Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.04.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.04.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
27.04.2016
Дата вступления в силу
27.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/1632/05/14

Վարչական գործ թիվ ՎԴ/1632/05/14
2016թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

   

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

   

Ն. Տավարացյանի

 

2016 թվականի ապրիլի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի վճռաբեկ բողոքը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.09.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու մասին, 

Պ Ա Ր Զ Ե Ց
 
 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը (այսուհետ` Ոստիկանություն) պահանջել է Ռուդոլֆ Հովակիմյանից 50.000 ՀՀ դրամ բռնագանձելու նպատակով արձակել վճարման կարգադրություն:

ՀՀ վարչական դատարանը 25.02.2014 թվականին արձակել է վճարման կարգադրություն:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ռուդոլֆ Հովակիմյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Ոստիկանության` Ռուդոլֆ Հովակիմյանից 50.000 ՀՀ դրամ տուգանքը բռնագանձելուն ուղղված գործողությունները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա Դիլանյան) (այսուհետ` Դատարան) 02.04.2014 թվականի որոշմամբ վճարման կարգադրության վարույթից անցում է կատարվել հայցային վարույթի, և հակընդդեմ հայցը վերադարձվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավոր Ք Մկոյան)  (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.06.2014 թվականի որոշմամբ Ռուդոլֆ Հովակիմյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.04.2014 թվականի «Վճարման կարգադրության վարույթից հայցային վարույթի անցնելու և հակընդդեմ հայցը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.07.2014 թվականի որոշմամբ Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ` վճռաբեկ բողոքի սխալը շտկելու և այն կրկին բերելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.09.2014 թվականի որոշմամբ Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.05.2015 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.09.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ` վճռաբեկ բողոքի սխալը շտկելու և այն կրկին բերելու համար:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ սահմանադրական դատարանի 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից` չապահովելով նաև անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը: Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իր 23.07.2014 թվականի և 03.09.2014 թվականի որոշումներում վկայակոչել է նշված նորմը, որն էլ դրվել է 03.09.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման  հիմքում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «հարուցել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի թիվ ՎԴ/1632/05/14 գործով 03.09.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման և/կամ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի ՎԴ/1632/05/14 գործով 09.06.2014 թվականի որոշման՝ նոր հանգամանքով վերանայման վարույթ, բեկանել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի թիվ ՎԴ3/1632/05/14 գործով 03.09.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը և/կամ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.06.2014 թվականի թիվ ՎԴ3/1632/05/14 գործով որոշումը, կամ վարույթ ընդունել և քննել «ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/1632/05/14 վարչական գործով 09.06.2014 թվականի որոշման դեմ» 25.06.2014 թվականի վճռաբեկ բողոքը, այն է՝ բեկանել «ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/1632/05/14 վարչական գործով 09.06.2014 թվականի որոշումը` «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին», վերացնել ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/1632/05/14 գործով 02.04.2014 թվականի «Վճարման կարգադրությունից հայցային վարույթի անցում կատարելու, հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ  վարչական դատավարության  օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առկա է նոր հանգամանք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով: 

 ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե՝ Սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ.

Նույն օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը։

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում դատարանի կողմից կիրառված հոդվածի կամ հոդվածի դրույթի հակասահմանադրական ճանաչումը կամ սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող` այլ մեկնաբանությամբ կիրառումը: Հետևաբար, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը դրա սահմանադրաիրավական բովանդակության համատեքստում չեն, ապա դատական ակտը ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն փաստաբանի միջոցով:

ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով քաղաքացիներ Արա Սարգսյանի, Դվին Իսանյանսի, Ռուդոլֆ Հովակիմյանի, Մագդա Եղիազարյանի, Արամ Սարգսյանի, Խաչատուր Մարոզյանի դիմումների հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի և 158-րդ հոդվածի 5-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործը, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաև անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը։

Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, կիրառելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածի 4-րդ մասը, Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը 03.09.2014 թվականի որոշմամբ թողել է առանց քննության՝ պատճառաբանելով, որ «տվյալ դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.07.2014 թվականի որոշմամբ Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է և միաժամանակ սահմանվել է ժամկետ վճռաբեկ բողոքի սխալը շտկելու և այն կրկին բերելու համար: Մինչդեռ Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցիչը չի վերացրել որոշմամբ արձանագրված սխալը, մասնավորապես` Ռուդոլֆ Հովակիմյանը կրկին վճռաբեկ բողոքը չի բերել փաստաբանի միջոցով. թեև վճռաբեկ բողոքը բերվել է Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի (հիմք` 18.03.2014 թվականին տրված լիազորագիրը, գ.թ. 20) կողմից, սակայն գործում առկա չէ Արտակ Զեյնալյանի` փաստաբան լինելու վերաբերյալ որևէ ապացույց: Այսինքն` Ռուդոլֆ Հովակիմյանը կրկին նույն հիմքով ներկայացրել է վճռաբեկ բողոք, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում կայացրել է»:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր ճանաչելը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.09.2014 թվականի որոշման վերանայման հիմք։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.09.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը վերանայելու և այն վերացնելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը նոր հանգամանքով վերանայելու և վերացնելու պարագայում ենթակա է լուծման առանց քննության թողնված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը:

Նման պայմաններում անդրադառնալով թիվ ՎԴ/1632/05/14 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի  09.06.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Թիվ ՎԴ/1632/05/14 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի  09.06.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ վճռաբեկ բողոքը բերվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու հիմքերով, այն է՝ Վերաքննիչ դատարանը խախտել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 18-րդ, 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 13-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետը:

Բողոք բերած անձը նշված հիմնավորումները պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի «վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ» դրույթում «որոշում» եզրը պետք է մեկնաբանվի լայն՝ ընկալվելով որպես «ակտ» և իր մեջ պետք է ներառի նաև վարչական մարմնի գործողությունը:

Վերաքննիչ բողոքում վկայակոչված են գործեր, որոնց հիմքում ընկած հայցերի հեղինակները  ևս, հղում կատարելով «Պետական տուրքի մասին»  ՀՀ  օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետին, հայցին չեն կցել պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց, իսկ վարչական դատարանն այդ հանգամանքը չի գնահատել որպես հայցադիմումը վերադարձնելու հիմք:

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով նշված գործերից միայն մեկին՝ թիվ ՎԴ3/0222/05/13, այնուամենայնիվ սխալ է մեկնաբանել դրա հանգամանքները, քանի որ այդ գործով  հակընդդեմ հայցվորի կողմից պետական տուրքը վճարված չլինելու հանգամանքը հիմք չի հանդիսացել հայցադիմումը վերադարձնելու համար, այն ընդունվել է վարույթ, իսկ պետական տուրքի վճարման պարտականությունը վճռով դրվել է հակընդդեմ հայցով պատասխանողի վրա:

Վճռաբեկ բողոք ներկայացրած անձի կարծիքով սույն գործով Վճռաբեկ դատարանի որոշումը կնպաստի օրենքի միատեսակ կիրառությանը, քանի որ վարչական դատարանը թիվ ՎԴ/1475/05/14 վարչական գործով «Վճարման կարգադրությունից հայցային վարույթի անցում կատարելու, հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ, թիվ ՎԴ3/0222/05/13 վարչական գործով «Հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու, վճարման կարգադրության վարույթից հայցային վարույթի անցնելու և սկզբնական հայցի հետ համատեղ քննելու մասին» որոշմամբ, թիվ ՎԴ/4352/05/12 վարչական գործով «Վճարման կարգադրությունից հայցային վարույթի անցնելու և հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը մեկնաբանել է  լայն, և հակընդդեմ հայցի հետ պետական տուրքի վճարման անդորրագիր ներկայացված չլինելը չի գնահատել որպես հայցադիմումը վերադարձնելու հիմք:

Ըստ այդմ, սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի մեկնաբանությամբ թույլ է տրվել առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/1632/05/14 գործով 09.06.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և «Վճարման կարգադրությունից հայցային վարույթի անցում կատարելու, հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը՝ հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու մասով»։

Վճռաբեկ դատարանը, քննարկելով բողոք բերած անձի հիմնավորումները` թիվ ՎԴ/1632/05/14 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 09.06.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ  բերված վճռաբեկ բողոքը քննության ընդունելու մասին, գտնում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են նույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերը: Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, կամ առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքը նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով բերելու դեպքում վճռաբեկ բողոք բերող անձը վճռաբեկ բողոքում նշում է այն նյութական կամ դատավարական նորմը, որը խախտվել է` հիմնավորելով, որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա: Մինչդեռ սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած փաստարկները բավարար չեն դատական սխալի առկայությունը և գործի ելքի վրա դրա ազդեցությունը հիմնավորված համարելու համար:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես, եթե տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտերում միևնույն նորմը կիրառվել է հակասական մեկնաբանությամբ, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ            նորմին տրված մեկնաբանությանը, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, վճռաբեկ դատարանը համարում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում վկայակոչել է թիվ ՎԴ/1475/05/14 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի «Վճարման կարգադրությունից հայցային վարույթի անցում կատարելու, հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու մասին», թիվ ՎԴ3/0222/05/13 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի «Հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու, վճարման կարգադրության վարույթից հայցային վարույթի անցնելու և սկզբնական հայցի հետ համատեղ քննելու մասին», թիվ ՎԴ/4352/05/12 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի «Վճարման կարգադրությունից հայցային վարույթի անցնելու և հակընդդեմ հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումները, սակայն  չի մեջբերել դրանց ու բողոքարկվող որոշման ենթադրյալ հակասող մասերը, չի կատարել բավարար համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և վերոնշյալ դատական ակտերում կիրառված միևնույն նորմի` իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ: Հետևաբար բերված բողոքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը ևս հիմնավորված չէ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով բողոքը քննության ընդունելու հետևության հանգելու համար: Հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.09.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը և այն վերացնել:

2. Թիվ ՎԴ/1632/05/14 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի  09.06.2014 թվականի որոշման դեմ Ռուդոլֆ Հովակիմյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան
  Ս. Անտոնյան
 

Վ. Ավանեսյան

 

Ա. Բարսեղյան

  Գ. հակոբյան
 

Ռ. Հակոբյան

  Տ. Պետրոսյան
  Ե. Սողոմոնյան
 

Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան