ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2009 թվականի N 1064-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացի համակարգման և արդյունավետության բարձրացման նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):
2. Հաստատել`
1) հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված N 1 |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Բադալյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Առաքելյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ |
Ա. Հարությունյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Ա. Գիլոյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ |
Լ. Շահվերդյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խորհրդական |
Լ. Մանուկյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ |
Ա. Եգանյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի արդյունաբերության զարգացման վարչության պետ |
Ա. Աբրոյան |
- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ |
Վ. Սահակյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն |
Հ. Պետրոսյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ |
Ա. Դավթյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ |
Ն. Սարգսյան |
- ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ |
Տ. Բարսեղյան |
- Երևանի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ) |
- համապատասխան ՀՀ մարզպետ | |
- համապատասխան համայնքի ղեկավար (համաձայնությամբ) | |
Գ. Մինասյան |
- «ՀՀ շինարարների միություն» հասարակական կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) |
Մ. Մինասյան |
- «ՀՀ ճարտարապետների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Հախումյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
(հավելվածը լրաց. 18.05.10 N 353-Ա, փոփ., լրաց. 03.11.10 N 929-Ա, 23.11.12 N 1254-Ա, փոփ. 28.06.12 N 573-Ա, 21.10.13 N 957-Ա, խմբ. 20.08.14 N 784-Ա, 12.04.16 N 276-Ա, 02.03.17 N 199-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ)
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1. Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվում է Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացի համակարգման, արդյունավետության բարձրացման, դրան առնչվող խնդիրների քննարկման և եզրակացությունների կազմման նպատակով:
(1-ին կետը լրաց. 23.12.11 N 1254-Ա)
1.1. Սույն կարգի 1-ին կետում նշված փաստաթղթերն ու դրանց նախագծման առաջադրանքները կարող են հաստատվել համայնքի ավագանու կողմից` միմիայն հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում:
(1.1-ին կետը լրաց. 23.12.11 N 1254-Ա)
2. Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալն է:
(2-րդ կետը խմբ. 02.03.17 N 199-Ա)
3. Հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել նիստի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, ոլորտի մասնագիտական կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և այլ անձինք:
4. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով` պլանավորման փաստաթղթերի և դրանց նախագծման առաջադրանքների քննարկման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում և կարգով: Անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ, կարող են գումարվել արտահերթ կամ արտագնա նիստեր:
(4-րդ կետը խմբ. 23.12.11 N 1254-Ա)
5. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների 2/3-ից ավելին:
(5-րդ կետը փոփ. 23.12.11 N 1254-Ա)
6. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը:
(6-րդ կետը փոփ. 02.03.17 N 199-Ա)
7. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով:
8. Հանձնաժողովի նախագահը որոշում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը և ժամը:
9. Հանձնաժողովի նիստերի օրակարգը հանձնաժողովի անդամներին է փոխանցվում նիստից առնվազն 5 օր առաջ:
10. Հանձնաժողովի գործավարությունը վարում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմը:
(10-րդ կետը փոփ. 02.03.17 N 199-Ա)
11. Հանձնաժողովի նպատակը`
1) պլանավորման փաստաթղթերի և դրանց նախագծման առաջադրանքների վերաբերյալ եզրակացությունների կազմումը.
2) համապատասխան պետական մարմինների կանոնադրական խնդիրներին առնչվող դրույթների վերաբերյալ հանձնաժողովի քննարկմանն առաջարկություններ ներկայացնելը՝ պլանավորման փաստաթղթերի կազմում ներառելու համար.
3) պլանավորման փաստաթղթերի մշակմանն ու իրագործմանը հասարակայնության մասնակցությանը նպաստելն է:
12. Հանձնաժողովի խնդիրներն են`
1) պլանավորման փաստաթղթերի և դրանց նախագծման առաջադրանքների համակողմանի քննարկումը և դրանց վերաբերյալ ընդհանուր կարծիքի ձևավորումը.
2) տարածական պլանավորման փաստաթղթերում և դրանց նախագծման առաջադրանքներում ոլորտային խնդիրների ներառման ապահովումը, ինչպես նաև տարբեր ոլորտներին վերաբերող դրույթների փոխհամաձայնեցումը.
3) պլանավորման փաստաթղթերի մշակման գործառույթների թափանցիկության ապահովմանը նպաստելը.
4) պլանավորման փաստաթղթերի մշակմանն առնչվող այլ խնդիրներ:
(12-րդ կետը խմբ. 23.12.11 N 1254-Ա, 02.03.17 N 199-Ա)
13. Հանձնաժողովի գործառույթներն են`
1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների առկա և հեռանկարային ծրագրերի ներառման ապահովումը տարածական պլանավորման փաստաթղթերում.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պլանավորման փաստաթղթերի մշակման ընթացքի համակարգումը` անհրաժեշտության դեպքում նաև նախագծային փաստաթղթերի մշակման փուլերի քննարկման միջոցով.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պլանավորման փաստաթղթերի մշակման ընթացքի համակարգումը` անհրաժեշտության դեպքում նաև նախագծային փաստաթղթերի մշակման փուլերի քննարկման միջոցով:
(13-րդ կետը խմբ. 23.12.11 N 1254-Ա)
14. Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է տրվում միայն բոլոր անդամների համաձայնության դեպքում: Միջգերատեսչական հանձնաժողովը կարող է նիստերն անցկացնել նաև հարցման միջոցով՝ էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ կամ գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ: Հարցման միջոցով հանձնաժողովի նիստն անցկացնելու դեպքում հանձնաժողովի անդամի կարծիքը համարվում է ստացված, եթե այն արտահայտվել է նրա կողմից ստորագրված փաստաթղթում:
(14-րդ կետը լրաց. 03.11.10 N 929-Ա, խմբ. 23.12.11 N 1254-Ա)
15. Հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմը:
(15-րդ կետը փոփ. 02.03.17 N 199-Ա)
16. Նիստի արձանագրության մեջ նշվում են նաև`
1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը, նիստն սկսելու և ավարտելու ժամերը.
2) նիստի օրակարգը.
3) նիստին մասնակցող, հրավիրված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անունները.
4) քննարկվող հարցերի, զեկուցումների և ելույթների հիմնական դրույթները.
5) ընդունված որոշումները, դրանց տարածման և (կամ) հրապարակման ձևերը:
17. Հանձնաժողովի քարտուղարը 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է նիստի արձանագրությունը, որն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի կողմից:
18. Հանձնաժողովի նախագահը`
1) նախագահում է հանձնաժողովի նիստերը.
2) հաստատում է հանձնաժողովի օրակարգը և ստորագրում հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
3) որոշում է հանձնաժողովի նիստերին հրավիրվող անձանց կազմը.
4) լսում է հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին հաշվետվությունները և տալիս համապատասխան ցուցումներ.
4.1) հանձնաժողովի կողմից ընդունված եզրակացությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` մշտապես գործող տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեի նիստում զեկուցելու համար.
4.2) հանձնաժողովի ընդունած եզրակացությունը ներկայացնում է համայնքի ղեկավարին.
4.3) մերժման համապատասխան հիմքերով համայնքի ղեկավարին է վերադարձնում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանող պլանավորման փաստաթղթերի փաթեթը կամ դրա առաջադրանքի նախագիծը:
5) իր իրավասության սահմաններում իրականացնում է հանձնաժողովի գործունեության հետ կապված այլ լիազորություններ:
(18-րդ կետը լրաց. 23.12.11 N 1254-Ա)
19. Հանձնաժողովի անդամը`
1) հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ կարող է ներկայացնել բանավոր և (կամ) գրավոր կարծիք.
2) կարող է ներկայացնել հանձնաժողովի գործառույթներին առնչվող հարցեր` նիստի օրակարգում ընդգրկելու համար.
3) մասնակցում է որոշումների ընդունման համար քվեարկությանը և ստորագրում հանձնաժողովի ընդունած եզրակացությունները:
(19-րդ կետը խմբ. 23.12.11 N 1254-Ա)
20. Հանձնաժողովի նիստերում ընդունված որոշումները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի ինտերնետային կայքում:
(20-րդ կետը փոփ. 02.03.17 N 199-Ա)
(հավելվածը լրաց. 03.11.10 N 929-Ա, լրաց., խմբ., փոփ. 23.12.11 N 1254-Ա, խմբ., փոփ. 02.03.17 N 199-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |