«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 սեպտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 05009321
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
28 հուլիսի 2009 թ. |
թիվ 226-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/09-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 128-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հաշվետու թողարկողների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 4/09-ը` համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2009 թ. օգոստոսի 4 ք. Երևան |
Հավելված
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 226-Ն որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 4/09
ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգով սահմանվում են հաշվետու թողարկողների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները:
2. Սույն կանոնակարգի Հավելված 1-ում սահմանվում է սույն կանոնակարգի 7-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված չափանիշների կիրառման մեթոդաբանություն, որի միջոցով հաշվետու թողարկողները նախապատվություն են տալիս իրենց ներքին իրավական ակտերով սահմանված ընդհանուր միավորների նվազագույն շեմից (որը չի կարող ցածր լինել 6 միավորից), բարձր միավորներ հավաքած աուդիտ իրականացնող անձանցից որևէ մեկին, որը նաև բավարարում է սույն կանոնակարգի 7-րդ կետի 3-րդ, 4-րդ, 6-10-րդ ենթակետերում սահմանված չափանիշներին:
3. Սույն կանոնակարգը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հաշվետու թողարկող հանդիսացող բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի վրա, ինչպես նաև հաշվետու թողարկող հանդիսացող այն առևտրային կազմակերպությունների վրա, որոնց շնորհվել է «Բ-» և դրանից բարձր վարկանիշ` համաձայն Կենտրոնական բանկի նախագահի 2006 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առևտրային կազմակերպությունների վարկանշման կարգը» հաստատելու մասին 1/253-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առևտրային կազմակերպությունների վարկանշման կարգի»:
4. Անձը հաշվետու թողարկող համարվելու պահից երեք ամսվա ընթացքում իր ներքին իրավական ակտերով սահմանում է իր ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ընտրության նկատմամբ սույն կանոնակարգի 2-րդ գլխում սահմանված չափանիշները մանրամասնեցնող և դրանց գործնական կիրառումն ապահովող ընթացակարգեր: Հաշվետու թողարկողները կարող են սահմանել սույն կանոնակարգի 2-րդ գլխում սահմանված չափանիշներին չհակասող այլ չափանիշներ. ընդ որում, այդ չափանիշները չեն կարող լինել ավելի մեղմ, քան սահմանված է սույն կանոնակարգի 2-րդ գլխում:
5. Սույն կանոնակարգի իմաստով կառավարման մարմնի անդամ են համարվում կազմակերպության խորհրդի նախագահը, խորհրդի անդամները, գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, տնօրենի (գլխավոր տնօրենի, գործադիր տնօրենի) տեղակալը, գլխավոր հաշվապահը, գործադիր մարմնի լիազորությունները այլ անձի պատվիրակվելու դեպքում` կառավարող ընկերության գործադիր մարմնի ղեկավարը կամ կառավարիչը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
6. Հաշվետու թողարկողներն իրենց ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձին ընտրելիս առաջնորդվում են «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված սահմանափակումներով, ինչպես նաև սույն գլխում սահմանվող չափանիշներով:
7. Հաշվետու թողարկողն իր կողմից սահմանվող մրցութային եղանակով ընտրում է այն աուդիտորական կազմակերպությանը, որը բավարարում է հետևյալ չափանիշներին.
1) ունի նվազագույնը 3 տարվա աուդիտորական աշխատանքի փորձ. այս չափանիշը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող (ըստ եկամտաբերության, կատարված աշխատանքի ու հաճախորդների ծավալի միջազգային լավագույն 10 աուդիտորական կազմակերպությունների շարքում ընդգրկված) աուդիտորական կազմակերպության վրա,
2) ունի միջազգային և (կամ) տեղական ճանաչում, բարձր հեղինակություն, բարի համբավ,
3) ունի բավարար ռեսուրսներ (մասնավորապես, հաշվետու թողարկողի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացման համար աշխատակիցների և աուդիտորների բավարար քանակ) և ի վիճակի է իրականացնել հաշվետու թողարկողի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը` հաշվի առնելով տվյալ հաշվետու թողարկողի մոտ իրականացվելիք պոտենցիալ աուդիտորական աշխատանքների ծավալը, բնույթը և վայրը,
4) ունի մասնագիտական գործունեության ձախողման կամ պայմանագրով ամրագրված պարտականությունների չկատարման ռիսկի ապահովագրություն՝ ռիսկերի բավարար փոխհատուցման պահանջի տեսքով, որն ամրագրվում է հաշվետու թողարկողի և անկախ աուդիտորական կազմակերպության միջև կնքվող պայմանագրում,
5) որպես հաշվետու թողարկողի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացման մեջ ներգրավվող աուդիտորական խմբի ղեկավար և անդամներ ներկայացվող անձինք ունեն «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված որակավորում և աշխատանքային փորձ, ընդ որում, աուդիտորական խմբի ղեկավարն ունի 2 տարվա աուդիտորական աշխատանքի կամ աուդիտ իրականացնող անձի կողմից օրենքով չարգելված այլ ծառայությունների մատուցման փորձ և միջազգային համապատասխան որակավորում (Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ և այլն),
6) աուդիտորական կազմակերպությունը, նրա կառավարման մարմինների անդամները, աուդիտորական կազմակերպության կողմից ներկայացված աուդիտորական խմբի ղեկավարը և անդամները հաշվետու թողարկողին նրա ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացման հայտ (այսուհետ` հայտ) ներկայացնելու պահին նախորդող 1 տարվա ընթացքում չեն դիմել այդ հաշվետու թողարկողին փոխառություններ, վարկեր ստանալու կամ իրենց կողմից տվյալ հաշվետու թողարկողի նկատմամբ դրամական կամ այլ պարտավորություններ ստանձնելուն կամ դրամական կամ այլ պահանջներ ձեռք բերելուն հանգեցնող այլ գործարքներ կնքելու համար,
7) սույն կետի 6-րդ ենթակետում նշված անձինք հայտում գրավոր հավաստիացնում են, որ հայտի ներկայացման պահից մինչև հաշվետու թողարկողի կողմից աուդիտորական կազմակերպության ընտրությունը, իսկ տվյալ աուդիտորական կազմակերպության ընտրության դեպքում նաև հաշվետու թողարկողի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի ընթացքում չեն դիմելու նրան փոխառություններ, վարկեր ստանալու կամ իրենց կողմից տվյալ հաշվետու թողարկողի նկատմամբ դրամական կամ այլ պարտավորություններ ստանձնելուն կամ դրամական կամ այլ պահանջներ ձեռք բերելուն հանգեցնող այլ գործարքներ կնքելու համար,
8) սույն կետի 6-րդ ենթակետում նշված անձինք չունեն չմարված փոխառություններ, վարկեր, դրամական կամ այլ պարտավորություններ և (կամ) պահանջներ հաշվետու թողարկողի նկատմամբ` հայտի ներկայացման պահի դրությամբ,
9) սույն կետի 6-րդ ենթակետում նշված անձինք հայտի ներկայացման պահին և դրան նախորդող 1 տարվա ընթացքում չեն դիմել ընդունվելու հաշվետու թողարկողի, հաշվետու թողարկողի դուստր կամ կախյալ ընկերությունների և հաշվետու թողարկողի հետ փոխկապակցված ընկերությունների մոտ աշխատանքի,
10) սույն կետի 6-րդ ենթակետում նշված անձինք հայտում գրավոր ստանձնում են, որ իրենք չեն դիմելու ընդունվելու հաշվետու թողարկողի, հաշվետու թողարկողի դուստր կամ կախյալ ընկերությունների և հաշվետու թողարկողի հետ փոխկապակցված ընկերությունների մոտ աշխատանքի՝ հայտի ներկայացման պահից մինչև հաշվետու թողարկողի կողմից աուդիտորական կազմակերպության ընտրությունը, իսկ տվյալ աուդիտորական կազմակերպության ընտրության դեպքում նաև՝ հաշվետու թողարկողի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնելու ընթացքում և դրանից հետո 1 տարվա ընթացքում:
8. Սույն կանոնակարգի 7-րդ կետի 5-րդ ենթակետում սահմանված որակավորումը չի պահանջվում աուդիտորական կազմակերպության կողմից աուդիտորական աշխատանքների մեջ անմիջականորեն ներգրավված, սակայն աուդիտորական կամ հաշվապահական աշխատանքներ չիրականացնող փորձագետների և այլ անձանց համար:
Գ Լ ՈՒ Խ 3
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
9. Սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելուց առաջ հաշվետու թողարկող համարվող անձինք սույն կանոնակարգի 4-րդ կետում սահմանված ընթացակարգերը սահմանում են սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում:
10. Սույն կանոնակարգի դրույթները տարածվում են սույն կանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո հաշվետու թողարկողների կողմից իրենց ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձի ընտրության դեպքերի վրա:
Հավելված 1 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 226-Ն որոշմամբ հաստատված «Հաշվետու թողարկողների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 4/09-ի |
Կանոնակարգի 7-րդ կետի 1-ին, 2-րդ եվ 5-րդ ենթակետերով սահմանված չափանիշների կիրառման մեթոդաբանություն
1. Սույն կանոնակարգի 7-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված չափանիշների գործնական կիրառումն ապահովվում է հայտ ներկայացրած յուրաքանչյուր աուդիտորական կազմակերպությանը Աղյուսակ 1-ում նշված յուրաքանչյուր չափանիշի համար համապատասխան միավորներ տալով, այնուհետև գումարվում են հայտ ներկայացրած յուրաքանչյուր աուդիտորական կազմակերպության հավաքած միավորները:
2. Սույն հավելվածի իմաստով կարծիք է համարվում աուդիտորական կազմակերպության մասնագիտական գործունեության վերաբերյալ գործարար միջավայրում հեղինակություն ունեցող անձանց կողմից տրված երաշխավորագիրը, ընդ որում, աուդիտորական կազմակերպության մասին բացասական կարծիքի առկայության դեպքում այն համարվում է սույն կանոնակարգի չափանիշներին չբավարարող:
Աղյուսակ 1
1) Աուդիտորական կազմակերպության` Հայաստանի Հանրապետությունում (տեղական) ճանաչվածության աստիճանը (հեղինակությունը) |
Չկա բացասական կարծիք՝ 3 միավոր: |
Կան դիտողություններ՝ 2 միավոր: |
Կարծիք չկա՝ 1 միավոր: |
2) Աուդիտորական կազմակերպության միջազգային ճանաչումը (հեղինակությունը) |
Միջազգային ճանաչում ունեցող (միջազգային վարկանշավորմամբ ընդունված լավագույն 10 աուդիտորական կազմակերպությունների շարքից)՝ 3 միավոր: |
Միջազգային գործունեություն ծավալող (չի մտնում միջազգային ռեյտինգավորմամբ լավագույն 10-ի մեջ)՝ 2 միավոր: |
Աշխատում է միայն ՀՀ-ում՝ 1 միավոր: |
3) Տվյալ աուդիտորական կազմակերպության աշխատանքային փորձը |
10 տարուց ավելի՝ 3 միավոր: |
5-10 տարի՝ 2 միավոր: |
3-5 տարի՝ 1 միավոր: |
4) Աուդիտորական խմբի անդամների և ղեկավարի միջազգային հաշվապահական որակավորումը |
Միջազգային հաշվապահական որակավորում ունեն աուդիտորական խմբի բոլոր անդամները և ղեկավարը` 3 միավոր: |
Միջազգային հաշվապահական որակավորում ունեն աուդիտորական խմբի անդամներից մի քանիսը և ղեկավարը` 2 միավոր: |
Միջազգային հաշվապահական որակավորում ունի միայն աուդիտորական խմբի ղեկավարը` 1 միավոր: |
Ընդամենը` _______ միավոր: |