ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2008 թվականի N 1577-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆԴԵՐՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆԴԵՐՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 24.02.11 N 148-Ն)
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմում ստեղծել առանձնացված ստորաբաժանում` ընդերքի պետական տեսչություն:
(1-ին կետը փոփ. 24.02.11 N 148-Ն)
2. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 24.02.11 N 148-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունվարի 29 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի N 1577-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆԴԵՐՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
(վերնագիրը փոփ. 24.02.11 N 148-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում (որը ներառում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների արդյունահանման, oգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակներով ընդերքից օգտվելու ոլորտը (այսուհետ` ընդերքօգտագործում)` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
(1-ին կետը փոփ. 24.02.11 N 148-Ն)
2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր) որոշմամբ: Տեսչությունը գործում է համաձայն իր կանոնադրության, որը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ հաստատում է հիմնադիրը:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, հիմնադրի որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և տեսչության` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Տեսչության նպատակները և խնդիրներն են`
1) ընդերքօգտագործման վերաբերյալ օրենսդրության նորմերի կատարման նպատակով պետական վերահսկողության ապահովումը.
2) իր իրավասության սահմաններում օգտակար հանածոների պաշարների շարժի, հանքավայրերի պետական հաշվառման և հաշվետվությունների ներկայացման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանության ապահովումը.
3) Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին համապատասխան ընդերքօգտագործման ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և համապատասխան որոշումների ընդունման ապահովումը.
4) ընդերքօգտագործման հետևանքով ընդերքի վրա վնասակար ներգործությունների կանխարգելմանն ու նվազեցմանը նպաստելը.
5) օգտակար հանածոների (բացառությամբ ստորերկրյա քաղցրահամ ջրերի) արդյունահանման սահմանված չափաքանակների գերազանցման և ընտրովի շահագործման կանխարգելումը:
(7-րդ կետը խմբ. 08.11.12 N 1396-Ն)
III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Տեսչությունն ընդերքօգտագործման ոլորտում նշված խնդիրների և նպատակների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տնտեսավարող սուբյեկտների մոտ իրականացնում է հետևյալ վերահսկողական գործառույթները`
1) երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման արդյունքների, ինչպես նաև դրանց շահագործման համար սահմանված ընդերքօգտագործման պահանջների կատարման նկատմամբ.
2) ընդերքօգտագործման ընթացքում երկրաբանական և մարկշեյդերական փաստագրության վարման լիարժեքության, օգտակար հանածոների պաշարների շարժի հաշվառման իրականացման և տեղեկատվության ներկայացման սահմանված պահանջների կատարման նկատմամբ.
3) իր իրավասությունների սահմաններում ուսումնասիրության աշխատանքային ծրագրերին և արդյունահանման նախագծերին համապատասխան` ընդերքօգտագործման աշխատանքների կատարման նկատմամբ.
4) փորձաքննության ենթարկված փաստաթղթերով ամրագրված ընդերքօգտագործման պահանջների ու միջոցառումների (բացառությամբ ընդերքօգտագործման բնագավառում բնության և շրջակա միջավայրի պահպանության նորմերի, պայմանների ու պահանջների) կատարման նկատմամբ.
5) ընդերքօգտագործման վճար վճարողների հաշվառման կարգի պահանջների կատարման նկատմամբ.
6) ընդերքօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների, վճարների հաշվարկման և հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման կարգի կատարման նկատմամբ.
7) ընդերքօգտագործման վարչական վիճակագրության վարման և ներկայացման կարգի կատարման նկատմամբ.
8) օգտակար հանածոների պաշարների լիակատար կորզումը և հիմնական ու համատեղ գտնվող օգտակար հանածոների և դրանց ուղեկցող բաղադրամասերի ողջամիտ և համալիր օգտագործման կամ դրանց պահեստավորման ու պահպանման նկատմամբ.
9) ընդերքօգտագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ.
10) իր իրավասության սահմաններում հանքի փակման աշխատանքները հանքի փակման ծրագրին համապատասխան իրականացնելու նկատմամբ.
11) օգտակար հանածոների հանքավայրերի մակերեսների ինքնակամ կառուցապատման կանխումը և այլ նպատակների համար այդ մակերեսների օգտագործման սահմանված կարգի պահպանման նկատմամբ.
12) հրդեհումից, հեղեղումից և օգտակար հանածոների որակն ու հանքավայրերի արդյունաբերական արժեքը նվազեցնող կամ դրանց շահագործումը բարդացնող այլ գործոններից օգտակար հանածոների հանքավայրերի պահպանման նկատմամբ.
13) ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող կատարված երկրաբանական ուսումնասիրությունների վերաբերյալ միջանկյալ հաշվետվությունների և իր իրավասության սահմաններում օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվությունների ընդունման և վերլուծության արդյունքում օրենքով սահմանված դեպքերում և կարգով պատասխանատվության միջոցների կիրառումը.
14) գրավոր զգուշացում տալը, ինչպես նաև ընդերքօգտագործման պայմանագիրը լուծելու վերաբերյալ լիազոր մարմնին միջնորդագիր ներկայացնելը:
(8-րդ կետը խմբ. 08.11.12 N 1396-Ն, լրաց. 30.06.16 N 693-Ն)
8.1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տեսչությունը տնտեսավարող սուբյեկտների մոտ իրականացնում է տեսչական ստուգումներ, ստուգումներ և ուսումնասիրություններ:
(8.1-ին կետը լրաց. 08.11.12 N 1396-Ն)
IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Տեսչությունը կառավարում և նրա գործունեությունը համակարգում է նախարարը:
10. Տեսչությունը ղեկավարում է տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
11. Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
12. Տեսչության պետը պատասխանատու է տեսչության կողմից վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
13. Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նախարարության աշխատակազմի ղեկավարին:
14. Տեսչության պետը`
1) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար.
2) նախարարին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.
3) իր իրավասությունների սահմաններում արձակում է կարգադրություններ, տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով.
4) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
5) պարբերաբար նախարարին ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
6) ապահովում է նախարարի հրամանների, ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
7) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` սահմանում է տեսչության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների իրավասությունները.
8) (ենթակետն ուժը կորցրել է 08.11.12 N 1396-Ն)
9) վերահսկողություն է իրականացնում տեսչության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
10) լսում է տեսչության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
11) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմին ստեղծելու վերաբերյալ.
12) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
13) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(14-րդ կետը փոփ. 08.11.12 N 1396-Ն)
15. Տեսչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է տեսչության պետի տեղակալը` «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(15-րդ կետը խմբ. 08.11.12 N 1396-Ն)
V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
16. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
17. Տեսչությունն ունի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներ:
(17-րդ կետը փոփ. 08.11.12 N 1396-Ն)
18. Տեսչության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
19. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
(հավելվածը փոփ. 24.02.11 N 148-Ն, խմբ., լրաց., փոփ. 08.11.12 N 1396-Ն, լրաց. 30.06.16 N 693-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի N 1577-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԸՆԴԵՐՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
(վերնագիրը փոփ. 24.02.11 N 148-Ն)
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Իրավաբանական, հաշվետվությունների ընդունման և վերլուծության բաժին
Երկրաբանական վերահսկողության բաժին
Մարկշեյդերական վերահսկողության բաժին
Հանքային ջրերի հանքավայրերի վերահսկողության բաժին
II. Տարածքային ստորաբաժանումներ
Հյուսիսային տարածքային ստորաբաժանում
Կենտրոնական տարածքային ստորաբաժանում
Հարավային տարածքային ստորաբաժանում
Արևելյան տարածքային ստորաբաժանում
(հավելվածը փոփ. 24.02.11 N 148-Ն, լրաց. 08.11.12 N 1396-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավարԴ. Սարգսյան