Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.04.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.21/36(702).1 Հոդ.842.12
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.04.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0256/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0256/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան

Դատավորներ՝ Գ. Մատինյան

               Է. Մուրադյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

 

Ա. Բարսեղյանի

 

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի ապրիլի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հրաչ-Ներսես Կապրիելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ Նարինե Նալբանդյանի հայցի ընդդեմ «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) բաժնետեր Հրաչ-Ներսես Կապրիելյանի, Արագած Ախոյանի՝ ուրիշի տիրապետումից գույքը հետ պահանջելու և համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Նարինե Նալբանդյանը պահանջել է Հրաչ-Ներսես Կապրիելյանին պարտավորեցնել վերադարձնել Ընկերության 20% կազմող 20 հատ բաժնետոմսերը և դրանց նկատմամբ ճանաչել համատեղ սեփականության իրավունքը:

Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ Դատարան) 10.06.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 05.12.2008 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը բեկանվել է և այն փոփոխվել. Նարինե Նալբանդյանի հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հրաչ-Ներսես Կապրիելյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1. Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3- րդ մասը, որը պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ մասը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Համատեղ կյանքի ընթացքում Արագած Ախոյանի կինը` Նարինե Նալբանդյանը, իր իրավունքը չի գրանցել բաժնետերերի ռեեստրում: Ուստի հնարավոր անբարենպաստ հետևանքների ռիսկը պետք է կրի Նարինե Նալբանդյանը, քանի որ Հրաչ Կապրիելյանը, հիմք ընդունելով ռեեստրի տվյալները և օբյեկտիվորեն բաժնետոմսերի սեփականատեր համարելով Արագած Ախոյանին, նվիրատվության պայմանագրով որպես նվեր ընդունել է Արագած Ախոյանին պատկանող բաժնետոմսերը` չիմանալով բաժնետոմսերի նկատմամբ այլ համասեփականատիրոջ առկայության, հետևաբար նաև վերջինիս համաձայնության բացակայության մասին:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, չի ընդունել այն հանգամանքը, որ Հրաչ Կապրիելյանը չգիտեր և չէր էլ կարող իմանալ նվիրատվության պայմանագրի կնքման հարցում Նարինե Նալբանդյանի անհամաձայնության մասին:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ մասով կարգավորվում են այն դեպքերը, երբ գույքը ձեռք է բերվել այն օտարելու իրավունք չունեցող անձից: Սույն գործով Հրաչ Կապրիելյանը բաժնետոմսերը ձեռք է բերել դրանք օտարելու իրավունք ունեցող անձից` Արագած Ախոյանից, հետևաբար սեփականատերը դրանք բոլոր դեպքերում պահանջելու իրավունք չունի, այլ կարող է հետ պահանջել միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանների առկայության դեպքում:

 

2. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Չնայած այն հանագամանքին, որ սույն գործի և Վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի թիվ 3-459(ՏԴ) գործով որոշման միջև առկա են փաստական հանգամանքների որոշ տարբերություններ, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը վերոնշյալ որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի, 198-րդ հոդվածի 3-րդ մասի, 319-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները սերտորեն փոխկապակցված են և իրավակիրառական պրակտիկայում դրանցից յուրաքանչյուրը պետք է մեկնաբանվի մյուսների բովանդակության և տրամաբանության ներքո: Նույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը գտել է, որ համատեղ սեփականության մասնակիցների ամուսիններ հանդիսանալու մասին գործարքի մյուս կողմի տեղեկացված լինելու փաստը բավարար չէ համատեղ սեփականության տնօրինման գործարքն անվավեր ճանաչելու համար, այլ անհրաժեշտ է համատեղ սեփականության մասնակցի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայության և գործարքի մյուս կողմի` այդ մասին իմանալու կամ դրա մասին ողջամտորեն ենթադրելու ակնհայտհնարավորության հանգամանքների միաժամանակյա առկայութունը:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով վերը նշված երկու պայմաններն առկա չեն:

 

3. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, 219-րդ հոդվածի 1-ին մասի եւ 132-րդ հոդվածի պահանջները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 136-րդ, 197-րդ հոդվածները, 199-րդ հոդվածի 1-ին մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասը, 68-րդ հոդվածը,:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը Ընկերության 20%-ը կազմող 20 հատ բաժնետոմսերը դիտելով անբաժանելի գույք, հաշվի չի առել, որ իր կողմից վկայակոչված «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անբաժանելի գույք է մեկ բաժնետոմսը:

Ավելին, Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի սահմաններից և բաժնետոմսերի բաժնի առանձնացման պահանջի բացակայության պայմաններում անդրադարձել է այդ պահանջին՝ ըստ էության հաստատված համարելով այնպիսի փաստ, որը որևէ կապ չունի սույն գործի հետ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.12.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և փոփոխել, կամ մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 10.06.2008 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Թիվ III258766 ամուսնության վկայականի համաձայն` Նարինե Նալբանդյանը և Արագած Ախոյանը 04.05.1985 թվականից ամուսիններ են (գ.թ. 5):

2. 13.06.2005 թվականի նվիրատվության պայմանագրի համաձայն՝ Արագած Ախոյանը Ընկերության 20 հատ (20 %) բաժնետոմսերը նվիրել է նույն ընկերության բաժնետեր Հրաչ-Ներսես Կապրիելյանին, իսկ Հրաչ-Ներսես Կապրիելյանը ընդունել է այն (գ.թ. 12):

3. Ընկերության 20 հատ (20 %) բաժնետոմսերը Նարինե Նալբանդյանի և Արագած Ախոյանի ընդհանուր համատեղ սեփականությունն է:

4. Գործում առկա չէ 13.06.2005 թվականի նվիրատվության պայմանագիրը կնքելու համար Նարինե Նալբանդյանի համաձայնություն տալու փաստը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնoրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված՝ ընդհանուր սեփականության տնoրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով՝ գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, հաշվի առնելով, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի ծագման հիմքը՝ ամուսնական հարաբերությունները և օրենքով նախատեսված այլ դեպքերը, ըստ էության ամրագրել է ընդհանուր գույքը տնօրինելու ժամանակ մյուս համասեփականատերերի համաձայնության և դրա տնօրինման գործարք կնքելու իրավունքի առկայության կանխավարկածը:

Սույն գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված ընդհանուր համատեղ սեփականության գույքը տնօրինելու ժամանակ մասնակիցների համաձայնության առկայության կանխավարկածը սույն գործի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ համատեղ սեփականության գույքի նվիրատվության դեպքում օրենսդիրը նախատեսել է սահմանափակումներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 599-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվությունը թույլատրվում է համատեղ սեփականության բոլոր մասնակիցների համաձայնությամբ` նույն օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված կանոնների պահպանմամբ:

Վերը նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի` նվիրատվության ձևով տնօրինման համար պարտադիր կերպով անհրաժեշտ է բոլոր համասեփականատերերի համաձայնությունը և չի սահմանվել բացառություն:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով՝ անկախ նրանց կամքից: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե գույքն անհատույց է ձեռք բերվել այն օտարելու իրավունք չունեցող անձից, ապա սեփականատերը բոլոր դեպքերում իրավունք ունի հետ պահանջելու այդ գույքը:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը սահմանել է բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջելու անվերապահ պայման այն դեպքում, երբ բարեխիղճ ձեռք բերողը գույքը ձեռք է բերել անհատույց և այն օտարելու իրավունք չունեցող անձից:

 

Սույն գործի փաստերի համաձայն` Նարինե Նալբանդյանը և Արագած Ախոյանը 04.05.1985 թվականից ամուսիններ են, Ընկերության 20 հատ (20 %) բաժնետոմսերը Նարինե Նալբանդյանի և Արագած Ախոյանի ընդհանուր համատեղ սեփականությունն է, 13.06.2005 թվականի նվիրատվության պայմանագրի համաձայն՝ Արագած Ախոյանը Ընկերության 20 հատ (20 %) բաժնետոմսերը նվիրել է Հրաչ-Ներսես Կապրիելյանին, իսկ Հրաչ-Ներսես Կապրիելյանը ընդունել է այն, գործում առկա չէ 13.06.2005 թվականի նվիրատվության պայմանագիրը կնքելու համար Նարինե Նալբանդյանի համաձայնություն տալու փաստը հավաստող որևէ ապացույց:

Վերը նշվածը հիմք ընդունելով և համադրելով սույն գործի փաստերը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նարինե Նալբանդյանի համաձայնության բացակայության պայմաններում Արագած Ախոյանն իրավունք չի ունեցել նվիրելու Ընկերության 20 հատ 20 (%) բաժնետոմսերը Հրաչ-Ներսես Կապրիելյանին, իսկ Հրաչ Կապրիելյանի` բաժնետոմսերի նկատմամբ համասեփականատիրոջ համաձայնության բացակայության մասին չիմանալու հանգամանքը սույն գործի համար էական նշանակություն չունի:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հրաչ-Ներսես Կապրիելյանն Ընկերության 20 հատ 20 % բաժնետոմսերը Արագած Ախոյանից ձեռք է բերել անհատույց` օրենքի պահանջների խախտմամբ կնքված 13.06.2005 թվականի նվիրատվության պայմանագրի հիման վրա և այն օտարելու իրավունք չունեցող անձից, ուստի այն ենթակա է վերադարձման:

 

2) Վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի մատնանշելու նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` oրենքի մեկնաբանությունները), իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` oրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է և Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտով տրված իրավական մեկնաբանության՝ համապատասխան գործով կիրառելիության հարցը լուծելիս դատարանները պետք է համադրեն նախադեպային գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը: Այսինքն, դատարանը նախադեպային որոշմամբ տրված օրենքի մեկնաբանության՝ քննվող գործով կիրառելիության հարցը լուծելիս պետք է նախ առանձնացնի այն փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն են ունեցել նախադեպային որոշման կայացման համար և այնուհետև դրանք համադրի քննվող քաղաքացիական գործի փաստական հանգամանքների հետ` որոշելով դրանց նույնական լինել կամ չլինելու հարցը (Տես «Արաբկիր Ալկո Լիկյոր-Օղու գործարան» ՍՊԸ-ն ընդդեմ Սոս Բաղդասարյանի՝ բնակարանի 1/7 մասի սեփականատեր ճանաչելու և բնակարանի մասի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին թիվ 3-480(ՎԴ) գործով Վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի թիվ 3-459(ՏԴ) գործի փաստական հանգամանքների համաձայն՝ Թագուշ Պետրոսյանը «Բիզնես կենտրոն» ԲԲԸ-ի բաժնետոմսերը Ժաննա Ղազարյանին օտարել էր 16.08.2004 թվականի կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա, այսինքն` հատուցմամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործի և Վճռաբեկ դատարանի 30.03.2007թ. թիվ 3-459 (ՏԴ) գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները նույնական չեն:

Մասնավորապես, սույն քաղաքացիական գործով Հրաչ-Ներսես Կապրիելյանը Ընկերության 20 հատ 20 % բաժնետոմսերը Արագած Ախոյանից ձեռք է բերել անհատույց` 13.06.2005 թվականի նվիրատվության պայմանագրի հիման վրա, մինչդեռ Վճռաբեկ դատարանի 30.03.2007թ. թիվ 3-459 (ՏԴ) գործի փաստական հանգամանքներով Ժաննա Ղազարյանը «Բիզնես կենտրոն» ԲԲԸ-ի բաժնետոմսերը Թագուշ Պետրոսյանից ձեռք էր բերել հատուցմամբ՝ 16.08.2004 թվականի առուվաճառքի պայմանագրի հիման վրա: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ վճռաբեկ բողոքում վկայակոչված այն փաստարկը, որ սույն գործի էական նշանակություն ունեցող փաստերը նույնական են Վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի թիվ 3-459(ՏԴ) գործի փաստերի հետ:

 

3) Վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով բաժնետոմսերի բաժանման պահանջ չի ներկայացվել և քննարկման առարկա չի դարձվել Արագած Ախոյանի և Նարինե Նալբանդյանի բաժնի չափի որոշման հարցը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավոր համարելով բողոքի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել գործի քննության սահմաններից, վերը նշված պատճառաբանությամբ չի անդարադառնում նշված պահանջին:

Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում նաև բողոքի մյուս հիմնավորումներին, քանի որ դրանք նույնպես կապված են բաժնետոմսերի բաժանման պահանջի հետ:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած` գործն ըստ էության լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված է, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2008 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան