ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/1632/05/14 |
Վարչական գործ թիվ ՎԴ/1632/05/14 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2016 թվականի ապրիլի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի վճռաբեկ բողոքը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.09.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը (այսուհետ` Ոստիկանություն) պահանջել է Ռուդոլֆ Հովակիմյանից 50.000 ՀՀ դրամ բռնագանձելու նպատակով արձակել վճարման կարգադրություն:ՀՀ վարչական դատարանը 25.02.2014 թվականին արձակել է վճարման կարգադրություն:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ռուդոլֆ Հովակիմյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Ոստիկանության` Ռուդոլֆ Հովակիմյանից 50.000 ՀՀ դրամ տուգանքը բռնագանձելուն ուղղված գործողությունները:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա․ Դիլանյան) (այսուհետ` Դատարան) 02.04.2014 թվականի որոշմամբ վճարման կարգադրության վարույթից անցում է կատարվել հայցային վարույթի, և հակընդդեմ հայցը վերադարձվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավոր Ք․ Մկոյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.06.2014 թվականի որոշմամբ Ռուդոլֆ Հովակիմյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.04.2014 թվականի «Վճարման կարգադրության վարույթից հայցային վարույթի անցնելու և հակընդդեմ հայցը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.07.2014 թվականի որոշմամբ Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ` վճռաբեկ բողոքի սխալը շտկելու և այն կրկին բերելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.09.2014 թվականի որոշմամբ Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.05.2015 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.09.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ` վճռաբեկ բողոքի սխալը շտկելու և այն կրկին բերելու համար:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.Սույն գործով առկա է նոր հանգամանք։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
ՀՀ սահմանադրական դատարանի 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից` չապահովելով նաև անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը: Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իր 23.07.2014 թվականի և 03.09.2014 թվականի որոշումներում վկայակոչել է նշված նորմը, որն էլ դրվել է 03.09.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման հիմքում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «հարուցել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի թիվ ՎԴ/1632/05/14 գործով 03.09.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման և/կամ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի ՎԴ/1632/05/14 գործով 09.06.2014 թվականի որոշման՝ նոր հանգամանքով վերանայման վարույթ, բեկանել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի թիվ ՎԴ3/1632/05/14 գործով 03.09.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը և/կամ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.06.2014 թվականի թիվ ՎԴ3/1632/05/14 գործով որոշումը, կամ վարույթ ընդունել և քննել «ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/1632/05/14 վարչական գործով 09.06.2014 թվականի որոշման դեմ» 25.06.2014 թվականի վճռաբեկ բողոքը, այն է՝ բեկանել «ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/1632/05/14 վարչական գործով 09.06.2014 թվականի որոշումը` «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին», վերացնել ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/1632/05/14 գործով 02.04.2014 թվականի «Վճարման կարգադրությունից հայցային վարույթի անցում կատարելու, հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը»:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առկա է նոր հանգամանք:ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե՝ Սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ.
Նույն օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը։
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում դատարանի կողմից կիրառված հոդվածի կամ հոդվածի դրույթի հակասահմանադրական ճանաչումը կամ սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող` այլ մեկնաբանությամբ կիրառումը: Հետևաբար, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը դրա սահմանադրաիրավական բովանդակության համատեքստում չեն, ապա դատական ակտը ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն փաստաբանի միջոցով:
ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով քաղաքացիներ Արա Սարգսյանի, Դվին Իսանյանսի, Ռուդոլֆ Հովակիմյանի, Մագդա Եղիազարյանի, Արամ Սարգսյանի, Խաչատուր Մարոզյանի դիմումների հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի և 158-րդ հոդվածի 5-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործը, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաև անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը։
Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, կիրառելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածի 4-րդ մասը, Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը 03.09.2014 թվականի որոշմամբ թողել է առանց քննության՝ պատճառաբանելով, որ «տվյալ դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.07.2014 թվականի որոշմամբ Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է և միաժամանակ սահմանվել է ժամկետ վճռաբեկ բողոքի սխալը շտկելու և այն կրկին բերելու համար: Մինչդեռ Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցիչը չի վերացրել որոշմամբ արձանագրված սխալը, մասնավորապես` Ռուդոլֆ Հովակիմյանը կրկին վճռաբեկ բողոքը չի բերել փաստաբանի միջոցով. թեև վճռաբեկ բողոքը բերվել է Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի (հիմք` 18.03.2014 թվականին տրված լիազորագիրը, գ.թ. 20) կողմից, սակայն գործում առկա չէ Արտակ Զեյնալյանի` փաստաբան լինելու վերաբերյալ որևէ ապացույց: Այսինքն` Ռուդոլֆ Հովակիմյանը կրկին նույն հիմքով ներկայացրել է վճռաբեկ բողոք, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում կայացրել է»:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր ճանաչելը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.09.2014 թվականի որոշման վերանայման հիմք։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.09.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը վերանայելու և այն վերացնելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը նոր հանգամանքով վերանայելու և վերացնելու պարագայում ենթակա է լուծման առանց քննության թողնված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը:
Նման պայմաններում անդրադառնալով թիվ ՎԴ/1632/05/14 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 09.06.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Թիվ ՎԴ/1632/05/14 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 09.06.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ վճռաբեկ բողոքը բերվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու հիմքերով, այն է՝ Վերաքննիչ դատարանը խախտել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 18-րդ, 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 13-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետը:
Բողոք բերած անձը նշված հիմնավորումները պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի «վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ» դրույթում «որոշում» եզրը պետք է մեկնաբանվի լայն՝ ընկալվելով որպես «ակտ» և իր մեջ պետք է ներառի նաև վարչական մարմնի գործողությունը:
Վերաքննիչ բողոքում վկայակոչված են գործեր, որոնց հիմքում ընկած հայցերի հեղինակները ևս, հղում կատարելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետին, հայցին չեն կցել պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց, իսկ վարչական դատարանն այդ հանգամանքը չի գնահատել որպես հայցադիմումը վերադարձնելու հիմք:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով նշված գործերից միայն մեկին՝ թիվ ՎԴ3/0222/05/13, այնուամենայնիվ սխալ է մեկնաբանել դրա հանգամանքները, քանի որ այդ գործով հակընդդեմ հայցվորի կողմից պետական տուրքը վճարված չլինելու հանգամանքը հիմք չի հանդիսացել հայցադիմումը վերադարձնելու համար, այն ընդունվել է վարույթ, իսկ պետական տուրքի վճարման պարտականությունը վճռով դրվել է հակընդդեմ հայցով պատասխանողի վրա:
Վճռաբեկ բողոք ներկայացրած անձի կարծիքով սույն գործով Վճռաբեկ դատարանի որոշումը կնպաստի օրենքի միատեսակ կիրառությանը, քանի որ վարչական դատարանը թիվ ՎԴ/1475/05/14 վարչական գործով «Վճարման կարգադրությունից հայցային վարույթի անցում կատարելու, հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ, թիվ ՎԴ3/0222/05/13 վարչական գործով «Հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու, վճարման կարգադրության վարույթից հայցային վարույթի անցնելու և սկզբնական հայցի հետ համատեղ քննելու մասին» որոշմամբ, թիվ ՎԴ/4352/05/12 վարչական գործով «Վճարման կարգադրությունից հայցային վարույթի անցնելու և հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը մեկնաբանել է լայն, և հակընդդեմ հայցի հետ պետական տուրքի վճարման անդորրագիր ներկայացված չլինելը չի գնահատել որպես հայցադիմումը վերադարձնելու հիմք:
Ըստ այդմ, սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի մեկնաբանությամբ թույլ է տրվել առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/1632/05/14 գործով 09.06.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և «Վճարման կարգադրությունից հայցային վարույթի անցում կատարելու, հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը՝ հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու մասով»։
Վճռաբեկ դատարանը, քննարկելով բողոք բերած անձի հիմնավորումները` թիվ ՎԴ/1632/05/14 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 09.06.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը քննության ընդունելու մասին, գտնում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են նույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերը: Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, կամ առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքը նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով բերելու դեպքում վճռաբեկ բողոք բերող անձը վճռաբեկ բողոքում նշում է այն նյութական կամ դատավարական նորմը, որը խախտվել է` հիմնավորելով, որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա: Մինչդեռ սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած փաստարկները բավարար չեն դատական սխալի առկայությունը և գործի ելքի վրա դրա ազդեցությունը հիմնավորված համարելու համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես, եթե տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտերում միևնույն նորմը կիրառվել է հակասական մեկնաբանությամբ, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, վճռաբեկ դատարանը համարում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում վկայակոչել է թիվ ՎԴ/1475/05/14 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի «Վճարման կարգադրությունից հայցային վարույթի անցում կատարելու, հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու մասին», թիվ ՎԴ3/0222/05/13 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի «Հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու, վճարման կարգադրության վարույթից հայցային վարույթի անցնելու և սկզբնական հայցի հետ համատեղ քննելու մասին», թիվ ՎԴ/4352/05/12 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի «Վճարման կարգադրությունից հայցային վարույթի անցնելու և հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումները, սակայն չի մեջբերել դրանց ու բողոքարկվող որոշման ենթադրյալ հակասող մասերը, չի կատարել բավարար համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և վերոնշյալ դատական ակտերում կիրառված միևնույն նորմի` իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ: Հետևաբար բերված բողոքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը ևս հիմնավորված չէ:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով բողոքը քննության ընդունելու հետևության հանգելու համար: Հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.09.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը և այն վերացնել:
2. Թիվ ՎԴ/1632/05/14 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 09.06.2014 թվականի որոշման դեմ Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել։3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Վ. Ավանեսյան Ա. Բարսեղյան Ռ. Հակոբյան Ն. Տավարացյան
Մ. Դրմեյան
Ս. Անտոնյան
Գ. հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան