«Գրանցված է»
ՀՀ արդարադատությաննախարարության կողմից
30 դեկտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 60008412
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
3 դեկտեմբերի 2008 թ. |
N 661-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌՈՈՒՄԻՆԳ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ը), ի) և իէ) ենթակետերը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել հանրային շարժական բջջային կապի միջազգային ռոումինգ ծառայությունների մատուցման կանոնները (հավելված)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված
Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թ. դեկտեմբերի 3-ի N 661-Ն որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌՈՈՒՄԻՆԳ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
1. Հանրային շարժական բջջային կապի օպերատորները (այսուհետ` օպերատորներ) պարտավոր են`
1) զոնային սակագրման համակարգ չկիրառելու դեպքում` միջազգային ռոումինգ ծառայությունների դիմաց գանձվող վճարները (սակագրման համակարգը) հաշվարկել ըստ բաժանորդի կողմից օգտագործված ռոումինգ ծառայության տևողության` հիմք ընդունելով միջազգային ռոումինգ օպերատորի ցանցում գործող սակագրման և տևողության հաշվարկի համակարգերը (օրինակ` ըստ րոպեների կամ վայրկյանների).
2) բաժանորդներին ներկայացվող ռոումինգ ծառայության սակագների վերաբերյալ տեղեկատվության մեջ ներառել համապատասխան տեղեկություն տվյալ միջազգային ռոումինգ օպերատորի ցանցում գործող ծառայության տևողության հաշվարկման համակարգի վերաբերյալ (օրինակ` կլորացում մինչև 1 վայրկյան կամ 1 րոպե։
2. Օպերատորները միջազգային ռոումինգ ծառայություններից օգտվող բաժանորդների համար պարտավոր են ապահովել`
1) արտերկիր մուտք գործելիս կարճ հաղորդագրության (SMS) միջոցով բաժանորդի անվճար տեղեկացումը տվյալ երկրի տարածքում գործող միջազգային ռոումինգ ծառայության սակագների վերաբերյալ, բացառությամբ, եթե միջազգային ռոումինգ օպերատորը չի ապահովում այդ ծառայությունը: Նշված տեղեկացումը պետք է պարունակի տվյալ երկրի տարածքից դեպի օպերատորի ցանց, օպերատորի ցանցից դեպի տվյալ երկրի տարածք կատարվող զանգերի, ինչպես նաև տվյալ երկրի տարածքից դեպի Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային ամրակցված հեռախոսացանցի շահագործման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորի ցանց և Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային ամրակցված հեռախոսացանցի շահագործման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորի ցանցից դեպի տվյալ երկրի տարածք կատարվող զանգերի սակագների վերաբերյալ տեղեկություններ.
2) ինտերնետային կայքերում և հաճախորդների սպասարկման գործառնական գրասենյակներում միջազգային ռոումինգ ծառայությունների սակագների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության առկայությունը` ըստ առանձին երկրների և օպերատորների.
3) միջազգային ռոումինգ օպերատորի կողմից համապատասխան ծառայության ապահովման դեպքում` լրացուցիչ ծառայությունների կարճ հաղորդագրության (USSD) համակարգի միջոցով կանխավճարային համակարգի բաժանորդի անվճար հասանելիությունը միջազգային ռոումինգ ծառայությունների իր հաշվեկշռի վերաբերյալ տեղեկատվությանը` ըստ բաժանորդի համապատասխան հարցման:
3. Զոնային սակագրման համակարգ չկիրառող օպերատորները պարտավոր են միջազգային ռոումինգ օպերատորին պայմանագրի համաձայն վճարվող գումարի նկատմամբ կիրառվող հավելումը (retail mark-up) սահմանել ոչ ավելի, քան 15 տոկոս, ընդ որում, այդ հավելումը չի ներառում ավելացված արժեքի հարկը:
4. Օպերատորները պարտավոր են մատուցվող միջազգային ռոումինգ ծառայությունների գործող սակագների նկատմամբ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից մոնիտորինգ իրականացնելու նպատակով նախատեսել տարեկան ծախսեր` ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամի չափով:
5. Սույն կանոնների 2-րդ կետի 1-ին ենթակետը ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունիսի 1-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|