Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների առաջացման և կարգավորման (վերացման) ժամանակ օգնության ցուցաբերման հարցում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ և այլ գերատեսչությունների` փոխգործակցության կազմակերպման Կանոնակարգի հաստատման մասին
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները, այսուհետ` Կողմեր,
առաջնորդվելով միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներով և նորմերով, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության հիմնորոշ փաստաթղթերով,
ընդունելով, որ խաղաղության և կայունության պահպանումը հանդիսանում է Կողմերի տնտեսական և սոցիալ-քաղաքական զարգացումն ապահովող անկապտելի պայման,
1996 թվականի մայիսի 17-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակի առաջացման դեպքում սահմանապահ զորքերի համագործակցության մասին համաձայնագրի հետագա իրականացման նպատակներով,
համաձայնեցին հետևյալի մասին.
1. Հաստատել կից ներկայացվող Կանոնակարգը Արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների առաջացման և կարգավորման (վերացման) ժամանակ օգնության ցուցաբերման հարցում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ և այլ գերատեսչությունների փոխգործակցության կազմակերպման վերաբերյալ (այսուհետ` Կանոնակարգ):
2. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Կողմերի՝ անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցագիրն ավանդապահի ստանալու 3-րդ օրվանից: Այդպիսի ընթացակարգերն ավելի ուշ կատարած պետությունների համար այն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից համապատասխան ծանուցագրերի ստացման օրից:
3. Կանոնակարգում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ` ձևակերպված առանձին արձանագրությամբ, որն ուժի մեջ է մտնում սույն Արձանագրության 2-րդ կետով նախատեսված կարգով:
4. Ուժի մեջ մտնելուց հետո սույն Արձանագրությունը բաց է այլ պետությունների միանալու համար: Միացող պետությունների համար այն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից համապատասխան ծանուցագրի ստացման օրվանից 30 օր հետո:
5. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Արձանագրությունից` այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին դուրս գալուց ամենաքիչը 6 ամիս առաջ: Սույն Արձանագրությունից դուրս գալը պետությանը չի ազատում ֆինանսական այն պարտավորություններից, որոնք նա վերցրել է սույն Արձանագրությանը Կողմ լինելով:
Կատարվել է 2007թ. հոկտեմբերի 5-ին Դուշանբե քաղաքում, մեկ բնօրինակով, ռուսերենով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա վավերացված պատճենը:
Հավելված
«Արտաքին սահմաններում ճգնաժամային
իրավիճակների առաջացման և կարգավորման
(վերացման) ժամանակ օգնության ցուցաբերման
հարցում Անկախ Պետությունների Համագործակ-
ցության մասնակից պետությունների սահմանապահ
և այլ գերատեսչությունների փոխգործակցության
կազմակերպման վերաբերյալ Կանոնակարգի
հաստատման մասին» Արձանագրության
կից 5-ը հոկտեմբերի, 2007 թ.
Կանոնակարգ
Արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների առաջացման և կարգավորման (վերացման) ժամանակ օգնության ցուցաբերման հարցում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ և այլ գերատեսչությունների փոխգործակցության կազմակերպման վերաբերյալ
Սույն Կանոնակարգը սահմանում է Արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների առաջացման և կարգավորման (վերացման) ժամանակ փոխօգնության ցուցաբերման հարցում ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ և այլ գերատեսչությունների կազմակերպման հիմունքները և փոխգործակցության մեխանիզմը:
I. Ընդհանուր դրույթներ
1.1. ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների առաջացման և կարգավորման (վերացման) ժամանակ գործունեության իրավական հիմք են հանդիսանում միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքները և նորմերը, ԱՊՀ մասնակից պետությունների օրենսդրությունները, ՄԱԿ-ի Կանոնադրությունը և այլ, այդ թվում՝ ԱՊՀ շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերը (Համաձայնագրերը), ինչպես նաև սույն Կանոնակարգը:
1.2. Սույն Կանոնակարգում օգտագործված եզրույթները (սահմանումները) նշանակում են`
«արտաքին սահմաններ» - ԱՊՀ մասնակից պետությունների` ԱՊՀ անդամ չհանդիսացող պետությունների հետ պետական սահմանների հատվածներ.
«ճգնաժամային իրավիճակ» - արտաքին սահմանների հատվածներում իրավիճակը ապակայունացնող և դրա կայունացման համար հավաքական միջոցառումների ձեռնարկում պահանջող ռազմաքաղաքական և սոցիալական հակամարտությունների համակցություն.
«ճգնաժամային իրավիճակի կարգավորում» (վերացում) - ճգնաժամային իրավիճակի տեղայնացմանը, կայունացմանն ու վերացմանն ուղղված՝ Կողմերի` համաձայնեցված անհետաձգելի կազմակերպչական և գործնական միջոցառումների համալիր.
«Կողմեր» - սույն Կանոնակարգում նշված՝ համաձայնեցված համալիր միջոցառումների անցկացմանը մասնակցող ԱՊՀ մասնակից պետություններ.
«հարցնող Կողմ» - իր արտաքին սահմանի հատվածում ճգնաժամային իրավիճակի առաջացման ժամանակ օգնության ցուցաբերման մասին հարցում ներկայացրած Կողմ.
«հարցվող Կողմ» - Կողմ, որին հարցով դիմում է հարցնող Կողմը իր արտաքին սահմանի հատվածում առաջացած ճգնաժամային իրավիճակի կարգավորման (վերացման) գործում օգնության ցուցաբերման համար.
«ընդունող կողմ» - Կողմ, որի արտաքին սահմանում ստեղծված խմբավորման ուժերով լուծվում են ճգնաժամային իրավիճակի կարգավորման (վերացման) վերաբերյալ խնդիրներ.
«ուղղորդող Կողմ» - Կողմ, որը, հարցնող Կողմի խնդրանքով, ստեղծված խմբավորման կազմ է ուղարկում սահմանապահ և այլ գերատեսչությունների կազմավորումներ.
«իրավասու մարմիններ» - Կողմերի պետական իշխանության մարմիններ, որոնք իրավասու են լուծելու սույն Կանոնակարգի իրականացման վերաբերյալ հարցերը.
«սահմանապահ գերատեսչություններ» - պետական կառույցներ, որոնք, ԱՊՀ մասնակից պետությունների օրենսդրության համաձայն, իրականացնում են սույն փաստաթղթի նպատակների համար իրենց պետական սահմանների պաշտպանության և պահպանման գործառույթները.
«այլ գերատեսչություններ» - Կողմերի կողմից լիազորված պետական մարմիններ, որոնք կփոխգործակցեն ճգնաժամային իրավիճակների առաջացման և կարգավորման (վերացման) ժամանակ.
«մանդատ» - փաստաթուղթ, որը սահմանում է խմբավորման իրավասությունները, կազմը, ճգնաժամային իրավիճակի կարգավորման (վերացման) խնդիրները և ժամկետները, մտցնելու և դուրս հանելու կարգը սահմանող փաստաթուղթ.
«խմբավորում» - ճգնաժամային իրավիճակի կարգավորման (վերացման) նպատակով Կողմերի կողմից ուղարկված՝ սահմանապահ և այլ գերատեսչությունների ուժերի և միջոցների միակցություն.
«Միավորված շտաբ» - անմիջապես խմբավորման կառավարման համար նախատեսված կառավարման ժամանակավոր մարմին.
«խմբավորման կարգավիճակ» - Կողմերի այն կազմավորումների իրավական դրությունը, որոնք ժամանակավորապես գտնվում են ընդունող Կողմի տարածքում` ճգնաժամային իրավիճակի կարգավորման (վերացման) նպատակով.
«խմբավորման անձնակազմ» - Կողմերի սահմանապահ և այլ գերատեսչությունների կազմում ծառայություն անցնող զինծառայողներ, ինչպես նաև զորամասերում, կազմակերպություններում և հաստատություններում աշխատող, խմբավորման կազմի մեջ մտնող կամ քաղաքացիական մասնագետի կարգավիճակով կազմավորումներում ժամանակավորապես հրամանատարություն իրականացնող քաղաքացիական անձինք (քաղաքացիական անձնակազմ).
«փոխգործակցություն ճգնաժամային իրավիճակի առաջացման և կարգավորման (վերացման) դեպքում» - Կողմերի սահմանապահ և այլ գերատեսչությունների` ըստ նպատակների, խնդիրների, միջոցների, տեղի և ժամանակի համընդհանուր գործողությունների համաձայնեցում` ճգնաժամային իրավիճակի առավել արդյունավետ կարգավորման (վերացման) նպատակով.
«փոխգործակցության կազմակերպում» - Կողմերի սահմանապահ և այլ գերատեսչությունների գործողությունների համաձայնեցման, կառավարման և ապահովման կարգի սահմանման, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակի կարգավորման (վերացման) խնդիրների համատեղ իրականացման ժամանակ իրենց ջանքերի համախմբման ուղղությամբ Կողմերի կողմից նախապես իրականացվող փոխկապակցված համալիր միջոցառումներ.
«կազմավորումների շարժական գույք» - Կողմերի սեփականություն հանդիսացող` կազմավորումների գործունեության համար անհրաժեշտ հաստիքային (տաբելային) ռազմատեխնիկական գույք, սպառազինության բոլոր տեսակները, ռազմական տեխնիկա, տրանսպորտային և այլ նյութատեխնիկական միջոցներ.
«անշարժ գույք (անշարժ գույքի օբյեկտներ)» - ընդունող Կողմի սեփականություն հանդիսացող և նրա համաձայնությամբ այլ Կողմերի կազմավորումների ժամանակավոր օգտագործման մեջ գտնվող հողատարածքներ և այնտեղ տեղակայված զորանոցներ, այլ բնակելի տարածքներ, կոմունալ կառույցներ, զինվորական ձեռնարկություններ (հաստատություններ), մերձատար երկաթուղիներ, օդակայաններ, ուսումնական կենտրոններ և հրաձգարաններ, կառավարման ամրակայված կետեր և կապի հանգույցներ, ռադիոտեխնիկական և նավիգացիոն ապահովման կայուն միջոցներ, զինանոցների, պահոցների հենակետերի, պահեստների շենքեր ու շինություններ և ենթակառույցի այլ օբյեկտներ:
II. Կազմակերպման հիմքեր և փոխգործակցության մեխանիզմ
2.1. Իր օրենսդրության համաձայն` Կողմերից յուրաքանչյուրը նախապես սահմանում է կազմավորումներ խմբավորման կազմում ներառելու համար` ճգնաժամային իրավիճակի կարգավորմանը (վերացմանը) առնչվող խնդիրներն իրականացնելու նպատակով: Արտաքին սահմաններում դրության մասին տեղեկատվության ամփոփումն իրականացնում է Սահմանապահ զորքերի Հրամանատարների խորհրդի Համակարգող ծառայությունը և պատրաստված նյութերն ուղարկում է Կողմերի սահմանապահ գերատեսչությունների ղեկավարներին:
2.2. Խմբավորման ուժերի, միջոցների կարիքը և կացության պայմանները սահմանվում են յուրաքանչյուր կոնկրետ իրադրության մեջ լուծվող խնդիրներին համապատասխան և կարող են ճշգրտվել պայմանավորվածության համաձայն:
Ճգնաժամային իրավիճակի կարգավորման (վերացման) խնդիրները իրականացնելու նպատակով Կողմերն իրականացնում են ուժերի և միջոցների նախապատրաստում, որը ներառում է.
Կողմերի սահմանապահ և այլ գերատեսչությունների փոխգործակցության ծրագրերի մշակում և ժամանակին ճշգրտում,
խմբավորման կազմի և քանակի սահմանում, նրան սպառազինմամբ և ռազմական տեխնիկայով, նյութական և տեխնիկական միջոցներով ապահովում,
ճգնաժամային իրավիճակի կարգավորման (վերացման) ուղղությամբ կանխարգելիչ բնույթի առաջնահերթ միջոցառումների ծրագրում և կազմակերպում,
խմբավորման կառավարման, իրազեկման և համակողմանի ապահովման կազմակերպում,
ճգնաժամային իրավիճակների կարգավորման (վերացման) ժամանակ իրականացվող գործողություններին անձնակազմի բարոյահոգեբանական նախապատրաստման ապահովմանն ուղղված աշխատանքի անցկացում:
2.3. Կողմերի սահմանապահ և այլ գերատեսչությունների փոխգործակցությունն իրականացվում է հետևյալ նպատակներով.
ճգնաժամային իրավիճակների կարգավորման (վերացման) ժամանակ իրադրության կանխատեսման ընթացքում գործողությունների համակարգում, համատեղ միջոցառումների իրականացում և ապահովում,
խնդիրներին, ուղղություններին, սահմաններին և ժամանակին առնչվող ուժերի և միջոցների, գործողությունների ընդհանուր կարգի, հերթականության և կոնկրետ միջոցների մշակում,
ճգնաժամային տարբեր իրավիճակների հետ կապված` խմբավորման կազմավորումների ղեկավարների կողմից նպատակների, խնդիրների և գործադրվող միջոցների ընկալմանն ուղղված ընդհանուր մոտեցումների սահմանում,
համատեղ գործողությունների տարբերակների համաձայնեցում՝ ելնելով ճգնաժամային իրավիճակի կանխատեսվող զարգացումից,
ճգնաժամային իրավիճակների կարգավորմանը (վերացմանը) ուղղված գործողությունների իրականացման նպատակով ներգրավված բոլոր ուժերի և միջոցների փոխգործակցության բազմակողմանի ապահովման միջոցառումների մշակում,
ճգնաժամային իրավիճակների կարգավորմանը (վերացմանը) ուղղված առաջադրանքների` խմբավորման կողմից կատարման ապահովում,
ուժեղացված սահմանապահ ծառայության ռեժիմով ճգնաժամային իրավիճակների կարգավորման (վերացման) ընթացքում արտաքին սահմանների հատվածների պաշտպանության ապահովում,
Կողմերի տարածք ներթափանցած ահաբեկչական խմբավորումների և անօրինական զինված կազմավորումների որոնում և ոչնչացում,
սահմանամերձ պետությունների քաղաքացիների` Կողմերի տարածքներ չարտոնված զանգվածային ներթափանցման կանխարգելում, փախստականների անցկացման կազմակերպում այն արտաքին սահմանների հատվածներից, որտեղ առաջացել է ճգնաժամային իրավիճակ,
հատուկ սահմանապահ գործողությունների, համալիր օպերատիվ-որոնողական և կանխարգելիչ միջոցառումների իրականացում,
Կողմերի պետական սահմաններով պայթուցիկ նյութերի, սպառազինության, պայթուցիկ սարքերի, զենքի և զինամթերքի ապօրինի տեղափոխման կանխում,
Կողմերի պետական սահմաններով դեպի իրենց տարածքների խորքը ահաբեկչական խմբերի և նրանց առնչվող անձանց շարժի երթուղիների բացահայտում և կասեցում:
2.4. Փոխգործակցությունը կազմակերպվում է ճգնաժամային իրավիճակի կարգավորմանը (վերացմանը) մասնակցող Կողմերի սահմանային և այլ գերատեսչությունների միջև նպատակների, խնդիրների, վայրի (օբյեկտների), ժամանակի, ուղղությունների և գործողության տարբերակների համաձայն: Ամենից մանրամասն փոխգործակցություն կազմակերպվում է առաջիկա խնդիրների լուծման ժամանակահատվածում և հիմնական ջանքերի կենտրոնացման ուղղություններով:
2.5. Փոխգործակցության համատեղ ծրագրերի մշակումը Կողմերի սահմանային և այլ գերատեսչությունների կողմից իրականացվում է նախօրոք:
Փոխգործակցության ծրագրի գաղափարը ներառում է.
ճգնաժամային իրավիճակի կարգավորման (վերացման) կարգը,
ճգնաժամային իրավիճակի զարգացման հավանական տեղանքում արտաքին սահմանի պաշտպանության կարգը,
արտաքին սահմանի պաշտպանության ժամանակային սահմանագծերը և այդ սահմանագծերում գործողությունների կարգը,
Կողմերի սահմանային և այլ գերատեսչությունների ստորաբաժանումների, ինչպես նաև տեղի բնակչության` անվտանգ վայրեր դուրս բերելու երթուղիները,
ճգնաժամային իրավիճակի հետևանքների վերացման կարգը,
սահմանային ներկայացուցչական աշխատանքին առնչվող խնդիրներն ու միջոցառումները:
Փոխգործակցության ծրագիրը մշակվում է քարտեզի վրա բացատրական գրությամբ և ձևակերպվում է երկու օրինակով: Առաջին օրինակը գտնվում է ընդունող Կողմի սահմանային գերատեսչությունում, երկրորդը փոխանցվում է Միավորված շտաբին նրա ձևավորումից հետո: Անհրաժեշտության դեպքում, երկու կողմերի պայմանավորվածությամբ, օրինակների թիվը կարող է լինել ավելի շատ:
Քարտեզի վրա գծագրորեն պատկերվում են`
ճգնաժամային իրավիճակի հնարավոր զարգացումը,
խմբավորման հնարավոր կազմը,
խմբավորման ստորաբաժանումների պատասխանատվության հատվածները (շրջանները), տեղակայման վայրերը,
խմբավորման և փոխգործակցող ստորաբաժանումների կազմը, խնդիրները և գործողությունների հնարավոր բնույթը ճգնաժամային իրավիճակի կարգավորման (վերացման) հարցում,
ճգնաժամային իրավիճակի կարգավորման (վերացման) համար առանձնացված խմբավորման ստորաբաժանումների առաջխաղացման երթուղիները, հանդիպման կետերը, կենտրոնացման վայրերը և ժամանակը,
կառավարման կետերի ծավալման վայրերը,
գործողությունների տարածքներում (շրջաններում) ինժեներային փակոցների տեղակայման վայրերը,
Կողմերի պահեստային ուժերի կազմը, տեղաբաշխման վայրերը և գործադրման կարգը,
ճգնաժամային իրավիճակի յուրահատկությամբ պայմանավորված այլ հարցեր:
2.6. Ամենօրյա գործունեության պայմաններում Կողմերը կազմակերպում են փոխգործակցություն հետևյալ ճանապարհով.
մասնակցելով ճգնաժամային իրավիճակի կարգավորման (վերացման) կարգը սահմանող փաստաթղթերի համատեղ մշակման գործընթացին,
անցկացնելով փոխգործակցության ծրագրերի մշակմանն ուղղված համատեղ պարապմունքներ, վարժանքներ,
համաձայնեցնելով ճգնաժամային իրավիճակի կարգավորման (վերացման) խնդիրների, այդ թվում նաև` կառավարման և համակողմանի ապահովման հարցերի հետ կապված համատեղ գործողությունները,
փոխադարձաբար փոխանակելով Կողմերի իրավասությանն առնչվող տեղեկատվություն,
կառավարման մարմիններին սովորեցնելով ճգնաժամային իրավիճակի պայմաններում կատարվելիք գործողությունները,
փոխանակելով ճգնաժամային իրավիճակի կանխարգելման և կարգավորման (վերացման) խնդիրներին առնչվող փորձը,
համատեղ մշակելով (հստակեցնելով) փոխգործակցության ծրագրեր և լուծելով այլ հարցեր:
2.7. Կողմերի կազմավորումների համատեղ նախապատրաստումն իրականացվում է պարապմունքների, շտաբային-հրամանատարական և օպերատիվ-մարտավարական վարժանքների անցկացման ընթացքում:
Փոխադարձ պայմանավորվածության հիման վրա Կողմերը կարող են անցկացնել կազմավորումների համատեղ վարժանքներ, որոնց ընթացքում մշակվում են ճգնաժամային իրավիճակի կարգավորման (վերացման) հնարավոր գործողություններ:
2.8. Կողմերից մեկի արտաքին սահմանի որևէ հատվածում ճգնաժամային իրավիճակի առաջացման կամ դրա առաջացման սպառնալիքի դեպքում, այդ Կողմի կամ այլ Կողմերի խնդրանքով, անհապաղ անց են կացվում խորհրդակցություններ` այդ հատվածներում կայուն դրության ապահովման համալիր միջոցառումների նշանակման նպատակով:
2.9. Կողմերի խորհրդակցություններն իրականացվում են իրավասու մարմինների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների անցկացման ճանապարհով կամ նրանց հետաքրքրող հարցերով տեղեկատվության փաստաթղթային փոխանակման ձևով:
2.10. Հարցնող Կողմը և/կամ այլ Կողմերն անհրաժեշտ հիմնավորումներով Կողմերին գրավոր հայտնում են խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ իրենց մտադրությունների մասին:
Դիմումի (առաջարկի) մեջ շարադրվում են քննարկման ներկայացված հարցերի ցուցակը, խորհրդակցությունների նպատակը, մասնակիցների կազմը և նրանց իրավասությունները, հանդիպումների անցկացման ձևը, ժամանակը և վայրը, խորհրդակցությունների անցկացման ենթադրվող տևողությունը:
2.11. Այն Կողմերը, ում դիմում է հարցնող Կողմը և/կամ այլ Կողմերը, հնարավորինս կարճ ժամկետում տալիս են հիմնավորված պատասխան` ստացված առաջարկի էությանը համապատասխան:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկման ենթակա փաստաթղթերի նախագծերի նախապատրաստումն իրականացնում է հարցնող Կողմը:
Խորհրդակցություններն իրականացվում են հարցնող Կողմի տարածքում: Դրանց անցկացման հետ կապված ծախսերը հոգում է հարցնող Կողմը:
Խորհրդակցություններն իրականացվում են գաղտնիության հիմունքներով: Կայացած խորհրդակցական հանդիպման և դրա արդյունքների վերաբերյալ տեղեկատվության` զանգվածային լրատվական միջոցներին փոխանցման կամ այլ կերպ դրանց հրապարակման մասին որոշումը համաձայնեցվում և ընդունվում է Կողմերի կողմից:
2.12. Ճգնաժամային իրավիճակի կարգավորման (վերացման) մասին որոշումը կայացնում են Արձանագրության մասնակից պետությունների ղեկավարները, որոնք հաստատում են մանդատը և խմբավորման անմիջական կառավարման համար նշանակում են խմբավորման ղեկավար (հրամանատար):
2.13. Խմբավորման ղեկավարը (հրամանատարը), հարցնող Կողմի համաձայնությամբ, կախված ճգնաժամային իրավիճակի զարգացումներից և բարդությունից, որոշում է Միավորված շտաբի կառուցվածքը, թվային կազմը, նրա ստորաբաժանումների խնդիրներն ու գործառույթները:
Միավորված շտաբի կազմում ընդգրկվում են Կողմերի սահմանային և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Կազմավորման աշխատանքային լեզուն ռուսերենն է:
2.14. Միավորված շտաբը ճգնաժամային իրավիճակի կարգավորման (վերացման) միջոցառումների պլանավորման և իրականացման ժամանակ պարտավոր է.
մշակել ճգնաժամային իրավիճակի կարգավորման (վերացման) միջոցառումները.
ճշտել փոխգործակցության համատեղ պլանը, կազմակերպել դրա իրականացումը.
իրականացնել տեղեկատվության փոխադարձ փոխանակում.
համակարգել ճգնաժամային իրավիճակի կարգավորմանը (վերացմանը) մասնակցող Կողմերի սահմանային և այլ գերատեսչությունների կազմավորումների գործունեությունը և նրանց միջև կազմակերպել սերտ փոխգործակցություն.
կազմակերպել ճգնաժամային իրավիճակի կարգավորմանը (վերացմանը) ուղղված միջոցառումների համակողմանի ապահովում.
ժամանակին իրազեկել ընդունող Կողմին ճգնաժամային իրավիճակի կարգավորման (վերացման) ուղղությամբ իրականացվող միջոցառումների մասին.
խմբավորման ուժերն ու միջոցները հասցնել պատրաստվածության աստիճանի` ճգնաժամային իրավիճակներում գործելու նպատակով:
2.15. Ընդունող Կողմի համաձայնությամբ` իր տարածքում հատկացված տեղամասերի (շրջանների) և օբյեկտների սահմաններում խմբավորումը կարող է անցկացնել շտաբային-հրամանատարական և զորային վարժանքներ, օպերատիվ և մարտական պատրաստվածության այլ միջոցառումներ, որոնք կապված են սահմանված խնդիրների իրականացման հետ:
Դրա հետ մեկտեղ շրջանները, վարժանքների իրականացման կարգը և ժամկետները, մասնակցող կազմավորումների քանակը, դրանց շարժի երթուղիները, մարտական հրաձգության փուլերը, անվտանգության գոտիները, բնապահպանական և այլ հարցերը խմբավորման ղեկավարի (հրամանատարի) կողմից համաձայնեցվում են ընդունող Կողմի իրավասու մարմինների հետ:
Այդ միջոցառումների անցկացումը հատկացված շրջանների և օբյեկտների սահմաններից դուրս թույլատրվում է միմիայն ընդունող Կողմի իրավասու մարմինների հետ համաձայնեցմամբ:
2.16. Ճգնաժամային իրավիճակի առաջացման դեպքում Կողմերը օպերատիվ (հերթապահության) ծառայության գծով տեղեկացնում են.
● ճգնաժամային իրավիճակի առաջացման ամսաթվի և ժամի (Մոսկվայի ժամանակով) մասին.
● ճգնաժամային իրավիճակի առաջացման տեղի (սահմանային համախմբման (միավորման) տեղամասի), տարածաշրջանի, հանրապետության, երկրամասի, մարզի, բնակավայրի) մասին.
● ճգնաժամային իրավիճակի առաջացման պատճառի մասին.
● ճգնաժամային իրավիճակի գոտու տարածման մասին.
● ճգնաժամային իրավիճակի կարգավորմանը (վերացմանը) ներգրավված ուժերի և միջոցների մասին.
● ընդունված որոշումների և համագործակցության պլանները կիրառման մեջ մտցնելու մասին իրագործվում է փոխադարձ տեղեկացում և զեկույց է ներկայացվում Կողմերի իրավասու մարմիններին:
2.17. Ընդունող Կողմն ստեղծում է անհրաժեշտ պայմաններ անձնակազմի, տեխնիկայի, զենք-զինամթերքի, հատուկ միջոցների և ապահովման նյութերի, խմբավորման ընդունման և տեղաբաշխման, ինչպես նաև նրան օդանավակայանով անհատույց ապահովման, բազավորման կետերով, երկաթգծի մերձատար ուղիներով, փոխադրամիջոցներով, փոստային և այլ կապի միջոցներով, սննդով, էլեկտրականությամբ, ջրով ապահովման համար, իրականացնում է ծավալուն կոմունալ-կենցաղային և բժշկական սպասարկում, որն անհրաժեշտ է դրված խնդիրներն իրականացնելու համար, ամբողջ ծավալով ապահովում է խմբավորման հաշվիչ-դրամարկղային սպասարկումը և Կողմերի հետ համաձայնեցնում է խմբավորման՝ առանց խոչընդոտի տեղաշարժման հարցերը:
2.18. Կողմերն ապահովում են Կողմերի կազմավորումների և նրանց բեռների` իրենց տարածքներով անարգել տեղաշարժը դեպի նշանակման վայրեր, ինչպես նաև նախնական հայտերի հիման վրա` երկաթուղային, ավտոմոբիլային, ծովային, գետային և օդային տրանսպորտի և տրանսպորտային հաղորդակցման ուղիների առաջնահերթ տրամադրումը:
Կողմերի կազմավորումների ավիացիոն թռիչքները կատարվում են ընդունող Կողմերի ռազմական, օդային երթևեկության և օդային վերահսկողության կառավարման մարմինների հետ համաձայնեցված երթուղիներով և համաձայնեցված գոտիներում (շրջաններում): Ռազմական և քաղաքացիական օդանավակայաններում ռազմական օդանավերի ընդունումը, պահպանությունը և օդակայանային-տեխնիկական ապահովումը անհատույց իրականացվում է Կողմերի օդանավակայանների ծառայությունների կողմից:
Կողմերի կազմավորումների նավերի նավարկությունը ընդունող Կողմի ջրերում և նրանց ժամանումը ընդունող Կողմի նավահանգիստներ կատարվում է համաձայն միջազգային նորմերի և կանոնների` հաշվի առնելով ձևավորված իրավիճակը, ընդունող Կողմի կողմից հաստատված կարգով` հաշվի առնելով դրված խնդիրների լուծման անհրաժեշտությունը:
Խմբավորման կազմավորումների տեղաշարժը ընդունող Կողմի տարածքով կատարվում է ընդունող Կողմի իրավասու մարմնի հատուկ թույլտվության հիման վրա:
Խմբավորման կամ նրա առանձին կազմավորումների տեղաշարժը ընդունող Կողմի տարածքով կատարվում է ընդունող Կողմի իրավասու մարմնի վերահսկողության ներքո:
Խմբավորման կամ նրա առանձին կազմավորումների` Կողմ չհանդիսացող պետությունների տարածքով տարանցիկ տեղաշարժի կարգի և պայմանների հետ կապված հարցերը որոշվում են հարցնող Կողմի և տարանցիկ երկիր հանդիսացող երկրների կողմից:
2.19. Ընդունող Կողմը մյուս Կողմերին գրավոր ծանուցում է իր պետական սահմանի հատման տեղի, ժամանակի ու կարգի մասին և ստեղծում է անհրաժեշտ պայմաններ իր տարածքով նախանշված վայր շարժվող կամ տարանցող ռազմական երկայնաշարանների, օդային և ծովային (գետային) նավերի` անձնակազմով, տեխնիկայով, սպառազինությամբ և այլ նյութատեխնիկական միջոցներով ավտոմոբիլային շարասյուների անարգել և անհատույց տեղաշարժի համար, ինչպես նաև անվճար ապահովում է նրանց տեղավորումը և ենթակառուցվածքներից օգտվելը:
Ճգնաժամային իրավիճակի կարգավորմանը (վերացմանը) ուղղված միջոցառումների անցկացման արդյունավետությունը և օպերատիվությունը բարձրացնելու նպատակով Կողմերն ապահովում են, ազգային օրենսդրությամբ սահմանված, ճգնաժամային իրավիճակների կարգավորման (վերացման) վայր ընթացող խմբավորման կազմավորումների` պետական սահմանի հատման ժամանակ իրականացվող ընթացակարգերի արագացված իրագործումը:
2.20. Խմբավորման կազմավորման ղեկավարը Կողմի պետական սահմանի անցակետում ներկայացնում է այդ Կողմի իրավասու մարմնի կողմից հաստատված անձնակազմի անվանացանկը և ռազմական տեխնիկայի և սպառազինության, հատուկ միջոցների և նյութատեխնիկական ապահովման միջոցների ցուցակը:
Խմբավորման կազմավորումների զինծառայողները Կողմերի պետական սահմանները հատելիս պետք է կրեն իրենց ազգային կազմավորման զինվորական համազգեստը: Ի հավելումն գրանցման համարի՝ ռազմական տեխնիկան պետք է զինված լինի հստակ երևացող նշանով, որը ցույց կտա նրա պետական պատկանելությունը:
Խմբավորման կազմավորման անձնակազմը հատում է ընդունող Կողմի պետական սահմանը ուղարկող Կողմի օրենսդրությամբ սահմանված` իրենց անձը և այդ խմբավորմանը իրենց պատկանելությունը հաստատող փաստաթղթերը ներկայացնելուց հետո:
2.21. Կողմի պետական սահմանը հատող, դեպի ճգնաժամային իրավիճակի կարգավորման (վերացման) վայրը շարժվող և այնտեղից վերադարձող խմբավորման կազմավորման անձնակազմը, այդ Կողմի օրենսդրությանը համապատասխան, ազատվում է միայն անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման մաքսային և այլ հարկումներից:
Պետական սահմանը հատող, դեպի ճգնաժամային իրավիճակի կարգավորման (վերացման) վայր շարժվող և այնտեղից վերադարձող խմբավորման կազմավորման սպառազինությունը և ռազմական տեխնիկան, նյութատեխնիկական ապահովման միջոցները ազատվում են մաքսային վճարներից և այլ հարկումներից:
2.22. Խմբավորման ղեկավարության նույնականացման միջոցներով ապահովված ծառայողական փաստաթղթերը (գրագրությունը) ենթակա չեն զննման: Տվյալ փաստաթղթերն առաքող սուրհանդակը պետք է ունենա դրանք առաքելու կարգադրություն, որը կհաստատի նրա լիազորությունները, և որը կպարունակի փաստաթղթերի քանակի վերաբերյալ պարտադիր տեղեկություններ` կարգավորված ձևով: Կարգադրությունը հաստատվում է լիազորված անձանց կողմից, որոնց մասին տվյալները ներկայացվում են Կողմերի սահմանային գերատեսչություններին և մաքսային մարմիններին:
III. Համատեղ միջոցառումների ավարտման և վիճելի հարցերի լուծման կարգը
3.1. Ճգնաժամային իրավիճակի կարգավորման (վերացման) միջոցառումները համարվում են ավարտված, երբ կատարված է համաձայնեցված անհետաձգելի կազմակերպչական և գործնական միջոցների համալիրը` ուղղված ճգնաժամային իրավիճակի տեղայնացմանը, վերացմանը և կայունացմանը:
3.2. Ճգնաժամային իրավիճակի կարգավորման (վերացման) միջոցառումների ավարտման որոշումն ընդունվում է ընդունող Կողմի կողմից` այն համաձայնեցնելով հարցնող Կողմերի հետ:
Խմբավորման ղեկավարը (հրամանատարը) արձակում է համապատասխան հրաման ճգնաժամային իրավիճակի կարգավորման (վերացման) միջոցառումների ավարտման, Միացյալ շտաբի լուծարման վերաբերյալ և այդ մասին տեղեկացնում է Կողմերի իրավասու մարմիններին:
3.3. Ընդունող կողմն ապահովում է խմբավորման կազմավորումների անձնակազմի, տեխնիկայի, սպառազինության, հատուկ միջոցների և ապահովման նյութերի ուղարկումը:
Խմբավորման կազմավորումների չօգտագործված հատուկ միջոցներն ու ապահովման նյութերը պետք է դուրս բերվեն ընդունող Կողմի տարածքից ճգնաժամային իրավիճակի կարգավորմանը (վերացմանը) ուղղված միջոցառումների ավարտից հետո:
Եթե, հատուկ հանգամանքների բերումով, հնարավորություն չի ընձեռվում դուրս բերելու հատուկ միջոցներն ու ապահովման նյութերը, ապա շահագրգիռ Կողմերի իրավասու մարմինները, փոխադարձ համաձայնության հիման վրա, կարող են դրանք փոխանցել ընդունող Կողմին:
3.4. Ընդունող Կողմը հրաժարվում է որևէ պահանջ ներկայացնել ուղարկող Կողմին և խմբավորման ղեկավարությանը, կապված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատճառված վնասի հատուցման հետ և կապված ֆիզիկական անձի մահվան, մարմնական վնասվածքների ու աշխատունակության կորստի հետ, ինչպես նաև անշարժ գույքի, բնական պաշարների, մշակութային և պատմական արժեքների կորստի հետ, եթե այդպիսի վնասը պատճառվել է ճգնաժամային իրավիճակի կարգավորման (վերացման) հետ կապված առաջադրանքների կատարման ժամանակ:
3.5. Խմբավորումը ընդունող Կողմի տարածքում ժամանակավորապես գտնվելու ժամանակ ապահովում է իր կողմից օգտագործվող անշարժ գույքի, բնական պաշարների, մշակութային և պատմական օբյեկտների պահպանվածությունը:
Զինվորական կազմավորումների տեղավորման (տեղաբաշխման) շրջաններում բնապահպանական անվտանգության նորմերին հետևելու, ինչպես նաև ընդունող Կողմին պատկանող՝ օգտագործվող անշարժ գույքի պահպանության պատասխանատվությունը կրում է խմբավորման ղեկավարությունը:
Կազմավորումների կողմից ընդունող Կողմի ֆիզիկական անձանց, շարժական և անշարժ գույքին հասցված հնարավոր վնասը այն պայմաններում, որոնք կապված չեն եղել առաջադրանքների կատարման հետ, վերապահված մանդատով, հատուցվում է, պայմանավորվածության համաձայն, շահագրգիռ Կողմերի միջև, իսկ տարաձայնությունների առաջացման դեպքում` սույն Կանոնակարգի 3.7-րդ կետին համապատասխան:
Խմբավորումներ կազմած հարցված Կողմերի կատարած ծախսերի հատուցման կարգը, ներառյալ այն ծախսերը, որոնք կապված են ներկրված հատուկ միջոցների և ապահովման նյութերի կորստի, մասնակի կամ լրիվ ոչնչացման հետ, սահմանվում են ըստ շահագրգիռ Կողմերի միջև առկա պայմանավորվածության:
3.6. Այն դեպքում, երբ Կողմերից մեկը գտնում է, որ խմբավորման մեջ մտած կազմավորումների կողմից կատարված գործողությունների հետևանքով հասցված վնասը համապատասխան չէ կառավարման մարմինների առջև դրված առաջադրանքներին, ապա շահագրգիռ Կողմերի միջև առկա բոլոր տարաձայնությունները լուծվում են համաձայն 3.7-րդ կետի:
3.7. Սույն Կանոնակարգի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև՝ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Վիճելի հարցերը լուծելու համար ստեղծվում է համաձայնեցման հանձնաժողով, որի կազմում նշանակվում են ներկայացուցիչներ յուրաքանչյուր Կողմից և խմբավորման ղեկավարությունից: Համաձայնեցման հանձնաժողովը գործում է Կողմերի կողմից սահմանված լիազորությունների շրջանակներում:
Բոլոր վեճերը, որոնք չեն կարող լուծվել ուղղակի բանակցությունների և համաձայնեցման հանձնաժողովի օգնությամբ, ուղարկվում են լուծվելու Արձանագրության մասնակից պետությունների ղեկավարներին:
IV. Խմբավորման կարգավիճակը
4.1. Խմբավորման անձնակազմը պահպանում է միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներն և նորմերը, միջազգային պայմանագրերը, ինչպես նաև ընդունող Կողմի օրենսդրությունը:
4.2. Ճգնաժամային իրավիճակի կարգավորման (վերացման) միջոցառումների անցկացման ժամանակ ընդունող Կողմը խմբավորման անձնակազմին վճարում է փոխհատուցում և հատուցում է անձնակազմի ընտանիքների անդամների ծախսերը, կապված վիրավորվելու, հաշմանդամության կամ մահվան հետ, ընդունող Կողմի օրենսդրությամբ նախատեսված կարգով և չափերով: Միևնույն ժամանակ խմբավորման անձնակազմի և անձնակազմի ընտանիքների անդամների համար պահպանվում են խմբավորումներ կազմած ուղարկող Կողմերի օրենսդրությամբ սահմանված արտոնությունները, երաշխիքներն ու փոխհատուցումները:
4.3. Կողմերից յուրաքանչյուրը հարգում է խմբավորման անձնակազմի իրավական վիճակը և ապահովում է նրա քաղաքացիական իրավունքների և ազատությունների ամբողջականությունը, միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների և նորմերի համաձայն, թույլ չի տալիս գործողություններ, որոնք կդժվարացնեն նրանց առջև դրված առաջադրանքների կատարումը, իր տարածքի սահմաններում ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները, համաձայնեցված խմբավորման ղեկավարի (հրամանատարի) հետ, խմբավորման կազմավորումների անձնակազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութատեխնիկական միջոցների, փաստաթղթերի և պաշտոնական տեղեկատվության անվտանգության և պաշտպանության ապահովման համար` ներառյալ նրանց հանդեպ ցանկացած անօրինական գործողության նախազգուշացման և կանխման միջոցառումները:
4.4. Կողմերը ընդունող Կողմի տարածքում խմբավորման ժամանակավոր գտնվելու հետ կապված իրավասության հարցերը լուծելիս ղեկավարվելու են հետևյալ սկզբունքներով.
խմբավորման անձնակազմը ազատվում է ընդունող Կողմի ենթադատությունից` կապված ծառայողական պարտականությունների կատարման գործողությունների (գործողությունների բացակայության) հետ` արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների առաջացման դեպքում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ զորքերի փոխգործողության՝ 1996 թ. մայիսի 17-ի Համաձայնագրի շրջանակներում:
Խմբավորման անձնակազմի ընդունող Կողմի ենթադատությունից անձեռնմխելիությունը նրան չի ազատում ուղարկող Կողմի ենթադատությունից:
Արձանագրությունն Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2016թ. մայիսի 3-ին
Վերապահում
Բելառուսի Հանրապետության
Անկախ Պետությունների Համագործակցության Պետությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի 4-րդ կետի վերաբերյալ
Արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների առաջացման և կարգավորման (վերացման) ժամանակ օգնության ցուցաբերման հարցում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ և այլ գերատեսչությունների փոխգործակցության կազմակերպման Կանոնակարգի հաստատման վերաբերյալ Արձանագրության մասին
5-ը հոկտեմբերի, 2007 թ. |
Ք. Դուշանբե |
Արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների առաջացման և կարգավորման (վերացման) ժամանակ օգնության ցուցաբերման հարցում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ և այլ գերատեսչությունների փոխգործակցության կազմակերպման Կանոնակարգի հաստատման վերաբերյալ Արձանագրության` Անկախ Պետությունների Համագործակցության՝ Խաղաղության պահպանման հավաքական ուժերի անձնակազմի սոցիալական և իրավական երաշխիքների մասին Համաձայնագրի:
«Բելառուսի Հանրապետությունը չի ուղարկի սահմանապահ և այլ զինվորական կազմավորումներ իր տարածքային սահմաններից դուրս` ճգնաժամային իրավիճակների շրջաններ»:
Բելառուսի Հանրապետության նախագահ՝ |
Ա. Լուկաշենկո |
