Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2016.11.09/2(36)
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ
Ընդունման ամսաթիվ
08.09.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2016

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

«Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքով հսկիչ (նույնացման) նշաններով ապրանքների դրոշմավորում ներդնելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելու մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

ապրանքների օրինական շրջանառությունն ապահովելու նպատակով համաձայնեցին ներքոնշյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրի նպատակներով գործածվում են սահմանումներ, որոնք ունեն հետևյալ իմաստները.

«անդամ պետության իրավասու (լիազորված) մարմին` անդամ պետության գործադիր իշխանության մարմին, որն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան` լիազորված է ապահովելու.

այն ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողությունը, որոնց վերաբերյալ ընդունվել է հսկիչ (նույնացման) նշաններով դրոշմավորման մասին որոշում,

հսկիչ (նույնացման) նշաններով ապրանքների դրոշմավորման ազգային համակարգի գործառույթը,

անդամ պետության գործադիր իշխանության մարմինների գործունեության համակարգումը՝ կապված այն ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողության հետ, որոնց վերաբերյալ ընդունվել է հսկիչ (նույնացման) նշաններով դրոշմավորման մասին որոշում,

«հսկիչ (նույնացման) նշան` խիստ հաշվետվողականության ձևաթուղթ (պաշտպանված տպագրական ապրանքներ)` կեղծիքից պաշտպանվելու տարրերով (միջոցներով), որը նախատեսված է ապրանքների դրոշմավորման համար: Թույլատրվում է հսկիչ (նույնացման) նշանների օգտագործումը, որոնք պարունակում են ներկարված ռադիոհաճախականության պիտակ,

«հսկիչ (նույնացման) նշաններով դրոշմավորում` ապրանքների վրա` հաստատված նմուշի հսկիչ (նույնականացման) նշանների զետեղում,

 «ապրանքների շրջանառություն` ապրանքների պահպանումը, տեղափոխումը, արտադրությունը, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծումը, ձեռքբերումը և իրացումը (վաճառքը) անդամ պետություների տարածքներում,

 «մեծածախ առևտուր` առևտրային գործունեության տեսակ, որը կապված է ապրանքների ձեռքբերման և վաճառքի հետ՝ դրանք ձեռնարկատիրական գործունեության մեջ (այդ թվում՝ վերավաճառքի համար) կամ այլ նպատակներով օգտագործելու համար, որոնք կապված չեն անձնական, ընտանեկան, կենցաղային և նմանատիպ այլ օգտագործման հետ,

«մանրածախ առևտուր` առևտրային գործունեության տեսակ, որը կապված է ապրանքների ձեռքբերման և վաճառքի հետ՝ դրանք անձնական, ընտանեկան, կենցաղային և այլ նպատակներով օգտագործելու համար, որոնք կապված չեն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հետ,

«ապրանքներ` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ապրանքային դիրքի արտադրանք «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ», որոնց վերաբերյալ ընդունվել է հսկիչ (նույնացման) նշաններով դրոշմավորման մասին որոշում,

«առևտրային գործունեություն` ապրանքների ձեռքբերման և վաճառքի հետ կապված` ձեռնարկատիրական գործունեության տեսակ,

«ապրանքների անդրսահմանային առևտուր` մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք իրականացվող ապրանքների մեծածախ առևտուր։

 

Հոդված 2

 

1. Սույն Համաձայնագրով սահմանվում է «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքով ապրանքների դրոշմավորման ներդրմանն ուղղված փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրականացնելիս հսկիչ (նույնացման) նշաններով (այսուհետ՝ հսկիչ նշաններ) այն ապրանքների դրոշմավորման ներդրման կարգը, որոնց վերաբերյալ կայացվել է հսկիչ նշաններով դրոշմավորման մասին որոշում։

2. Սույն Համաձայնագրի գործողությունը տարածվում է այն իրավահարաբերությունների վրա, որոնք կապված են «Բնական մորթուց հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ» ապրանքային դիրքով ապրանքների շրջանառության հետ, որոնց վերաբերյալ կայացվել է հսկիչ նշաններով դրոշմավորման մասին որոշում, ինչպես նաև տարածվում է որպես անհատ ձեռնարկատեր գրանցված այն իրավաբանական և ֆիզիկական անձանց վրա, որոնք իրականացնում են այդպիսի ապրանքների շրջանառություն և (կամ) դրանք օգտագործում են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս։

 

Հոդված 3

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատում է հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը (այսուհետ՝ Ցանկ)։

2. Ցանկը հաստատելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում այդպիսի որոշման պաշտոնական հրապարակման օրվանից հետո 60 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ։ Ապրանքը Ցանկից հանելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» կանոնակարգի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 1-ին հավելված) 16-րդ կետով նախատեսված կարգով:

3. Հսկիչ նշաններով դրոշմավորվում են Ցանկում ներառված այն ապրանքները, որոնք ներմուծվում են (ներմուծվել են) Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք, և (կամ) որոնք արտադրված են անդամ պետությունների տարածքում` բացառությամբ սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերի:

Թույլատրվում է Ցանկում ներառված ապրանքների դրոշմավորումը հսկիչ նշաններով՝ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս։

4. Ցանկը հաստատելու և (կամ) փոփոխելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած.

ա) արգելվում է Ցանկում ներառված ապրանքների ձեռքբերումը, պահպանումը, օգտագործումը, փոխադրումը և վաճառքը անդամ պետությունների տարածքներում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից՝ առանց հսկիչ նշանների կամ սահմանված կարգի խախտումներով դրանց վրա զետեղված հսկիչ նշաններով` բացառությամբ Ցանկում ներառված ապրանքների փոխադրման սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան սահմանված մասնագիտացված պահեստային շինություններ և նման շինություններում նշված ապրանքների պահպանման.

բ) Ցանկում ներառված ապրանքների ձևակերպումը «վերաներմուծում» և «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով իրականացվում է այդ ապրանքների վրա հսկիչ նշանների առկայության դեպքում՝ բացառությամբ սույն ենթակետի 2-րդ պարբերությամբ և սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերի։

Հսկիչ նշաններով դրոշմավորումը կարող է իրականացվել ներքին սպառման համար ապրանքների բացթողումից հետո՝ սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան սահմանված մասնագիտացված պահեստային շինություններում, եթե նման դրոշմավորման հնարավորությունը նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ:

5. Ցանկում ներառված ապրանքների՝ հսկիչ նշաններով դրոշմավորման պահանջները չեն տարածվում.

ա) մաքսային ընթացակարգերի ներքո գտնվող ապրանքների փոխադրման վրա՝ դրանք Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս արտահանելու դեպքում,

բ) մաքսային հսկողության ներքո ապրանքների փոխադրման վրա,

գ) տեխնիկական կանոնակարգերի, ինչպես նաև ստանդարտացման բնագավառում տեխնիկական նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխանությունը գնահատելու նպատակով փորձարկումների անցկացման համար նախատեսված` անհրաժեշտ քանակով ապրանքների փորձանմուշների ու նմուշների փոխադրման և պահպանման վրա,

դ) միջազգային ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպիչների և մասնակիցների կողմից Միության մաքսային տարածք որպես նմուշներ և ցուցանմուշներ ներմուծված ապրանքների վրա,

ե) անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված օտարերկրյա անհատույց (մարդասիրական) օգնություն համարվող ապրանքների վրա,

զ) մանրածախ առևտրի շրջանակներում ձեռք բերված և գնորդների կողմից վաճառողներին վերադարձված ապրանքների փոխադրման և պահպանման վրա, որոնք իրականացվում են անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ապրանքների վերադարձը հաստատող փաստաթղթերի առկայության պայմանով,

է) անմաքս առևտրի խանութներում ապրանքների իրացման (վաճառքի) վրա,

ը) մաքսային հսկողության գոտիներում, ժամանակավոր պահպանման պահեստներում և մաքսային պահեստներում մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների պահպանման վրա,

թ) ապրանքների՝ դրանք արտադրողների կողմից պահպանման և օգտագործման վրա,

ժ) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա ապրանքների կոմիսիոն առևտուր իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ապրանքների պահպանման վրա, որն իրականացվում է անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով՝ նախքան այդ ապրանքները վաճառքի համար առաջարկելը, այդ թվում՝ նախքան դրանք վաճառքի վայրում ներկայացնելը, դրանց նմուշները ցուցադրելը կամ վաճառքի վայրում դրանց մասին տվյալներ տրամադրելը,

ժա) առգրավված, կալանքի տակ գտնվող, բռնագրավված կամ այլ ձևով պետության եկամտի վերածված ապրանքների և այն ապրանքների ձեռքբերման, պահպանման, օգտագործման, փոխադրման և վաճառքի վրա, որոնց բռնագանձումն ուղղված է անդամ պետության հարկային և մաքսային օրենսդրությամբ նախատեսված` չկատարված պարտավորությունների հաշվին,

ժբ) անձնական օգտագործման համար ներմուծված և մանրածախ առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների՝ ֆիզիկական անձանց կողմից փոխադրման, պահպանման և օգտագործման վրա։

 

Հոդված 4

 

Ցանկը հաստատելու և (կամ) փոփոխելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած.

ա) հսկիչ նշանների պատրաստումն ու անդամ պետությունների իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին դրանց իրացումն իրականացնող կազմակերպությունները պատրաստված և իրացված հսկիչ նշանների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազոր) մարմնին, որի տարածքում գրանցված են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը,

բ) Ցանկում ներառված ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծող և (կամ) դրանց արտադրությունն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն այդ ապրանքները դրոշմավորում են հսկիչ նշաններով և հսկիչ նշաններ օգտագործելու մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազոր) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են,

գ) Ցանկում ներառված ապրանքների անդրսահմանային առևտուր իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը այդպիսի առևտրի շրջանակներում ձեռք բերված ապրանքի վրա զետեղված հսկիչ նշանների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազոր) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են,

դ) Ցանկում ապրանքներ ներառելու դեպքում այդպիսի ապրանքների մեծածախ և (կամ) մանրածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն այդ ապրանքների մնացորդները հսկիչ նշաններով դրոշմավորում են այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում իրենք գրանցված են, և հսկիչ նշանների օգտագործման մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազոր) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են,

ե) գնորդների կողմից վերադարձված ապրանքների և (կամ) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված կոմիսիոն պայմանագրերի հիման վրա ապրանքների կոմիսիոն առևտուր իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը նախքան այդ ապրանքները վաճառքի համար առաջարկելը, այդ թվում՝ նախքան դրանք վաճառքի վայրում ներկայացնելը, դրանց նմուշները ցուցադրելը կամ վաճառքի վայրում դրանց մասին տվյալներ տրամադրելը, հսկիչ նշաններով դրոշմավորում են այդ ապրանքները և հսկիչ նշաններ օգտագործելու մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազոր) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են,

զ) Ցանկում ներառված ապրանքների մանրածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը այդպիսի առևտրի շրջանակներում իրացված (վաճառված) ապրանքի վրա զետեղված հսկիչ նշանների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն անդամ պետության իրավասու (լիազոր) մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են, եթե այդ տեղեկացումը նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում իրենք գրանցված են։

 

Հոդված 5

 

1. Անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինները անդամ պետությունների` վերահսկողության և իրավապահ այլ մարմինների հետ միասին ապահովում են Ցանկում ներառված ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողությունը։

2. Սույն Համաձայնագրի մոնիտորինգի և նրա իրականացման նկատմամբ վերահսկողության, Ցանկում ներառված ապրանքների շրջանառության վերահսկողության նպատակով անդրսահմանային առևտրի դեպքում ապահովվում է տեղեկատվական փոխգործակցություն անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների, ինչպես նաև անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև:

3. Ցանկում ներառված ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով անդամ պետություններն իրենց ազգային օրենսդրության մեջ կնախատեսեն պատասխանատվություն սույն Համաձայնագրով սահմանված պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

 

Հոդված 6

 

1. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում անդամ պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային տեղեկացնում են անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների մասին։

2. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 90 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը կհաստատի.

 ա) հսկիչ նշանի բնութագրերը, դրա զետեղման կարգը, ինչպես նաև այն տեղեկատվության կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջները, որը կպարունակվի հսկիչ նշաններում,

 բ) ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգին ներկայացվող պահանջները,

 գ) այն տեղեկատվության կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջները, որը փոխանցվում է հսկիչ նշանների պատրաստումը և անդամ պետությունների իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին իրացումն իրականացնող կազմակերպությունների կողմից իրենց անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմիններին, ինչպես նաև` այդ տեղեկատվության փոխանցման ժամկետները,

դ) այն տեղեկատվության կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջները, որը Ցանկում ներառված ապրանքների շրջանառությունն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից փոխանցվում է իրենց անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմիններին, ինչպես նաև` այդ տեղեկատվության փոխանցման ժամկետները,

 ե) անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասու (լիազորված) մարմինների փոխգործակցության կարգը, ինչպես նաև սույն Համաձայնագրի մոնիտորինգի և նրա իրականացման հսկողության, ինչպես նաև Ցանկում ներառված ապրանքների շրջանառության և դրանց օգտագործման նկատմամբ հսկողության ապահովման նպատակով անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող տեղեկությունների կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջները։

3. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 120 օրացուցային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը, անդամ պետությունները կորոշեն հսկիչ նշանների իրացման և հաշվառման կարգը։

4. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 120 օրացուցային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը, անդամ պետությունները կապահովեն ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի աշխատանքը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատված պահանջներին համապատասխան։

5. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 120 օրացուցային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը, անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինները կձևավորեն այն կազմակերպությունների գրանցամատյանները, որոնք կիրականացնեն հսկիչ նշանների պատրաստումը և իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին դրանց իրացումը։

6. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 120 օրացուցային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը, անդամ պետությունները կսահմանեն այն մասնագիտացված պահեստային շինություններին ներկայացվող պահանջները, որտեղ Ցանկում ներառված ապրանքների ներմուծումն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին թույլատրվում է հսկիչ նշաններով ապրանքների դրոշմավորումը ներքին սպառման համար դրանց բացթողումից հետո, ինչպես նաև վերաներմուծումից հետո. և (կամ) կսահմանեն այդ պահեստային շինությունների ցանկը։

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 112-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 8

 

Անդամ պետություններից ցանկացածի նախաձեռնությամբ և փոխադարձ պայմանավորվածությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։ Արձանագրություններն ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածին համապատասխան:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մաս:

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագրի նկատմամբ վերապահումներ չեն թույլատրվում:

 

Հոդված 11

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ավանդապահի ստանալու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Կատարված է Գրոդնո քաղաքում 2015 թվականի սեպտեմբերի 8-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերենով։

Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կտրամադրի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության
կողմից`

Բելառուսի Հանրապետության
կողմից`

Ղազախստանի Հանրապետության
կողմից`

Ռուսաստանի Դաշնության
կողմից`

 /ստորագրություն/

 /ստորագրություն/

 /ստորագրություն/

 /ստորագրություն/

 

 

Ղրղզստանի Հանրապետության

Կողմից՝

/ստորագրություն/

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016թ. օգոստոսի 12-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան