Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Տաջիկստանի Հանրապետության Կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման և համադրելիության մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Տաջիկստանի Հանրապետության Կառավարությունը, այսուհետև՝ Կողմեր,
առաջնորդվելով 2002 թվականի ապրիլի 2-ի՝ Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրով,
հիմնվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների և նորմերի, իրենց պետությունների միջազգային պարտավորությունների և օրենսդրությունների վրա,
ցանկանալով նպաստել Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև կրթության և գիտության բնագավառում բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը` Հայաստանի Հանրապետությունում և Տաջիկստանի Հանրապետությունում տրվող կրթության որակավորումների, գիտական աստիճանների և գիտական կոչումների փոխճանաչման նպատակով,
համաձայնեցին ներքոնշյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագիրը տարածվում է կրթության, գիտական աստիճանների և գիտական կոչումների վերաբերյալ պետական նմուշի փաստաթղթերի վրա, որոնք տրվում են Կողմերի պետությունների տարածքներում, ինչպես նաև՝ պետական նմուշի այն փաստաթղթերի վրա, որոնք տրվում են Կողմերից յուրաքանչյուրի՝ այլ պետությունների տարածքներում տեղակայված կրթական հաստատությունների կողմից:
Հոդված 2
Հիմնական կրթության վկայականը, որը տրվում է Հայաստանի Հանրապետությունում, և ընդհանուր կրթության մասին վկայականը, որը տրվում է Տաջիկստանի Հանրապետությունում, համադրելի են ճանաչվում երկու պետություններում:
Հոդված 3
Միջնակարգ կրթության մասին վկայականը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության վկայագիրը (միջնակարգ կրթություն ստանալու հետ մեկտեղ) և դրա ներդիրը, որոնք տրվում են Հայաստանի Հանրապետությունում, և միջնակարգ ընդհանուր կրթության վկայականը և նախնական մասնագիտական կրթության (միջնակարգ ընդհանուր կրթություն ստանալու հետ մեկտեղ) վկայագիրը, որոնք տրվում են Տաջիկստանի Հանրապետությունում, երկու պետություններում ճանաչվում են որպես փաստաթղթեր, որոնք իրավունք են տալիս շարունակելու կրթությունը Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ Կողմերից յուրաքանչյուրի պետության օրենսդրությանը և ընդունող ուսումնական հաստատության կողմից սահմանվող պայմաններին համապատասխան:
Հոդված 4
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության վկայագիրը և ներդիրը, որոնք տրվում են Հայաստանի Հանրապետությունում, և մասնագիտության մասին վկայականը և նախնական մասնագիտական կրթության վկայագիրը, որոնք տրվում են Տաջիկստանի Հանրապետությունում, համադրելի են ճանաչվում երկու պետություններում աշխատանքի ընդունվելիս՝ այդ փաստաթղթերում նշված մասնագիտությանը (արհեստին) և որակավորմանը համապատասխան:
Հոդված 5
Միջին մասնագիտական կրթության վկայագրերը և ներդիրները, որոնք տրվում են Հայաստանի Հանրապետությունում և Տաջիկստանի Հանրապետությունում, համադրելի են ճանաչվում երկու պետություններում բարձրագույն ուսումնական հաստատություններ և աշխատանքի ընդունվելիս:
Հոդված 6
Ստացած կրթության ծավալը և բովանդակությունն արտացոլող ակադեմիական տեղեկանքը, որը տրվում է Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից այն անձանց, ովքեր կրթություն ստանալու նպատակով ընդունվել են միջին մասնագիտական կրթության մասնագիտակրթական ծրագրերով, սակայն տարբեր պատճառներով չեն ավարտել ուսումնական ամբողջական ծրագիրը, իրավունք է տալիս շարունակելու կրթությունը Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության այն միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, որոնք ունեն պետական հավատարմագրման վկայական:
Ստացած կրթության ծավալը և բովանդակությունն արտացոլող ակադեմիական տեղեկանքը, որը տրվում է Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից այն անձանց, ովքեր կրթություն ստանալու նպատակով ընդունվել են բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտակրթական ծրագրերով, սակայն տարբեր պատճառներով չեն ավարտել ուսումնական ամբողջական ծրագիրը, իրավունք է տալիս շարունակելու կրթությունը Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Հոդված 7
Բակալավրիատի վկայագրերը, որոնք տրվում են պետական հավատարմագրման վկայական ունեցող՝ Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից, համադրելի են աշխատանքի ընդունվելիս և իրավունք են տալիս շարունակելու բարձրագույն կրթությունը մասնագետի պատրաստման ծրագրերով և մագիստրոսի պատրաստման ծրագրերով՝ Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ Կողմերից յուրաքանչյուրի պետության օրենսդրությանը և ընդունող բարձրագույն ուսումնական հաստատության կողմից սահմանվող պայմաններին համապատասխան:
Ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության բարձրագույն կրթության հաստատությունների կողմից տրվող բարձրագույն կրթության մասին փաստաթղթերի (բակալավրի վկայագիր) համադրելիության սահմանումը կատարվում է, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության տարածքներում՝ համապատասխան Կողմի պետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգային կանոնների համաձայն:
Հոդված 8
Բարձրագույն մասնագիտական կրթության վկայագրերը, որոնք վկայում են շրջանավարտին մասնագետի որակավորում շնորհելու մասին, և որոնք տրվում են Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից, կրթությունը շարունակելու պարագայում, այդ թվում՝ դոկտորանտուրայում կամ ասպիրանտուրայում, աշխատանքի ընդունվելիս՝ դրանցում նշված մասնագիտությամբ և որակավորմամբ, Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության տարածքներում ճանաչվում են համադրելի:
Ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից տրվող բարձրագույն կրթության մասին փաստաթղթերի (մասնագետի վկայագիր) համադրելիության որոշումը կատարվում է, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության տարածքներում՝ համապատասխան Կողմի պետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգային կանոնների համաձայն:
Հոդված 9
Մագիստրոսի վկայագրերը, որոնք տրվում են Հայաստանի Հանրապետությունում և Տաջիկստանի Հանրապետությունում, ճանաչվում են համադրելի երկու պետություններում՝ Կողմերի պետությունների տարածքներում կրթությունը շարունակելու պարագայում, այդ թվում՝ դոկտորանտուրայում կամ ասպիրանտուրայում, և աշխատանքի ընդունվելիս՝ դրանցում նշված պատրաստման ուղղությամբ (մասնագիտությամբ) և որակավորմամբ:
Ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից տրված բարձրագույն կրթության մասին փաստաթղթերի (մագիստրոսի վկայագիր) համադրելիության սահմանումը կատարվում է, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության տարածքներում՝ համապատասխան Կողմի պետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգային կանոնների համաձայն:
Հոդված 10
Կողմերից մեկի պետության քաղաքացիների՝ գիտությունների թեկնածուի, գիտությունների դոկտորի վկայագրերը, դոցենտի և պրոֆեսորի վկայականներն ու նմանատիպ փաստաթղթերը, որոնք տրվում են մյուս Կողմի պետությունում, համադրելի են ճանաչվում երկու պետություններում:
Հոդված 11
Սույն Համաձայնագրի 2-ից 10-րդ հոդվածներով նախատեսված կրթության որակավորման համադրելիության ճանաչումը փաստաթղթի տիրոջը չի ազատում Կողմերից յուրաքանչյուրի պետության օրենսդրությամբ նախատեսված այն ընդհանուր պահանջների կատարման պարտականությունից, որոնք ներկայացվում են Կողմերի պետությունների տարածքներում կրթական հաստատություններ ընդունվելիս, գիտական աստիճան, գիտական կոչում հայցելիս կամ մասնագիտական գործունեություն իրականացնելիս:
Հոդված 12
Կրթության որակավորումները, որոնք տրված են եղել Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետությունում և Տաջիկական Սովետական Սոցիալիստական Հանրապետությունում, Կողմերը ճանաչում են որպես Կողմերի պետությունների կրթական և գիտական հաստատություններում կրթական ծրագրերով կրթությունը շարունակելու իրավունք տվող կրթության որակավորման վերաբերյալ փաստաթղթեր՝ այն պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ շարունակվելու է կրթությունը:
Հոդված 13
Կողմերը՝ ի դեմս կրթության կառավարման պետական համապատասխան մարմինների, միմյանց հետ կխորհրդակցեն սույն Համաձայնագրի կատարման հարցերի վերաբերյալ և կտեղեկացնեն իրենց կրթական համակարգերում փոփոխությունների, կրթական հաստատությունների պետական գնահատման չափանիշների և կրթության որակավորումների, գիտական աստիճանների և գիտական կոչումների անվանումների փոփոխությունների մասին:
Կողմերը պարտավորվում են միմյանց տրամադրել իրենց բարձրագույն կրթության համակարգի մաս կազմող ցանկացած ուսումնական հաստատության, ինչպես նաև տվյալ հաստատությունում իրականացվող ցանկացած ծրագրի վերաբերյալ ճշգրիտ տեղեկություն՝ հնարավորություն ընձեռելով իրավասու մարմիններին համոզվելու, թե կարո՞ղ է արդյոք տվյալ հաստատությունների կողմից տրված որակավորումների մակարդակը ճանաչման համար հիմք լինել այն պետությունում, որտեղ հայցվում է ճանաչումը:
Հոդված 14
Կողմերը կփոխգործակցեն կրթության որակավորումների, գիտական աստիճանների և գիտական կոչումների ճանաչման ու համադրելիության որոշման ընդհանուր հարցերին նվիրված բազմակողմ միջազգային համաժողովներում, գիտաժողովներում և հանդիպումներում:
Հոդված 15
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման ժամանակ տարաձայնություններ ծագելու դեպքում Կողմերը դրանք կլուծեն խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 16
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով և կկազմեն դրա անբաժանելի մասը:
Հոդված 17
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
Սույն Համաձայնագիրը կնքվում է 5 (հինգ) տարի ժամկետով և ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամկետներով, եթե Կողմերից որևէ մեկը նշված հնգամյա ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 6 (վեց) ամիս առաջ մյուս Կողմին չի ծանուցում Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Երևան քաղաքում 2017 թվականի հունիսի 14-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, տաջիկերեն և ռուսերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի առանձին դրույթների տարբեր մեկնաբանությունների դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2018թ. հոկտեմբերի 11-ին