Գլխավոր տեղեկություն
Համար
N 1085-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.10.2009-05.03.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.10.07/49(715) Հոդ.1120
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.09.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 սեպտեմբերի 2009 թվականի N 1085-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 137-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 12-ի N 137-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ընդերքաբան», «Երևանի ջրամատակարարման ուղեմաս», «Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ», «Ատոմսերվիս», «Կապուտակ», «Նարեկ» հանգստյան տուն» փակ բաժնետիրական ընկերությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմակերպել «Ընդերքաբան», «Երևանի ջրամատակարարման ուղեմաս», «Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ», «Ատոմսերվիս», «Կապուտակ», «Նարեկ» հանգստյան տուն» բաց բաժնետիրական ընկերությունների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) համապատասխան պետական կառավարման մարմինների ղեկավարների հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների բաժնետոմսերի հանձնում-ընդունումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների վերակազմակերպման աշխատանքների իրականացումը:

3. Թույլատրել սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն անանուն առևտրի ռեժիմով մասնավորեցնել ֆոնդային բորսայի միջոցով «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բաց բաժնետիրական ընկերության կանոններով նախատեսված սովորական բաց ստանդարտ աճուրդի եղանակով: Ընդ որում, մեկ բաժնետոմսի տեղաբաշխման (վաճառքի) գինը չպետք է պակաս լինի սույն որոշման 4-րդ կետով սահմանված կարգով գնահատված մեկ բաժնետոմսի արժեքից:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների գնահատումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 12-ի N 137-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգով երկամսյա ժամկետում ավարտել բորսայի անդամ հանդիսացող` արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող ներդրումային ծառայություններ մատուցող անձանց ընտրությունը` որպես պայման նշելով, որ`

ա. տվյալ արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող ներդրումային ծառայություններ մատուցող անձը պետք է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատրաստի և գրանցման ներկայացնի ազդագիր,

բ. սույն որոշման 1-ին կետում նշված ընկերություններից յուրաքանչյուրի բաժնետոմսերը կարող են տեղաբաշխվել արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող մեկ ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից:

5. Սահմանել, որ այն ընկերությունները, որոնք վեցամսյա ժամկետում բորսայի միջոցով չեն մասնավորեցվի, ենթակա են մասնավորեցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ձևերով:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 12-ի «Պետական գույքի մասնավորեցումը ֆոնդային բորսայի և այլ կարգավորվող շուկաների միջոցով իրականացնելու մասին» N 137-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. սեպտեմբերի 29
Երևան