Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.07.28/45(848).1 Հոդ.1131.27
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.05.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ
 ՎԴ/4584/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/4584/05/08
2011 թ.

Նախագահող դատավոր՝  Ա. Ղազարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

 

Ա. Բարսեղյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր) վճռաբեկ բողոքը` ըստ Ռազմիկ Սահակյանի հայցի ընդդեմ Կադաստրի՝ պետական մարմնի ապօրինի գործողությունները վիճարկելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական դատարանի՝ 24.11.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ռազմիկ Սահակյանը պահանջել է անվավեր ճանաչել Կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանման 25.06.2008 թվականի թիվ 118 գրությամբ կառուցապատման իրավունքի գրանցման մերժումը և պարտավորեցնել Կադաստրին գրանցելու կառուցապատման իրավունքը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 24.11.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է. վճռվել է անվավեր ճանաչել Կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանման 25.06.2008 թվականի թիվ 118 գրությամբ կառուցապատման իրավունքի գրանցման մերժումը և պարտավորեցնել Կադաստրին գրանցելու Ռազմիկ Սահակյանի և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև կնքված պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին 02.06.2008 թվականի թիվ 1226 պայմանագրից ծագող իրավունքները:

ՀՀ վճռաբեկ դատարանի 08.07.2009 թվականի որոշմամբ վերադարձվել է Դատարանի 24.11.2008 թվականի վճռի դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը:

Սույն գործով Դատարանի 24.11.2008 թվականի վճռի դեմ նոր երևան եկած հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կադաստրը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 10.08.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր է ճանաչվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Ռազմիկ Սահակյանի միջև 02.06.2008 թվականին կնքված պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 1226 պայմանագիրը:

Հետևաբար, սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք, այն է` 02.06.2008 թվականին կնքված թիվ 1226 պայմանագիրը, որը դրվել է Դատարանի կողմից վճռի հիմքում, ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 10.08.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել:

Հետևաբար, ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված 10.08.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքները՝ որպես նոր երևան եկած հանգամանքներ, հիմք են Վճռաբեկ դատարանի 08.07.2009 թվականի որոշումը վերանայելու համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 24.11.2008 թվականի վճիռը, այն փոփոխել՝ մերժելով հայցը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունի հետևյալ փաստը.

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 10.08.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը, և անվավեր է ճանաչվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Ռազմիկ Սահակյանի միջև 02.06.2008 թվականին կնքված պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 1226 պայմանագիրը (գ.թ. 61-71):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական կամ վերաքննիչ դատարանի` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վարչական դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանագամանքների հիմքով վերանայվում է, եթե`

1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ

2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և

3. այդ հանգամանքներն էական նշանակություն ունեն գործի լուծման համար:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արտահայտել է այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար, նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն` արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե ոչ (տե՛ս ըստ Մարինե Մանուկյանի դիմումի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ ԵԿԴ/2397/02/08 գործով որոշումը):

Սույն գործով որպես նոր երևան եկած հանգամանք բողոք բերած անձը ներկայացրել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 10.08.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը: Նշված վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը, և անվավեր է ճանաչվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Ռազմիկ Սահակյանի միջև 02.06.2008 թվականին կնքված պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 1226 պայմանագիրը: Ընդ որում, նշված պայմանագրի հիման վրա Դատարանը սույն գործով կայացված վճռով պարտավորեցրել է Կադաստրին կատարելու պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցում:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի՝ 10.08.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով վերոնշյալ պայմանագրի անվավեր ճանաչումն էական նշանակություն ունի սույն գործի լուծման համար, համարվում է նոր երևան եկած հանգամանք և հիմք է Վճռաբեկ դատարանի 08.07.2009 թվականի որոշումը վերանայելու համար:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի ուժով Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 24.11.2008 թվականի վճիռը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.32-րդ, 204.38-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 24.11.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան