ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 ապրիլի 2019 թվականի N 362-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱՎՃԱՐՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. ապրիլի 10 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 362-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱՎՃԱՐՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հայաստանում վերջին տասնամյակների ընթացքում արձանագրվում են ավելի մեծ հաճախականությամբ կրկնվող հիդրոօդերևութաբանական մի շարք երևույթներ, այդ թվում՝ նաև կարկտահարությունը: Վերջինիս ազդեցությունը կարող է որոշակիորեն չեզոքացվել մարդու նպատակային գործունեության արդյունքում, սակայն դրա համար պահանջվում են մեծածավալ կապիտալ ներդրումներ:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությանը մեծ վնաս են հասցնում հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները (երաշտ, խորշակ, կարկտահարություն, ցրտահարություն), որոնց հաճախականությունը և տևողությունը վերջին տասնամյակներում կլիմայի փոփոխության հետ կապված աճման միտում ունի: Վերջին տարիներին երաշտից, կարկուտից, հեղեղումներից, գարնանային ցրտահարություններից և սելավներից գյուղատնտեսությանը հասցված ամենամյա վնասը գնահատվում է շուրջ 15-30 մլրդ դրամ: Ընդ որում, վնասի զգալի մասը բաժին է ընկնում կարկտահարությանը: Կլիմայի փոփոխության սցենարների համաձայն, հնարավոր է գարնանը և ամռանն աճի ամպրոպների և կարկտի ուղեկցությամբ անկայուն եղանակների հաճախականությունը:
3. Աշխարհի տարբեր երկրներում կիրառվում են կարկուտի դեմ ակտիվ ներգործության տարբեր եղանակներ, մասնավորապես, այդ երևույթի դեմ պայքարի համար կիրառվում են հրետանային, գազագեներատորային, հրթիռային, ինքնաթիռային, գեներատորային, էլեկտրաֆիզիկական մեթոդները: Դրա հետ մեկտեղ գյուղատնտեսական մշակաբույսերը կարկուտից պաշտպանում են նաև պոլիմերային հիմք ունեցող ցանցերով, որը համարվում է հակակարկտային պաշտպանության պասիվ եղանակ և կիրառվում է բազմաթիվ երկրներում: Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 15 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել՝ Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցակարգը, որով, այլ մեթոդների հետ միասին, նշվում է կարկտապաշտպան ցանցային համակարգերի (այսուհետ՝ կարկտապաշտպան ցանցեր) կիրառման համար նպաստավոր պայմանների ստեղծումը: Վերջինիս իրականացման նպատակով անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող պետական աջակցության ծրագրի իրագործումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԸ
1. Գյուղատնտեսական արտադրության կազմակերպման առումով, բնատնտեսական և այլ առանձնահատկություններով պայմանավորված, ոլորտը հանդիսանում է բարձր ռիսկային: Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրությունը կազմակերպվում է ընդարձակ տարածքների վրա, բազմաբնույթ ուղղություններով, որը լրացուցիչ ծախսեր և ջանքեր է պահանջում բնակլիմայական աղետների կառավարման համար:
2. Գյուղատնտեսության ոլորտի ռիսկերի մեղմման գործընթացում ռազմավարական մեծ նշանակություն ունի կարկտահարության դեմ պայքարը, հաշվի առնելով նաև այն փաստը, որ մթնոլորտային վտանգավոր երևույթներից տնտեսությանն ամենամեծ վնասը հասցնում է կարկտահարությունը: Հետևապես, անհրաժեշտ է շեշտակի զարգացնել տվյալ ուղղությունը, մասնավորապես, ընդլայնել պաշտպանվող տարածքները, բարձրացնել կարկտապաշտպան միջոցառումների արդյունավետությունը, փորձարկել ու ներդնել կարկտապաշտպան նոր միջոցներ:
3. Հակակարկտային ծառայությունը հանրապետությունում ստեղծվել է 1964 թվականին: 1980-ական թվականներին այն ընդգրկում էր 11 հակակարկտային ռազմականացված կենտրոն` 60 հրթիռահրետանային մարտկոցներով: Հանրապետության 15 վարչատարածքային շրջանների ավելի քան 1,0 մլն հեկտար ընդհանուր տարածքի վրա տարվում էին կարկուտի դեմ պայքարի աշխատանքներ: 1992 թվականից հակակարկտային պաշտպանության աշխատանքները դադարեցվել են՝ ֆինանսական հատկացումների բացակայության պատճառով:
4. Հաշվի առնելով կարկտապաշտպան աշխատանքների խիստ կարևորությունն ու անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի N 467-Ն որոշմամբ ստեղծվել է «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որը վերակազմակերպվել է «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության, որի կառավարման լիազորությունները վերապահվել են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
5. 2014 թվականի սկզբին գործում էին 2 ռադիոլոկացիոն կայան և 154 հակակարկտային կայանք, որից 145-ը ռադիոմոդեմային, իսկ 9-ը՝ շարժական՝ առանձնացված ՎՊՆ-ՎԼԱՆ (VPN-VLAN) կապուղիով: 2014 թվականին տեղադրվեցին 80 «Զենիթ» տիպի ԳՍՄ-ՍՄՍ (GSM-SMS) կարճ հաղորդագրությունների միջոցով կառավարվող հակակարկտային կայանքներ՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի (7 կայանք), Արմավիրի (50 կայանք), Արարատի (18 կայանք) և Լոռու (5 կայանք) մարզերում: Միասնական կառավարման համակարգի լիարժեք գործունեությունն ապահովելու նպատակով ստեղծվեց Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում տեղակայված հակակարկտային կայանքների միասնական կառավարման համակարգ, որով 2014-2015 թվականների ընթացքում միասնական կառավարման վերցվեցին վերոնշյալ կայանքները, որի արդյունքում զգալիորեն բարձրացավ հակակարկտային ներգործության աշխատանքների արդյունավետությունը:
6. 2015 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում հակակարկտային ներգործության աշխատանքներն իրականացվել են 2 ռադիոտեղորոշիչով և 435 հակակարկտային կայանքով, իսկ 2016 թվականին` 496 կայանքի միջոցով: Ներկայումս հակակարկտային կայանքներով պաշտպանված է Հայաստանի Հանրապետության մշակվող տարածքների շուրջ 8%-ը:
7. Մինչև 1992 թվականը կարկտապաշտպան աշխատանքների արդյունավետությունը կազմել է 94%, իսկ ստացված եկամուտները գերազանցել են ծախսերն ավելի քան 5 անգամ: Համաձայն Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Լոռու ռադիոլոկացիոն հակակարկտային կայանների 2015 թվականի տվյալների, կարկտահարության դեպքերի ընդհանուր թիվը չպաշտպանվող տարածքներում կազմել է 111, իսկ պաշտպանվող տարածքներում՝ 9, իսկ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Արմավիրի մարզերի 16 գյուղերում տեղակայված 30 հակակարկտային գազագեներատորային կայանքների ռադիոմոդեմային հեռակառավարման մեթոդով պաշտպանության տակ վերցված շուրջ 2500 հեկտար գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանության ֆիզիկական արդյունավետությունը 2009 թվականի տվյալներով կազմել է 55-75%:
8. Կարկտապաշտպան արդյունավետ միջոց է համարվում նաև հրթիռային եղանակի ներդրումը, ինչի դեպքում անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության տարածքում կամայականորեն տեղակայված գազագեներատորային հակակարկտային կայանքները վերազինել և տեղակայել սահմանամերձ գոտիներում, ինչը կկանխարգելի հանրապետության տարածք ներթափանցող մթնոլորտային ճակատային գործընթացների հետագա զարգացումը: Արդյունքում, կնվազի լրացուցիչ գազագեներատորային հակակարկտային կայանքների ձեռքբերման անհրաժեշտությունը, իսկ սահմանամերձ գոտիներում պաշտպանության տակ կվերցվի ավելի մեծ տարածք, ինչը թույլ կտա զգալիորեն նվազեցնել կարկտահարության հետևանքով գյուղատնտեսությանը պատճառվող վնասը:
9. Կարկտապաշտպան ցանցաշերտերի տեղակայումը երաշխավորված բերքի ապահովման համար հուսալի միջոց է հատկապես խաղողի և պտղատու այգիներում (այսուհետ՝ այգի): Ներկայումս հանրապետության շուրջ 120-130 հեկտար տարածքներում տեղադրվել են կարկտապաշտպան ցանցեր, որոնց կիրառման արդյունավետությունը կազմում է գրեթե 100%: 2013 թվականին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի (CARD) «Շուկաներ Մեղրիի համար» ծրագրի, «Միացյալ ազգերի զարգացման ծրագրի» (UNDP) և «Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի» համատեղ ջանքերով նմանատիպ փորձարկում է իրականացվել Մեղրիի տարածաշրջանի Ալվանք համայնքում, որտեղ ցանցապատվել է 400 մ2 խաղողի լարային այգի: «Միացյալ ազգերի զարգացման ծրագրի» «Աղետների ռիսկերի նվազեցման ծրագրով» Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Տավուշի համայնքում կատարվել է 0.45 հա խաղողի այգու ցանցապատում: Վերջին երեք տարիներին այն ապահովել է բարձր արդյունքներ:
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
10. Գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողները տարբեր բնական աղետների, այդ թվում` կարկտահարության, պատճառով զգալի կորուստներ են կրում:
11. Յուրաքանչյուր տարի կարկտահարության պատճառով վնասվում է հանրապետության այգետարածքների 10-15%-ը, որոշ դեպքերում կարկտահարված տարածքներում բերքի կորուստը կազմում է 80-100%: Կարկտահարությունից վնասված բերքը կորցնում է ապրանքային տեսքը, որի պատճառով դժվարանում է դրա իրացումը, զգալիորեն նվազում են տնտեսավարողների եկամուտները: Ուժեղ կարկտահարված այգիների վերականգնման համար պահանջվում է առնվազն մեկ տարի և լրացուցիչ ֆինանսական ներդրումներ` այգիներում լրացուցիչ էտի, պարարտացման և ագրոտեխնիկական այլ միջոցառումների իրականացման համար:
12. 2015-2018 թվականներին կարկտահարությունից տուժած մարզերի և համայնքների քանակի և դրանց կրած վնասի չափերը ներկայացված են N 1 աղյուսակում։
13. Հակակարկտային ակտիվ ներգործության մեթոդների հետ միասին կարևորվում է կարկտապաշտպան ցանցերի տեղակայումը:
Աղյուսակ N 1
Տարի |
Տուժած մարզերը |
Տուժած համայնքների թիվը |
Վնասված պտղատու և խաղողի տնկարկների տարածքը, հա |
Վնասի չափը, մլրդ դրամ* |
2015 |
8 |
82 |
2900 |
3.585 |
2016 |
7 |
151 |
9135.5 |
16.348 |
2017 |
7 |
74 |
2990 |
4.681 |
2018 |
7 |
104 |
1762.9 |
2.712 |
* Որոշ համայնքներում այգիները կարկտահարվել են 2-3 անգամ:
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
14. Ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսության ոլորտի կորուստների ռիսկերը մեղմելու նպատակով պետական աջակցության միջոցով գյուղատնտեսությունում տնտեսավարողների կողմից կարկտապաշտպան ցանցերի ներդրման խթանումն է, որը կհանգեցնի պտղատու և խաղողի այգիների կարկուտից արդյունավետ պաշտպանությանը, տնտեսավարողների եկամուտների աճի ու այգեգործության արդյունավետության բարձրացմանը:
15. Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է`
1) կատարել կարկտապաշտպան ցանցերի ներդրման խոչընդոտների գնահատում և դրանց մեղմման հնարավորությունների կիրառում.
2) գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար պետական աջակցության ցուցաբերում՝ նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով.
3) կատարել կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար պահանջվող վարկային միջոցների և վարկի տոկոսի սուբսիդավորվող մասի գնահատում.
4) հստակեցնել կարկտապաշտպան ցանցերի ներդրման գործընթացում վարկերի սուբսիդավորման ձևը.
5) առաջադրել ծրագրի մոնիթորինգի իրականացման մեխանիզմներ.
6) կատարել ծրագրի ռիսկերի գնահատում:
ԾՐԱԳՐԻ ՏԱՐԱԾՔԸ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
16. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
17. Ծրագրի շրջանակում պետական աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 10 հեկտար այգիներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար:
ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
18. Ծրագրի մասնակիցներն են`
1) շահառուները՝ կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար սույն ծրագրի պայմաններին համապատասխան պայմանագիր կնքած ֆիզիկական, իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվները (այսուհետ՝ կոոպերատիվներ).
2) ցանկացած բանկ կամ վարկային կազմակերպություն (այսուհետ՝ Ֆինանսական կառույց), որը սույն ծրագրի պայմաններին համապատասխան վարկ է տրամադրում շահառուներին և բավարարում է ծրագրի պահանջներին.
3) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը (այսուհետ՝ ԳՖԿ).
4) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).
5) կապալառուն՝ նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված մասնագիտացված կազմակերպությունը, որը կիրականացնի կարկտապաշտպան ցանցերի տեղակայման (մոնտաժման) աշխատանքները, շահառուներին կմատուցի խորհրդատվություն կարկտապաշտպան ցանցերի օգտագործման և սպասարկման ուղղությամբ, կիրականացնի կարկտապաշտպան ցանցերի երաշխիքային սպասարկում առնվազն մեկ տարի ժամկետով:
ԾՐԱԳՐԻ ԲՅՈՒՋԵՆ
19. Ծրագրի իրականացման ֆինանսավորման աղբյուրը պետական բյուջեն է:
20. Կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար պետական աջակցությունը կտրամադրվի վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման եղանակով:
21. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման պայմանները`
1) վարկերի տոկոսադրույքը սուբսիդավորվում է այնպիսի չափաքանակով, որ՝
ա. շահառուին վարկը հասանելի լինի 2% տոկոսադրույքով,
բ. առնվազն 3 հա կարկտապաշտպան ցանցեր ներդնող կոոպերատիվներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող շահառուներին (այսուհետ՝ սահմանամերձ համայնքների շահառուներ) վարկը հասանելի լինի 0% տոկոսադրույքով.
2) վարկերի տրամադրման պայմանները՝
ա. տոկոսադրույք՝ առավելագույնը 12%,
բ. սուբսիդավորում՝ առավելագույնը 10% տնտեսվարողների համար, և առավելագույնը 12% սահմանամերձ համայնքների շահառուների և կոոպերատիվների համար,
գ. վարկի հետ կապված ֆինանսական կառույցների ծառայությունների այլ վճարներ չեն նախատեսվում,
դ. մարման ժամկետ՝ 7 տարի,
ե. արտոնյալ ժամանակահատված՝ 1 տարի,
զ. վարկի մարման գործընթացն իրականացվում է մայր գումարի ամսական վճարման եղանակով, վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի հաշվով,
է. վարկառուի կողմից վարկի մայր գումարի ժամկետից շուտ կատարված մարումների համար ֆինանսական կառույցի կողմից տույժ և տուգանք չի հաշվարկվում ու չի գանձվում.
3) յուրաքանչյուր շահառուի համար սահմանված այգիների տարածքի նվազագույն և առավելագույն սահմանաչափերը`
ա. խաղողի այգի՝ 0.5 - 10 հա,
բ. ինտենսիվ պտղատու այգի՝ 0.5 - 10 հա.
4) յուրաքանչյուր շահառուի համար սահմանված 1 հեկտար կարկտապաշտպան ցանցի հիմնման ծախսերը`
ա. կապալառու կազմակերպության միջոցով ներդնելու դեպքում՝
● խաղողի այգի՝ 3.6 մլն դրամ,
● ինտենսիվ պտղատու այգի՝ 8.5 մլն դրամ,
բ. առանց կապալառու կազմակերպության ներդնելու դեպքում՝
● խաղողի այգի՝ 2.88 մլն դրամ,
● ինտենսիվ պտղատու այգի՝ 6.8 մլն դրամ.
5) յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկերի առավելագույն գումարը.
ա. կապալառու կազմակերպության միջոցով ներդնելու դեպքում՝
● խաղողի այգի՝ 36 մլն դրամ,
● ինտենսիվ պտղատու այգի՝ 85 մլն դրամ,
բ. առանց կապալառու կազմակերպության ներդնելու դեպքում՝
● խաղողի այգի՝ 28.8 մլն դրամ,
● ինտենսիվ պտղատու այգի՝ 68 մլն դրամ:
22. Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուին տրվող վարկերի առավելագույն չափը չի կարող գերազանցել 85.0 մլն դրամը:
23. Ծրագրով նախատեսված պետական աջակցության կանխատեսվող ծախսերի ֆինանսական գնահատման համար հիմք են ընդունվել 2018 թվականին կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար երեք շահառուների տրամադրված 300.0 մլն դրամ ընդհանուր գումարով 12% տոկոսադրույքով վարկերը, որոնց սուբսիդավորման համար 2019-2025 թվականներին կպահանջվի 110,625.0 հազ. դրամ, այդ թվում` 2019 թվականին` 28,446.4 հազ. դրամ:
24. Ծրագրի իրականացման նպատակով տնտեսավարողների կողմից անհրաժեշտ է 1.91 մլրդ դրամի ներդրում։ 2019-2025 թվականների ընթացքում ծրագրի իրականացման համար կտրամադրվի շուրջ 858.85 մլն դրամ, որից 2019 թվականին՝ 141.67 մլն դրամ։ Ծրագրի իրականացման հետագա 2020-2025 թվականներին ֆինանսավորումը կիրականացվի յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում բյուջետային հայտերի հիման վրա տվյալ տարվա համար անհրաժեշտ չափով գումար հատկացնելու միջոցով: Ըստ տարիների վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման համար պահանջվող ֆինանսական միջոցների չափերը ներկայացված է N 2 աղյուսակում:
25. 2018 թվականին կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը հաշվի առնելով՝ ընդհանուր պետական օժանդակությունը 2019 թվականի համար կկազմի 170.11 մլն դրամ, իսկ 2019-2025 թվականների համար՝ 969.48 մլրդ դրամ։
26. Պետական աջակցությունը կմեղմի մինչև 10 հեկտար այգիներում կարկտապաշտպան ցանցեր ներդրող շահառուների ֆինանսական ծանրաբեռնվածությունը:
27. Շահառուի կողմից ներկայացված հաշվարկներում ծրագրի 21-րդ կետով սահմանված 1 հա կարկտապաշտպան ցանցեր ներդնելու առավելագույն սահմանաչափերը գերազանցելու դեպքում՝ վարկավորումն իրականացվում է ծրագրի 21-րդ կետով սահմանված առավելագույն սահմանաչափերով։
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ
28. Ծրագրի շրջանակում այգիներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման աշխատանքները կարող են իրականացվել հետևյալ տարբերակներով`
1) պայմանագրային հիմունքներով, կապալառու կազմակերպության կողմից՝
● կիրականացվի կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար անհրաժեշտ հիմնական (հենասյուներ, ցանց և այլ օժանդակ մասեր) միջոցների մատակարարումը և տեղակայումը (մոնտաժ),
● շահառուին առնվազն մեկ տարի կմատուցվի անվճար խորհրդատվություն համակարգի օգտագործման և սպասարկման ուղղությամբ և կիրականացվի դրա երաշխիքային սպասարկում՝ առնվազն մեկ տարի ժամկետով.
2) շահառուի կողմից:
29. Ծրագրով նախատեսված աջակցությունն իրականացվում է միայն սույն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո տրամադրված վարկերի նկատմամբ:
30. Կարկտապաշպան ցանցերի ներդրման համար ծրագրի շրջանակում վարկի տրամադրման գործընթացի իրականացումը՝
1) վարկավորման գործընթացը նախաձեռնում են շահառուները` դիմելով ֆինանսական կառույցին վարկավորում ստանալու համար.
2) ֆինանսական կառույցի կողմից շահառուին տրամադրվող վարկով նախատեսված գումարն անկանխիկ եղանակով, փուլ առ փուլ կամ միանվագ փոխանցվում է շահառուի համապատասխան հաշվին:
31. Կարկտապաշպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացի իրականացումը՝
1) ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ֆինանսական կառույցները, որոնք սույն ծրագրի պայմաններին համապատասխան տրամադրում են վարկեր.
2) վարկառուի կողմից վարկի մայր գումարի ժամկետից շուտ կատարված մարումների համար ֆինանսական կառույցի կողմից տույժ և տուգանք չի հաշվարկվում ու չի գանձվում.
3) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է վարկի մայր գումարի և վարկի տոկոսադրույքի չսուբսիդավորվող մասի փաստացի մարումների հիման վրա, տույժերը և (կամ) տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն.
4) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը ԳՖԿ-ի կողմից փոխանցվում է ֆինանսական կառույցի համապատասխան հաշվին՝ տվյալ ֆինանսական կառույցի հայտերի հիման վրա: Հայտի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են ԳՖԿ-ի և տվյալ ֆինանսական կառույցի միջև կնքվող պայմանագրով։ Պայմանագրի օրինակելի ձևը մշակում է ԳՖԿ-ն՝ համաձայնեցնելով նախարարության հետ.
