ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ՏԴ/0071/01/13 |
Քրեական գործ թիվ ՏԴ/0071/01/13 |
|
Նախագահող դատավոր՝ Գ. Ավետիսյան |
Դատավորներ` | Ե. Դարբինյան | |
Ս. Չիչոյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Ավետիսյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Մ. Ավագյանի | |
մասնակցությամբ դատախազ |
Ա. Թամազյանի | |
պաշտպան |
Մ. Թովմասյանի |
2014 թվականի մայիսի 31-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Ալեք Գագիկի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հունվարի 17-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2013 թվականի հուլիսի 28-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 36102413 քրեական գործը:
Նախաքննության մարմնի 2013 թվականի օգոստոսի 2-ի որոշմամբ Ալեք Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով:
2. 2013 թվականի սեպտեմբերի 25-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի նոյեմբերի 8-ի դատավճռով` արագացված դատական քննության կարգի կիրառմամբ, Ա.Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և դատապարտվել ազատազրկման` վեց տարի ժամկետով:
3. Ամբաստանյալ Ա.Պողոսյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հունվարի 17-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի նոյեմբերի 8-ի դատավճիռը պատժի մասով փոփոխելու վերաբերյալ: Ամբաստանյալ Ա.Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի 4 (չորս) ամիս ժամկետով:
4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հունվարի 17-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանը:
Վճռաբեկ դատարանի 2014 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ամբաստանյալ Ա.Պողոսյանի պաշտպան Մ.Թովմասյանը` նշելով, որ վճռաբեկ բողոքն անհիմն է, վարույթ ընդունելու հիմքեր չկան, հետևաբար այն ենթակա է վերադարձման:
2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ամբաստանյալ Ա.Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականի հուլիսի 18-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ալկոհոլային խմիչքներ օգտագործած վիճակում, գողություն կատարելու դիտավորությամբ բաց պատուհանից ապօրինի կերպով մուտք է գործել Դիլիջանի Մյասնիկյան փողոցի թիվ 139 հասցեում գտնվող նույն քաղաքի բնակչուհի Ջուլիետա Սաղաթելյանին պատկանող առանձնատուն և այնտեղից գաղտնի հափշտակել է մանկական մեկ ոսկյա թևնոց և մեկ զույգ կոշիկ` պատճառելով զգալի չափի` 9.200 ՀՀ դրամի նյութական վնաս (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 100-101):
6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(…) Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում ոչ միայն կատարված հանցագործության բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը, այլև ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքները` այն, որ իրեն լիովին մեղավոր է ճանաչում, զղջում է կատարածի համար:
Գործով ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք ձեռք չի բերվել: Իսկ որպես պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք` դատարանը հաշվի է առնում հանցանքը կատարելու ռեցիդիվը (…):
Միաժամանակ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի արարքում առկա է հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվ, այսինքն` սույն գործով դիտավորյալ հանցագործության համար դատապարտվում է ազատազրկման, իսկ նախկինում երեք անգամ ազատազրկման է դատապարտվել միջին ծանրության և ծանր հանցագործությունների համար, որպիսի պարագայում ամբաստանյալի նկատմամբ պետք է նշանակել պատիժ ՀՀ քրեական օրենսգրքի 67.1 հոդվածի կիրառմամբ, համաձայն որի` հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երեք քառորդից (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 170-171):
7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կիրառման առումով նշված օրենքը մյուս օրենքների, այդ թվում նաև՝ ՀՀ քրեական օրենսգրքի նկատմամբ ունի առավել բարձր իրավաբանական ուժ, որովհետև կոնկրետ դեպքում սահմանում է արագացված դատաքննության դեպքում անձի նկատմամբ պատժի նշանակման արտոնյալ պայմանները` դրա առավելագույն պատժաչափի սահմանը: Վերաքննիչ դատարանն օրենքների իր մեկնաբանությանը հիմնվում է նաև իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի պահանջներով` համաձայն որի հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ ակտերի` տվյալ դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասում զետեղված 67.1-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի հակասության դեպքում պետք է կիրառվի ֆիզիկական անձ` ամբաստանյալ Ա.Պողոսյանի համար նախընտրելի իրավական ակտ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածը (…):
Արագացված կարգով դատական քննության պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով կատարած հանցագործության համար ամբաստանյալ Ա.Պողոսյանի նկատմամբ նշանակման ենթակա առավելագույն պատիժը չի կարող գերազանցել հինգ տարի չորս ամիս ժամկետով ազատազրկում պատիժը (8 x 2 : 3=հինգ տարի չորս ամիս) (…):
(…) Թեև ՀՀ քրեական օրենսգրքի 67.1 հոդվածը զետեղված է ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասում, և առանձնապես վտանգավոր ռեցիդիվի համար պատիժ նշանակելու պարտադիր սկզբունքը ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երեք քառորդից ոչ պակաս լինելն է, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 67.1 հոդվածով պատիժ սահմանելիս պետք է ղեկավարվել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի պահանջներով` նկատի ունենալով, որ նշված օրենքով օրենսդիրը առավել բարենպաստ պատժաչափ է նախատեսում դատական քննության արագացված կարգ կիրառելու դեպքում: Ամբաստանյալ Ա.Պողոսյանի կողմից արագացված կարգով դատաքննություն կատարելու համաձայնություն տալու, մեղսագրված արարքը ընդունելու դեպքում` օրենսդիրը պատժաչափի նշանակման հարցում առավել արտոնյալ պայմաններ է նախատեսել: Նման մեկնաբանություն անելով` Վերաքննիչ դատարանը ղեկավարվում է նաև անձի իրավունքների պաշտպանության մասին հիմնադրույթներով (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 48-49):
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքի հեղինակի պնդմամբ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտում:
9. Դատավարական իրավունքի խախտման կապակցությամբ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից` խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը:
Ի հիմնավորումն իր փաստարկի՝ բողոք բերած անձը նշել է, որ ամբաստանյալը վերաքննիչ բողոքով նպատակ է ունեցել վիճարկելու ոչ թե պատիժ նշանակելու` օրենքով սահմանված կանոնների կիրառման ճշտությունը, այլ խնդրել է օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակել` հաշվի առնելով իր առողջական խնդիրները: Հետևաբար, վերաքննիչ բողոքի բնույթն ու էությունը բոլորովին այլ է եղել, և Վերաքննիչ դատարանը պետք է քններ և լուծեր ոչ թե պատիժ նշանակելու կանոնների ճիշտ կամ սխալ կիրառության հարցը, այլ այն, թե առկա էին արդյոք բացառիկ հանգամանքներ, որոնք կարող էին էականորեն նվազեցնել հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը:
10. Նյութական իրավունքի խախտման առկայությունը հիմնավորելու նպատակով բողոքաբերը վերլուծության է ենթարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասը և ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածը` արդյունքում եզրահանգելով, որ վերոնշյալ նորմերի միջև որևէ հակասություն առկա չէ, ինչպես նշել է Վերաքննիչ դատարանը:
Ի հիմնավորումն իր փաստարկի՝ բողոք բերած անձը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասը թույլ է տալիս արագացված դատաքննության արդյունքում նշանակել առավել խիստ պատժի երկու երրորդից խիստ պատիժ այն դեպքում, երբ առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից, որի դեպքում նշանակվում է առավել մեղմ պատիժը:
ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի 2-րդ մասի` առանձնապես վտանգավոր ռեցիդիվի կանոններով պատիժ նշանակելու դեպքում սույն հանցագործության համար առավել մեղմ պատիժ հանդիսանում է 6 տարի ժամկետով ազատազրկումը: Արագացված դատաքննության կանոններով պատիժ նշանակելու դեպքում պատժի ժամկետը ստացվում է 5 տարի 4 ամիս, որն օրենքով նախատեսված նվազագույն չափից ավելի մեղմ է, հետևաբար պետք է նշանակվի առավել մեղմ պատիժը` ազատազրկում 6 տարի ժամկետով: Բողոքաբերը միաժամանակ ընդգծել է, որ ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու կանոններն իմպերատիվ բնույթ ունեն, և օրենսդիրը դրանցից որևէ բացառություն չի նախատեսել` հաշվի առնելով ռեցիդիվային հանցավորության հանրային վտանգավորությունը, դրա դեմ պայքարի անհրաժեշտությունն ու կարևորությունը: Այս կապակցությամբ բողոքի հեղինակը փաստարկել է, որ հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու կանոնին նախապատվություն տալու վերաբերյալ դիրքորոշում է արտահայտել նաև Վճռաբեկ դատարանը Ս.Թադևոսյանի գործով որոշման մեջ:
Ընդգծելով, որ թեև սույն և Ս.Թադևոսյանի գործերի փաստերը չեն նույնանում, սակայն էական հատկանիշներով նման են միմյանց: Այսպես` երկու դեպքում էլ առկա է իրավական խնդիր` ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու կանոնների և մի դեպքում` չավարտված հանցագործությունների, մյուս դեպքում` արագացված դատաքննության դեպքում պատիժ նշանակելու կանոնների միջև, որի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել՝ նշելով, որ եթե առկա է հանցագործությունների ռեցիդիվ, ապա պատիժ նշանակելու ընդհանուր կանոնները կիրառելի չեն, և պետք է կիրառվեն հատուկ ռեցիդիվային հանցավորության համար նախատեսված պատիժ նշանակելու կանոնները:
11. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հունվարի 17-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի նոյեմբերի 8-ի դատավճռին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու կանոններ սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի և արագացված դատաքննության արդյունքում պատիժ նշանակելու կանոններ սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի հարաբերակցության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի եզրակացությունն այն մասին, որ ամբաստանյալ Ա.Պողոսյանի նկատմամբ պետք է պատիժ նշանակել՝ ղեկավարվելով արագացված դատաքննության դեպքում պատիժ նշանակելու կանոնները սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասով այն դեպքում, երբ ամբաստանյալի արարքում առկա է առանձնապես վտանգավոր ռեցիդիվ:
14. ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի համաձայն`
«1. Հանցագործությունների ռեցիդիվի, վտանգավոր և առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված հանցագործությունների քանակը, բնույթը և ծանրությունը, այն հանգամանքները, որոնց հետևանքով նախկին պատիժը բավարար չի եղել մեղավորի ուղղման համար, ինչպես նաև նոր հանցագործության բնույթը, ծանրությունը և հետևանքները:
2. Հանցագործությունների ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի կեսից:
Հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երկու երրորդից:
Հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երեք քառորդից»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժը»:
Մեջբերված իրավադրույթների համեմատական վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը հանցագործությունների ռեցիդիվի, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը դատական քննության արագացված կարգ կիրառելու պարագայում նախատեսում են պատիժ նշանակելու տարբեր կանոններ, որոնցից յուրաքանչյուրի կիրառումն անձի համար տարբեր իրավական հետևանքներ է առաջացնում:
Այսպես` ռեցիդիվի պարագայում, կախված դրա տեսակից, նախատեսվում է ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի նվազագույն չափի պարտադիր խստացում (ռեցիդիվի դեպքում նշանակված պատիժը չի կարող պակաս լինել առավելագույն պատժի կեսից, վտանգավոր ռեցիդիվի դեպքում` 2/3-ից, առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում` 3/4-ից), իսկ արագացված դատաքննության դեպքում` կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի պարտադիր մեղմացում (նշանակված պատիժը չի կարող գերազանցել առավել խիստ պատժի 2/3-ը): Այլ խոսքով, ռեցիդիվի և արագացված դատաքննության դեպքում առկա են միևնույն հարաբերությունը կարգավորող երկու հատուկ նորմեր, որոնք նախատեսում են պատիժ նշանակելու տարբեր ընթացակարգ:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի միջև առկա է մրցակցություն, իսկ գործող օրենսդրական կարգավորումներից պարզ չէ, թե դրանցից որն է ենթակա կիրառման և ինչ կարգով: Այսինքն` նույն հարցի վերաբերյալ առկա են երկու իրարամերժ, հակասող կանոններ:
ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի միջև հակասության առկայության վերաբերյալ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի 2-րդ մասում առկա՝ «սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված պատիժ» և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասում առկա՝ «կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատիժ» ձևակերպումները ենթադրում են, որ կատարված հանցագործության համար նախատեսված պատիժ հասկացությունը պետք է մեկնաբանել որպես քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի շրջանակներում որոշվող օրենքով սահմանված պատիժ, իսկ խնդրո առարկա ձևակերպումների այնպիսի մեկնաբանումը, որի պայմաններում «կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատիժը» որոշվում է արդեն իսկ ռեցիդիվի կանոնների կիրառմամբ որոշված պատժաչափի սահմաններում, անթույլատրելի է:
Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ դիրքորոշումը հիմնված է Գ.Մինասյանի գործով որոշման մեջ ձևավորված այն դիրքորոշման վրա, որի համաձայն՝ «(…) ակնհայտ է ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի կապն այն առումով, որ դատական քննության արագացված կարգը կանոնակարգող դատավարական իրավունքի նորմերը պարունակում են հղումներ ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմերին: Այսպես, դատական քննության արագացված կարգ կիրառելու պայմաններից մեկը, ինչպես արդեն նշվել է, անձին այնպիսի հանցագործության մեղսագրումն է, որի համար օրենքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 (տասը) տարի ժամկետով ազատազրկումը, իսկ այս պայմանը բնականաբար որոշվելու է ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի համապատասխան դրույթների հիման վրա, կամ արագացված դատական քննության արդյունքում երկու երրորդով կրճատվում է հենց ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատիժը (…)» (տե՛ս Գագիկ Հայկի Մինասյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԿԴ/0029/01/13 որոշման 25-րդ կետերը):
15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցագործությունների ռեցիդիվի և արագացված դատաքննության դեպքում պատիժ նշանակելու վերաբերյալ մրցակցող նորմերի կիրառման կարգի և միմյանց հետ հարաբերակցության վերաբերյալ հատուկ (կոլիզիոն) կանոնները բացակայում են, ինչն իրավակիրառ պրակտիկայում դրանց կիրառման կարգի և հաջորդականության վերաբերյալ բազմաթիվ տարակարծությունների տեղիք է տալիս. մասնավորապես վիճելի է` կարո՞ղ են արդյոք վերոնշյալ նորմերը միաժամանակ կիրառվել, եթե այո, ապա ո՞րն ունի առավելություն և ո՞րն է ենթակա սկզբում կիրառման, եթե ոչ` ո՞ր նորմին պետք է նախապատվությունը տրվի:
Սույն որոշման 14-րդ կետերում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասում կիրառման կարգն ամրագրող համապատասխան կանոնի բացակայության պայմաններում վերոնշյալ նորմերի միջև առկա հակասությունը գործող օրենսդրության շրջանակներում ենթակա է լուծման ընդհանուր կոլիզիոն նորմերի կիրառմամբ:
16. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Միևնույն մարմնի նոր ընդունած իրավական ակտը չպետք է հակասի նախկինում ընդունված և ուժի մեջ մտած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին: Միևնույն մարմնի ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը, (...)»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածը գործում է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2007 թվականի փետրվարի 21-ին ընդունված ՀՀ ՀՕ-93-Ն օրենքի խմբագրությամբ, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածը` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ին ընդունված ՀՀ ՀՕ-143-Ն օրենքի խմբագրությամբ: Այսինքն` արագացված դատական քննության կարգ նախատեսող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 91-րդ բաժինն ավելի վաղ է ուժի մեջ մտել, քան հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու կանոններ նախատեսող 67.1-րդ հոդվածը:
Վերոշարադրյալ եզրահանգումը գնահատելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետք է գործի ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտը՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2007 թվականի փետրվարի 21-ին ընդունված ՀՀ ՀՕ-93-Ն օրենքով լրացված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածը:
17. Բացի այդ, սույն որոշման 16-րդ կետում շարադրված եզրահանգումը բխում է նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կանոնից, որի համաձայն` «Հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ նույն իրավական ակտի տարբեր մասերի միջև հակասության դեպքում (...) ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ հարաբերություններում պետք է կիրառեն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախընտրելի նորմատիվ իրավական ակտը կամ դրա մասը»:
Վերոնշյալ կոլիզիոն նորմի շրջանակներում գնահատելով հանցագործությունների ռեցիդիվի և արագացված դատաքննության դեպքում պատիժ նշանակելու կանոնները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արագացված դատաքննության պարագայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պատիժ նշանակելու կարգը հանցանք կատարած անձանց համար ավելի նախընտրելի է ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածով նախատեսված կարգի համեմատությամբ, քանի որ օրենսդիրն ամբաստանյալի կողմից արագացված դատաքննություն կատարելուն համաձայնություն տալու և մեղսագրված արարքն ընդունելու պարագայում առանց որևէ սահմանափակումների պատժաչափի նշանակման հարցում արտոնյալ պայմաններ է նախատեսել (արագացված դատաքննության էության ու նշանակության վերաբերյալ mutatis mutandis տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-931 որոշումը):
Մինչդեռ անձի արարքում հանցագործությունների ռեցիդիվի առկայության դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածով նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի սանկցիայի շրջանակներում անձի նկատմամբ ավելի խիստ պատիժ նշանակելու կանոններ:
18. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցագործությունների ռեցիդիվի և արագացված դատաքննության դեպքում պատիժ նշանակելու կանոնների հստակ կիրառության վերաբերյալ իրավական կարգավորման բացակայությունը և իրավակիրառ պրակտիկայում առաջացող անորոշություններն ու տարակարծությունները հակասում են ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածով ամրագրված օրինականության սկզբունքի պահանջներին, որոնցից բխում է, որ անձի նկատմամբ պատժի նշանակման կարգը և չափը իրավական որոշակիության չափանիշներին բավարարող եղանակով պետք է սահմանված լինեն հստակ, մատչելի և կանխատեսելի օրենքով: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն սահմանել է. «(...) պետությունը ոչ միայն պետք է պահպանի և կիրառի իր կողմից ընդունված օրենքները, այլև պետք է երաշխավորի դրանց իրավական և գործնական կիրառության պայմանները: Այն պետք է ապահովի ոչ միայն օրենքի առկայությունը, այլև օրենքի գերակայության գաղափարին համահունչ որակը` հստակությունը, մատչելիությունը և կանխատեսելիությունը (...)» (տե՛ս The Council օf Europe and the Rule of Law-An Օverview. CM Documents, CM (2008)170, էջեր 8-9):
Սույն հարցի կապակցությամբ նման դիրքորոշում է արտահայտել Վճռաբեկ դատարանը Վ.Ավետիսյանի գործով որոշման մեջ` արձանագրելով, որ «(...) անձին հանցագործություն (հանցագործություններ) կատարելու մեջ մեղավոր ճանաչելու և այդ հանցագործության (հանցագործությունների) համար պատիժ նշանակելու միակ հիմքն է կատարման պահին նրա արարքն օրենքով հանցագործություն համարվելը և այդ հանցագործության համար պատիժ նախատեսված լինելը: Ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության և պատժի այլ կերպ, քան օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, կարգով և չափով: Անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության այնպիսի արարքի համար, որն իրավական որոշակիության չափանիշին բավարարող եղանակով նախատեսված չէ գործող օրենքով (...):
(…) «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացարձակ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից որևէ շեղում անթույլատրելի է» (տե՛ս Վարուժան Գագիկի Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշման 13-րդ կետը):
Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի հարաբերակցության իրավական կարգավորման անորոշությունը և դրանց միջև առկա հակասությունը պետք է լուծվի հօգուտ անձի նկատմամբ պատիժ նշանակելու բարենպաստ պայմաններ նախատեսող նորմի, ինչը բխում է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով սահմանված մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար դրույթներից:
19. Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկներին, որ Վճռաբեկ դատարանը հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու կանոնին նախապատվություն տալու վերաբերյալ դիրքորոշում է արտահայտել Ս.Թադևոսյանի վերաբերյալ թիվ ԿԴ3/0006/01/12 գործով կայացված որոշմամբ (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը)՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկայակոչված որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) [ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի 41-րդ մասի] դրույթները սահմանում են (...), որ հանցագործությունների ռեցիդիվի առկայությունը բացառում է չավարտված հանցագործության համար պատիժ նշանակելու ընդհանուր կանոնների կիրառմամբ պատիժ նշանակելը: Հանցագործությունների ռեցիդիվի առկայության դեպքում պատիժը նշանակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 671-րդ հոդվածի կանոններով՝ անկախ նրանից, թե հանցագործությունը, որի կատարման մեջ անձը մեղավոր է ճանաչվել, ավարտված է, թե ոչ: Այլ խոսքով՝ չավարտված հանցագործությունների համար պատիժ նշանակելու կանոնները չեն կիրառվում, եթե առկա է հանցագործությունների ռեցիդիվի որևէ տեսակ» (տե՛ս Սահակ Ռաֆիկի Թադևոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 1-ին թիվ ԿԴ3/0006/01/12 որոշման 14-րդ կետը):
Սույն որոշման վերլուծությունը վկայում է, որ Ս.Թադևոսյանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումը բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի 41-րդ մասով սահմանված` հանցագործությունների ռեցիդիվի առկայության դեպքում չավարտված հանցագործությունների համար պատիժ նշանակելու կանոնները չկիրառելու վերաբերյալ օրենսդրական արգելքից: Այսինքն` օրենքը հստակ կարգավորել է վերոնշյալ երկու հոդվածների հարաբերակցության հարցը և նախապատվությունը տվել հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու` ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածով սահմանված կանոններին, ինչն էլ Վճռաբեկ դատարանն արձանագրել է իր որոշման մեջ: Մինչդեռ, հանցագործությունների ռեցիդիվի և արագացված դատաքննության դեպքում պատիժ նշանակելու կարգ սահմանող նորմերում նման կարգավորում առկա չէ:
Բողոքաբերի այն փաստարկների կապակցությամբ, որ սույն երկու գործերով առկա է միևնույն իրավական խնդիրը` ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու կանոնների և մի դեպքում` չավարտված հանցագործությունների, մյուս դեպքում` արագացված դատաքննության դեպքում պատիժ նշանակելու կանոնների միջև, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև իրավական խնդիրը նույնն է այն առումով, որ երկու դեպքում էլ պատիժ նշանակելու վերաբերյալ առկա են երկու հատուկ նորմեր (մեկը հանցավորի համար բարենպաստ, իսկ մյուսը` ոչ), այնուամենայնիվ տարբերությունն էական է և սկզբունքային, քանի որ առաջին դեպքում օրենսդիրը հստակ լուծել է, թե այդ նորմերից որն է ենթակա կիրառման, իսկ որը` ոչ:
20. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի կողմից առաջարկված կարգավորումը (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը) խնդրահարույց է այն առումով, որ այն, ըստ էության, անալոգիա կիրառելու առաջարկություն է: Մինչդեռ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները, ազատությունները, կամ նրանց համար նախատեսվում է նոր պարտավորություն կամ պատասխանատվություն, (...)»:
Անալոգիայի կիրառման արգելքին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է իր մի շարք նախադեպային որոշումներում` սահմանելով, որ քրեական օրենքը չի կարող տարածական մեկնաբանվել և կիրառվել անալոգիայով (օրինականության սկզբունքի և քրեական օրենքն անալոգիայով կիրառելու արգելքի մասին mutatis mutandis տե՛ս Վարուժան Գագիկի Ավետիսյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 և Երվանդ Ռաֆիկի Մելքոնյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԵՇԴ/0090/01/10 որոշումները):
ՀՀ քրեական օրենսգիրքը 65-րդ և 67.1-րդ հոդվածների կիրառման առումով անձի վիճակը վատթարացնող կարգավորում է սահմանել, հետևաբար այդ պատճառով ևս այն չի կարող տարածվել 67.1-րդ հոդվածի և 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի վրա, ինչն համահունչ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտված այն դիրքորոշմանը, ըստ որի` քրեական օրենքը չպետք է ի վնաս մեղադրյալի տարածական մեկնաբանության ենթարկվի, այսինքն` կիրառվի անալոգիայով (տե՛ս Kokkinakis v. Greece գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 1993 թվականի մայիսի 25-ի վճիռը, գանգատ թիվ 14307/88, կետ 52):
21. Վերոգրյալից բացի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ռեցիդիվի և արագացված դատաքննության դեպքում պատիժ նշանակելու կանոնների համատեղ կիրառումը՝ պայմանավորված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասում առկա կարգավորմամբ, ըստ որի` «(...) եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա [դատարանը նշանակում է] առավել մեղմ պատիժը», գրեթե բոլոր դեպքերում հանգեցնում է բացարձակ որոշակի սանկցիայի, ինչը հակասում է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի, 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների պահանջներին և դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին (տե՛ս Վճռաբեկ դատարանի թիվ ՎԲ-50/07, ՎԲ-201/07, ՎԲ-145/07, ՎԲ-63/07, ՎԲ-142/07, ՎԲ-55/07, ՎԲ-25/08, ԵՇԴ/0023/01/08, ԵԿԴ/0146/01/08, ԵԱՔԴ/0078/01/09, ԵԱՔԴ/0164/01/09, ԵԿԴ/0042/01/11, ԼԴ/0287/01/11, ՍԴ/0109/01/12, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումները): Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ռեցիդիվի և արագացված դատաքննության դեպքում պատիժ նշանակելու կանոնների համատեղ կիրառման դեպքում վերջնական պատիժը միշտ առավել մեղմից փոքր է ստացվում, և դատարանը կարող է նշանակել միայն առավել մեղմ պատիժը:
Այլ խոսքով՝ հանցագործությունների ռեցիդիվի և արագացված դատաքննության դեպքում պատիժ նշանակելու կանոնների համատեղ կիրառումը բացառում է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների կիրառման հնարավորությունը, և դատարանը զրկվում է կոնկրետ դեպքում կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորությունը, հանցավորի անձը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները գնահատելու և անձի նկատմամբ արդարացի պատիժ նշանակելու հնարավորությունից: Բացի այդ, բացառվում է վերադաս դատական ատյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքի կիրառման հնարավորությունը, որի համաձայն` դատական ակտը բեկանվում կամ փոփոխվում է, եթե նշանակված պատիժը չի համապատասխանում կատարված հանցանքի ծանրությանը կամ ամբաստանյալի անձին:
Հետևաբար, գործի քննության արագացված կարգի կիրառման պայմաններում հանցագործությունների ռեցիդիվի և արագացված դատաքննության դեպքում պատիժ նշանակելու կանոնների միաժամանակյա կիրառությունն անթույլատրելի է:
22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Ա.Պողոսյանը դատվածություն ունի նախկինում երեք անգամ դիտավորությամբ կատարված միջին ծանրության և ծանր հանցագործությունների համար և սույն գործով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով դատապարտվել է ազատազրկման (սույն հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ազատազրկում` 4-8 տարի ժամկետով): Այսինքն` նրա արարքում առկա են առանձնապես վտանգավոր ռեցիդիվի հատկանիշներ (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 148-149):
Առաջին ատյանի դատարանն արագացված դատաքննության պայմաններում Ա.Պողոսյանի նկատմամբ պատիժ է նշանակել 6 տարի ժամկետով ազատազրկում` ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի 2-րդ մասով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Վերաքննիչ դատարանը պատժի մասով փոփոխել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և ղեկավարվելով արագացված դատաքննության պայմաններում պատիժ նշանակելու կանոններով` Ա.Պողոսյանի նկատմամբ պատիժ է նշանակել հինգ տարի չորս ամիս ժամկետով ազատազրկում (8 x 2 : 3 = հինգ տարի չորս ամիս) (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
23. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-21-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված պատիժ նշանակելու հատուկ կանոնների միջև առկա է հակասություն, որը ենթակա է լուծման հօգուտ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի փաստարկներն այն մասին, որ հանցագործությունների ռեցիդիվի և արագացված դատաքննության դեպքում պատիժ նշանակելու իրավանորմերի միջև որևէ հակասություն առկա չէ և դրանք կարող են միաժամանակ կիրառվել, անհիմն են (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):
24. Սույն որոշման 14-23-րդ կետերում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր է Վերաքննիչ դատարանի եզրակացությունն այն մասին, որ ամբաստանյալ Ա.Պողոսյանի նկատմամբ պետք է պատիժ նշանակել՝ ղեկավարվելով արագացված դատաքննության դեպքում պատիժ նշանակելու կանոնները սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասով այն դեպքում, երբ ամբաստանյալի արարքում առկա է առանձնապես վտանգավոր ռեցիդիվ: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս նյութական և դատավարական իրավունքի խախտում թույլ չի տվել, որը կարող է հիմք հանդիսանալ վճռաբեկ բողոքը բավարարելու համար: Այս առումով Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված, համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին:
25. Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկներին, որ Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք նույնպես անհիմն են (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): Այսպես` ամբաստանյալ Ա.Պողոսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել իր նկատմամբ նշանակված պատժի կապակցությամբ` նշելով, որ այն չափազանց ծանր է, և խնդրել է օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակել: Վերաքննիչ դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածների շրջանակներում վերանայելով ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժի արդարության հարցերը, եզրահանգել է, որ Ա.Պողոսյանի նկատմամբ պատժաչափը սխալ է որոշվել. օրենքը սխալ մեկնաբանելով` դատարանն անձի վիճակը վատթարացրել է: Այսինքն` Վերաքննիչ դատարանը բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայել է ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը և իրավացիորեն եզրահանգել, որ Առաջին ատյանի դատարանը պատիժ նշանակելիս սխալ է կիրառել օրենքը:
26. Հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ չի տվել դատական սխալ` նյութական կամ դատավարական իրավունքի խախտում, որը կարող է հիմք հանդիսանալ վճռաբեկ բողոքը բավարարելու համար: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված, լիովին համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին, ուստի նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա վճռաբեկ բողոքը պետք է մերժել` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Ալեք Գագիկի Պողոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հունվարի 17-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Ս. Ավետիսյան | |
Հ. Ասատրյան | ||
Ե. Դանիելյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |