ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2010 թվականի N 787-Ն
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԵՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 5-Ի N 674 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու, ինչպես նաև կանոնադրության պատճենի տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 25-ի «Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի և պետական գրանցամատյանների տեղեկություններից օգտվելու կարգը հաստատելու մասին» N 674 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. հունիսի 29
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 787-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԵՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանը (այսուհետ` պետական միասնական գրանցամատյան), որը ձևավորվում է պետական գրանցամատյաններից, պարունակում է տեղեկություններ Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր իրավաբանական անձանց (բացառությամբ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված սուբյեկտների), անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների մասին:
2. Պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար:
3. Պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից կարող են օգտվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական և ֆիզիկական անձինք:
4. Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմիններին, կենտրոնական բանկին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը, մարդու իրավունքների պաշտպանին տրամադրվում են առանց պետական տուրք վճարելու:
II. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
5. Մինչև պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները և իրավաբանական անձանց կանոնադրություններն ինտերնետային կայքում տեղադրելը` պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը շահագրգիռ անձանց տրամադրում է տեղեկություններ պետական միասնական գրանցամատյանից և հասարակական միավորումների, հիմնադրամների, ինչպես նաև իրավաբանական անձանց միությունների կանոնադրությունների պատճենները, իսկ պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկություններն ու իրավաբանական անձանց կանոնադրություններն ինտերնետային կայքում տեղադրելուց հետո տրամադրում է նաև բոլոր իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները:
6. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումները, մինչև պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները և իրավաբանական անձանց կանոնադրություններն ինտերնետային կայքում տեղադրելը, շահագրգիռ անձանց պետական միասնական գրանցամատյանից տեղեկություններ տրամադրում են միայն տվյալ տարածքային բաժնում գրանցված սուբյեկտների մասին, ինչպես նաև միայն այդ սուբյեկտների կանոնադրությունների պատճենները:
7. Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները և իրավաբանական անձանց կանոնադրություններն ինտերնետային կայքում տեղադրելուց հետո պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումները շահագրգիռ անձանց տրամադրում են տեղեկություններ պետական միասնական գրանցամատյանից, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճեններն անկախ գրանցման վայրից:
8. Յուրաքանչյուր շահագրգիռ անձ կարող է պետական միասնական գրանցամատյանից ամբողջական տեղեկություններ և իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճեններ ստանալ անմիջականորեն կամ իր խնդրանքով փոստով` վճարելով պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:
9. Պետական միասնական գրանցամատյանի մասնակի տեղեկությունները (իրավաբանական անձի անվանումը և կազմակերպաիրավական ձևը, պետական գրանցման տարին, ամիսը, օրը, իրավաբանական անձի գրանցման համարը, իրավաբանական անձի հիմնադիրները) տրամադրվում են առանց պետական տուրք վճարելու: Պետական միասնական գրանցամատյանի մասնակի տեղեկությունները տեղակայված են ինտերնետային «www. stateregistry. am» կայքում, որտեղ «այլ ծառայություններ» պատուհանում տեղակայված է փնտրվող տեղեկատվությունն ստանալու մասին ուղեցույց: Պետական միասնական գրանցամատյանի մասնակի տեղեկությունները թարմացվում են յուրաքանչյուր 10 օրը մեկ անգամ:
10. Պետական միասնական գրանցամատյանից տեղեկություններ կամ իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճեններ ստանալու համար անհրաժեշտ է պետական ռեգիստրի կենտրոնական մարմին կամ տարածքային ստորաբաժանումներ ներկայացնել գրավոր դիմում` կցելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարելու մասին անդորրագիրը: Դիմումը պետք է պարունակի պահանջվող տեղեկությունների ցանկը կամ այն սուբյեկտի տվյալները (անվանումը և սուբյեկտին անհատականացնող այլ տվյալներ), որի կանոնադրության պատճենը ցանկանում է ստանալ դիմումատուն:
11. Պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը և տարածքային ստորաբաժանումները պարտավոր են 5-օրյա ժամկետում գրավոր պատասխանել դիմողին: Պետական միասնական գրանցամատյանից տեղեկություններ տրամադրելիս պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը և տարածքային ստորաբաժանումները պարտավոր են նշել պետական միասնական գրանցամատյանից տրամադրվող տեղեկությունների արդիականացման վերջին ամսաթիվը:
12. Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմիններին, կենտրոնական բանկին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը, մարդու իրավունքների պաշտպանին տրամադրվում են համապատասխան գրության առկայության կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում: Տեղեկատվությունը տրամադրվում է համապատասխան գրությունը ներկայացնելուց հետո 5 օրվա ընթացքում կամ այլ իրավական ակտերով սահմանված ժամկետներում` գրավոր տեսքով կամ էլեկտրոնային տարբերակով:
13. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումները յուրաքանչյուր ամսվա ընթացքում տվյալ տարածքային բաժնում գրանցված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև լուծարված (գործունեությունը դադարեցրած) սուբյեկտների մասին պետական գրանցամատյանում առկա տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համապատասխան հարկային տեսչությանը և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը տրամադրում են մինչև հաջորդ ամսվա 10-ը` նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.02.2011, N 167-Ն | 01.03.2011, N 787-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|