: Հանելով վերոնշյալ դրույթը՝ գործատուն ավելի հեշտ կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը՝ հիմք ընդունելով միայն աշխատողի աշխատունակությունը չվերականգնվելու պայմանը խնդրահարույց է:
Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող կարգավորումները հակասում են միմյանց, ինչն օրենսգրքի փոփոխությունների և լրացման անհրաժեշտություն է առաջացրել: Այդ առումով հարկ ենք համարում նշել, որ հիշյալ օրենքների նշված դրույթներում բացակայում են հակասությունները:
Նախագծին կից ներկայացված հիմնավորումից հնարավոր չէ լիարժեք ձևով գնահատել ներկայացված նախագծի արդյունավետությունը, քանի որ բացակայում են ընթացիկ իրավիճակի, խնդիրների, տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության և ակնկալվող արդյունքի համապատասխան վերլուծությունները, ինչն էական նշանակություն և կարևորություն ունի ներկայացված առաջարկությունների հիմնավորվածությունը լիարժեք ձևով գնահատելու համար:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ–1176 որոշմամբ անդրադառնալով օրենքների հիմնավորվածությանը, արձանագրել է. «սահմանադրական դատարանը կարևորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսևորում և հայեցողության ընդլայնում։»:
Այս առումով ևս գտնում ենք, որ նախագծից և նախագծին կից ներկայացված հիմնավորումից լիարժեք չի բացահայտվում օրենսգրքի փոփոխման օբյեկտիվ անհրաժեշտությունը:
Վերոգրյալի համատեքստում գտնում ենք, որ նախագծի 1-ին և 2-րդ հոդվածների կարգավորումները խնդրահարույց են և առաջարկում ենք վերանայել առաջարկվող կարգավորումները:
2. Միաժամանակ ստորև ներկայացվում են նախագծի վերաբերյալ տեխնիկական բնույթի որոշ առաջարկություններ. Մասնավորապես, նախագծի՝
1) 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները.
2) 2-րդ հոդվածի 3-րդ մասում «սահմանված» բառից հետո առաջարկում ենք լրացնել «կարգով» բառը.
3) 4-րդ հոդվածում «նախադասությում» բառն անհրաժեշտ է փոխարինել «պարբերությունում» բառով՝ նկատի ունենալով, որ նախագծի նշված հոդվածով փոփոխությունն առաջարկվում է օրենսգրքի 144-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունում.
4) 5-րդ հոդվածում նախատեսվում է «հիվանդությամբ տառապող» բառերը փոխարինել «հիվանդություն ունեցող» բառերով:
Այդ առումով հայտնում ենք, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում կիրառվում է «հիվանդությամբ տառապող» հասկացությունը.
5) 7-րդ հոդվածով նախատեսվող փոփոխությունում կիրառվում է` «Հաշմանդամության ունեցող անձանց համար աշխատատեղի հարմարեցման ապահովումը (աշխատավայրում խելամիտ հարմարեցումներ տրամադրելը)» բառերը, մինչդեռ, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ աշխատատեղը մատչելի դարձնելը նույնացվում է աշխատավայրում խելամիտ հարմարեցումներ տրամադրելու հետ:
Այս առումով գտնում ենք, որ «աշխատատեղի հարմարեցման ապահովումը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «աշխատատեղը մատչելի դարձնելը» բառերով.
6) 8-րդ հոդվածն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Օրենսգրքի 259-րդ հոդվածի վերնագրում և տեքստում «հաշմանդամների» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով.
7) 9-րդ հոդվածում «հրապարակման» բառից առաջ անհրաժեշտ է լրացնել «պաշտոնական» բառը՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի պահանջների:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագիծը ներկայացված դիտողությունների համատեքստում վերանայման և խմբագրման կարիք ունի: