ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
3 հունիսի 2016 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված` «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի՝ 2016 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը։
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրն (Վարկային համաձայնագիր) ստորագրվել է 2016 թվականի մայիսի 11-ին:
2. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (Բանկ) Հայաստանի Հանրապետությանը (Վարկառու) Վարկային համաձայնագրով սահմանված կարգով տրամադրում է 14,600,000 եվրո գումարի չափով վարկ (Վարկ)՝ Վարկային համաձայնագրով նախատեսված ծրագրի (Ծրագիր) իրականացման համար:
Վարկը բաղկացած է երեք տրանշից`
1) Ա տրանշ՝ 5,300,000 եվրո գումարի չափով,
2) Բ տրանշ՝ 5,300,000 եվրո գումարի չափով,
3) Գ տրանշ՝ 4,000,000 եվրո գումարի չափով:
Վարկը տրամադրվում է 15 տարի ժամկետով, որից 3 տարին արտոնյալ է: Վարկի նկատմամբ պարտավորության վճարի դրույքաչափը տարեկան 0,5 տոկոս է:
Վարկի մարման վերջին ամսաթիվն է 2031 թվականի ապրիլի 16-ը:
Ծրագրի նպատակն է աջակցել Վարկառուին Գյումրու քաղաքապետարանի ենթակայության հիմնական ճանապարհների վերանորոգման և արտաքին լուսավորության արդիականացման գործում, ներառելով`
- ասֆալտի և մայթերի նորացումը` այդ թվում` ջրահեռացման ենթակառուցվածքների արդիականացումը,
- հետիոտների համար նոր տարածքների կառուցումը,
- փողոցային լուսավորության ենթակառուցվածքների վերանորոգումը,
- Գյումրու քաղաքապետարանի համար կայանման հայեցակարգի մշակումը:
Ծրագիրն իրականացվելու է Գյումրու քաղաքապետարանի (Ծրագրի ընկերության) կողմից:
Ակնկալվում է, որ Ծրագիրը կավարտվի մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:
3. Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
ա) Վարկը մարել 24 կիսամյակային մասնաբաժիններով` յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին,
բ) Վարկային համաձայնագրով սահմանված կարգով Ծրագրի ընկերությանը հասանելի դարձնել Վարկի միջոցները Բանկի համար ընդունելի պայմաններով,
գ) ապահովել, որ Ծրագրի ընկերությունն օգտագործի Վարկի միջոցները` այն նպատակներով, որոնց համար տրամադրվել է Վարկը,
դ) չփոխանցել, չփոփոխել, չեղյալ չհայտարարել Ծրագրի այն փաստաթղթի որևէ դրույթ, որի կողմ է, կամ չհրաժարվել դրանից` բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկի հետ այլ համաձայնություն է ձեռք բերվում,
ե) ապահովել, որ Ծրագրի ընկերությունը Վարկային համաձայնագրով սահմանված կարգով կատարի իր բոլոր պարտավորությունները:
4. Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրության համաձայն՝ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է Գյումրի քաղաքի ճանապարհների հիմնանորոգում և արտաքին լուսավորության համակարգի արդիականացում՝
- հիմնովին վերանորոգել քաղաքի 16,075 մետր երկարությամբ, 9-18 մետր լայնությամբ թվով 10 փողոցներ՝ իրենց հարակից մայթերով, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 302,274 քառակուսի մետր, համապատասխանաբար` 218,176 քառակուսի մետր փողոց, 84,098 քառակուսի մետր մայթ: Հիմնանորոգված փողոցներում նաև անցկացվելու է 15,185 մետր ջրահեռացման համակարգ: Ծրագրով նախատեսվում է հիմնանորոգման ենթակա փողոցների կահավորում ճանապարհային երթևեկության նշաններով,
- տեղադրել 1500 հատ նոր հենասյուներ, վերանորոգել թվով 5400 հատ հենասյուներ, տեղադրել լուսադիոդային 11500 լուսատուներ, փոխարինել մոտ 700 կիլոմետր նոր մալուխային ցանց:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2016 թվականի մայիսի 19-ին հավանություն է տվել Վարկային համաձայնագրին:
Քննության առարկա Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման համար պահանջվում է վարկային միջոցների օգտագործման և Ծրագրի իրականացման հասցեական վերահսկողության և այդ միջոցների օգտագործման թափանցիկ հաշվետվողականության ապահովում:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված` «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
ՍԴՈ-1276 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|