5) ֆինանսական կառույցը վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը ԳՖԿ-ին է ներկայացնում յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ՝ ոչ ուշ, քան հաջորդ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: ԳՖԿ-ն պարտավոր է հայտն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում բավարարել հայտը և վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը փոխանցել համապատասխան ֆինանսական կառույցի հաշվեհամարին, եթե հայտը բավարարում է ծրագրի պահանջները:
32. Ֆինանսական կառույցը ԳՖԿ-ին է տրամադրում՝
1) կարկտապաշտպան ցանցային համակարգի ձեռքբերման հաշիվ-ապրանքագիր և տեղակայման ծախսերը հիմնավորող փաստաթղթերի կամ շահառուի ու կապալառու կազմակերպության միջև կնքված պայմանագրի պատճենը և վճարման անդորրագիրը, եթե համակարգի ներդրումն իրականացվել է կապալառու կազմակերպության միջոցով.
2) կարկտապաշտպան ցանցային համակարգի որակը հավաստող փաստաթղթի պատճենը։
33. Կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրված վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կարող է դադարեցվել՝
1) եթե առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային վաթսուն օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ վարկատուի հանդեպ կամ վարկատուի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով, վարկերի դասակարգման գործող կարգի համաձայն, վարկը ստանդարտ դասով դասակարգված չէ.
2) եթե չեն պահպանվում ծրագրով սահմանված պահանջները կամ չեն պահպանվել վարկի տրամադրման պայմանները, կամ նախարարությունը մոնիթորինգի արդյունքում հայտնաբերում է սույն ծրագրի պայմանների խախտում.
3) վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման և կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքերում մինչև այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման (սուբսիդավորված գումարի վերադարձը ԳՖԿ-ին իրականացնում է ֆինանսական կառույցը): Վերը նշված մնացած դեպքերում, ինչպես նաև շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում, վարկի սուբսիդավորումը դադարեցվում է տվյալ վարկի մարման ժամանակացույցով սահմանված վարկի նախորդ մարման օրվանից սկսած:
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
34. Ծրագրի իրականացումից ակնկալվում են ինչպես քանակական, այնպես էլ որակական արդյունքներ։ Մասնավորապես, ծրագրով նախատեսված թիրախային քանակությունն ապահովվելու դեպքում առաջիկա 7 տարվա ընթացքում ակնկալվում են հետևյալ արդյունքները`
քանակական
1) կսուբսիդավորվի 250 հա պտղատու և խաղողի այգիներում կարկտապաշտպան ցանցերի տեղակայման նպատակով տրամադրված վարկերի տոկոսադրույքը.
որակական
1) կարկտապաշտպան ցանցեր տեղակայած շահառուների մոտ գրեթե կբացառվի կարկուտի ռիսկը, կբարելավվի բերքի որակը, կավելանան շահառուների եկամուտները.
2) նախադրյալ կհանդիսանա այլ տնտեսություններում տվյալ տեխնոլոգիայի ներդրման համար.
3) նշված տնտեսությունների համար կբարձրանա ապահովագրության համար գրավչությունը.
4) էականորեն կնվազեն բանկերի և վարկային կազմակերպությունների ռիսկերը.
5) նախադրյալներ կստեղծվի ընդլայնված ծավալներով ծրագրի իրականացման համար:
ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Ցուցանիշի անվանումը |
Մատչելի մեխանիզմների կիրառմամբ տարեկան շուրջ 250 հա խաղողի և պտղատու այգիների կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար նախադրյալների ստեղծում |
Համառոտ նկարագրությունը |
Ծրագրով նախատեսված է շուրջ 250 հեկտար խաղողի և պտղատու այգիներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում։ Ծրագրի շրջանակներում շահառուներին վարկերը տրամադրվելու են դրամով, մինչև 7 տարի մարման ժամկետով, տարեկան 2%-ով, իսկ սահմանամերձ համայնքներում և կոոպերատիվներին 0% տոկոսադրույքով: |
Նպատակը/ կարևորությունը |
Յուրաքանչյուր տարի կարկտահարության հետևանքով վնասվում է հանրապետության այգետարածքների 10-15%, որոշ դեպքերում կարկտահարված տարածքներում բերքի կորուստը կազմում է 80-100%: Կարկտահարությունից վնասված բերքը կորցնում է ապրանքային տեսքը, որի պատճառով դժվարանում է դրա իրացումը, զգալիորեն նվազում են շահառուների եկամուտները: Ուժեղ կարկտահարված այգիների վերականգնման համար պահանջվում է առնվազն մեկ տարի և լրացուցիչ ֆինանսական ներդրումներ: Առանձին տարիներին Հայաստանի Հանրապետությունում կարկտահարությունից վնասի չափը գերազանցել է 30 մլրդ դրամը: Հակակարկտային ակտիվ ներգործության մեթոդների հետ միասին կարևորվում է կարկտապաշտպան ցանցերի կիրառումը, որի համար պահանջվում է մատչելի մեխանիզմներով դրանց ներդրում և օգտագործում: Մատչելի պայմաններով, մասնավորապես, նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսությունում շահառուների կողմից կարկտապաշտպան ցանցերի ներդրման խթանումը կարևորվում է՝ պտղատու և խաղողի այգիների կարկուտից արդյունավետ պաշտպանության, շահառուների եկամուտների պահպանման ու այգեգործության արդյունավետության բարձրացման տեսանկյունից: |
Տեղեկատվության հավաքագրումը/աղբյուրը |
Տեղեկատվությունն ակնկալվում է ստանալ ինչպես ԳՖԿ-ից և ֆինանսական կառույցներից, այնպես էլ նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետների կողմից կատարվելիք հարցումների ու դիտարկումների արդյունքում: Տեղեկատվությունը հավաքագրվելու և վերլուծվելու է ծրագրի իրականացման համար պատասխանատու ստորաբաժանման կողմից: |
Հաշվարկման մեթոդը |
Կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար պահանջվող ծախսը 1 հա-ի հաշվով պտղատու այգում կազմում է 8.5 մլն, իսկ խաղողի այգում՝ 3.6 մլն դրամ: Հաշվի առնելով վերոնշյալ գումարային տարբերությունները՝ հաշվարկները կատարվել են առավելագույն թվերով, ենթադրելով, որ հնարավոր է, 2019 թվականին կարկտապաշտպան ցանցեր ներդրվեն միայն պտղատու այգում, որոնցից խաղողի այգիների համեմատությամբ ավելի բարձր եկամուտ է ստացվում։ |
Տեղեկատվության սահմանափակումները |
Սահմանափակումը գործնականում բացակայում է: |
Ցուցանիշի տեսակը |
Ցուցանիշը չափում է ծրագրի իրականացման ուղղակի արդյունքը: |
Չափման միավորը |
Հեկտար |
Ներկայացման եղանակը |
Կատարողականները ներկայացվում են եռամսյակային կուտակային եղանակով |
Հաշվետվողականության ցիկլը |
Ամսական |
Թույլատրելի շեղումը |
Թիրախային մակարդակի համեմատ փաստացի ցուցանիշների 30-35 տոկոսային կետով շեղումը համարվում է թույլատրելի՝ կախված կարկտապաշտպան ցանցեր տեղակված այգիների տեսակային կազմից: |
Պատասխանատվությունը |
Տեղեկատվության ձեռքբերման և հաշվետվողականության համար պատասխանատու է ԳՖԿ-ն և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը (համապատասխան ստորաբաժանումը): |
ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
35. Ծրագրի մոնիթորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:
36. Ծրագրի շրջանակում վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերի ամփոփման արդյունքում ԳՖԿ-ն ձևավորում է վիճակագրական տվյալների շտեմարան, որը ներառում է ծրագրի իրականացման հետ կապված տեղեկատվությունը, արձանագրված խնդիրները և իրագործման դժվարությունները:
37. Վարկի տրամադրումից 2 ամիս անց ֆինանսական կառույցի կողմից իրականացվում է նպատակային մոնիթորինգ, իսկ տարեկան առնվազն մեկ անգամ՝ ֆինանսական մոնիթորինգ:
38. Ֆինանսական կառույցը ԳՖԿ-ի և ֆինանսական կառույցի միջև կնքվող պայմանագրով սահմանված ձևով հաշվետվություն է ներկայացնում ԳՖԿ-ին:
39. Վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման կամ ներկայացված կեղծ տեղեկատվություն ի հայտ գալու դեպքում ֆինանսական կառույցը պարտավոր է վարկառուի գործող վարկը հանել վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից և միակողմանիորեն փոփոխել վարկի տոկոսադրույքը՝ կիրառելով տվյալ ֆինանսական կառույցում գործող գյուղատնտեսական կամ բիզնես վարկերի համար սահմանված ավելի բարձր տոկոսադրույք:
40. ԳՖԿ-ն պարտավոր է առնվազն 30 օրը մեկ անգամ հաշվետվություն ներկայացնել նախարարություն:
41. Հաշվետվությունը պետք է ներառի մանրամասն տեղեկատվություն ծրագրի ընթացքի մասին, այդ թվում՝
1) վարկերի մասին՝ ըստ մարզերի համայնքների շահառուները, կարկտապաշտպան ցանցերի մակերեսը, վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը` ըստ կոնկրետ այգու տեսակի.
2) առաջարկություններ ծրագրի պայմանների բարելավման կամ կատարելագործման վերաբերյալ և այլն:
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ
42. Ծրագրի իրականացման հնարավոր ռիսկերն են`
1) նախատեսված վարկային ռեսուրսների ոչ ամբողջական տեղաբաշխման հետևանքով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նախատեսված գումարներին համարժեք հայտերի բացակայությունը.
2) անբարենպաստ կլիմայական պայմանների (ձմռան երկարատև սառնամանիքներ, գարնանային ցրտահարություն, փոթորիկ) հետևանքով տրամադրված վարկային ռեսուրսների մայր գումարի վերադարձելիության և տոկոսադրույքի վճարման անհնարինությունը.
3) տարբեր գործոններով պայմանավորված շահառուների (վարկառուների) ակնկալվող եկամուտների չապահովումը, օրինակ՝ բերքի շուկայական գնի հնարավոր անկում.
4) ֆինանսական կառույցների կողմից ոչ մատչելի պայմանների առաջադրումը.
5) ծրագրով վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման բաղադրիչով նախատեսված ակնկալվող ծավալի գերագնահատումը կամ թերագնահատումը.
6) կարկտապաշտպան ցանցերի ներդրման ծրագրով նախատեսվածից ավելի փոխհատուցման մեծ պահանջարկը.
7) մատակարարների կողմից կակտապաշտպան ցանցերի ոչ արդյունավետ տարբերակների և բարձր գների առաջադրումը.
8) կարկտապաշտպան ցանցերի ներկրման հնարավոր դժվարությունները՝ կապված և՛ գյուղացիական տնտեսությունների փոքր չափերի, և՛ հողատեսքերի կտրտվածության հետ:
43. Ռիսկերի մեղմման հնարավորություններն են՝
1) ծրագրի շրջանակում կարկտապաշտպան ցանցերի ներդրման նպատակով տոկոսադրույքի սուբսիդավորման պայմանագրում մատչելի մեխանիզմների առաջադրումը.
2) կարկտապաշտպան ցանցեր արտադրող երկրների և մատակարարող կազմակերպությունների հետ համագործակցությունը.
3) կարկտապաշտպան ցանցերի՝ Հայաստանի Հանրապետություն ներկրման ծախսերը և ռիսկերը կարկտապաշտպան ցանցերի արտադրողներին վերապահելը.
4) կարկտապաշտպան ցանցերի և դրա մոնտաժման դետալների տեղական արտադրության խթանումը.
5) կարկտապաշտպան ցանցերի ներդրման նպատակով համատեղ գործունեության իրականացումը:
Աղյուսակ N 2
Ըստ տարիների վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման համար պահանջվող ֆինանսական միջոցների չափերը
Տարի |
Անհրաժեշտ ներդրումը |
Տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը |
2018 թ-ի վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը, դրամ |
Ընդամենը պետական աջակցությունը, դրամ |
2019 |
1,912,500,025 |
141,666,667 |
28,446,429 |
170,113,095 |
2020 |
205,613,426 |
24,232,143 |
229,845,569 | |
2021 |
185,445,602 |
20,017,857 |
205,463,459 | |
2022 |
134,288,194 |
15,803,571 |
150,091,766 | |
2023 |
98,871,528 |
11,589,286 |
110,460,813 | |
2024 |
63,454,861 |
7,375,000 |
70,829,861 | |
2025 |
28,038,194 |
3,160,714 |
31,198,909 | |
2026 |
1,475,694 |
1,475,694 | ||
Ընդամենը |
858,854,167 |
110,625,000 |
969,479,167 |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |