Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.05.30/44(1402)
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն
Ընդունման ամսաթիվ
11.12.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2019

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

    

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ՝ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

   

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, ի դեմս իրենց կառավարությունների, այսուհետ՝ անդամ պետություններ,

հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթների վրա,

հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների իրավատերերի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով,

համաձայնեցին հետևյալի մասին.

  

Հոդված 1

    

1. Սույն համաձայնագրով սահմանվում է անդամ պետությունների տարածքներում հեղինակային և հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգն այն դեպքերում, երբ հեղինակների, կատարողների, հնչյունագրեր պատրաստողների (արտադրողների) և հեղինակային և (կամ) հարակից իրավունքների այլ իրավատերերի (այսուհետ՝ իրավատերեր) կողմից հեղինակային և (կամ) հարակից իրավունքների գործնականում իրականացումն անհատական կարգով դժվարացված է, կամ երբ անդամ պետությունների օրենսդրությամբ թույլատրվում է այդ իրավունքների օբյեկտների օգտագործումը՝ առանց իրավատերերի համաձայնության, սակայն վարձատրության վճարմամբ:

2. Անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող՝ հեղինակային և (կամ) հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման ոլորտներում անդամ պետությունները նախատեսում են իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) ստեղծման հնարավորություն:

3. Կազմակերպությունների կողմից լիազորությունների իրականացման հիմք է իրավունքների կառավարման լիազորությունների փոխանցման մասին պայմանագիրը, որն այդ կազմակերպությունները գրավոր կնքում են իրավատիրոջ, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ՝ բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքի:

4. Հեղինակային և (կամ) հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման համապատասխան ոլորտներում կազմակերպություններին անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան կարող են վերապահվել ինչպես այն իրավատերերի իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման լիազորություններ, որոնք համապատասխան լիազորություններն անմիջականորեն փոխանցել են այդպիսի կազմակերպություններին, այնպես էլ այն իրավատերերի իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման լիազորություններ, որոնք չեն հրաժարվել իրավունքների կառավարումից՝ ի շահ դրանց: Այդպիսի լիազորությունները վավեր են այն անդամ պետության տարածքի սահմաններում, որի օրենսդրությանը համապատասխան դրանք տրվել են:

5. Եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ կազմակերպությանը վերապահվում են լիազորություններ՝ իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման և վարձատրության հավաքագրման համար, ինչպես ի շահ այն իրավատերերի, որոնք համապատասխան լիազորություններն անմիջականորեն փոխանցել են այդպիսի կազմակերպություններին, այնպես էլ ի շահ այն իրավատերերի, որոնք չեն հրաժարվել իրավունքների կառավարումից՝ ի շահ դրանց, ապա անդամ պետությունն իր օրենսդրությամբ նախատեսում է համապատասխան պետական մարմնին լիազորություններ վերապահել այդպիսի կազմակերպության գործունեության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու համար (այսուհետ՝ լիազորված մարմին):

Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել կազմակերպությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու այլ դեպքեր:

Անդամ պետությունների լիազորված մարմինները փոխգործակցում են միմյանց հետ, այդ թվում՝ կազմակերպությունների գործունեության վերաբերյալ միմյանց տրամադրում են անհրաժեշտ տեղեկատվություն։

  

Հոդված 2

  

1. Կազմակերպությունների գործունեությունն անդամ պետությունների տարածքներում պետք է իրականացվի հրապարակայնության, թափանցիկության, հաշվետվողականության, վերահսկողության և արդարության (խտրականության բացառման) սկզբունքներին համապատասխան:

2. Կազմակերպության կազմակերպաիրավական ձևը և իրավական կարգավիճակը, դրան համապատասխան լիազորություններ վերապահելու առանձնահատկությունները, կազմակերպության գործառույթները, դրա անդամների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև սույն համաձայնագրով չկարգավորված այլ հարցեր լուծելու կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:

  

Հոդված 3

    

1. Կազմակերպությունն օգտագործողների հետ կնքում է հեղինակային և (կամ) հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման համապատասխան եղանակների նկատմամբ այդպիսի կազմակերպության կառավարման ներքո գտնվող հեղինակային և (կամ) հարակից իրավունքների վերաբերյալ պայմանագրեր՝ հասարակ (ոչ բացառիկ) լիցենզիայի պայմաններով, և այդ օգտագործողներից վարձատրություն է հավաքագրում այդպիսի օբյեկտների օգտագործման իրավունք տրամադրելու դիմաց:

Այն դեպքերում, երբ հեղինակային և (կամ) հարակից իրավունքների օբյեկտների օգտագործումը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, թույլատրվում է առանց իրավատերերի համաձայնության, սակայն նրանց վարձատրություն վճարելու պայմանով, ապա կազմակերպությունը վարձատրություն վճարելու վերաբերյալ պայմանագրեր է կնքում օգտագործողների կամ այն անձանց հետ, որոնց վրա, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, դրված է վարձատրություն վճարելու համար միջոցների վճարման պարտականությունը, և միջոցներ է հավաքագրում իրավատերերին վարձատրություն վճարելու համար:

2. Կազմակերպությունն իրականացնում է հեղինակային և (կամ) հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման դիմաց հավաքագրված վարձատրության բաշխում իրավատերերի միջև եւ վճարում է նրանց նշված վարձատրությունը։

Հավաքագրված վարձատրության բաշխումն իրականացվում է տարին առնվազն մեկ անգամ՝ կազմակերպության կողմից օգտագործողներից ստացվող փաստաթղթերի ու տեղեկությունների, ինչպես նաև հեղինակային և (կամ) հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման վերաբերյալ այլ տվյալների, այդ թվում՝ վիճակագրական բնույթի տվյալների հիման վրա որոշվող՝ հեղինակային և (կամ) հարակից իրավունքների համապատասխան օբյեկտների փաստացի օգտագործմանը համաչափ:

Օգտագործողները պարտավոր են կազմակերպություն ներկայացնել հեղինակային և (կամ) հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման վերաբերյալ հաշվետվություններ, ինչպես նաև վարձատրության հավաքագրման ու բաշխման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ և փաստաթղթեր։ Փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկն ու դրանք ներկայացնելու ժամկետները սահմանվում են կազմակերպության ու օգտագործողների միջև կնքվող պայմանագրերով։

Կազմակերպության կողմից իրավատերերին վարձատրության վճարումը պետք է իրականացվի պարբերաբար՝ տարին առնվազն մեկ անգամ: Նշված վճարումները պետք է կատարվեն հաշվետու տարվա ավարտից հետո՝ 12 ամսից ոչ ուշ։

Օտարերկրյա հեղինակներին կամ իրավատերերին՝ հավաքագրված վարձատրության փոխանցման հաճախականությունը սահմանվում է շահերի ներկայացուցչության վերաբերյալ պայմանագրերով, որոնք կնքվում են օտարերկրյա կազմակերպությունների հետ, սակայն տարին առնվազն 1 անգամ:

3. Կազմակերպությունն իրավունք ունի հավաքագրված վարձատրությունից պահելու որոշակի գումար՝ իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարելու մասով իր ծախսերը հոգալու համար (այսուհետ՝ կազմակերպության ծախսեր):

Կազմակերպության ծախսերը պետք է լինեն հիմնավորված ու փաստաթղթերով հաստատված:

Անդամ պետությունն իր օրենսդրությամբ կարող է սահմանել կազմակերպության կողմից հավելյալ միջոցներ պահելու հնարավորություն, որոնք, իր կողմից ներկայացվող իրավատերերի համաձայնությամբ և ի շահ նրանց, ուղղվում են սոցիալական, մշակութային և կրթական նպատակների համար (այսուհետ՝ հատուկ միջոցներ):

Հատուկ միջոցներին առնչվող իրավական ռեժիմը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ:

Կազմակերպությունն իրավունք չունի կազմակերպության ծախսերի և հատուկ միջոցների համար պահելու հավաքագրված վարձատրության գումարի 50 տոկոսից ավելին:

Այդպիսի պահումները պետք է կատարվեն իրավատերերից յուրաքանչյուրին հասանելիք յուրաքանչյուր գումարին համամասնորեն։ Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել այդպիսի պահումների նվազագույն ընդհանուր սահմանաչափ:

Վարձատրության վճարման հետ մեկտեղ կազմակերպությունը պարտավոր է իրավատիրոջը ներկայացնել նրա իրավունքների օգտագործման և այդպիսի օգտագործման հետևանքով հավաքագրված վարձատրության չափի վերաբերյալ հաշվետվություն՝ կազմակերպության կողմից պահված գումարների, այդ թվում՝ հատուկ միջոցների մասին մանրամասներով:

4. Այն դեպքում, երբ իրավատիրոջը հասանելիք վարձատրությունը չի կարող վճարվել սույն հոդվածի 2-րդ կետի չորրորդ պարբերությամբ սահմանված ժամկետում, կազմակերպությունը պարտավոր է այդպիսի ժամկետն ավարտվելու օրվանից 12 ամսվա ընթացքում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ այդպիսի իրավատիրոջը որոշելու և հայտնաբերելու համար։

Անդամ պետություններն իրենց օրենսդրությամբ սահմանում են հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը լրանալուց հետո կազմակերպության կողմից չվճարված միջոցների պահպանման, ինչպես նաև չպահանջված վարձատրության գումարի օգտագործման կարգը:

   

Հոդված 4

    

1. Կազմակերպությունը, մասնավորապես, պարտավոր է՝

1) ստեղծել (սահմանել) պաշտոնական կայք՝ «Ինտերնետ» տեղեկատվականհեռահաղորդակցական ցանցում իր գործունեության վերաբերյալ տեղեկատվություն տեղադրելու (հրապարակելու) համար (այսուհետ՝ պաշտոնական կայք).

2) ապահովել պաշտոնական կայքի հասանելիությունը շուրջօրյա ռեժիմով, պաշտոնական կայքում տեղադրվող տեղեկատվության հրապարակայնությունը, ինչպես նաև այդպիսի տեղեկատվության անհատույց տրամադրումը.

3) ձևավորել այնպիսի գրանցամատյաններ, որոնք պարունակում են տեղեկություններ՝ իրավատերերի, հեղինակային և (կամ) հարակից իրավունքների օբյեկտների ու այդպիսի կազմակերպության կառավարմանը փոխանցված իրավունքների վերաբերյալ (այսուհետ՝ գրանցամատյաններ)՝ բացառությամբ այնպիսի տեղեկությունների, որոնք, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, չեն կարող հրապարակվել՝ առանց իրավատիրոջ համաձայնության.

4) տեղադրել գրանցամատյանները պաշտոնական կայքում, ինչպես նաև իրականացնել դրանց վարումն ու ժամանակին թարմացումը՝ օգտագործողների հետ պայմանագրեր կնքելու և վարձատրությունը վճարելու նպատակով.

5) ներդնել այնպիսի ընթացակարգեր, որոնց միջոցով կոլեկտիվ հիմունքներով կառավարող մյուս կազմակերպությունները, ինչպես նաև այն իրավատերերը, ի շահ որոնց կազմակերպությունը կնքում է պայմանագրեր օգտագործողների հետ, կկարողանան ծանուցել գրանցամատյաններում առկա և նրա կողմից կառավարվող իրավունքներին առնչվող ցանկացած անճշտության մասին։

2. Կազմակերպությունն իրավունք չունի օգտագործելու հեղինակային և (կամ) հարակից իրավունքների այն օբյեկտները, որոնց նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է իր կառավարմանը:

3. Կազմակերպությունն իրավունք ունի դատարանում պահանջ ներկայացնելու իրավատիրոջ կամ իր անունից, ինչպես նաև իրականացնելու այլ իրավական գործողություններ՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան իր կառավարմանը փոխանցված իրավունքները պաշտպանելու համար:

   

Հոդված 5

   

1. Կազմակերպությունը պարտավոր է ներգրավել անկախ աուդիտորական կազմակերպության՝ իր հաշվապահական (ֆինանսական) հաշվետվության աուդիտ անցկացնելու, ինչպես նաև վարձատրության հավաքագրման, բաշխման և վճարման ընթացքում դրամական միջոցների հետ գործառնությունների վարումը և փաստաթղթային ձևակերպումը, կազմակերպության կողմից հաստատված մեթոդիկայով նախատեսված՝ հավաքագրված վարձատրության բաշխման պահանջներին համապատասխանությունը, հատուկ միջոցների հաշվին կատարված նպատակային դրամական մուտքերի և վճարումների հաշվառումը, ինչպես նաև սույն համաձայնագրի 3-րդ հոդվածով սահմանված՝ այդպիսի կազմակերպության գործունեությանը ներկայացվող այլ պահանջներ ստուգելու նպատակով (այսուհետ՝ ստուգում):

Աուդիտ ու ստուգում անցկացնելու հաճախականությունը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ՝ 2 տարին առնվազն 1 անգամ:

2. Կազմակերպությունն աուդիտորական եզրակացության հաստատման (ստորագրման) օրվանից մեկամսյա ժամկետում պարտավոր է պաշտոնական կայքում հրապարակել աուդիտորական եզրակացությունը և համապատասխան հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունը, որոնք հինգ տարվա ընթացքում պետք է հասանելի լինեն իրավատերերի համար:

Հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունը և աուդիտի և ստուգման ենթակա ցանկացած այլ տեղեկատվություն չեն կարող դասվել գաղտնի բնույթ ունեցող տեղեկության, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկատվության շարքին:

3. Աուդիտ ու ստուգում անցկացնելու ծախսերը ներառվում են կազմակերպության ծախսերի մեջ:

4. Անդամ պետություններում, որտեղ կազմակերպությունների գործառույթներն ու պարտականություններն իրականացվում են պետական մարմնի (պետական կազմակերպության) կողմից, աուդիտն ու ստուգումն անցկացվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ սույն հոդվածի դրույթները հաշվի առնելով:

  

Հոդված 6

   

1. Անդամ պետություններն իրենց օրենսդրությամբ սահմանում են պատասխանատվություն՝

1) առանց իրավատիրոջ կամ նրա համապատասխան իրավունքները կառավարող կազմակերպության համաձայնության, ինչպես նաև առանց վարձատրության վճարման հեղինակային և (կամ) հարակից իրավունքների օբյեկտները օգտագործելու համար կամ վարձատրության վճարման միջոցների վճարումից խուսափելու համար՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

2) կազմակերպության կողմից իրավունքների կառավարման կարգը խախտելու հետևանքով՝ հավաքագրված վարձատրությունն իրավատիրոջն այդ կազմակերպության կողմից չվճարելու համար.

3) հավաքագրված վարձատրության գումարից պահումների՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված սահմանաչափը կազմակերպության ծախսերի և հատուկ միջոցների մասով գերազանցելու համար.

4) սույն համաձայնագրի 5-րդ հոդվածով սահմանված աուդիտ ու ստուգում անցկացնելու մասով պարտավորությունը չկատարելու համար:

2. Անդամ պետությունները կարող են սահմանել կազմակերպությունների պատասխանատվության այլ դեպքեր:

3. Անդամ պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ ուղղված սույն հոդվածի 1-ին կետում նշված գործողությունների համար պատասխանատվություն նախատեսող՝ օրենսդրության նորմերի ներդաշնակեցմանը:

  

Հոդված 7

   

Կազմակերպությունն իրավատերերի հետ փոխգործակցելիս առաջնորդվում է հետևյալ սկզբունքներով՝

1) իրավատերերն իրավունք ունեն ցանկացած պահի ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվելու իրենց իրավունքների՝ կազմակերպության կողմից կառավարումից.

2) իրավատերերն իրավունք ունեն մասնակցելու կազմակերպության կառավարման մարմինների գործունեությանը, այդ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով, եթե այդ իրավունքը սահմանված է անդամ պետությունների օրենսդրությամբ.

3) վարձատրության բաշխումն ու վճարումը պետք է իրականացվեն արդար կերպով՝ առանց իրավատիրոջ քաղաքացիության, բնակության երկրի, կատեգորիայի կամ այլ հիմքով խտրականության.

4) կազմակերպությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի չորրորդ պարբերությանը համապատասխան պարբերաբար վարձատրություն վճարելու համար.

5) կազմակերպությունը վարձատրության բոլոր հավաքագրված և բաշխված գումարների, նշված գումարներից ցանկացած պահման, ինչպես նաև դրանց բաշխման մեթոդիկայի վերաբերյալ պետք է պարբերաբար հաշվետվություն, այդ թվում՝ վիճակագրական բնույթի տեղեկություններ ներկայացնի այն իրավատերերին, ի շահ որոնց այն պայմանագրեր է կնքել օգտագործողների հետ:

 

Հոդված 8

   

1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց առաջ առաջացած իրավահարաբերությունների դեպքում դրա դրույթները կիրառվում են այն իրավունքների ու պարտականությունների նկատմամբ, որոնք կառաջանան սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո։

2. Հեղինակային և (կամ) հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարումը, որն իրականացվում է սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, շարունակում է իրականացվել սույն համաձայնագրին չհակասող մասով։

   

Հոդված 9

   

Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։

  

Հոդված 10

   

Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:

  

Հոդված 11

   

1. Սույն համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և մտնում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մեջ։

2. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից։

Անդամ պետությունները դիվանագիտական ուղիներով տեղեկացնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն համաձայնագրի կատարման համար պատասխանատու պետական մարմինների մասին։

Կատարված է Մոսկվա քաղաքում 2017 թվականի դեկտեմբերի 11-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն hամաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կտրամադրի դրա հաստատված պատճենը։

   

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կառավարության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կառավարության կողմից՝

   

Ղրղզստանի Հանրապետության կառավարության կողմից՝

 

 

Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից՝