ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2020 թվականի N 89-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-394-28.11.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունվարի 30 Երևան |
|
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-394-28.11.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:
Նախագծում ներկայացված հիմնավորումից բխում է, որ առաջարկվող խրախուսական նորմ նախատեսելը պայմանավորված է օրենսգրքի 338.1-ին հոդվածի 3-րդ մասում խրախուսական նորմի առկայությամբ:
Հարկ է ընդգծել, որ անհրաժեշտ է 338.2-րդ հոդվածը դիտարկել օրենսգրքի 325-րդ հոդվածի՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հանցակազմի կարգավորման համատեքստում, իսկ 338.1-ին հոդվածը՝ 338-րդ հոդվածի՝ սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալու, կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու հանցակազմի համատեքստում:
Այսպես, օրենսգրքի 338-րդ հոդվածով սահմանված հանցակազմի 3-րդ մասում ամրագրված է խրախուսական նորմ, որի համաձայն՝ «Անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե իր արարքը նշանակություն չէր կարող ունենալ գործի լուծման համար կամ (…)»: Նշված խրախուսական նորմը բովանդակային առումով ամրագրում է ստացել նաև օրենսգրքի 338.1-ին հոդվածում՝ այն պատճառով, որ 338.1-ին հոդվածի կարգավորման առարկան իր բնույթով նմանվում է օրենսգրքի 338-րդ հոդվածով սահմանված սուտ ցուցմունք տալու հանցակազմին:
Ինչ վերաբերում է օրենսգրքի 338.2-րդ հոդվածով նախատեսված հանցակազմին, ապա հարկ է նշել, որ այն կարող է կատարվել նոտարին կեղծ փաստաթուղթ ներկայացնելու միջոցով: Հետևաբար, այն որոշ դեպքերում բովանդակային առումով նմանվում է օրենսգրքի 325-րդ հոդվածին (ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելուն), որում բացակայում է նախագծով առաջարկվող իրավակարգավորմանը նմանվող նորմը:
Միաժամանակ հարկ է նշել, որ օրենսգրքի 338.2-րդ հոդվածում նախագծով առաջարկվող նորմի բացակայության պայմաններում, կոնկրետ գործի հանգամանքները հաշվի առնելով, իրավակիրառ մարմինները կարող են կիրառել օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում առկա իրավակարգավորումները:
Հետևաբար, այն բոլոր դեպքերում, երբ նոտարին սուտ տեղեկություններ հաղորդելն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինքն` ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանն էական վնաս չի պատճառում և չէր կարող պատճառել, անձը չի ենթարկվի քրեական պատասխանատվության՝ օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով:
Հիմք ընդունելով շարադրվածը՝ առաջարկում ենք նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ: