Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և փոխանակման և տեղեկատվական համակարգերի ստեղծման և զարգացման համագործակցության մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, ի դեմս իրենց կառավարությունների, այսուհետ` Կողմեր,
ղեկավարվելով 1992 թվականի հունիսի 26-ի՝ Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրով, Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ 1997 թվականի հունվարի 17-ի՝ Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման, միջուկային տեղակայանքների անվտանգության բարձրացման ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության զարգացման հեռանկարային պլանի մասին որոշմամբ, 1996 թվականի հոկտեմբերի 18-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցության տեղեկատվական միջավայրի ձևավորման հայեցակարգով,
1999 թվականի դեկտեմբերի 24-ի՝ Տեղեկատվական ռեսուրսների և համակարգերի ձևավորման, ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվացման բնագավառում միջպետական ծրագրերի իրականացման մասին համաձայնագրով,
արտահայտելով ձգտում՝ ստեղծել տեղեկատվական ռեսուրսներ և համակարգեր իրավահավասար և փոխշահավետ հիմքի վրա,
ելնելով ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում միասնական տվյալների բառարանների ու դասակարգիչների օգտագործմամբ հեռահաղորդակցման համակարգերի, ժամանակակից տեխնիկական և ծրագրային միջոցների հիման վրա տեղեկատվական ռեսուրսների ինտեգրացիայի անհրաժեշտությունից,
համաձայնել են ներքոհիշյալի վերաբերյալ.
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվող հասկացությունները նշանակում են հետևյալը.
տեղեկատվություն - անձանց, առարկաների, փաստերի, իրադարձությունների, երևույթների ու գործընթացների վերաբերյալ տեղեկություններ` անկախ դրանց գրանցման ու ներկայացման ձևից,
փաստաթղթավորված տեղեկատվություն (փաստաթուղթ) - նյութական կրիչի վրա ամրագրված տեղեկատվություն՝ վավերապայմաններով, որոնք թույլ են տալիս դրանք նույնականացնելու,
տեղեկատվական համակարգ - փաստաթղթերի և տեղեկատվական տեխնոլոգիաների կանոնակարգված ամբողջություն, այդ թվում` տեղեկատվական գործընթացներն իրականացնող հաշվողական տեխնիկայի և կապի միջոցների օգտագործմամբ,
իրավասու մարմին - գործադիր իշխանության մարմին, որը նշանակվում է Կողմի կողմից՝ տեղեկատվության միջպետական փոխանակման համար օգտագործվող տվյալների ազգային բանկերի ստեղծման աշխատանքների համակարգման համար և օժտված է Կողմի անունից որոշումներ կայացնելու համապատասխան լիազորություններով,
տեղեկատվական հարաբերությունների իրավական ռեժիմ - նորմատիվներով սահմանված կանոններ, որոնք սահմանում են թափանցիկության աստիճանը, փաստաթղթավորման, տեղեկատվության հասանելիության, պահպանման, տարածման և պաշտպանության կարգը:
Հոդված 2
Սույն Համաձայնագիրը կարգավորում է Կողմերի միջև հարաբերությունները համագործակցության տեղեկատվական ապահովման բնագավառում սույն Համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող Հավելվածում ներկայացված հիմնական ուղղություններով:
Հոդված 3
Կողմերը տեղեկատվացման բնագավառում իրականացնում են համագործակցություն իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա` հաշվի առնելով սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տնտեսական և աշխարհագրական առանձնահատկություններն ու շահերը, պահպանելով Կողմերի օրենսդրություններն ու միջազգային պարտավորությունները, իրականացնում են տեղեկատվական ռեսուրսների և համակարգերի ձևավորման և զարգացման համատեղ միջոցառումներ:
Հոդված 4
Կողմերն ապահովում են ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համատեղ օգտագործման համար նախանշված ազգային տեղեկատվական ռեսուրսների փոխադարձ հասանելիություն, պահում են դրանք արդիական վիճակում և ապահովում են տեղեկատվական տվյալների և ծառայությունների տրամադրման ամբողջականությունը, ճշտությունը, հավաստիությունը, խելամիտ ժամկետներում հասանելի լինելը:
Սույն Համաձայնագիրը չի տարածվում պետական գաղտնիք հանդիսացող և այլ գաղտնի բնույթի տեղեկություններ պարունակող տեղեկատվական ռեսուրսների օգտագործման և փոխանակման վրա:
Կողմերից մեկի սեփականություն հանդիսացող տեղեկատվական ռեսուրսների օգտագործումը մյուս Կողմերի կողմից իրականացվում է միայն նրա գրավոր թույլտվությամբ:
Ցանկացած տեղեկատվություն` բացառությամբ հանրամատչելիից, նյութերը, ծրագրային և տեխնիկական միջոցները, որոնք մի Կողմը ձեռք է բերել մյուս Կողմից, չեն կարող փոխանցվել երրորդ Կողմի՝ առանց այն Կողմի նախնական գրավոր համաձայնության, որից դրանք ձեռք են բերվել:
Հոդված 5
Տեղեկատվության փոխանակումն իրականացվում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներով, Անկախ Պետությունների Համագործակցության կողմից աշխատանքների կատարման համար ընդունված աշխատանքային լեզվով, պահպանելով հաղորդագրությունների և փաթեթների բաց համակարգերի փոխանցման միջազգային չափանիշներով սահմանված միջոցները` հետագայում սուբյեկտ օգտագործողին թղթային կրիչի վրա նշված անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմամբ:
Հոդված 6
Կողմերն իրականացնում են համագործակցություն ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում տեղեկատվական արդյունավետ և որակյալ ապահովմանը նպաստող համատեղ միջոցառումների մշակման և իրականացման համար պայմանների ստեղծման համար:
Համագործակցությունը սույն Համաձայնագրի շրջանակներում ապահովվում է իրավասու մարմինների կողմից և հանդիսանում է կոնկրետ ուղղություններով առանձին համաձայնագրերի (պայմանագրերի) առարկա:
Կողմերը, սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, ավանդապահին տեղեկացնում են իրենց իրավասու մարմինների մասին:
Հոդված 7
Համատեղ միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է Կողմերի գործող օրենսդրություններին համապատասխան` հաշվի առնելով նրանց ֆինանսական հնարավորություններն ու շահերը, ինչպես նաև նման միջոցառումների իրականացման ֆինանսատնտեսական և այլ հետևանքները:
Կողմերը, իրենց օրենսդրություններին համապատասխան, ներգրավում են ներդրումներ և համատեղ միջոցառումների մշակման և իրականացման համար կիրառում են խթանման մեխանիզմներ:
Հոդված 8
Սույն Համաձայնագրի իրագործման համար տեղեկատվական հարաբերությունների իրավական ռեժիմի մշակումը կատարվում է Կողմերի օրենսդրություններին համապատասխան:
Հոդված 9
Տեղեկատվական ռեսուրսներին և համակարգերին վերաբերող իրենց օրենսդրություններում կատարվող փոփոխությունների մասին Կողմերը տեղեկացնում են միմյանց փոփոխությունն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում և անցկացնում են համապատասխան բանակցություններ փոխադարձաբար ընդունելի որոշումների հասնելու համար:
Հոդված 10
Սույն Համաձայնագիրը չի առնչվում Կողմերի այլ միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորություններին, որոնց մասնակիցներն են նրանք հանդիսանում:
Հոդված 11
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կիրառման ընթացքում Կողմերի միջև առաջացած վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 12
Սույն Համաձայնագրում բոլոր Կողմերի համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրություններով և համարվում են դրա անբաժանելի մասը՝ ուժի մեջ մտնելով սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Հոդված 13
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ստորագրող Կողմերի երրորդ գրավոր ծանուցագիրը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Այն Կողմերի համար, որոնք ծանուցագրերը հանձնել են սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո, Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի համապատասխան ծանուցագիրը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Հոդված 14
Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով, որի ավարտից հետո նրա գործողության ժամկետն ինքնաբերաբար երկարաձգվում է ևս հինգ տարով, եթե Կողմերն այլ որոշում չեն ընդունում:
Հոդված 15
Սույն Համաձայնագիրը բաց է նրա նպատակներն ու սկզբունքներն ընդունող՝ ինչպես ԱՊՀ մասնակից մյուս պետությունների, այնպես էլ երրորդ պետությունների միանալու համար՝ Համաձայնագրին միանալու վերաբերյալ փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնելու միջոցով:
Միացող պետությունների համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու վերաբերյալ ծանուցագիրը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս հետո՝ պայմանով, որ այդ ընթացքում սույն Համաձայնագրի Կողմերից ոչ ոք այդ միացման առնչությամբ առարկություն չի հայտնի:
Հոդված 16
Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից՝ ավանդապահին ուղարկելով գրավոր ծանուցագիր Համաձայնագրից դուրս գալու ենթադրյալ ժամկետից ոչ ուշ, քան մեկ տարի առաջ, կատարելով սույն Համաձայնագրի գործողության ժամանակ առաջացած ֆինանսական և այլ պարտավորությունները:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման ժամանակ սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն ընդունված պարտավորությունները Կողմերից յուրաքանչյուրի համար մնում են ուժի մեջ, քանի դեռ Կողմերը չեն պայմանավորվել այլ բանի մասին:
Կատարված է Մոսկվա քաղաքում 2007 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ռուսերեն մեկ բնօրինակով: Բնօրինակը պահվում է ԱՊՀ Գործադիր կոմիտեում, որը դրա վավերացված պատճենները կուղարկի սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետություն:
Հավելված
2007 թվականի սեպտեմբերի 14-ի՝
Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների
տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և փոխանակման և
տեղեկատվական համակարգերի ստեղծման և զարգացման
համագործակցության մասին Համաձայնագրին կից
ՑԱՆԿ
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և փոխանակման և տեղեկատվական համակարգերի ստեղծման և զարգացման համագործակցության հիմնական ուղղությունների
1. Տեղեկատվական համակարգերի ստեղծման տեխնիկական և տեխնոլոգիական լուծումների և մեթոդաբանական հիմքերի մշակում:
2. ԱՊՀ մասնակից պետությունների ներկայացուցչությունների կայքէջերի ստեղծում:
3. ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական համակարգերի տեղեկատվական անվտանգության ապահովման միջոցների և համակարգերի մշակում, ներդրում և սպասարկում:
4. Մասնակցություն դեպի ԱՊՀ մասնակից պետությունների ազգային շուկաներ ծառայությունների և ապրանքների առաջմղման համար տեղեկատվամարկետինգային կենտրոնների ցանցի ստեղծմանը՝ մինչև 2005 թ. ընկած ժամանակահատվածում, ատոմային տեխնոլոգիաների բնագավառում հաղորդակցության ուղիների տեղեկատվատեխնոլոգիական միջավայրի զարգացման ճանապարհով:
5. Տեխնիկական փաստաթղթերի և գիտատեխնիկական տեղեկատվության, ինչպես նաև նորմատիվային փաստաթղթերի փոխշահավետ միջպետական տեղեկատվական փոխանակման բնագավառում համագործակցության զարգացում:
6. Տեղեկատվական ռեսուրսների, ծառայությունների, տեղեկատվական համակարգերի և դրանց ապահովման տեխնոլոգիաների ու միջոցների շուկայի ձևավորում:
7. Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում տեղեկատվական ռեսուրսների և համակարգերի ստեղծում և օգտագործում:
8. Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում գործընթացների և օբյեկտների բնութագրերի միատեսակ նկարագրի ապահովում` հիմնված տեղեկատվական ռեսուրսների ձևավորման միավորների միջազգային համակարգի վրա:
9. Համացանցի օգտագործում՝ չարտոնված մուտքերից համապատասխան պաշտպանությամբ, որպես տեղեկատվության փոխանակման հիմնական միջավայր, հաղորդագրությունների էլեկտրոնային փոխանակման համակարգերի ձևավորում` հիմնվելով միջազգային չափանիշների վրա:
10. Տեղեկատվական ռեսուրսների դասակարգման, կոդավորման, ստանդարտացման և սերտիֆիկացման ընդհանուր միջպետական համակարգի ստեղծում:
11. Համատեղ օգտագործման տեղեկատվական ռեսուրսների ստեղծում:
12. Միջպետական տեղեկատվական փոխանակման կատարելագործում՝ կապված արտակարգ իրավիճակների ռիսկի նվազեցման և բնակչության ու տարածքների պաշտպանության ապահովման հարցերի հետ:
13. Տեխնիկական փոխգործունեության իրականացում` համագործակցության աջակցման երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման և զարգացման ուղղությամբ:
14. Աջակցություն ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական ռեսուրսների միջազգային կենտրոնի կազմակերպմանը:
15. Տեխնոլոգիաների և տեխնիկական ու ծրագրային միջոցների որակի համակարգերի ստանդարտացում և սերտիֆիկացում:
16. Միջուկային գիտության և տեխնիկայի բնագավառում միջազգային տեղեկատվական համակարգերի (ՄՏՄՀ) տվյալների բազային և ծառայություններին առցանց միացման կազմակերպում, համակարգի զարգացում, որպես տարածաշրջանային` ԱՊՀ մասնակից պետությունների համար:
17. Միջպետական էլեկտրոնային գրադարանի ստեղծում և նրա գործունեության ապահովում: ԱՊՀ մասնակից պետությունների գրադարանային կոնսորցիումի ձևավորում:
18. Հասարակայնության հետ աշխատանքներում փիար տեխնոլոգիաների օգտագործում:
19. Համատեղ գովազդային գործունեություն:
20. Տեղեկատվավերլուծական և պարբերական հրատարակությունների համատեղ հրատարակում:
21. Հեռուստատեսային ծրագրերի, գիտահանրամատչելի և փաստավավերագրական ֆիլմերի համատեղ ստեղծում:
22. ԱՊՀ մասնակից պետությունների ուսումնական կենտրոնների և ինստիտուտների հիմքի վրա օգտագործողների և մշակողների ուսուցման համակարգի ստեղծում:
23. Աջակցություն նոր տեղեկատվական տեխնոլոգիաների յուրացման վրա աշխատող համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը:
24. Ճգնաժամային իրավիճակներում կառավարման բնագավառի գիտամեթոդական նյութերի փոխանակում:
Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2013թ. սեպտեմբերի 18-ին
