ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 2010 թվականի N 1374-Ն
ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՇԱՐՔԸ ԴԱՍՎԱԾ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՀՈՒՄՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջների վերաբերյալ կարգը հաստատելու մասին» N 491-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հանքային ջրերի շարքը դասված և արդյունահանված հումքի օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 90-րդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. նոյեմբերի 3
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1374-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՇԱՐՔԸ ԴԱՍՎԱԾ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՀՈՒՄՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում հանքային ջրերի շարքը դասված և արդյունահանված հումքի օգտագործման կարգը:
II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Սույն կարգի մեջ կիրառված են հետևյալ հասկացությունները`
1) բալնեոլոգիա` բժշկական գիտության բաժին է, որն ուսումնասիրում է բուժիչ հանքային ջրերը, նրանց ծագումը, ֆիզիկաքիմիական հատկությունները, տարբեր հիվանդությունների ժամանակ օրգանիզմի վրա դրանց ազդեցությունը, բուժկանխարգելիչ նպատակով օգտագործման մեթոդները, բժշկական ցուցումները և հակացուցումները.
2) բալնեոբուժում` (լատիներեն balneum-բաղնիք, լողանալ և բուժում) այն նախատեսում է հանքային ջրերի ներքին (խմելու) և արտաքին (բալնեոլոգիական) օգտագործում` տարբեր հիվանդությունների բուժման համար, որպես բուժման միջոց հանքային ջրի կիրառման տարբեր մեթոդներով (լոգանքներ, ցնցուղ, հիդրոմերսում, հոգնա, խմելու միջոցով և այլն).
3) խմելու բուժիչ-սեղանի բնական հանքային ջուր, որն ունի 1-10գ/դմ3 հանքայնացում: Խմելու բուժիչ-սեղանի բնական հանքային ջրերը խմում են բուժկանխարգելիչ նպատակներով, սահմանափակ քանակներով: Դրանց անսահմանափակ օգտագործումը կարող է բերել օրգանիզմում ջրաաղային հավասարակշռության խանգարման և քրոնիկ հիվանդությունների սրման.
4) խմելու բուժիչ բնական հանքային ջուր, որն ունի 10-15գ/դմ3 հանքայնացում: Այս ջրերը չեն շշալցվում և խմում են անմիջապես աղբյուրից: Խմելու բուժիչ բնական հանքային ջրերն ունեն բուժիչ ազդեցություն:
III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
3. Հանքային ջրերի արդյունահանված հումքի` բնական հանքային ջրերի, սեղանի հանքային ջրերի, բուժիչ բնական հանքային ջրերի տարանջատումը (դասակարգումը) ու դրանց ֆիզիոլոգիական և բուժական ազդեցությունը, համալիր ֆիզիկաքիմիական, մանրէաբանական և կլինիկական հետազոտությունների հիման վրա հիմնավորում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
4. Բուժիչ բնական հանքային ջրերն օգտագործվում են բժշկի նշանակմամբ` բուժական նպատակներով օգտագործման ցուցումներով:
5. Խմելու արհեստական հանքայնացված ջրերը որպես բուժման միջոց չեն կարող օգտագործվել:
IV. ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԲՈՒԺԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
6. Բուժիչ բնական հանքային ջրերն օգտագործվում են`
1) խմելու` ներքին ընդունման ձևով,
2) բալնեոլոգիական` արտաքին (լոգանքների, բուժիչ լվացումների, աերոզոլների ինհալյացիայի, հոգնաների և այլնի) օգտագործման համար:
7. Բուժիչ բնական հանքային ջրերի ներքին ընդունման ցուցումները`
1) մարսողական համակարգի հիվանդություններ`
ա. ռեֆլյուքս - էզոֆագիտ,
բ. քրոնիկ գաստրիտներ` ստամոքսի նորմալ արտազատողական ֆունկցիայով, ստամոքսի բարձր արտազատողական ֆունկցիայով, ստամոքսի ցածր արտազատողական ֆունկցիայով,
գ. ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդություն,
դ. քրոնիկ կոլիտ և էնտերոկոլիտ,
ե. լյարդի և լեղատար ուղիների քրոնիկ հիվանդություններ. տարբեր էթիոլոգիայի խոլանգիտների, հետխոլեցիստէկտոմային համախտանիշ,
զ. քրոնիկ պանկրեատիտ.
2) էնդոկրին համակարգի հիվանդություններ և նյութափոխանակության խանգարումներ`
ա. շաքարային դիաբետ,
բ. ճարպակալում,
գ. պոդագրա,
դ. միզաթթվային դիաթեզ.
3) միզասեռական համակարգի հիվանդություններ`
ա. միզատար ուղիների քրոնիկ հիվանդություններ,
բ. քրոնիկ պիելոնեֆրիտ,
գ. երիկամաքարային հիվանդություններ,
դ. քրոնիկ ցիստիտ,
ե. ուրետրիտ.
4) արյան հիվանդություններ` երկաթդեֆիցիտային սակավարյունություններ:
8. Բալնեոլոգիական (արտաքին օգտագործման համար) ջրերի ցուցումները`
1) ածխաթթվային ջրերը (ածխաթթվի 0,75-2,0գ/դմ3 պարունակությամբ) ցուցված են սիրտ-անոթային, այդ թվում` սրտային անբավարարության նախնական փուլերում և սրտի ռիթմի խանգարումների, նյարդային համակարգի, շնչառական օրգանների, մարսողական համակարգի հիվանդությունների բուժման համար.
2) ծծմբաջրածնային (ծծմբաջրածնի 10-250մգ/դմ3 պարունակությամբ) ջրերը ցուցված են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների (սրտի իշեմիկ հիվանդություն, հիպերտոնիա, սրտի արատներ), անոթային, ներվային, հենաշարժական համակարգի, գինեկոլոգիական, մաշկային հիվանդությունների բուժման համար.
3) քլորիդ-նատրիումական ջրերը (քլորիդ-նատրիումական աղերի 10-60գ/դմ3 պարունակությամբ) ունեն արտահայտված հակաբորբոքային, ցավազրկող, իմունային համակարգը կարգավորող ազդեցություն և առավել հաճախ օգտագործվում են սիրտ-անոթային համակարգի ախտահարումների բուժման համար.
4) ռադոնային (ռադոնի խտությունը 5-200 նԿի/լ) ջրերը ցուցված են սիրտ-անոթային, նյարդային, միզասեռական, մաշկային, հենաշարժական համակարգի հիվանդությունների բուժման համար.
5) բրոմային, յոդային և յոդաբրոմային ջրերը ցուցված են աթերոսկլերոզի, թիրիոտոքսիկոզի, ձվարանների դիսֆունկցիայի բուժման համար.
6) սիլիկատային ջրերը (սիլիկաթթվի 50մգ/դմ3 և ավելի պարունակությամբ) ցուցված են սիրտ-անոթային, նյարդային, միզասեռական, մաշկային, թիրիոտոքսիկոզի, հենաշարժական համակարգի հիվանդությունների բուժման համար.
7) արսենային ջրերը խիստ տարբերվում են իրենց քիմիական և գազային կազմով, ցուցված են սիրտ-անոթային, նյարդային, թիրիոտոքսիկոզի բուժման համար:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |