ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՔՐԴ/0594/01/08 ԿԴ1/0014/01/12
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ` դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ` |
Մ. Ավագյանի |
2018 թվականի դեկտեմբերի 25-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում քննության առնելով դատապարտյալ Գևորգ Սարգսի Մհերյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի ապրիլի 3-ի դատավճռով (թիվ ԵՔՐԴ/0594/01/08 քրեական գործով) Գևորգ Սարգսի Մհերյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1-րդ կետերով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ, և ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1-րդ կետերով դատապարտվել է ազատազրկման՝ 6 (վեց) տարի ժամկետով` գույքի լրիվ բռնագրավմամբ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ազատազրկման՝ 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ պատիժների լրիվ գումարման կանոնի կիրառմամբ Գ.Մհերյանը դատապարտվել է ազատազրկման` 8 (ութ) տարի ժամկետով` գույքի լրիվ բռնագրավմամբ: Նույն դատավճռով Գ.Մհերյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 103-րդ հոդվածի կիրառմամբ նշանակվել է հարկադիր բուժում ազատազրկման ընթացքում ափիոնային թմրամոլության բուժման նպատակով:
Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2008 թվականի հոկտեմբերի 25-ից:
2. Ամբաստանյալ Գ.Մհերյանի պաշտպան Ա.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2009 թվականի մայիսի 22-ի որոշմամբ բողոքը մերժել է, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի ապրիլի 3-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:
2.1 Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2011 թվականի հունիսի 20-ի որոշմամբ Գ.Մհերյանի վերաբերյալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի ապրիլի 3-ի դատավճիռը վերանայել է, դրանից հանել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ին ընդունված ՀՕ-143-Ն ՀՀ օրենքի 25-րդ հոդվածով ուժը կորցրած ճանաչված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-րդ կետը, մնացած մասով դատավճիռը՝ թողել անփոփոխ:
3. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի մայիսի 16-ի դատավճռով (թիվ ԿԴ1/0014/01/12 քրեական գործով) Գ.Մհերյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ՝ դատավճիռների համակցությամբ, նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի ապրիլի 3-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումը, և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 8 (ութ) տարի ժամկետով:
Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2012 թվականի մայիսի 16-ից:
4. Դատապարտյալ Գևորգ Մհերյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2018 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Գ.Մհերյանը Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի ապրիլի 3-ի դատավճռով դատապարտվել է այն բանի համար, որ. «(…) նախկինում թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու համար դատապարտված լինելով և դատվածությունը չմարված, կրկին անգամ ապօրինի ձեռք է բերել ու իրացրել թմրամիջոց: Այն է. 2008 թվականի հոկտեմբերի 24-ին Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 11 շենքի հարևանությամբ գտնվող այգում, գործով չպարզված ոմն Վիլիից, 100.000 ՀՀ դրամով, ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերի հասնող 10.7 գրամ քաշով ափիոն տեսակի թմրամիջոց, որից խոշոր չափերի հասնող 1,35 գրամը 20.000 ՀՀ դրամով նույն օրը վաճառելու եղանակով ապօրինի իրացրել է Հրազդան քաղաքի բնակիչ, սույն գործով մեղադրյալ Խաչատուր Մանվելի Ներսիսյանին, որն էլ նշված ափիոն տեսակի խոշոր չափերի հասնող 1,35 գրամ քաշով թմրամիջոցը ապօրինի ձեռք է բերել և պահել: (...)»1:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.
6. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:
7. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին և փոփոխել իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը կամ ազատել հետագա պատիժը կրելուց` արարքի ապաքրեականացման հիմքով:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյոք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Գ.Մհերյանի վերաբերյալ ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը վերանայելու համար:
9. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:
ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:
10. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն2:
11. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)»:3
Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»4:
12. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։
13. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն`
«1.Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
(…)
2) խոշոր չափերով, (…)
պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: (…)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝
պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով։
2. Նույն արարքները, որոնք կատարվել են`
(...)
2) խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:
3. Նույն արարքները, որոնք կատարվել են առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով»:
Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.1 գրամից մինչև 0.5 գրամը, որպես խոշոր չափ՝ 0.5 գրամից մինչև 10.0 գրամը ներառյալ, որպես առանձնապես խոշոր չափ՝ ավելի քան 10.0 գրամը:
Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ՝ 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ, որպես առանձնապես խոշոր չափ՝ ավելի քան 12.5 գրամը:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Գևորգ Մհերյանը՝
- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է խոշոր չափերի 1.35 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցն ապօրինի վաճառելու համար,
- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել է առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 10.7 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց 2008 թվականի հոկտեմբերի 24-ին ձեռք բերելու և պահելու համար5:
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները բարելավում են դատապարտյալ Գ.Մհերյանի վիճակը և հիմք են նրա արարքների իրավական որակման փոփոխության։
Մասնավորապես, «ափիոն» տեսակի թմրամիջոցի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերի նվազագույն և առավելագույն սահմանների փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 1.35 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է, իսկ 10.7 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե առանձնապես խոշոր, այլ խոշոր չափի է: Ուստի` դատապարտյալ Գ.Մհերյանին մեղսագրված արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասին և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին։ Նման պայմաններում թմրամիջոցի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Գ.Մհերյանի կողմից կատարված հանցանքների վրա, քանի որ դրանք բարելավում են վերջինիս վիճակը:
16. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Գ.Մհերյանի վերաբերյալ ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը վերանայելու համար։
17. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների դատական ակտերը, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի ապրիլի 3-ի դատավճռով Գ.Մհերյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և այդ հոդվածի սանկցիաների շրջանակներում որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով, իսկ նույն դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և այդ հոդվածի սանկցիաների շրջանակներում որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ հաշվի առնելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև գործի նյութերում առկա` Գ.Մհերյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններով` նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով, Գ.Մհերյանի նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:
Վերոգրյալի հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև բեկանել և փոփոխել Գ.Մհերյանի վերաբերյալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի մայիսի 16-ի դատավճիռը` ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով նշանակված պատժի մասով, դատապարտյալ Գ.Մհերյանի նկատմամբ նշված դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նշանակված 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկում պատժին ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ մասնակի գումարել նշանակված 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով պատժի` 2012 թվականի մայիսի 16-ի դրությամբ չկրած` 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 9 (ինը) օր մասից 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և դատապարտյալ Գ.Մհերյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Միևնույն ժամանակ, պատժի սկիզբը հաշվելով 2012 թվականի մայիսի 16-ից` Գ.Մհերյանին պետք է անհապաղ ազատ արձակել` սահմանված պատիժը կրած լինելու հիմքով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Գևորգ Սարգսի Մհերյանի վերաբերյալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի ապրիլի 3-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2009 թվականի մայիսի 22-ի որոշումը, ինչպես նաև Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի մայիսի 16-ի դատավճիռը նոր հանգամանքի հիմքով վերանայել:
2. Դատապարտյալ Գևորգ Սարգսի Մհերյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի ապրիլի 3-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2009 թվականի մայիսի 22-ի որոշումը, ինչպես նաև Գևորգ Սարգսի Մհերյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի մայիսի 16-ի դատավճիռը` ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով նշանակված պատժի մասով, բեկանել ու փոփոխել:
3. Գևորգ Սարգսի Մհերյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով:
Գևորգ Սարգսի Մհերյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններով` նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով, Գևորգ Սարգսի Մհերյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:
4. Դատապարտյալ Գևորգ Սարգսի Մհերյանի նկատմամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի մայիսի 16-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նշանակված` 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկում պատժին ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ մասնակի գումարել նշանակված 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով պատժի` 2012 թվականի մայիսի 16-ի դրությամբ չկրած` 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 9 (ինը) օր մասից 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և դատապարտյալ Գևորգ Սարգսի Մհերյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:
5. Պատժի սկիզբը հաշվել 2012 թվականի մայիսի 16-ից և Գևորգ Սարգսի Մհերյանին անհապաղ ազատ արձակել` սահմանված պատիժը կրած լինելու հիմքով։
6. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
7. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
__________________
1 Տե՛ս թիվ ԵՔՐԴ/0594/01/08 քրեական գործ, հատոր 2, թերթեր 223-228:
2 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։
3 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:
4 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:
5 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
Նախագահող` |
Լ. Թադևոսյան |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան |
Ս. Ավետիսյան | |
Ե. Դանիելյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |