Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2017-02.01.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2017.12.27/2(39)
Ընդունող մարմին
Պայմանավորվող կողմեր
Ընդունման ամսաթիվ
11.12.2009
Ստորագրող մարմին
Պայմանավորվող կողմեր
Ստորագրման ամսաթիվ
11.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2017

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

(2014 թվականի հոկտեմբերի 8-ի արձանագրության և 2014 թվականի դեկտեմբերի 31-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Բելառուսի Հանրապետության հարկերի և գանձումների հարցերով նախարարությունը, Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը, այսուհետ՝ Կողմեր,

առաջնորդվելով Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 72-րդ հոդվածի 3-րդ կետով,

(2014 թվականի հոկտեմբերի 8-ի արձանագրության խմբագրությամբ)

ելնելով ապրանքների ներմուծման և արտահանման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ` Անդամ-պետություններ) բյուջեներ անուղղակի հարկերի ժամանակին և ամբողջական մուտքերի նկատմամբ վերահսկողության ուժեղացման հարցում փոխադարձ շահագրգռվածությունից,

(2014 թվականի հոկտեմբերի 8-ի արձանագրության խմբագրությամբ)

ցանկանալով այդ նպատակով միմյանց աջակցություն տրամադրել,

համաձայնեցին հետևյալի մասին՝

 

Հոդված 1

(2014 թվականի հոկտեմբերի 8-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Սույն Արձանագրությունը սահմանում է էլեկտրոնային տեսքով տեղեկատվության փոխանակման կարգը տեղեկատվության պաշտպանության միջոցների կիրառմամբ, որոնք ապահովում են տեղեկատվության փոխանակման անվտանգությունը, սահմանում է ապրանքների ներկրման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարության (այսուհետ՝ Հայտարարություն) ձևը, դրա լրացման կանոնները և փոխանակման ձևաչափի նկատմամբ պահանջները՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի Պայմանագրի հավելվածը հանդիսացող «Անուղղակի հարկերի գանձման կարգի և ապրանքների արտահանման և ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ դրանց վճարման նկատմամբ հսկողության մասին» Արձանագրության իրականացման նպատակով:

 

Հոդված 2

(2014 թվականի հոկտեմբերի 8-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Անդամ պետությունների հարկային մարմինները (այսուհետ՝ Հարկային մարմիններ) փոխանակում են Անդամ պետությունների բյուջեներ մուծված անուղղակի հարկերի գումարների, հարկային արտոնությունների (հարկումից ազատման) մասին տեղեկատվությունը, որը ներառում է.

Տեղեկություններ Հայտարարությունների ցանկի ձևով ներկայացված Հայտարարություններից, այդ թվում՝ հետ կանչված Հայտարարությունների մասին: Հայտարարության ձևը և դրա լրացման կանոնները հանդիսանում են սույն Արձանագրության Հավելվածներ 1-ը և 2-ը,

Հայտարարությունների ներկայացման մասին հայտերը (այսուհետ՝ Հայտ)՝ Հայտարարությունների տրամադրման մասին հայտերի ցանկի ձևով (այսուհետ՝ Հայտերի ցանկ),

Հայտերի պատասխանները Հայտարարությունների ցանկի ձևով կամ Հայտարարությունների բացակայության պարագայում՝ տեղեկացումների ցանկերի ձևով»,

Հայտարարությունների ցանկը, հայտերի ցանկը և տեղեկացումների ցանկը ձևավորվում են Անդամ պետությունների բյուջեներ մուծված անուղղակի հարկերի գումարների մասին էլեկտրոնային տեսքով տեղեկատվության կազմի և կառուցվածի նկատմամբ պահանջներին համապատասխան, որոնք հանդիսանում են սույն Արձանագրության Հավելված 3-ը:

Հայտարարությունների ցանկերի, Հայտերի ցանկերի և տեղեկացումների ցանկերի փոխանակումն իրականացվում է յուրաքանչյուր ամսվա 5-րդ, 15-րդ և 25-րդ օերերին (այսուհետ՝ Առաքման ամսաթիվ): Եթե Առաքման ամսաթիվը համընկնում է ոչ աշխատանքային և (կամ) ոչ աշխատանքային տոնական օրվա հետ, ապա փոխանակումն իրականացվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:

Տեղեկատվությունն ուղարկող հարկային մարմինը Հայտարարությունների ցանկի մեջ ներառում է այն բոլոր չուղարկված հայտարարությունները, որոնցում հարկային մարմնի կողմից նշագրում է կատարվել անուղղակի հարկերի վճարման (հարկազատման կամ հարկային պարտավորությունների կատարման այլ կարգի) մասին մինչև Հայտարարությունների ցանկի առաքման ամսաթիվը:

Հայտարարությունների ցանկի ստացող հարկային մարմինը այդ ցանկի ստացումից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկող հարկային մարմին է ուղարկում ձևաչափային-տրամաբանական հսկողության արձանագրությունը և նույնականացման արձանագրությունը, որոնք միաժամանակ հանդիսանում են տեղեկատվության ստացման մասին տեղեկացումներ:

Ձևաչափային-տրամաբանական արձանագրության կամ նույնականացման արձանագրության մեջ հայտարարություններում սխալների մասին տեղեկատվության առկայության դեպքում Հայտարարությունների ցանկն ուղարկող հարկային մարմինը միջոցներ է ձեռնարկում դրանց վերացման ուղղությամբ և ուղղված տեղեկատվությունն ուղարկում է Հայտարարությունների ցանկի ստացող հարկային մարմնին այդ արձանագրությունները ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Տեղեկատվությունն ուղարկող հարկային մարմինը կարող է տեղեկատվություն ուղարկել Հայտարարության հետկանչի մասին:

Տեղեկատվություն ստացող հարկային մարմինը Հայտերի ցանկը տեղեկատվության ուղարկող հարկային մարմնին ուղարկում է հետևյալ դեպքերում.

էլեկտրոնային տեսքով Հայտարարության բացակայություն (այդ թվում ձևաչափային-տրամաբանական հսկողության սխալների պատճառով)՝ դրա՝ թղթային կրիչով առկայության պարագայում,

Հայտարարության էլեկտրոնային և թղթային տարբերակների միջև անհամապատասխանության բացահայտում (հայտում նշվում է հայտնաբերված անհամապատասխանության բնույթը),

այլ հիմքեր, որոնք պահանջում են հարկային մարմինների կողմից պարզաբանում:

Հայտերի ցանկը ստանալիս հարկային մարմինը այդ ցանկը ստանալու օրվանից ոչ պակաս, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում պատասխան է ուղարկում տեղեկատվություն ուղարկող հարկային մարմնին Հայտարարությունների ցանկի և (կամ) տեղեկացումների ցանկի ձևով:

Տեղեկատվության փոխադարձ փոխանակման ժամանակ հարկային մարմիններն ապահովում են Անդամ պետությունների բյուջեներ մուծված անուղղակի հարկերի գումարների, հարկային արտոնությունների (հարկազատման) մասին տեղեկատվության լիարժեքությունն ու արժանահավատությունը:

Տեղեկատվության փոխանակման կարգի խախտման, ինչպես նաև այդպիսի փոխանակման գործընթացում ամբողջականության և տվյալների պաշտպանության դեպքում հարկային մարմինները պարտավորվում են միմյանց տեղեկացնել այդպիսի խախտման հայտնաբերումից 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Հայտարարությունների ցանկի ստացող հարկային մարմինը հարկատուին էլեկտրոնային տեսքով տեղեկացնում է կամ նրան տեղեկատվության հասանելիություն է տրամադրում հայտարարություններից տվյալների ստացման մասին Հայտարարությունների ցանկը ստացող հարկային մարմնի կողմից սահմանված ձևով և կարգով»:

(2014 թվականի հոկտեմբերի 8-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 3

 

Տեղեկատվության փոխանակումն իրականացվում է ռուսերեն լեզվով։

 

Հոդված 4

 

Հարկային մարմիններն ինքնուրույն մշակում են ծրագրային ապահովում, որով իրականացվում է Անդամ պետությունների բյուջեներ վճարված անուղղակի հարկերի գումարների, հարկային արտոնությունների (հարկազատման) մասին տեղեկատվության պատրաստումը, ընդունումը ու փոխանցումը։

(2014 թվականի հոկտեմբերի 8-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 5

 

Փոխանակման իրականացման ժամանակ տեղեկատվության պաշտպանության միջոցների կիրառումը հարկային մարմինների կողմից համաձայնեցվում է՝ Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

(2014 թվականի հոկտեմբերի 8-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 6

 

Կողմերի փոխհամաձայնությամբ սույն Արձանագրությունում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։

 

Հոդված 7

 

Սույն Արձանագրության մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերն ու տարաձայնությունները լուծվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 112-րդ հոդվածով սահմանված կարգով:

(2014 թվականի դեկտեմբերի 31-ի արձանագրության խմբագրությամբ)

 

Հոդված 71

 

Սույն արձանագրությունը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր և դառնում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս:

Եվրասիական տնտեսական միությանը նոր պետությունների անդամակցության դեպքում սույն արձանագրությանը դրանց միանալն իրականացվում է առանձին արձանագրության համապատասխան:

(հոդվածն ավելացվել է 2014 թվականի դեկտեմբերի 31-ի արձանագրությամբ)

 

Հոդված 8

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 25-ի «Մաքսային միությունում ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ անուղղակի հարկերի գանձման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման սկզբունքների մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո։

 

Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում, 2009 թվականի դեկտեմբերի 11-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերենով։

Սույն արձանագրության բնօրինակը պահպանվում է Մաքսային միության հանձնաժողովում, որը, որպես սույն Արձանագրության ավանդապահ, յուրաքանչյուր Կողմին կտրամադրի իր վավերացված օրինակը։

 

Բելառուսի Հանրապետության Հարկերի և գանձումների հարցերով նախարարության կողմից
 

Ղազախստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության կողմից

Ռուսաստանի Դաշնության Ֆինանսների նախարարության կողմից

(Ստորագրություն)

(Ստորագրություն)

(Ստորագրություն)


 

 Հավելված 1
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» արձանագրության

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.08.2023, ---------
31.12.2014, 02.01.2015,
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան