Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.12.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
23.12.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
23.12.2016
Дата вступления в силу
23.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

վարչական պալատի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/0277/05/14

Վարչական գործ թիվ ՎԴ/0277/05/14
2016թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Ռ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

   

Ն. Տավարացյանի

 

2016 թվականի դեկտեմբերի 23-ին,

քննարկելով ըստ հայցի ՀՀ ոստիկանության ընդդեմ Վարտգեզ Գասպարիի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, և ըստ Վարտգեզ Գասպարիի հակընդդեմ հայցի ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.06.2015 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման դեմ նոր հանգամանքի հիմքով Վարտգեզ Գասպարիի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց
 
 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ոստիկանությունը պահանջել է Վարտգեզ Գասպարիին ենթարկել վարչական պատասխանատվության:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Վարտգեզ Գասպարին պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի ոստիկանների գործողությունները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ռ. Խանդանյան), (այսուհետ` Դատարան) 02.10.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավորներ՝ Ա. Առաքելյան, Ք. Մկոյան, Գ. Ղարիբյան), (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.04.2015 թվականի որոշմամբ Վարտգեզ Գասպարիի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.10.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.06.2015 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին Վարտգեզ Գասպարիի ներկայացուցչի միջնորդությունը մերժվել է, և Վերաքննիչ դատարանի 07.04.2015 թվականի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարտգեզ Գասպարիի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ սահմանադրական դատարանը 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է հետևյալը.

-  ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի` «գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը» դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այնքանով, որքանով երաշխավորում է օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին, և վերջինից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումը համապատասխան միջնորդության ու ապացույցների պարագայում իրավունքի ուժով (ex jure) ճանաչվում է հարգելի,

- ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 5-րդ մասը ճանաչվել է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որով բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար բաց թողնված ժամկետի վերականգնումը թողնվում է դատարանի հայեցողությանը և համապատասխան միջնորդության ու ապացույցների առկայության պարագայում իրավունքի ուժով (ex jure) չի ճանաչվում հարգելի,

- ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այնքանով, որքանով երաշխավորվում է բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար սահմանված ժամկետի բացթողումը համապատասխան միջնորդության ու ապացույցների պարագայում իրավունքի ուժով (ex jure) հարգելի ճանաչելը:

Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.06.2015 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման հիմքում դրվել են վերոգրյալ իրավադրույթները: Հետևաբար Վարտգեզ Գասպարիի նկատմամբ կայացված վերոգրյալ վերջնական դատական ակտը ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.06.2015 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը և բավարարել վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին Վարտգեզ Գասպարիի ներկայացուցչի միջնորդությունը, «բեկանել Վերաքննիչ դատարանի 07.04.2015 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը` բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր հանգամանք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:

Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում այդ դատական ակտով կիրառված օրենքի դրույթը ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելը կամ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից այն հանգամանքը հաստատվելը, որ այդ դատական ակտով տվյալ օրենքի դրույթը կիրառվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ: Հետևաբար, եթե դատարանը կիրառել է օրենքի այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ կիրառված օրենքի դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը չեն համապատասխանում դրա՝ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությանը, ապա դատական ակտը ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը (...): Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետները լրանալուց հետո բերված վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և դատարանն այն բավարարել է:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է կամ մերժվել է:

ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով քաղաքացիներ Կարեն Հարությունյանի, Արտակ Գևորգյանի և Դավիթ Հարությունյանի, Վարտգեզ Գասպարիի դիմումների հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին, 5-րդ մասերի և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է հետևյալը.

- ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի` «գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը» դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այնքանով, որքանով երաշխավորում է օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին, և վերջինից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումը համապատասխան միջնորդության ու ապացույցների պարագայում իրավունքի ուժով (ex jure) ճանաչվում է հարգելի,

- ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 5-րդ մասը ճանաչվել է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որով բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար բաց թողնված ժամկետի վերականգնումը թողնվում է դատարանի հայեցողությանը և համապատասխան միջնորդության ու ապացույցների առկայության պարագայում իրավունքի ուժով (ex jure) չի ճանաչվում հարգելի,

- ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այնքանով, որքանով երաշխավորվում է բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար սահմանված ժամկետի բացթողումը համապատասխան միջնորդության ու ապացույցների պարագայում իրավունքի ուժով (ex jure) հարգելի ճանաչելը:

Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, կիրառելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, Վարտգեզ Գասպարիի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը 03.06.2015 թվականի որոշմամբ թողել է առանց քննության՝ պատճառաբանելով, որ թեև Վերաքննիչ դատարանը Վարտգեզ Գասպարիին մեկ օր ուշացումով է ուղարկել 07.04.2015 թվականի որոշումը, այնուամենայնիվ վերջինս իր վճռաբեկ բողոքը ներկայացրել է օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, այսինքն՝ բողոք բերած անձի միջնորդությունը հիմնավոր չէ և ենթակա է մերժման:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.06.2015 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին»  որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, դրա սահմանադրաիրավական բովանդակությանը հակասող մեկնաբանությամբ կիրառված լինելը, հաստատվելը նոր հանգամանք է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նշված որոշումը վերանայելու համար:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.06.2015 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը վերանայելու և այն վերացնելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը նոր հանգամանքով վերանայելու և վերացնելու պարագայում ենթակա է լուծման առանց քննության թողնված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը:

Անդրադառնալով սույն վարչական գործով վճռաբեկ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին Վարտգեզ Գասպարիի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի միջնորդությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ սահմանադրական դատարանը 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ վերահաստատել է 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ վճռաբեկ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով (ex jure)՝ համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով:

Սույն գործով բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանի 07.04.2015 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոքը ներկայացրել է վճռաբեկ բողոք բերելու՝ օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, և միջնորդել է հարգելի ճանաչել վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը և վերականգնել այն՝ պատճառաբանելով, որ բողոքարկվող դատական ակտն իրեն մատչելի է դարձել միայն 10.04.2015 թվականին: Ավելին, սույն գործի նյութերում առկա է նաև Վերաքննիչ դատարանի 07.04.2015 թվականի որոշումը Վարտգեզ Գասպարիի ներկայացուցչին 10.04.2015 թվականին հասու դառնալը հավաստող, վկայող ապացույցը (հատոր 3-րդ, գ.թ. 63):

Վերոգրյալ փաստական հանգամանքները համադրելով ՀՀ սահմանադրական դատարանի 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշմամբ արտահայտված և 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ վերահաստատված իրավական դիրքորոշումների հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման իրավունքի ուժով (ex jure):

Անդրադառնալով սույն վարչական գործով Վերաքննիչ դատարանի 07.04.2015 թվականի որոշման դեմ Վարտգեզ Գասպարիի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի կողմից բերված վճռաբեկ բողոքին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Տվյալ վճռաբեկ բողոքը բերվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների հիմքերով, որոնք, ըստ բողոք բերած անձի, հանգում են հետևյալին.

Վերաքննիչ դատարանը խախտել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 14.1-րդ, 16-19-րդ, 25-29-րդ, 43-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 5-6-րդ, 10-րդ, 11-րդ, 13-14-րդ հոդվածները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ, 32-րդ, 172.3-րդ, 251-րդ, 259-րդ, 262-րդ հոդվածները, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 12-րդ, 19-րդ, 21-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասը, 146-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետը:

Բողոք բերած անձը նշված հիմնավորումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործի փաստերով չի հիմնավորվում Վարտգեզ Գասպարիի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարման փաստը, իսկ Վարտգեզ Գասպարիի կողմից թույլ տրված քննադատական արտահայտությունները չեն նսեմացրել ոստիկանության ծառայողի հեղինակությունը: Բացի այդ, Վարտգեզ Գասպարին զրկվել է ազատությունից ՀՀ Սահմանադրությամբ, Կոնվենցիայով և ՀՀ ներպետական օրենսդրությամբ սահմանված մի շարք պահանջների խախտմամբ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.04.2015 թվականի որոշումը:

Վճռաբեկ դատարանը, քննարկելով բողոք բերած անձի հիմնավորումները` սույն վարչական գործով Վերաքննիչ դատարանի 07.04.2015 թվականի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը քննության ընդունելու մասին, գտնում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են նույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերը: Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, կամ առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքը նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով բերելու դեպքում վճռաբեկ բողոք բերող անձը վճռաբեկ բողոքում նշում է այն նյութական կամ դատավարական նորմը, որը խախտվել է` հիմնավորելով, որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա: Մինչդեռ սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած փաստարկները բավարար չեն դատական սխալի առկայությունը և գործի ելքի վրա դրա ազդեցությունը հիմնավորված համարելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բերված բողոքը չի պարունակում այն քննության ընդունելու վերաբերյալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այլ հիմնավորումներ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում ներկայացված հիմնավորումը բավարար չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով բողոքը քննության ընդունելու հետևության հանգելու համար: Հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.06.2015 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը և այն վերացնել:

2.    ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.04.2015 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին Վարտգեզ Գասպարիի ներկայացուցչի միջնորդությունը բավարարել և վերականգնել բաց թողնված ժամկետը:

3.    Թիվ ՎԴ/0277/05/14 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի  07.04.2015 թվականի որոշման դեմ Վարտգեզ Գասպարիի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:

4.    Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան
 

Վ. Ավանեսյան

  Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան
  Ռ. Հակոբյան
  Տ. Պետրոսյան
  Ե. Սողոմոնյան
  Ն. Տավարացյան