ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԿԴ/0154/11/14 |
ԵԿԴ/0154/11/14 |
Նախագահող դատավոր՝ Ռ. Բարսեղյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ս. ԱՎԵՏԻՍյանի | ||
ե. դԱՆԻԵԼյանի | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Հ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ | ||
դիմողի ներկայացուցիչ |
Ռ. Ռևազյանի |
2016 թվականի մարտի 30-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի մայիսի 14-ի որոշման դեմ դիմող Հրայր Մանուկյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2014 թվականի հուլիսի 3-ին «Araratnews.am» լրատվամիջոցում տեղեկություններ են հրապարակվել «Ժառանգություն» կուսակցության անդամ, լրագրող Հրայր Մանուկյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (այսուհետ նաև՝ ՀՀ ԱԱԾ) աշխատակցի կողմից հավաքագրելու փորձ կատարելու և համագործակցության առաջարկը մերժելու կապակցությամբ սպառնալիքներ տալու վերաբերյալ:
2014 թվականի հուլիսի 8-ին Հր.Մանուկյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից ներկայացած` Վլադ Հակոբյան անունով անձի կողմից իրեն իր և «Ժառանգություն» կուսակցության քաղաքական և աշխատանքային գործունեության ծավալման հետ կապված բացասական հետևանքների առաջացմամբ սպառնալու վերաբերյալ:
2014 թվականի հուլիսի 18-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Ա.Փանոսյանը (այսուհետ նաև՝ Դատախազ) Հր.Մանուկյանին պատասխանել է գրությամբ:
2014 թվականի օգոստոսի 22-ին «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, իսկ 2014 թվականի օգոստոսի 26-ին նաև կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանը բողոք են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) Դատախազի անգործության դեմ:
2. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ Ա.Մարտիրոսյանի և Հր.Մանուկյանի կողմից ներկայացված բողոքները միացվել են մեկ վարույթում, իսկ 2015 թվականի մարտի 16-ի որոշմամբ` մերժվել:
3. Դիմող Հր.Մանուկյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2015 թվականի մայիսի 14-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մարտի 16-ի որոշումը՝ թողել օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի 2015 թվականի մայիսի 14-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Հր.Մանուկյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:
Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. 2014 թվականի հուլիսի 8-ին Հր.Մանուկյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2014 թվականի հունիս ամսին Վլադ Հակոբյան անունով ներկայացած անձը, հանդես գալով որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից, իրեն առաջարկել է համագործակցել ՀՀ ԱԱԾ-ի հետ: Նույն հաղորդման մեջ Հր.Մանուկյանը նշել է. «Որպես պատասխան իմ մերժմանը՝ սպառնացել է ինձ, իմ և «Ժառանգություն» կուսակցության քաղաքական և աշխատանքային գործունեության ծավալման հետ կապված բացասական հետևանքների մասին:
(…)
Վլադ Հակոբյանը, անկախ այն հանգամանքից, որ ես արդեն մեկ անգամ մերժել էի ՀՀ ԱԱԾ-ի հետ համագործակցության առաջարկը, պնդեց, որ նորից հանդիպեմ նրա հետ: Այդ հանդիպումը տեղի ունեցավ 2014 թվականի հունիսի 30-ին, որի ժամանակ ես ձայնագրել եմ նրա հետ տեղի ունեցած մեր զրույցը, որը հրապարակվել է տարբեր լրատվամիջոցներով (…)»: Հաղորդմանը կից ներկայացվել է նաև Հր.Մանուկյանի կողմից կատարված ձայնագրությունը (տե'ս նյութեր, հատոր 1, թերթ 47):
6. Դատախազի 2014 թվականի հուլիսի 18-ի գրության համաձայն՝ Հր.Մանուկյանի հաղորդման մեջ, հավաքագրելու փորձ կատարելու վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված նյութերում ՀՀ ԱԱԾ-ի աշխատակցին վերագրվող արարքներն առերևույթ հանցագործության հատկանիշներ չեն պարունակում, այսինքն՝ հաղորդման մեջ և հրապարակումներում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքի վերաբերյալ տեղեկություններ, որպիսի պայմաններում դրանք հանցագործության մասին հաղորդում չեն և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկման ենթակա չեն: Միաժամանակ հայտնվել է, որ վերոհիշյալ հանգամանքները հաստատվել են նաև ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկություններով (տե'ս նյութեր, հատոր 1, թերթ 5):
7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է, որ «[Հրայր Մանուկյանի 2014 թվականի հուլիսի 8-ի] հաղորդման մեջ որևէ տեղեկություն չի պարունակվում կոնկրետ հանցագործության հատականիշներ պարունակող նախապատրաստվող կամ արդեն կատարված հանցագործության մասին, ինչն անհրաժեշտ պայման է, որպեսզի ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից ներկայացված տեղեկությունները համարվեն հանցագործության մասին հաղորդում: Դրանում նշված են միայն «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանի սուբյեկտիվ գնահատականները և ՀՀ ԱԱԾ-ի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ նրա ենթադրությունները:
(…) Հրայր Մանուկյանի հաղորդումը վերոգրյալ հիմնավորմամբ քրեական գործ հարուցելու առիթ չէր կարող հանդիսանալ (…)» (տե'ս նյութեր, թերթ 128):
8. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով ստորադաս դատարանի դատական ակտը, արձանագրել է, որ. «ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործ չհարուցելով Հ.Մանուկյանի հաղորդման հիման վրա` նյութական և դատավարական օրենսդրության պահանջները պահպանվել են, ու չեն խախտվել Հ.Մանուկյանի իրավունքները և ազատությունները (…):
(…)
Վերաքննիչ բողոքի պատճառաբանությունը, որ ԱԱԾ-ի աշխատակից ներկայացած անձը Հ.Մանուկյանին և նրա հարազատներին սպառնացել է, որը հիմք է քրեական գործ հարուցելու համար` Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարում: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ներկայացված ձայնագրության մեջ բացակայում է ԱԱԾ-ի աշխատակից ներկայացած Վ.Հակոբյանի կողմից «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հ.Մանուկյանի և նրա հարազատների հասցեին սպառնալիք տալու հիմնավոր փաստարկներ» (տե'ս նյութեր, հատոր 2, թերթեր 37-38):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
9. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական և հիմնավորված չէ, քանի որ դատական ակտ կայացնելիս թույլ են տրվել նյութական ու դատավարական նորմերի խախտումներ:
Բողոքաբերն իր անհամաձայնությունն է հայտնել Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշմանը, որ Հր.Մանուկյանի ներկայացրած հաղորդման մեջ որևէ տեղեկություն չի պարունակվում նախապատրատվող կամ արդեն կատարված հանցագործության մասին՝ նշելով, որ Հր.Մանուկյանի` դատախազություն ներկայացված հաղորդման ու դրան կից՝ Վ.Հակոբյանի հետ զրույցի ձայնագրության բովանդակությունից ակնհայտ երևում է, որ որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից ներկայացած անձի արարքները պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ, 161-րդ և 309-րդ հոդվածներով նախատեսված արարքների հատկանիշներ:
Բողոքաբերը փաստարկել է, որ ստորադաս դատարանները պատշաճ չեն գնահատել այն հանգամանքը, որ Հր.Մանուկյանի հաղորդման առնչությամբ որոշում կայացնելու փոխարեն` ՀՀ գլխավոր դատախազությունը դրան պատասխանել է գրությամբ՝ խախտելով հաղորդման առնչությամբ քրեական գործ հարուցելու կամ դրա հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված պահանջը: Բողոքաբերի պնդմամբ՝ նույն գրության բովանդակությունից ակնհայտ է, որ դատախազության կողմից ձեռնարկվել են որոշակի քայլեր հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու ուղղությամբ, ինչը վկայում է այն մասին, որ հաղորդումն առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակել է: Մինչդեռ ստորադաս դատարաններն անտեսել են նաև այդ հանգամանքը:
10. Բողոքաբերը նաև փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է Վճռաբեկ դատարանի՝ Գ.Ղևոնդյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0044/11/13 որոշմանն այն համատեքստում, որ հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ պետք է կայացվեր քրեական գործ հարուցելու կամ դրա հարուցումը մերժելու մասին որոշում, ինչը չի արվել:
Ելնելով վերոգրյալից` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2015 թվականի մայիսի 14-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ Հր.Մանուկյանի կողմից ներկայացված հաղորդումը չի համապատասխանում քրեական գործ հարուցելու առիթին ներկայացվող պահանջներին:
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական գործ հարուցելու` սույն օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, իրենց իրավասության շրջանակներում, պարտավոր են քրեական գործ հարուցել»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածը սահմանում է. «Քրեական գործ հարուցելու առիթներն են`
1) հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին.
(...)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է, որ. «Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`
1) քրեական գործ հարուցելու մասին.
2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին.
3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին»։
13. Մեջբերված քրեադատավարական դրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Է.Կարապետյանի գործով որոշման մեջ՝ իրավական դիրքորոշում ձևավորելով այն մասին, որ «(...) Հանցագործության մասին հաղորդումը` որպես քրեական գործ հարուցելու առիթ, իրենից ներկայացնում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի գրավոր կամ բանավոր դիմումը քրեական հետապնդում իրականացնող մարմնին` կոնկրետ հանցագործության տարրեր պարունակող նախապատրաստվող կամ կատարված հանցագործության մասին տեղեկատվությամբ։
Առիթը պայման է, որի առկայության դեպքում օրենքը լիազորում է իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց մտնել իրավահարաբերությունների մեջ, կատարել գործողություններ, որոնք իրենց միասնությամբ ներկայացնում են քրեական դատավարության սկզբնական փուլի գործունեություն։
Քրեական գործի հարուցման առիթները պետք է բովանդակեն տեղեկություն հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին։ Միայն այս դեպքում դրանք կարող են հիմք հանդիսանալ ստուգելու և քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու որոշում ընդունելու համար։ Այսինքն` քրեական գործ հարուցելու առիթ կարող է հանդիսանալ ոչ թե ցանկացած, այլ միայն հանցագործության մասին արված հաղորդումը։ (...)» (տե՛ս Էմմա Կարապետյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հուլիսի 13-ի թիվ ՎԲ-133/07 որոշումը)։
Վերահաստատելով Է.Կարապետյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումը՝ Վճաբեկ դատարանը Ռ.Նիազյանի գործով արձանագրել է, որ. «Քրեական գործ հարուցելու առիթ ասելով` պետք է հասկանալ օրենքով սահմանված այն աղբյուրը, որտեղից իրավասու պաշտոնատար անձը տեղեկություններ է ստանում նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործությունների մասին։ Հանցագործության մասին ֆիզիկական անձի հաղորդումը` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին կամ դատախազին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի իմաստով քրեական գործ հարուցելու առիթ է, հետևաբար այդպիսի հաղորդման առկայությունն ինքնին առաջ է բերում քրեադատավարական իրավահարաբերություններ՝ կապված գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության հետ։
Միևնույն ժամանակ հանցագործության մասին հաղորդումը, այդ թվում՝ ֆիզիկական անձի կողմից տրված, չի կարող լինել վերացական կամ ընդհանուր բնույթի։ Որպեսզի հաղորդումը հիմք հանդիսանա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը կայացնելու համար, այն պետք է բովանդակի տվյալներ կոնկրետ հանցագործության մասին։ Վերոգրյալը, սակայն, չի նշանակում, որ անձն իր հաղորման մեջ պետք է ներկայացնի այնպիսի փաստական տվյալներ, որոնք իրենց բնույթով բավարար լինեն հանցագործության հատկանիշների առկայությունն առերևույթ հաստատված համարելու համար։ Գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու պարտականությունը քրեական գործի հարուցման փուլում կրում են հետաքննության մարմինը, քննիչը և դատախազը՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում և հանրային-իրավական պարտավորություններին համապատասխան։ Այս փուլում վարույթն իրականացնող մարմինը հաղորդման նախնական ստուգման միջոցով հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում, ինչպես նաև քրեական գործի վարույթը բացառող դատավարական արգելքների բացակայության պայմաններում պարտավոր է հարուցել քրեական գործ, հակառակ դեպքում՝ որոշում կայացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին»։
14. Վերահաստատելով վկայակոչված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցագործության մասին հաղորդումն իրավաբանական փաստ է, որն առաջացնում է այն ստուգելուն և լուծելուն ուղղված դատավարական իրավահարաբերություններ: Հաղորդումը` որպես քրեական գործ հարուցելու առիթ, պետք է համապատասխանի որոշակիության բովանդակային չափանիշին, մասնավորապես` բովանդակի տեղեկություն կոնկրետ հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին: Նշվածը, սակայն, չի ենթադրում, որ քննարկման և լուծման ենթակա է միայն այն հաղորդումը, որը պարունակում է քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր: Հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունները կարող են բավարար լինել այն քննարկելուն, ստուգելուն և լուծելուն ուղղված օրենսդրական կարգավորումները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներ) գործողության մեջ դնելու համար, եթե ողջամիտ հավանակություն կա, որ դրանց ստուգման արդյունքում կարող են հայտնաբերվել, այլ ոչ թե հաստատապես հայտնաբերվելու են քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քննարկված չափանիշին համապատասխանող յուրաքանչյուր հաղորդում առաջացնում է վարույթ իրականացնող մարմնի պարտականությունը դրա կապակցությամբ կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ 2014 թվականի հուլիսի 3-ին «Araratnews.am» լրատվամիջոցում տեղեկություններ են հրապարակվել «Ժառանգություն» կուսակցության անդամ, լրագրող Հրայր Մանուկյանին ՀՀ ԱԱԾ-ի աշխատակցի կողմից հավաքագրելու փորձ կատարելու և համագործակցության առաջարկը մերժելու կապակցությամբ սպառնալիքներ տալու վերաբերյալ (տե՛ս սույն որոշման 1-ին կետը): Հր.Մանուկյանը 2014 թվականի հուլիսի 8-ին ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2014 թվականի հունիս ամսին Վլադ Հակոբյան անունով ներկայացած անձը, հանդես գալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից, համագործակցելու առաջարկ է արել, իսկ իր կողմից մերժվելուց հետո` իր և կուսակցության աշխատանքային և քաղաքական գործունեության հետ կապված սպառնալիքներ տվել իրեն: Հաղորդմանը կից Հր.Մանուկյանը ներկայացրել է իր կողմից կատարված ձայնագրությունը, որը հրապարակված է եղել նաև «Araratnews.am» կայքէջում (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը)։
Նշված հաղորդմանն ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի կողմից 2014 թվականի հուլիսի 18-ին տրվել է գրավոր պատասխան այն մասին, որ հաղորդման մեջ, հավաքագրելու փորձ կատարելու վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված նյութերում ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակցին վերագրվող արարքներն առերևույթ հանցագործության հատկանիշներ չեն պարունակում, որպիսի պայմաններում դրանք հանցագործության մասին հաղորդում չեն և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկման ենթակա չեն: Միաժամանակ հայտնվել է, որ վերոհիշյալ հանգամանքները հաստատվել են նաև ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկություններով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը)։
Առաջին ատյանի դատարանը 2015 թվականի մարտի 16-ի որոշմամբ Դատախազի անգործության դեմ Հր.Մանուկյանի և Ա.Մարտիրոսյանի բողոքները մերժել է՝ պատճառաբանելով, որ Հրայր Մանուկյանի հաղորդման մեջ որևէ տեղեկություն առկա չէ կոնկրետ հանցագործության հատկանիշներ պարունակող նախապատրաստվող կամ արդեն կատարված հանցագործության մասին, ուստի այն քրեական գործ հարուցելու առիթ չէ (տե'ս սույն որոշման 7-րդ կետը): Նույն պատճառաբանությամբ Վերաքննիչ դատարանը 2015 թվականի մայիսի 14-ի որոշմամբ մերժել է Հր.Մանուկյանի ներկայացուցիչ փաստաբան Ռոբերտ Ռևազյանի վերաքննիչ բողոքը: Վերաքննիչ դատարանը նաև գտել է, որ ներկայացված ձայնագրության մեջ բացակայում են ԱԱԾ-ի աշխատակից ներկայացած Վ.Հակոբյանի կողմից «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հր.Մանուկյանի և նրա հարազատների հասցեին սպառնալիք տալու հիմնավոր փաստարկներ (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը)։
16. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 13-րդ կետում վկայակոչված՝ Է.Կարապետյանի և Ռ.Նիազյանի գործերով որոշումներում ձևավորված, ինչպես նաև սույն որոշման 14-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հր.Մանուկյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված 2014 թվականի հուլիսի 8-ի հաղորդումը առերևույթ բովանդակում է տեղեկություններ կոնկրետ հանցավոր արարքների հատկանիշներ մատնանշող տվյալների առկայության մասին, և հնարավոր է ողջամիտ ենթադրություն անել, որ այդ տեղեկությունների ստուգման արդյունքում կարող են հայտնաբերվել քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր։ Ավելին` Դատախազի գրության բովանդակության «վերոհիշյալ հանգամանքները հաստատվել են նաև ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկություններով» հատվածից հետևում է, որ վարույթն իրականացնող մարմինները Հր.Մանուկյանի հաղորդման մեջ նշված տեղեկություններն ստուգելուն ուղղված գործողություններ են կատարել:
Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ Հր.Մանուկյանի կողմից ներկայացված հաղորդումը չի համպատասխանում քրեական գործ հարուցելու առիթին ներկայացվող պահանջներին, հիմնավորված չեն:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները սույն գործով թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Հրայր Մանուկյանի և նրա ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի մայիսի 14-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան | |
Ս. Ավետիսյան | ||
Ե. Դանիելյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |