Գլխավոր տեղեկություն
Номер
N 430-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.05.03/28(1303) Հոդ.454
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.04.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.04.2017
Дата вступления в силу
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ապրիլի 2017 թվականի N 430-Ն

 

ՆՈՏԱՐՆԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել նոտարների, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների ու մշտական հաստատությունների՝ հարկային մարմնում հաշվառման կանգնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 28

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

ապրիլի 27-ի N 430-Ն որոշման


Կ Ա Ր Գ

 

ՆՈՏԱՐՆԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են նոտարների, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների (այսուհետ՝ դիվանագիտական ներկայացուցչություններ) ու մշտական հաստատությունների՝ հարկային մարմնում հաշվառման կանգնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով՝ մշտական հաստատությունները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի մշտական հաստատություններն են:

3. Սույն կարգի դրույթները չեն տարածվում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների վրա, որոնք հաշվառվում են իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի գործակալությունում:

4. Նոտարները, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, դիվանագիտական ներկայացուցչությունները և մշտական հաստատությունները հարկային մարմնում հաշվառվելու համար սույն կարգով սահմանված փաստաթղթերը ներկայացնում են հարկային մարմին: Փաստաթղթերը հարկային մարմին կարող են ներկայացվել թղթային կրիչով կամ էլեկտրոնային եղանակով՝ տեղեկատվական համակարգի միջոցով:

5. Էլեկտրոնային թվային եղանակով տեղեկատվական համակարգի միջոցով հարկային հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում դիմում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե նոտարները, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, դիվանագիտական ներկայացուցչությունները և մշտական հաստատությունները տեղեկատվական համակարգում համացանցի միջոցով լրացնում են դիմումի համար անհրաժեշտ տեղեկատվությունը և փաստաթուղթը հաստատում են էլեկտրոնային ստորագրության միջոցով:

6. Հարկային մարմնի կողմից ստուգվում են ստորև նշված տեղեկությունների և փաստաթղթերի ճշտությունն ու համապատասխանությունն օրենսգրքի դրույթներին: Մասնավորապես՝

1) փաստաթղթերը պետք է համապատասխանեն օրենսգրքի 289-րդ հոդվածով սահմանված ցանկին, լինեն ամբողջական, պետք է լրացված լինեն անթերի և առանց խախտումների.

2) տեղեկությունները պետք է լինեն ճիշտ, և դրանցում ներառված չլինեն հարկ վճարողի մասին սխալ տվյալներ:

7. Սխալներ կամ անհամապատասխանություններ հայտնաբերվելու դեպքում հարկային մարմնի կողմից հաշվառումը կասեցվում է՝ մինչև հարկ վճարողի կողմից դրանց շտկումը:

8. Սխալներ կամ անհամապատասխանություններ չհայտնաբերվելու դեպքում տեղեկությունները գրանցվում են միասնական գրանցամատյանում:

9. Հարկ վճարողը հաշվառված է համարվում հարկային մարմնում՝ միասնական էլեկտրոնային գրանցամատյանում համապատասխան գրառման կատարման պահից:

10. Փաստաթղթերի ստացումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի կողմից հարկ վճարողին տրամադրվում են ՀՎՀՀ-ն և հարկ վճարողի հաշվառման վկայականը: Էլեկտրոնային եղանակով հաշվառման կանգնելու դեպքում հարկ վճարողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է հարկ վճարողի հաշվառման վկայականի էլեկտրոնային տարբերակը:

 

II. ՆՈՏԱՐՆԵՐԻ՝ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

11. Նոտարը հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար դիմում է իր նոտարական տարածքն սպասարկող հարկային (տարածքային) տեսչություն: Նոտարական տարածքը և հարկային մարմնի սպասարկման տարածքները չհամընկնելու դեպքում նոտարը դիմում է իր գրասենյակի հասցեն սպասարկող հարկային (տարածքային) տեսչություն:

12. Նոտարին հաշվառող հարկային (տարածքային) տեսչությունը նոտարի գրավոր դիմումի հիման վրա կարող է փոփոխվել, եթե նոտարն աշխատանքի է տեղափոխվում մեկ այլ հարկային (տարածքային) տեսչության տարածքում գտնվող նոտարական տարածք:

13. Նոտարները հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

1) ՀՎՀՀ-ի տրամադրման մասին՝ հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը.

2) նոտարի պաշտոնի նշանակման մասին հրամանի կամ որոշման պատճենը.

3) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

4) հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության մասին լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը:

 

III. ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԵՎ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ՝ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

14. Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձը հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար իր բնակության կամ հաշվառման վայրի հասցեն սպասարկող հարկային (տարածքային) տեսչություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) ՀՎՀՀ-ի տրամադրման մասին` ֆիզիկական անձի կողմից հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը.

2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության մասին լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը:

15. Անկախ սույն կարգի 14-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց՝ հարկային մարմինն անհատ ձեռնարկատեր և նոտար չհամարվող ֆիզիկական անձանց հաշվառում է հարկային մարմնում, եթե նրանք կրում են օրենսգրքով սահմանված կարգով ու չափով հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն:

 

IV. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

16. Դիվանագիտական ներկայացուցչությունները հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար իրենց մշտական ներկայացուցչության (մասնավորապես` նստավայրի, գրասենյակի) գտնվելու տարածքն սպասարկող հարկային (տարածքային) տեսչություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) ՀՎՀՀ-ի տրամադրման մասին` լիազորված պաշտոնատար անձի կողմից հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը.

2) կարգավիճակը հաստատող փաստաթղթի պատճենը:

 

V. ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

17. Մշտական հաստատությունները հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար օրենսգրքի 27-րդ հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում գործունեության վայրերից որևէ մեկի հասցեն սպասարկող հարկային (տարածքային) տեսչություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) ՀՎՀՀ-ի տրամադրման մասին` լիազորված պաշտոնատար անձի կողմից հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը.

2) ռեզիդենտության երկրում գրանցումը հավաստող հիմնադիր փաստաթղթի պատճենը:

18. Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

1) ՀՎՀՀ-ի տրամադրման մասին` ֆիզիկական անձի կողմից հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը.

2) անձնագրի պատճենը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան