Գլխավոր տեղեկություն
Համար
N 212-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.03.24/12(746) Հոդ.308
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.03.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 մարտի 2010 թվականի N 212-Ն

 

«ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման 16-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Ուսուցողական և տեղեկատվական կայքերի մշակման և սպասարկման ծառայություններ» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մարտի 12
 Երևան

 
 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

 մարտի 4-ի N 212-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Ծրագիրը մշակվել է համաձայն Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի:

Ծրագիրը նախատեսում է ապահովել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ուսումնական և տեղեկատվական կայքերի մշակման և սպասարկման ծրագիրը, սահմանում է պատասխանատու մարմինները և սպասվող արդյունքները:

 

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Աշխարհի ավելի քան հարյուր երկրների հայ համայնքներում գործող սփյուռքյան տասնյակ հազարավոր կազմակերպությունների` հոգևոր կառույցների, բարեգործական կազմակերպությունների, հիմնադրամների, մշակութային և կրթական կազմակերպությունների, կուսակցությունների, հայագիտական կենտրոնների և ամբիոնների, գրախանութների, գրադարանների, մասնագիտական միությունների, ճանաչված սփյուռքահայերի և անհատ բարեգործների իրականացրած հայապահպան հսկայածավալ գործունեությունը կարիք ունի հավուր պատշաճի լուսաբանման և ներկայացման:

Միևնույն ժամանակ այս բոլոր կազմակերպությունները և միլիոնավոր մեր հայրենակիցներ, կտրված լինելով Հայաստանից, կարիքն ունեն գոնե առցանց ներկա լինել «հայկական աշխարհում» և վերջինիս կարևոր մաս կազմող հայկական «առցանց մշակութային միջավայրում»: Հայկական «առցանց մշակութային միջավայրի» կարևորագույն բաղադրիչներից են` համահայկական տեղեկատվական պորտալները, հայալեզու և հայաբովանդակ էլեկտրոնային գրադարանները, ինչպես նաև լեզվական և քերականական առանձնահատկություններ ունեցող հայության տարբեր հատվածների փոխըմբռնումը դյուրինացնող ամենատարբեր ծրագրային գործիքները:

«Առցանց հայկական մշակութային միջավայրի» ստեղծումն էապես կնպաստի սփյուռքյան կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությանը:

 

II. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. «Հայերն այսօր» ամենօրյա էլեկտրոնային պարբերականը գործում է 2009 թվականի մայիսից: Պարբերականի հիմնական նպատակը Հայաստան-սփյուռք ընդհանուր լրատվական դաշտի ստեղծումն է, Հայաստան-սփյուռք կապի ամրապնդմանը նպաստելն է, տեղեկատվական ընդհանուր միջավայրի ձևավորումն է, աշխարհի տարբեր երկրներում հրատարակվող հայկական մամուլի և էլեկտրոնային լրատվամիջոցների միջև տեղեկատվության փոխանակման կազմակերպումն ու համագործակցության հնարավորությունների ընդլայնումն է, ինչպես նաև սփյուռքի հայկական համայնքներում կատարվող մշակութային, քաղաքական, տնտեսական իրադարձությունների, սփյուռքում ապրող մեր հայրենակիցների դժվարությունների և ձեռքբերումների, հայկական կառույցների աշխատանքի, աշխարհի տարբեր երկրներում բնակվող ճանաչված, տարբեր բնագավառներում լուրջ հաջողությունների հասած հայերի մասին օպերատիվ և որակով տեղեկացումն է:

2. Սփյուռքում հայոց լեզվի պահպանման և տարածման խնդիրն օրակարգային է: Սփյուռքահայության ստվար հատվածը չի տիրապետում կամ մասնակիորեն է տիրապետում մայրենի լեզվին: Գրականությունը հաճախ արևելահայերեն է և աբեղյանական ուղղագրությամբ, որին սփյուռքահայության ստվար մի զանգված վատ է տիրապետում, ինչն էլ լրացուցիչ խոչընդոտ է սփյուռքի տարբեր հատվածների և հայրենիքի միջև շփման համար:

3. Սփյուռքում հայալեզու տպագիր գրականության ոչ բավարար քանակը կարող էր լրացնել համացանցը, սակայն, ցավոք, հայերենով տեքստերի քանակությունն ինտերնետում չափազանց քիչ է, ինչը թե՛ Հայաստանի և թե՛ սփյուռքի օգտվողներին հնարավորություն չի տալիս մնալ հայկական միջավայրում: Գրեթե բացակայում են հայկական էլեկտրոնային գրադարանները, ինչի պատճառով էլ սփյուռքի մեր հայրենակիցները, հատկապես նրանք, ովքեր չեն ապրում հայաշատ և խիտ բնակեցված համայնքներում, հիմնականում կտրվում են հայկական միջավայրից` հայկական մշակույթից, գրականությունից, արվեստից, ազգային արժեքներից:

 

III. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

1. «Հայերն այսօր» բազմալեզու էլեկտրոնային պարբերականի հրապարակման շարունակականությունը կամրապնդի սփյուռք-սփյուռք և հայրենիք-սփյուռք կապերը, կընդլայնի աշխարհասփյուռ հայերի համագործակցության հնարավորությունները և կսերտացնի միջհամայնքային կապերը: Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, համահայկական կազմակերպությունների և հոգևոր կառույցների կողմից իրականացված ազգապահպան ձեռնարկների մասին տեղեկատվությունը հասանելի կդառնա աշխարհասփյուռ հայությանը:

2. Սփյուռքի հայ համայնքներում հայոց լեզվի երկու հատվածների փոխըմբռնման նպատակով 2009 թվականին իրականացվել են համացանցում արևելահայերենից արևմտահայերեն և հակառակը փոխարկչի ծրագրի տեղադրման աշխատանքները, սակայն այս ծրագիրն ունի շարունակական զարգացման և սպասարկման կարիք: Այս պահին ծրագիրն աշխատում է 35000 բառի սահմաններում: 2010 թվականի ընթացքում փոխարկչի ծրագրի բառապաշարի մեծացումն ու ալգորիթմական բազայի կատարելագործումն էլ ավելի կբարձրացնի ծրագրի արդյունավետությունը:

3. Համահայկական հայալեզու գրադարանի ստեղծումը մեկն է այն պայմաններից, որոնց առկայության դեպքում աշխարհի ցանկացած կետում գտնվող հայը, ցանկության դեպքում, կկարողանա ապրել և գործել «վիրտուալ հայկական աշխարհում»` հայկական տեղեկատվական, մշակութային, կրթական միջավայրում:

Համահայկական էլեկտրոնային գրադարանում հաշվի կառնվեն արևելահայերեն և արևմտահայերեն գրական ժառանգության առկայությունը, ժամանակակից և դասական ուղղագրությունները: Էլեկտրոնային գրադարանի շտեմարանները մշտապես կհամալրվեն Հայաստանի, Արցախի, սփյուռքի դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններով և աշխատություններով:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պատվերով կիրականացնեն «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի 2010 թվականի հրապարակման, արևելահայերենից արևմտահայերեն և հակառակը փոխարկչի ծրագրի շարունակական զարգացման և սպասարկման, համահայկական էլեկտրոնային գրադարանի ստեղծման և սպասարկման աշխատանքները:

 

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

«Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի 2010 թվականի հրապարակման, արևելահայերենից արևմտահայերեն և հակառակը փոխարկչի ծրագրի շարունակական զարգացման և սպասարկման, համահայկական էլեկտրոնային գրադարանի ստեղծման և սպասարկման աշխատանքները նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին, որի համար պահանջվող գումարը կազմում է 30.304.000 դրամ:

  

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան