Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.06.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.12.01/72(1347).1 Հոդ.1208.16
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
22.06.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
22.06.2017
Дата вступления в силу
22.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԿԴ2/0056/01/15

ԿԴ2/0056/01/15

Նախագահող դատավոր՝ Կ. Ղազարյան  
                 Դատավորներ` Ռ. Բարսեղյան  
                                           Ա. Դանիելյան  

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ`

Ս. ԱՎԵՏԻՍյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

   

ե. դԱՆԻԵԼյանի

   

Լ. Թադևոսյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

   

Ս. Օհանյանի

  քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

  մասնակցությամբ  
  պաշտպան

Մ. Մկրտչյանի

  ամբաստանյալ

Գ. Գրիգորյանի

 

2017 թվականի հունիսի 22-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գևորգ Մայիսի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի հուլիսի 7-ի որոշման դեմ ամբաստանյալ Գ. Գրիգորյանի և նրա պաշտպան Ս. Սաֆարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2014 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնի քննիչ Գ. Մեսրոպյանի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 20145014 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2014 թվականի նոյեմբերի 3-ի որոշումներով Արգամ և Կարինե Մկրտչյանները ճանաչվել են տուժող, իսկ նույն թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ Սիրանուշ Նադարյանը՝ տուժող Արգամ Մկրտչյանի իրավահաջորդ։

2015 թվականի օգոստոսի 31-ի որոշումներով Գևորգ Գրիգորյանը և Սիրեկան Մկրտչյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

2015 թվականի օգոստոսի 31-ի և սեպտեմբերի 1-ի որոշումներով համապատասխանաբար Ս. Մկրտչյանի և Գ. Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ Ս. Մկրտչյանի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով Կ. Մկրտչյանի առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու դրվագով Ս. Մկրտչյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` տուժողի հետ հաշտվելու հիմքով:

2015 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ Գևորգ Գրիգորյանի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով Սիրեկան Մկրտչյանի առողջությանն անզգուշությամբ թեթև վնաս պատճառելու դրվագով Գ. Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` հանցակազմի բացակայության հիմքով:

2015 թվականի հոկտեմբերի 7-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 4-ի դատավճռով Գ.Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անպարտ և արդարացվել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է:

Ս.Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով` զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Ս. Մկրտչյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով: Ս. Մկրտչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ:

Տուժող Կ. Մկրտչյանի և տուժողի իրավահաջորդ Ս. Նադարյանի քաղաքացիական հայցերը մերժվել են:

3. Հիշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ամբաստանյալ Ս. Մկրտչյանի պաշտպան Մ. Մկրտչյանը՝ պահանջելով ամբողջությամբ բեկանել դատական ակտը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 4-ի դատավճիռը՝ Գ. Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով արդարացնելու մասով, բեկանել է և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Գ. Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի հուլիսի 7-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են ներկայացրել ամբաստանյալ Գ. Գրիգորյանը և նրա պաշտպան Ս. Սաֆարյանը (այսուհետ` նաև բողոքաբերներ):

Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ բողոքաբերների վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

2017 թվականի հունվարի 17-ին վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել ամբաստանյալ Ս. Մկրտչյանը և նրա պաշտպան Մ. Մկրտչյանը` խնդրելով ամբաստանյալ Գ. Գրիգորյանի և պաշտպան Ս. Սաֆարյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը մերժել և Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հուլիսի 7-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Սիրեկան Մկրտչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «[Ն]ա, 2014 թվականի հոկտեմբերի 7-ին ժամը 20:30-ի սահմաններում իր վարած «ԳԱԶ 31029» մակնիշի 15 ՏՏ 255 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով 60-70 կմ ժամ արագությամբ, ընթանալով Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում, չհասած «Պիկնիկ» ռեստորանային համալիր, թույլ է տվել ՃԵԿ-ի 67-րդ պահանջին հակասող գործողություններ` այն է իր երթևեկության համար խոչընդոտ հայտնաբերելու պահից սկսած, ժամանակին չձեռնարկելով անհրաժեշտ համապատասխան միջոցներ` իր ավտոմոբիլը կանգնեցնելու ուղղությամբ, իր ավտոմեքենայի առջևի հատվածով անզգուշությամբ բախվել է ճանապարհի` դեպի Սևան տանող ուղեմասի աջ եզրային գոտում` երթևեկելի մասի աջ եզրի հոծ գծանշումից դեպի ձախ 95 սմ հեռավորության վրա կանգնած, 165 մետր հեռավորության վրա տեսանելի և հայտնաբերման ենթակա «ԳԱԶ 53» 19 ՏԼ 947 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետնամասին, ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է «ԳԱԶ 31029» մակնիշի 15 ՏՏ 255 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի առջևի նստատեղի ուղևոր Արգամ Մկրտչյանի մահը» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 82):

Գևորգ Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «[Ն]ա, 2014 թվականի հոկտեմբերի 7-ին ժամը 20:30-ի սահմաններում իր վարած «ԳԱԶ 53» 19 ՏԼ 947 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհով ընթանալիս, ցանկացել է հոգալ բնական կարիքները, ինչի համար, Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում, չհասած «Պիկնիկ» ռեստորանային համալիր` ճանապարհի երթևեկելի ուղեմասին հարակից աջ կողնակի առկայության պարագայում, իր նշված ավտոմոբիլի ձախակողմյան շրջանը մասնակիորեն երթևեկելի ուղեմաս դուրս բերած վիճակում կանգառել է, տեխնիկական տեսակետից թույլ է տվել ՃԵԿ-ի 78-րդ կետի պահանջին և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջին հակասող գործողություններ, իր այդ գործողություններուվ ստեղծել է վթարային իրադրություն, դրանով իսկ պայմանավորել տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը, այն է` արդյունքում նույն ճանապարհով ընթացող Սիրեկան Մկրտչյանն իր վարած «ԳԱԶ 31029» մակնիշի 15 ՏՏ 255 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի առջևի հատվածով բախվել է «ԳԱԶ 53» 19 ՏԼ 947 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետնամասին, որի հետևանքով անզգուշությամբ առաջացել է «ԳԱԶ 31029» մակնիշի 15 ՏՏ 255 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի առջևի նստատեղի ուղևոր Արգամ Մկրտչյանի մահը, իսկ հետևի աջ կողմում նստած ուղևորուհի Կարինե Մկրտչյանի առողջությանը պատճառել է ծանր վնաս, որպես կյանքին վտանգ սպառնացող» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 83):

6. Առաջին ատյանի դատարանի դատական ակտով հաստատված է համարվել, որ. «(…) Սիրեկան Արգոյի Մկրտչյանի գործողությունները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին, իսկ Գևորգ Մայիսի Գրիգորյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները բացակայում են, որպիսի պայմաններում նրա նկատմամբ պետք է կայացնել արդարացման դատավճիռ (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 98):

7. Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Սիրեկան Մկրտչյանի պաշտպան Մ. Մկրտչյանի բողոքի քննության արդյունքում արձանագրել է հետևյալը. «(…) Վերաքննիչ դատարանը, քննության առնելով վերաքննիչ բողոքը (…) հանգում է հետևության, որ վերաքննիչ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն, իսկ Դատարանի վիճարկվող դատական ակտը` բեկանել ամբաստանյալ Գևորգ Գրիգորյանի մասով և գործն ուղարկել նույն դատարան, այլ կազմով նոր քննության (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 84):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերների պնդմամբ Վերաքննիչ դատարանը, դուրս գալով իր լիազորությունների սահմաններից, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 400-րդ հոդվածի սխալ կիրառում, ինչի արդյունքում կայացված դատական ակտը Գ. Գրիգորյանի համար առաջացրել է ծանր հետևանքներ:

Բողոք բերած անձինք, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 400-րդ հոդվածը, ընդգծել են, որ վերջինս հստակորեն ամրագրում է այն անձանց շրջանակը, ում բողոքի հիման վրա արդարացման դատական ակտը կարող է բեկանվել: Սույն գործով արդարացման դատավճիռը բողոքարկել է մյուս ամբաստանյալի պաշտպանը, ով չուներ նման իրավունք: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, շրջանցելով վերոնշյալ հոդվածի պահանջը, իր հայեցողությամբ բեկանել է ստորադաս դատարանի դատական ակտը:

9. Բողոքի հեղինակները, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պնդմանը, թե փորձագետի ցուցմունքը չի կարող ծանրակշիռ և օբյեկտիվ գնահատված ապացույց համարվել և փոխարինել փորձագետի եզրակացությանը, նշել են, որ փորձագետի կողմից իրեն առաջադրված հարցերի կապակցությամբ արված հետևությունը փորձագիտական եզրակացության ուսումնասիրության և կիրառման արդյունքն է եղել: Ավտովթարի մեխանիզմը և վարորդների գործողությունները գնահատելիս նոր փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ քննչական փորձարարության տվյալները կիրառելի են տրված եզրակացության տարբերակների նկատմամբ: Արդյունքում՝ բողոքաբերները եզրահանգել են, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները չեն կարող դատական ակտը բեկանելու և նոր քննության ուղարկելու հիմք հանդիսանալ:

10. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակները խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի հուլիսի 7-ի որոշումը` օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 4-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդարացման դատական ակտը բողոքարկելու սուբյեկտների շրջանակի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

12. Վճռաբեկ դատարանի առջև սույն գործով բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանն իրավասու էր արդյոք Ս. Մկրտչյանի բողոքի հիման վրա Գ. Գրիգորյանի արդարացման մասով բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ Ս. Մկրտչյանին մեղավոր ճանաչելու մասով այն օրինական ուժի մեջ թողնելու պայմաններում:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն ամբաստանյալը, նրա պաշտպանը և օրինական ներկայացուցիչը, մեղադրողը կամ վերադաս դատախազը, տուժողը, նրա ներկայացուցիչը, օրինական ներկայացուցիչը և իրավահաջորդը, իսկ սույն օրենսգրքի 376.1 հոդվածի 2-րդ և 2.1-րդ կետերով նախատեսված ակտերի դեմ՝ նաև արդարացվածը, դատապարտյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները: Քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները դատական ակտն իրավունք ունեն բողոքարկելու քաղաքացիական հայցի մասով։ Քաղաքացիական հայցի մասով վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն նաև տվյալ գործով կողմեր չհանդիսացող անձինք, եթե դատական ակտն առնչվում է նրանց շահերին։ Կասկածյալը, մեղադրյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև դիմողն իրավունք ունեն վերաքննության կարգով բողոքարկելու սույն օրենսգրքի 376.1 հոդվածի 3-6-րդ կետերով նախատեսված դատական ակտերը»:

Վերաքննիչ բողոքարկման սուբյեկտների շրջանակը սահմանող մեջբերված նորմի մեկնաբանությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Նարեկ Հարությունյանի գործով որոշման մեջ՝ դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ. «(...) վերաքննության կարգով բողոքարկման ենթակա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածով սահմանված` Առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտներին օրենսդիրն ըստ բողոքարկման իրավունքի ծավալի տարանջատել է խմբերի: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին նախադասության բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը սահմանել է բողոքարկման իրավունք ունեցող սուբյեկտների ընդհանուր շրջանակը, ովքեր օժտված են բողոքարկման անսահմանափակ իրավունքով: Այդ սուբյեկտների շարքում ընդգրկված են ամբաստանյալը, նրա պաշտպանը և օրինական ներկայացուցիչը, մեղադրողը կամ վերադաս դատախազը, տուժողը, նրա ներկայացուցիչը, օրինական ներկայացուցիչը և իրավահաջորդը: Քննարկվող հոդվածի հաջորդող շարադրանքում օրենսդիրը նախատեսել է քրեական դատավարության այն մասնակիցներին, ովքեր օժտված են սահմանափակ բողոքարկման իրավունքով` իրավասու են բողոքարկել որոշումները որոշակի մասով կամ որոշումների որոշակի շրջանակ: (...)» (տե՛ս Վճռաբեկ դատարանի 2016 թվականի մարտի 30-ի՝ Նարեկ Հարությունյանի վերաբերյալ թիվ ԵԱՆԴ/0081/01/14 որոշման 14.1-րդ կետը):

Միևնույն ժամանակ Մարատ և Կարեն Սարգսյանների գործով որոշման մեջ անդրադառնալով դատավարության մասնակից չհանդիսացող անձի` քրեադատավարական իրավահարաբերություններին մասնակցելու իրավունքին՝ Վճռաբեկ դատարանը գտել է. «[Ե]թե անձը դատավարության մասնակից չէ, սակայն վարույթն իրականացնող մարմնի ընդունած ակտով խախտվում են նրա իրավունքներն ու օրինական շահերը կամ այդ ակտն առնչվում է նրա իրավունքներին և օրինական շահերին, ապա անձն իրավունք ունի դիմել թե՛ դատարան և թե՛ վերադասության կարգով բողոքարկել դատական ակտը` իր իրավունքների պաշտպանության կամ խախտված իրավունքները վերականգնելու համար, իսկ դատարանները պարտավոր են քննության առնել նրանց դիմումները և բողոքները։

[Դ]ատական պաշտպանության հիմնարար իրավունքը վերաբերում է նաև այն անձանց, ովքեր դատավարության մասնակից չեն, սակայն վարույթն իրականացնող մարմինների ընդունած որոշումն առնչվում է նրանց օրինական շահերին, ենթադրաբար խախտում է նրանց իրավունքներն ու ազատությունները։

[Դ]ատավարության մասնակից չհանդիսացող անձանց դատական պաշտպանության իրավունքի իրացումը պետք է լինի իրական, այսինքն՝ անձն իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ենթադրյալ խախտման յուրաքանչյուր դեպքում պետք է դատարան դիմելու և իր խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա» (տե՛ս Մարատ և Կարեն Սարգսյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0282/01/09 որոշման 22-23-րդ կետերը)։

Մարատ և Կարեն Սարգսյանների գործով վերը մեջբերված դիրքորոշումը Վճռաբեկ դատարանը վերահաստատել է նաև Լևոն և Ռուբիկ Թարվերդյանների գործով որոշման շրջանակներում։ Մասնավորապես, հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ձևավորված այն հիմնարար մոտեցումը, ըստ որի՝ արդար դատաքննության իրավունքի կարևորագույն բաղադրիչ հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չպետք է այն աստիճան լինի, որ խաթարվի իրավունքի բուն էությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «[Ա]ռաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասում առկա ձևակերպման պայմաններում չի ապահովվում դատավարության մասնակից չհանդիսացող անձի դատական պաշտպանության իրավունքի իրացումը, ում իրավունքներին և օրինական շահերին առնչվում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, հետևաբար դատավարության մասնակից չհանդիսացող անձին հնարավորություն չի ընձեռվում վերադաս դատական ատյաններում վիճարկել իր շահերին առնչվող դատական ակտի օրինականությունը։

Ուստի, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ դատական պաշտպանության իրավունքի, ինչպես նաև այդ իրավունքի իրացման արդյունավետ երաշխիքների ապահովման անհրաժեշտությունը, գտնում է, որ հարկ է վերաքննիչ բողոք բերելու իրավունք նախատեսել նաև քրեական դատավարության մասնակից չհանդիսացող այն անձի համար, ում իրավունքներին և օրինական շահերին առնչվում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը (…)» (տե՛ս Լևոն և Ռուբիկ Թարվերդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԱՎԴ2/0007/01/12 որոշման 15-րդ կետը)։

14. Վերահաստատելով մեջբերված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածով նախատեսված են վերաքննիչ բողոքարկման սուբյեկտները, ինչպես նաև որոշակի սուբյեկտերի բողոքարկման իրավունքի սահմանափակումները (ընդհանուր նորմ): Որպես առաջին ատյանի դատարանի դատական ակտերը բողոքարկելու անսահմանափակ իրավունքով օժտված սուբյեկտներ օրենսդիրը նախատեսել է ամբաստանյալին, նրա պաշտպանին և օրինական ներկայացուցչին, մեղադրողին կամ վերադաս դատախազին, տուժողին, նրա ներկայացուցչին, օրինական ներկայացուցչին և իրավահաջորդին: Իրավունքի զարգացման գործառույթի շրջանակներում Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային պրակտիկայի արդյունքում վերաքննիչ բողոքարկման սուբյեկտների հիշյալ շրջանակում ընդգրվել են նաև բոլոր այն անձինք, ում իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին առնչվում է կոնկրետ դատական ակտը:

Զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարությունում մասնավոր շահեր հետապնդող անձանց համար վերաքննիչ բողոքարկումը իրավունքների պաշտպանության միջոց է: Հետևաբար ինչպես օրենքով նախատեսված բողոքարկման սուբյեկտների, այնպես էլ դատավարության մասնակից չհանդիսացող անձանց վերաքննիչ բողոքարկման իրավունքի ընդհանուր պայման է բողոքարկվող դատական ակտի՝ իրենց իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին առնչվելը:

15. Անդրադառնալով արդարացման դատավճռի բողոքարկման սուբյեկտների շրջանակի կապակցությամբ օրենսդրական կարգավորումներին՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 400-րդ հոդվածի համաձայն.

«1. Արդարացման դատավճիռը վերաքննիչ դատարանը կարող է բեկանել` կայացնելով մեղադրական դատավճիռ` ամբաստանյալի արդարացումն անհիմն լինելու մասին դատախազի, տուժողի կամ նրա ներկայացուցչի բողոքով:

2. Արդարացման դատավճիռն արդարացվածի բողոքով կարող է փոփոխվել արդարացման հիմքերի մասով»:

Մեջբերված նորմի մեկնաբանումից հետևում է, որ դրանով նախատեսված են արդարացման դատավճռի արդարացման մասով բողոքարկման սուբյեկտների առանձին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածով նախատեսվածից տարբերվող շրջանակ (հատուկ նորմ):

Այլ խոսքով, արդարացման դատավճռի առանձնահատկություններով պայմանավորված օրենսդիրը նախատեսել է արդարացման դեպքում դրա բողոքարկման սուբյեկտների սահմանափակ շրջանակ: Մասնավորապես, քննարկվող դատական ակտն անձի արդարացումն անհիմն լինելու մասով կարող է բողոքարկվել դատախազի, տուժողի կամ նրա ներկայացուցչի, իսկ արդարացման հիմքերի մասով՝ արդարացվածի կողմից: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ հիշատակված սուբյեկտների իրավունքներին, ազատություններին և օրինական շահերին դատավճռի առնչվելն անձի արդարացման մասով պայմանավորված է նրանց դատավարական կարգավիճակով, ինչն արդեն իսկ հաշվի է առնված օրենսդրի կողմից (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 400-րդ հոդված):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նույն իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր և հատուկ նորմերի առկայության դեպքում իրավակիրառողը պետք է կիրառի հատուկ նորմերը և չկիրառի ընդհանուր նորմերը (տե՛ս, mutatis mutandis, Համբարձում Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշման 21-րդ կետը): Մասնավորապես, անձի արդարացման մասով դատավճռի բողոքարկման սուբյեկտների շրջանակը որոշելիս դատարանը պետք է ղեկավարվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 400-րդ հոդվածի կարգավորումներով:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ հնարավոր են այնպիսի բացառիկ իրավիճակներ, երբ անձի արդարացումն անմիջականորեն առնչվի քննարկվող նորմով չնախատեսված անձի (օրինակ՝ նույն գործով այլ ամբաստանյալի) շահերին: Նման իրավիճակ կարող է առաջանալ, օրինակ, երբ ամբաստանյալներից մեկի մեղքը բացառում է մյուսի մեղավորությունը (շահերի բախում), ամբաստանյալներից մեկը փաստացի տուժել է մյուս ամբաստանյալի կատարած արարքից (կարգավիճակի երկակիություն): Նման դեպքերում վերաքննիչ դատարանը բողոքը վարույթ ընդունելիս պետք է պարզի արդյոք տվյալ ամբաստանյալի արդարացումն առերևույթ առնչվում է բողոքաբերի իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին. եթե ոչ, ապա նշված բողոքը չի կարող ընդունվել վարույթ՝ ոչ պատշաճ սուբյեկտի կողմից բերված լինելու հիմքով: Բարձրացված հարցադրմանը դրական պատասխան տալու դեպքում վերաքննիչ դատարանը պարտավոր է օրենքով սահմանված կարգով քննարկել բողոքը:

16. Սույն գործի փաստերից երևում է, որ Սիրեկան Մկրտչյանին և Գևորգ Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ, որի հետևանքով նրանց վարած ավտոմեքենաները բախվել են միմյանց՝ անզգուշությամբ առաջացնելով Ս. Մկրտչյանի վարած «ԳԱԶ 31029» մակնիշի 15 ՏՏ 255 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի առջևի նստատեղի ուղևոր Արգամ Մկրտչյանի մահը: Գ. Գրիգորյանին մեղսագրվել է նաև նույն ավտոմեքենայի հետևի աջ կողմում նստած ուղևորուհի Կարինե Մկրտչյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու հետևանքը (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Նախաքննության մարմնի որոշումներով Արգամ և Կարինե Մկրտչյանները ճանաչվել են տուժող, իսկ Սիրանուշ Նադարյանը՝ տուժող Արգամ Մկրտչյանի իրավահաջորդ (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):

Առաջին ատյանի դատարանի դատավճռով Ս. Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել իրեն առաջադրված մեղադրանքում, իսկ Գ. Գրիգորյանն արդարացվել է (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը):

Հիշյալ դատավճիռն ամբողջությամբ բողոքարկել է Ս. Մկրտչյանի պաշտպան Մ. Մկրտչյանը: Վերաքննիչ դատարանը բողոքը բավարարել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը Գ. Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով արդարացնելու մասով, բեկանել է և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության (տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը):

17. Նախորդ կետում շարադրված փաստերը գնահատելով 15-րդ կետում արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Գ. Գրիգորյանի արդարացումը տեսականորեն կարող էր առնչվել մյուս ամբաստանյալ Ս. Մկրտչյանի իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին, եթե գործի փաստական հանգամանքների վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի տված գնահատականները Ս. Մկրտչյանի մասով ազդեին գործի ելքի վրա: Սակայն Ս. Մկրտչյանին մեղավոր ճանաչելու մասով դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելով՝ Վերաքննիչ դատարանը, ըստ էության, հաստատված է համարել, որ Ս. Մկրտչյանի և Գ. Գրիգորյանի միջև առկա չէ շահերի բախում: Միևնույն ժամանակ Ս. Մկրտչյանին մեղավոր ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասով Վերաքննիչ դատարանի որոշումը Ս. Մկրտչյանի կամ նրա պաշտպանի կողմից բողոքարկված չէ, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը զրկված է Գ. Գրիգորյանի արդարացումը Ս. Մկրտչյանի իրավունքներին, ազատություններին և օրինական շահերին փաստացի առնչվելու հարցն ըստ էության քննարկման առարկա դարձնելու իրավասությունից:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր Ս. Մկրտչյանի բողոքի հիման վրա Գ. Գրիգորյանի արդարացման մասով բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ Ս. Մկրտչյանին մեղավոր ճանաչելու մասով այն օրինական ուժի մեջ թողնելու պայմաններում:

Արդյունքում Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի և 400-րդ հոդվածի խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն իրավասու չէ անդրադառնալ բողոքաբերի կողմից բարձրացված մնացած փաստարկներին (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611 -րդ, 397-րդ, 398-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Գևորգ Մայիսի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հուլիսի 7-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ նրա վերաբերյալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 4-ի արդարացման դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

  Հ. Ասատրյան
   

Ե. Դանիելյան

    Լ. Թադևոսյան
    Ա. Պողոսյան
    Ս. Օհանյան