Գլխավոր տեղեկություն
Номер
N 1284-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.10.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.10.02/67(1520) Հոդ.861
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.09.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
26.09.2019
Дата вступления в силу
12.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2019 թվականի N 1284-Ն

 

ՈՐՈՇԱԿԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական տուրքի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի, ինչպես նաև հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ 2019 թվականի հոկտեմբերի 6-9-ը կայանալիք` տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (այսուհետ՝ համաժողով) մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների պատվիրակությունների ղեկավարներին և նրանց ուղեկցող անձանց ազատել Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

2. Սահմանել, որ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա քաղաքացիները, որոնք ներառված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշմամբ հաստատված ցանկում և չեն մտնում սույն որոշման 1-ին կետում նշված պաշտոնական պատվիրակությունների մեջ, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում:

3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվությունն ստացվելուն պես` համապատասխան ցուցակով, անհապաղ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն:

4. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված անձինք ազատվում են մուտքի վիզայի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև 2019 թվականի նոյեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ներկայացնել հաշվետվություն սույն որոշման 4-րդ կետում նշված պետական տուրքի չափի մասին:

6. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` սույն որոշման 5-րդ կետում նշված հաշվետվությունն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից այդ հաշվետվության մեջ նշված գումարի չափով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը սույն որոշման 5-րդ կետում նշված պետական տուրքի վճարումից ազատված մուտքի վիզաների համար նախատեսված պետական տուրքի գումարների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով գումար հատկացնելու վերաբերյալ:

7. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված անձինք առանց Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում 2019 թվականի հոկտեմբերի 3-11-ը, իսկ 2-րդ կետում նշված օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզան տրվում է 2019 թվականի հոկտեմբերի 3-11-ը ժամկետով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. սեպտեմբերի 26

Երևան