ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԿԴ2/0078/04/14 |
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ2/0078/04/14 |
Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան |
Դատավորներ՝ |
Ա. Պետրոսյան |
Գ. Կարախանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | ||
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի | ||
Վ. ավանեսյանի | |||
Ա. Բարսեղյանի | |||
Մ. Դրմեյանի | |||
Գ. Հակոբյանի | |||
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | |||
Տ. Պետրոսյանի | |||
Ե. Սողոմոնյանի |
2016 թվականի դեկտեմբերի 02-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.04.2015 թվականի որոշման դեմ` ըստ Տեսչության դիմումի ընդդեմ Ա/Ձ Մկրտիչ Հարությունյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է Ա/Ձ Մկրտիչ Հարությունյանին ճանաչել սնանկ:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Էդ. Սեդրակյան) (այսուհետ` Դատարան) 03.02.2015 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.04.2015 թվականի որոշմամբ Ա/Ձ Մկրտիչ Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 03.02.2015 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մկրտիչ Հարությունյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, այլապես կպարզեր, որ Ա/Ձ Մկրտիչ Հարությունյանի պարտավորությունները պետական բյուջեի նկատմամբ առաջացել են 2011 թվականի սեպտեմբերին, այսինքն՝ 2011 թվականի 3-րդ եռամսյակի հաշվարկների հիմքով, որոնց ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետը եռամսյակին հաջորդող ամսվա՝ հոկտեմբերի 20-ն է: Հետևաբար Տեսչությանն Ա/Ձ Մկրտիչ Հարությունյանի պարտավորությունների մասին հայտնի է դարձել 20.10.2011 թվականից անմիջապես հետո: 11.11.2011 թվականին էլ հարկային մարմնի կողմից ՀՀ վարչական դատարան 7.960.481 ՀՀ դրամի բռնագանձման պահանջ է ներկայացվել, և ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/7022/05/11 վարչական գործով կայացրած վճռի հիման վրա տրվել է կատարողական թերթ, որն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն` կատարումն ապահովելու նպատակով: ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության 16.05.2014 թվականի որոշմամբ կատարողական վարույթն ավարտվել է, իսկ 24.11.2014 թվականին Տեսչությունը դիմել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Ա/Ձ Մկրտիչ Հարությունյանին սնանկ ճանաչելու պահանջով, որը բավարարվել է: Հետևաբար Տեսչության գործողություններն օրենքի շրջանակներում են, այսինքն` որպես լիազորված պետական մարմին` Տեսչությունն Ա/Ձ Մկրտիչ Հարությունյանին սնանկ ճանաչելու պահանջը ներկայացրել է ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.04.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 03.02.2015 թվականի վճռին:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Տեսչությունն առաջին անգամ պարտավորությունների հաշվարկը Մկրտիչ Հարությունյանին ներկայացրել է 06.10.2011 թվականին, որը կարող է դիտվել որպես պարտավորության հայտնաբերման պահ:
Բացի այդ, թիվ ՎԴ/7022/05/11 վարչական գործով Տեսչությունը բաց է թողել դատական ակտը կատարման ներկայացնելու ժամկետը, որը ՀՀ վարչական դատարանի 17.03.2014 թվականի որոշմամբ ճանաչվել էր հարգելի և վերականգնվել: Այնուհետև ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.05.2014 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 17.03.2014 թվականի որոշումը վերացվել է, որի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ` Ծառայություն) 16.05.2014 թվականի որոշմամբ կատարողական վարույթն ավարտել է: Իրականում թիվ ՎԴ/7022/05/11 վարչական գործի շրջանակներում Ծառայությունն Ա/Ձ Մկրտիչ Հարությունյանին պատկանող գույքի կամ դրամական միջոցների բացակայության հիմքով կատարողական վարույթն ավարտել էր 04.04.2012 թվականի որոշմամբ, ինչը նշանակում է, որ Տեսչությունն Ա/Ձ Մկրտիչ Հարությունյանին պատկանող գույքի կամ դրամական միջոցների բացակայության մասին իմացել է դեռևս 2012 թվականի ապրիլ ամսին, մինչդեռ սնանկ ճանաչելու դիմումը դատարան ներկայացրել է 24.11.2014 թվականին, այսինքն` 32 ամիս անց: Հետևաբար Տեսչությունը, խախտելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի պահանջները, զրկվել է սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնելու իրավունքից:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչության հայցի ընդդեմ Ա/Ձ Մկրտիչ Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, թիվ ՎԴ/7022/05/11 գործով ՀՀ վարչական դատարանի 23.08.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Ա/Ձ Մկրտիչ Հարությունյանից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչության բռնագանձվել է 5.195.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գծով պարտքի գումար, և 105.915 ՀՀ դրամ` որպես հայցապահանջի բավարարված մասով հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար (հատոր 1-ին, գ.թ. 18-23, 53-56):
2) 24.11.2014 թվականին Տեսչությունը դատարան է ներկայացրել դիմում` Ա/Ձ Մկրտիչ Հարությունյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին: Դիմումի հիմքում դրվել է ՀՀ վարչական դատարանի 23.08.2012 թվականի օրինական ուժի մեջ թիվ ՎԴ/7022/05/11 վճռով հաստատված վճարային պարտավորությունը, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովության վճարի գծով 19.11.2014 թվականի դրությամբ 240.459 ՀՀ դրամի չափով և եկամտային հարկի գծով 19.11.2014 թվականի դրությամբ 92.145 ՀՀ դրամի չափով Մկրտիչ Հարությունյանի պարտավորությունները (հատոր 1-ին, գ.թ. 3-5, 25):
3) Մկրտիչ Հարությունյանի կողմից 12.01.2015 թվականին առարկություն է ներկայացվել դատարան, որով վերջինս, առարկելով իրեն սնանկ ճանաչելու մասին դիմումի դեմ, նշել է, որ ՀՀ վարչական դատարանի 23.08.2012 թվականի օրինական ուժի մեջ թիվ ՎԴ/7022/05/11 վճիռը ենթակա չէ կատարման, քանի որ անցել է այդ վճռի հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը (հատոր 1-ին, գ.թ. 49):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պարտապանին հարկադրաբար սնանկ ճանաչելու առանձնահատկություններին այն դեպքում, երբ վճարային պարտավորության անվիճելիությունը հիմնավորվում է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել` հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`
ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,
բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության և համայնքի բյուջեների նկատմամբ դրամային պարտավորություններով (այդ թվում` հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարումների գծով) համապատասխան իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պարտապանին սնանկ ճանաչելու նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում պարտավոր են պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դիմել դատարան հետևյալ դեպքերում և ժամկետներում` լիազորված պետական համապատասխան մարմինը` հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ պարտադիր վճարումների կամ վարչարարությունից ծագած տուգանքերի գծով վճարումն ուշացնելու դեպքում պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե գույքի բռնագանձման վերաբերյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում, պարտապանի ողջ գույքի վրա բռնագանձում տարածելու պարագայում, պարզվում է, որ այդ գույքն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով բավարար չէ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար կամ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որևէ կատարողական վարույթով (վարույթներով) պարտատիրոջ (պահանջատիրոջ) պահանջը բավարարելու դեպքում գույքի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով անբավարարության դեպքում անհնարին կդառնա այդ կամ այլ կատարողական վարույթով (վարույթներով) որևէ այլ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումը, ապա հարկադիր կատարողը պարտավոր է անհապաղ կասեցնել կատարողական վարույթը (վարույթները) և առաջարկել պարտատիրոջը և պարտապանին նրանցից որևէ մեկի նախաձեռնությամբ ոչ պակաս, քան 60-օրյա ժամկետում սնանկության դիմում ներկայացնել դատարան։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նշված պետական մարմինների սահմանված ժամկետում սնանկության դիմում չներկայացնելու դեպքում դրանք ներկայացնում են դատախազության մարմինները` նույն օրենքով սահմանված կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է տվյալ անձին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին կառավարության որոշումը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենքի 6-րդ հոդվածում նշված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասու պաշտոնատար անձինք նույն հոդվածում նախատեսված դեպքերում և ժամկետում պարտապանին սնանկ ճանաչելու դիմում չներկայացնելու դեպքում անձնական գույքային պատասխանատվություն են կրում դրա հետևանքով` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետությանը և համայնքին պատճառված վնասի համար:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ հարկադրված սնանկության դեպքում պարտապանը սնանկ է ճանաչվում, եթե նա թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Ընդ որում, օրենսդիրը, ամրագրելով, որ վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, միաժամանակ սահմանել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում նույնիսկ պարտապանի կողմից առարկություն ներկայացվելու դեպքում պարտավորությունն անվիճելի է: Այդ հիմքերն են՝
- երբ վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,
- երբ պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
- երբ պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
- երբ պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:
ՀՀ սահմանադրական դատարանը, 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իմաստով «անվճարունակություն» հասկացությանը, նշել է որ «անվճարունակությունը» մի վիճակ է, երբ պարտապանն ընդհանուր առմամբ անկարող է վճարելու իր պարտքերը՝ պարտավորությունները կատարելու համար նախատեսված ժամկետներում, կամ երբ պարտապանի պարտավորությունների ընդհանուր գումարը գերազանցում է նրա ակտիվների արժեքը: Այսինքն՝ անվճարունակությունը նշանակում է վճարելու կարողության բացակայություն: Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ օրենքը հիմնվում է «անվճարունակության կանխավարկածի» վրա, այն է՝ եթե պարտապանն ի վիճակի չէ կատարելու ժամկետանց վճարային պարտավորությունները, ապա ի սկզբանե ենթադրվում է, որ նա փաստացիորեն անվճարունակ է, և այդ ենթադրությունը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ ժամկետանց պարտավորությունը չի կատարվել կամ վիճարկվել ու հերքվել: Ընդ որում, «անվճարունակության կանխավարկածն» իր հերթին հիմնվում է պարտապանի «բարեխղճության և պարտաճանաչության կանխավարկածի» վրա, այսինքն՝ եթե պարտապանը չի կատարում իր պարտավորությունները, ապա ի սկզբանե պարտավորության չկատարումը բացատրվում է ոչ թե նրա անբարեխղճությամբ, այլ վճարում կատարելու կարողության բացակայությամբ:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ելնելով անձին սնանկ ճանաչելու տարբեր հիմքերի առանձնահատկություններից` օրենսդիրն անձին սնանկ ճանաչելու յուրաքանչյուր հիմքի համար սահմանել է տարբեր կարգավորումներ: Այսինքն՝ կախված այն հանգամանքից, թե սնանկության դիմումի հիմքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված որ հիմքն է ընկած, կիրառվում է տվյալ հիմքին բնորոշ օրենսդրական կարգավորումը: Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ սնանկության դիմումի հիմքում ընկած է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետը, այն է՝ պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունենալու հանգամանքը (ներառյալ` պահանջի հաշվանցը), ապա համապատասխան իրավասու պետական մարմինը պարտավոր է պարտապանին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնել, եթե հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ պարտադիր վճարումների կամ վարչարարությունից ծագած տուգանքերի գծով վճարումն ուշացվում է: Ընդ որում, պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումն իրավասու պետական մարմինը պետք է ներկայացնի պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում: Միաժամանակ օրենսդիրը սահմանել է, որ պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում համապատասխան պետական մարմինների կողմից սնանկության դիմում չներկայացվելու դեպքում անձին սնանկ ճանաչելու դիմումը ներկայացնում են դատախազության մարմինները` նույն օրենքով սահմանված կարգով:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ըստ էության օրենսդիրը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանելով սնանկության դիմում ներկայացնելու ժամկետային սահմանափակում, միաժամանակ նախատեսել է նաև դրա խախտման հետևանքները` մի դեպքում` սնանկության դիմում ներկայացնելու իրավունքը վերապահելով այլ պետական մարմնին` դատախազությանը, մյուս դեպքում` սահմանելով համապատասխան պաշտոնատար անձանց գույքային պատասխանատվություն ժամկետի խախտման հետևանքով Հայաստանի Հանրապետությանը և համայնքին պատճառված վնասի համար:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասու պաշտոնատար անձանց կողմից ՀՀ օրենսդրությամբ վերապահված պարտականությունների՝ սահմանված ժամկետում չիրագործումն ինքնին չի հանգեցնում պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերի վերացմանը, այլ պարտապանին սնանկ ճանաչելու իրավունքը փոխանցվում է պետական այլ մարմնին` դատախազությանը, որպիսի պայմաններում իրավասու պետական մարմինը դադարում է լինել պատշաճ դիմող:
Ընդ որում, վերոգրյալ իրավական վերլուծությունները վերաբերում են միայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված հիմքին:
Մինչդեռ օրենսդիրն այլ կարգավորում է սահմանել այն դեպքերի համար, երբ սնանկության դիմումի հիմքում դրված է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետը: Այսպես` բոլոր այն դեպքերում, երբ սնանկության դիմումի հիմքում ընկած է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված վճարային պարտավորությունը, իսկ պարտապանը ողջամիտ ժամկետում չի կատարում այդ վճռից բխող իր պարտավորությունը, ապա պարտատերն իրավասու է իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելու երկու եղանակով, այն է՝ կա՛մ սնանկության դիմումով դիմել դատարան, կա՛մ օրենքով սահմանված ժամկետում օրինական ուժի մեջ մտած վճիռը ներկայացնել հարկադիր կատարման: Ընդ որում, այն դեպքում, երբ վճռի հարկադիր կատարման ընթացքում պարզվում է, որ գույքը բավարար չէ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար կամ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որևէ կատարողական վարույթով (վարույթներով) պարտատիրոջ (պահանջատիրոջ) պահանջը բավարարելու դեպքում գույքի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով անբավարարության դեպքում անհնարին կդառնա այդ կամ այլ կատարողական վարույթով (վարույթներով) որևէ այլ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումը, ապա հարկադիր կատարողը պարտավոր է անհապաղ կասեցնել կատարողական վարույթը (վարույթները) և առաջարկել պարտատիրոջը և պարտապանին նրանցից որևէ մեկի նախաձեռնությամբ ոչ պակաս, քան 60-օրյա ժամկետում սնանկության դիմում ներկայացնել դատարան։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ բոլոր այն դեպքերում, երբ սնանկության հիմքում դրված է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված վճարային պարտավորությունը, ապա պարտատերը սնանկության դիմումը դատարան պետք է ներկայացնի վճարային պարտավորություն սահմանող օրինական ուժի մեջ մտած դատական ակտն օրենքով սահմանված կարգով կատարման ներկայացնելու ժամկետի սահմաններում: Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վճարային պարտավորություն սահմանող օրինական ուժի մեջ մտած դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում կատարման չներկայացնելու դեպքում տվյալ վճռից բխող իրավունքերն ու պարտականությունները ենթակա չեն իրականացման:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված վճարային պարտավորությանը՝ որպես անձին սնանկ ճանաչելու հիմքին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ պարտապանից գումար պահանջելու և հետագայում սնանկ ճանաչելու պարտատիրոջ իրավունքի ծագման հիմքում ընկած է օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, և նշված դատական ակտն օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետում կատարման չի ներկայացվում, պարտատերը զրկվում է այդ իրավունքի իրականացման իրավական հնարավորությունից, իսկ պարտապանն ազատվում է նույն վճռով սահմանված պարտավորությունից: Նշվածի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն հետևության, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետով պարտապանին սնանկ ճանաչելու հիմքը բացակայում է (տե´ս, «Արդշինբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ «Արոր-Բագրատ» արտադրական կոոպերատիվի թիվ ՀՔԴ4/0024/04/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի որոշումը):
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ այն դեպքում, երբ սնանկ ճանաչելու վճռի հիմքում դրված է Հայաստանի Հանրապետության և համայնքի բյուջեների նկատմամբ դրամային պարտավորությունների (այդ թվում` հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարումների գծով) կատարմանը պարտավորեցնող` օրինական ուժի մեջ մտած վճիռ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումը չի կարող կիրառվել: Այլ կերպ ասած` պահանջատեր հանդիսացող պետական կամ համայնքային մարմինը կաշկանված չէ վեցամսյա ժամկետով, և նշված ժամկետում նրա լիազորությունների չկատարումը չի ենթադրում հայց հարուցելու իրավունքի փոխանցում դատախազությանը:
Ամփոփելով վերը նշվածը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործով սնանկության դիմումը քննելիս դատարանները պետք է նախևառաջ պարզեն սնանկության դիմումի հիմքում ընկած՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայությունը, որից հետո միայն բացահայտեն համապատասխան հիմքի (հիմքերի) հիմնավորվածությունը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հիմքի համար օրենսդրի կողմից սահմանված իրավակարգավորումները:
Սույն գործով Դատարանը դիմումը բավարարելիս պատճառաբանել է, որ տվյալ դեպքում պարտատիրոջ նկատմամբ պարտապանի պարտավորությունները մարված չեն, վճռի կայացման պահին դրանք գերազանցում են օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, որպիսի պայմաններում դիմումը ենթակա է բավարարման: Միաժամանակ Դատարանը, անդրադառնալով Մկրտիչ Հարությունյանի կողմից ներկայացված առարկությանը, արձանագրել է, որ պատասխանող Մկրտիչ Հարությունյանն առարկել է դիմումի դեմ, սակայն չի ներկայացրել առարկությունը հիմնավորող բավարար ապացույցներ, որպիսի պայմաններում առարկության մեջ նշված փաստերը վիճելի լինելու դեպքում, դրա բացասական հետևանքները կրում է առարկություն ներկայացնող կողմը:
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը բավարարելով, Դատարանի վճիռը բեկանելով և գործը նոր քննության ուղարկելով, պատճառաբանել է, որ «տվյալ դեպքում դիմումի հիմքում դրվել է ՀՀ վարչական դատարանի 23.08.2012 թվականի թիվ ՎԴ/7022/055/11 վճիռը, որն օրինական ուժի մեջ է մտել 21.01.2013 թվականին, մինչդեռ Տեսչությունը դիմումը դատարան է ներկայացրել 24.11.2014 թվականին»: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «Դատարանը, մինչև անձին սնանկ ճանաչելու հիմքերին անդրադառնալը, պարտավոր էր պարզել հետևյալ հանգամանքները՝ ե՞րբ է համարվում Տեսչության կողմից պարտապանի պարտավորության հայտնաբերման պահը, արդյո՞ք Տեսչության կողմից սնանկ ճանաչելու մասին դիմումը ներկայացվել է պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում, եթե՝ ոչ, ապա արդյո՞ք նման պայմաններում Տեսչությունը սույն գործով հանդիսանում է պատշաճ դիմող»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Սույն գործով Տեսչության կողմից Ա/Ձ Մկրտիչ Հարությունյանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրվել է ՀՀ վարչական դատարանի 23.08.2012 թվականի օրինական ուժի մեջ թիվ ՎԴ/7022/05/11 վճռով հաստատված անվիճելի պարտավորությունը, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովության վճարի գծով 19.11.2014 թվականի դրությամբ 240.459 ՀՀ դրամի չափով և եկամտային հարկի գծով 19.11.2014 թվականի դրությամբ 92.145 ՀՀ դրամի չափով Մկրտիչ Հարությունյանի պարտավորությունները: Տեսչությունը համապատասխան դիմումը դատարան է ներկայացրել 24.11.2014 թվականին: Մկրտիչ Հարությունյանը Դատարան ներկայացված առարկությամբ նշել է, որ Տեսչության պահանջը ենթակա է մերժման օրենքով սահմանված վեց ամսյա ժամկետը բաց թողնելու հետևանքով: Միաժամանակ առարկությունում նշվել է, որ ՀՀ վարչական դատարանի 23.08.2012 թվականի թիվ ՎԴ/7022/055/11 վճիռը ենթակա չէ կատարման, քանի որ անցել է այդ վճռի հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով անձին սնանկ ճանաչելու Տեսչության դիմումի հիմքում ընկած է երկու հիմք՝
1) ՀՀ վարչական դատարանի 23.08.2012 թվականի օրինական ուժի մեջ թիվ ՎԴ/7022/05/11 վճռով հաստատված անվիճելի պարտավորությունը,
2) օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունը՝ տվյալ դեպքում պարտադիր սոցիալական ապահովության վճարի գծով և եկամտային հարկի գծով Մկրտիչ Հարությունյանի պարտավորությունները:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերից յուրաքանչյուրի կապակցությամբ սույն գործով ենթակա էին պարզման հետևյալ հանգամանքները՝
ՀՀ վարչական դատարանի 23.08.2012 թվականի օրինական ուժի մեջ թիվ ՎԴ/7022/05/11 վճռով հաստատված անվիճելի պարտավորության կապակցությամբ պետք է պարզվեին՝
1) արդյո՞ք վճռով ճանաչված վճարային պարտավորությունը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, եթե՝ այո,
2) արդյո՞ք թույլ է տվել այդ պարտավորության 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցն արդյո՞ք շարունակվում է, եթե՝ այո,
3) արդյո՞ք բաց չի թողնվել տվյալ վճիռն օրենքով սահմանված կարգով կատարման ներկայացնելու ժամկետը:
Օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորության սնանկության հիմքի կապակցությամբ պետք է պարզվեն՝
1) արդյո՞ք պարտապանը թույլ է տվել այդ պարտավորությունների նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին արդյո՞ք նշված կետանցը շարունակվում է,
2) ո՞ր պահին է Տեսչությունը հայտնաբերել Ա/Ձ Մկրտիչ Հարությունյանի պարտավորությունը,
3) արդյո՞ք «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով անձին սնանկ ճանաչելու դիմումը Տեսչության կողմից ներկայացվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված պարտավորության հայտնաբերման պահից վեց ամսյա ժամկետի պահպանմամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված հանգամանքներն էական նշանակություն ունեն սույն գործի լուծման համար, որոնք, սակայն, Դատարանում գործի ընթացքում չեն պարզվել, ինչով էլ պայմանավորված՝ Վերաքննիչ դատարանը բեկանել է Դատարանի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով չի իրականացվել լրիվ և բազմակողմանի քննություն՝ սնանկության հիմքերից յուրաքանչյուրի հիմնավորվածությունը և դրանցից յուրաքանչուրի կապակցությամբ օրենքով սահմանված ընթացակարգի պահպանված լինելը պարզելու ուղղությամբ, հետևաբար առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն՝ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի հանգամանքները պարզելու համար:
Վերոնշյալ պատճառաբանություններով մասնակիորեն հիմնավորվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Վերոնշյալ հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված` Վճռաբեկ դատարանի` դատական ակտը օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը` սույն որոշման պատճառաբանություններով: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Վերաքննիչ դատարանն իրավացիորեն գտել է, որ առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն, որի շրջանակներում, ի թիվս այլ հարցերի, ենթակա է պարզման Տեսչության՝ պատշաճ հայցվոր հանդիսանալու հանգամանքը, սակայն Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով սնանկության դիմումի հիմքում դրված են երկու տարբեր իրավական հիմքեր, որոնցից յուրաքանչյուրի համար օրենսդիրը նախատեսել է կարգավորման որոշակի առանձնահատկություններ: Մասնավորապես, այն դեպքում, երբ պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, օրենսդիրը ոչ միայն ժամկետային սահմանափակում է նախատեսել սնանկության դիմում ներկայացնելու կապակցությամբ, այլև այդ ժամկետում դիմում չներկայացնելու դեպքում նման լիազորությունը փոխանցված է համարում այլ մարմնի՝ ի դեմս դատախազության: Մինչդեռ այն դեպքում, երբ պահանջը բխում է օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված պարտավորությունից, օրենսդիրը սնանկության դիմում ներկայացնելու սուբյեկտի հարցում որևէ սահմանափակում չի նախատեսել: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից բարձրացված՝ վերը նշված հարցադրումը կիրառելի է միայն սնանկության դիմումի հիմքում դրված՝ օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից բխող պահանջի պարագայում, մինչդեռ նույն սնանկության դիմումի հիմքում դրված մյուս՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված պարտավորությունից բխող պահանջի պարագայում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները սխալ են, քանի որ Տեսչությունն այս մասով պատշաճ սուբյեկտ է: Նման պարագայում Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի որոշումը մասամբ սխալ է պատճառաբանված, գտնում է, որ այն պետք է օրինական ուժի մեջ թողնել սույն որոշման պատճառաբանություններով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բողոք բերած անձը վճարել է վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումարը, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, գտնում է, որ գործի քննության ներկա փուլում դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.04.2015 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:
2. Վճռաբեկ բողոքի կապակցությամբ դատական ծախսի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Ս. անտոնյան |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան |