«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2004 թվականի N 1064-Ն
ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ՈՒ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄՇՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի ստեղծման և գործունեության ապահովման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
(կարգը խմբ. 28.10.10 N 1471-Ն)
ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ, ՔԻՄԻԱԿԱՆ ՈՒ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄՇՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի ստեղծումը, հիմնական խնդիրները և գործունեության ապահովումը։ Ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակներն են`
1) ճառագայթային իրավիճակը` իրավիճակ, որն առաջացել է ատոմային զենքի կիրառման, միջուկային վթարի կամ ռադիոակտիվ նյութերի հետ կապված միջադեպի արդյունքում և հանգեցրել է կամ կարող է հանգեցնել բնակչության գերճառագայթահարման ու շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման.
2) քիմիական իրավիճակը` իրավիճակ, որն առաջացել է քիմիական զենքի կիրառման, թունավոր քիմիական նյութեր օգտագործող գործարանի վթարի կամ այդպիսի նյութերի փոխադրման ժամանակ տեղի ունեցած միջադեպի արդյունքում և հանգեցրել է կամ կարող է հանգեցնել բնակչության թունավորման ու թունավոր նյութերով շրջակա միջավայրի աղտոտման.
3) մանրէաբանական (կենսաբանական) իրավիճակը` իրավիճակ, որն առաջացել է կենսաբանական զենքի կիրառման և սուր վարակիչ հիվանդությունների հարուցիչների չվերահսկվող տարածման (այդ թվում` անդրսահմանային) արդյունքում և հանգեցրել է բնակչության, կենդանիների ու բուսականության լոկալ կամ զանգվածային հիվանդացման:
2. Ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգը (այսուհետ` համակարգ) ապահովում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների կանխման ու դրանց հետևանքների վերացման միջոցառումների իրականացումը։ Համակարգի առջև դրված խնդիրների կատարումը, որոնք սահմանված են սույն կարգով, պարտադիր է այդ համակարգում ներառված մարմինների և կազմակերպությունների համար։
3. Ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակներում համակարգի գործունեությունը համակարգում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)։ Համակարգում ներառված կազմակերպությունների ղեկավարումն իրականացնում են համապատասխան պետական կառավարման մարմինները և կազմակերպությունները։
4. Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության իրականացման նպատակներն են`
1) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ իրականացնելիս՝ շրջակա միջավայրի օբյեկտների (հողի, օդի, ջրի, բուսածածկույթի, սննդամթերքի, սննդահումքի, անասնակերի) ռադիոակտիվ, քիմիական ու մանրէաբանական աղտոտվածության օպերատիվ որակական ցուցանշումը (ինդիկացիա).
2) շրջակա միջավայրից վերցված փորձանմուշներում` լաբորատոր պայմաններում ռադիոակտիվ, քիմիական նյութերի ու մանրէների քանակի որոշումն ու եզրակացության տրամադրումը.
3) մշտական հսկողության արդյունքների հիման վրա ռադիոակտիվ, քիմիական ու վարակիչ հիվանդությունների հարուցիչներից բնակչության և գյուղատնտեսության պաշտպանության առաջնահերթ միջոցառումների իրականացումը։
5. Համակարգն ունի 2 մակարդակ`
1) հանրապետական, որը ներառում է պետական կառավարման մարմինները, նրանց ենթակա կազմակերպությունները, որոնց գործունեությունը` ճառագայթային, քիմիական և մանրէաբանական իրավիճակի հսկողության բնագավառում, անմիջականորեն համակարգում է լիազոր մարմինը` արտակարգ իրավիճակներում.
2) մարզային, որը ներառում է մարզերում և համայնքներում գործող մշտական հսկողության համակարգի կազմակերպությունները, որոնք տեղեկատվություն են ներկայացնում լիազոր մարմնի մարզային ստորաբաժանում:
6. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ իրականացնելիս՝ լիազոր մարմինը համակարգում է համակարգի գործունեությունը, հսկում համակարգի մարմինների պատրաստականությունը, ինչպես նաև կազմակերպում այդ մարմինների մասնագետների ուսուցումը և վերապատրաստումը։
II. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ
7. Համակարգի մարմիններն իրենց գործունեությունն իրականացնում են 3 ռեժիմով`
1) ամենօրյա աշխատակարգի` խաղաղ ժամանակ, նորմալ ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի պայմաններում, մշտական հսկողությունն իրականացվում է այն խնդիրների ծավալով, որոնք վերադաս մարմնի կողմից սահմանվում են տվյալ կազմակերպության համար։ Մշտական հսկողության արդյունքների մասին տեղեկատվությունը ներկայացվում է վերադաս մարմին.
2) բարձր պատրաստականության աշխատակարգի` շրջակա միջավայրի օբյեկտներում ռադիոակտիվ նյութերի ճառագայթային անվտանգության նորմերով սահմանված թույլատրելի խտությունների գերազանցման, քիմիական նյութերի սահմանային թույլատրելի խտությունների ավելացման, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչներ հանդիսացող միկրոօրգանիզմների հայտնաբերման և մարդկանց ու կենդանիների հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների ծագման ժամանակ տեղեկություններն անհապաղ ներկայացվում են լիազոր մարմնի ստորաբաժանում և վերադաս մարմին` ըստ գերատեսչական ենթակայության։ Այնուհետև յուրաքանչյուր չորս ժամը մեկ անգամ զեկուցվում է առկա կապուղիներով։ Լիազոր մարմին ներկայացվող տեղեկատվական փաստաթղթերի ձևերը և լրացման կարգը յուրաքանչյուր մարմնի համար սահմանվում են վերադաս մարմնի կողմից.
3) լիակատար պատրաստականության աշխատակարգի` շրջակա միջավայրի օբյեկտներում, անասնակերում և սննդահումքում ռադիոակտիվ նյութերի ճառագայթային անվտանգության նորմերով սահմանված թույլատրելի խտությունների գերազանցման ու քիմիական նյութերի սահմանային թույլատրելի խտությունների գերազանցման, վարակիչ հիվանդությունների հարուցիչներ հանդիսացող մանրէների հայտնաբերման ժամանակ մարդկանց և կենդանիների շրջանում վտանգավոր վարակիչ հիվանդություններով խմբակային հիվանդացման կամ այդ հիվանդությունների բռնկումների մասին անհապաղ տեղեկատվությունը ներկայացվում է լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանում և վերադաս մարմին` անմիջապես կամ դեպքից ոչ ուշ, քան 2 ժամ անց` օգտագործելով համապատասխան փաստաթղթերը և առկա կապուղիները։ Հետագա տեղեկատվությունը հաղորդվում է յուրաքանչյուր 4 ժամը մեկ անգամ կամ ավելի հաճախ։
III. ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
8. Համակարգի գլխադասային մարմիններն են`
1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը.
2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը.
3) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը.
4) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.
5) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը.
6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը.
7) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն:
9. Լիազոր մարմնի խնդիրներն են` բնակչության պաշտպանության նպատակով`
1) համակարգի մարմինների կողմից ճառագայթային, քիմիական և մանրէաբանական իրավիճակի հսկողության գործունեության արդյունավետության բարձրացումը.
2) համակարգի գործունեության համակարգումն ու փոխգործողության կազմակերպումն ամենօրյա և արտակարգ իրավիճակների պայմաններում.
3) Հայաստանի Հանրապետության տարածքում քիմիական նյութերով և մանրէներով վարակվածության մասին տեղեկատվության հավաքումը, վերլուծությունը և ընդհանրացումը.
4) Հայաստանի Հանրապետությունում քիմիական և մանրէաբանական իրավիճակի կանխատեսումը և դրա կարգավորման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
5) ճառագայթային, քիմիական և մանրէաբանական հսկողության օպերատիվ կազմակերպումն ու իրականացումը` համակարգի մարմինների ուժերով.
6) մասնակցությունը միջազգային ծրագրերին.
7) հանրապետության տարածքում գամմա ճառագայթման դոզայի հզորության չափումները.
8) մթնոլորտի, բաց ջրամբարների ու տեղանքի՝ մարտական և ուժեղ ներգործող թունավոր նյութերով վարակվածության որոշումը.
9) ճառագայթային և քիմիական աղտոտվածության սահմանների որոշումը.
10) մասնագետների վերապատրաստումը:
10. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված տեղեկատվության ցանկը և փոխանակման կարգը սահմանվում են լիազոր մարմնի և համապատասխան հանրապետական գործադիր մարմնի ղեկավարների համատեղ հրամանով։
(հավելվածը խմբ. 28.10.10 N 1471-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |