ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 փետրվարի 2015 թ. N 383-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
«Ռ ԵՎ Պ ՍԿԷՆԱՌ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 5-րդ և 8-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի հունվարի 16-ին հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2015 թվականի հունվարի 16-ից մինչև հունվարի 27-ը «Ռ և Պ ՍԿԷՆԱՌ առողջության վերականգնողական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում իրականացված զննության արդյունքները և «Ռ և Պ ՍԿԷՆԱՌ առողջության վերականգնողական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի, լիցենզավորման ենթակա գործունեության պարտադիր պահանջների և պայմանների խախտման հանգամանքը, ինչպես նաև այն, որ զննման արդյունքում համապատասխան կազմակերպության գործունեության ընթացքում հայտնաբերվել են լիցենզավորման պայմանների և պահանջների էական խախտումներ, այն է՝
1. Ընկերությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից 2004 թվականի ապրիլի 13-ին ստացել է Վ. Փափազյան փողոց, 22 շենք, 30 բնակարանում արտահիվանդանոցային բժշկական ընդհանուր պրակտիկա, ախտորոշիչ բժշկական օգնության և սպասարկման տեսակով զբաղվելու, անժամկետ, Կ-XX-000513 լիցենզիա։ Ընկերությունը 2004 թվականից հետո գործել է ք. Երևան, Գյուրջյան փողոց, 10 շենք («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն), ք. Երևան, Գայի պողոտա, 1 շենք, ք. Երևան, Անդրանիկի փողոց, 2ա շենք հասցեներում։ Տնօրենը լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու վայրը փոփոխել է, բարդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն է իրականացրել՝ առանց գործունեության վայրի վերաբերյալ սահմանված հատուկ պահանջները բավարարող օրենքով կամ լիցենզավորման կարգով նախատեսված փաստաթղթերի ներկայացման, որը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում՝ խախտելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հոդված 33-ի մաս 3-ի պահանջը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջը։
2. «Ռ և Պ ՍԿԷՆԱՌ առողջության վերականգնողական կենտրոն» ՍՊԸ-ի տնօրենը վարչական վարույթի շրջանակներում չի ներկայացրել վարչական վարույթի հետ անմիջականորեն առնչվող փաստաթղթերը՝ խախտելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հոդված 36-ի 1-ին մասի 5-րդ կետի պահանջը։
3. Ընկերության տնօրենը վարչական վարույթի ընթացքում չներկայացրեց կենտրոնի բժիշկների համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստում անցնելու վերաբերյալ փաստաթղթերը, ինչպես նաև միջին և կրտսեր բուժաշխատողների տվյալները։ Սակայն, ինչպես բազմաթիվ անգամ տնօրենը ներկայացրել է ինքն իրեն, նա կրթությամբ վիրաբույժ է, աշխատել է առողջապահության կազմակերպիչ, ինչը հակասում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հոդված 36-ի մաս 1-ի 8-րդ կետի պահանջին։
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Կասեցնել «Ռ և Պ ՍԿԷՆԱՌ առողջության վերականգնողական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված լիցենզիայի գործողությունը՝ լիցենզավորված անձի կողմից օրենքով նախատեսված դեպքերում փոփոխությունների մասին լիցենզավորող մարմնին ժամանակին չհայտնելու, լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց՝ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու, մասնագիտական գիտելիքներ կամ լիցենզիայի պահանջներով կամ պայմաններով նախատեսված մասնագիտական որակավորում ունեցող անձի բացակայության պատճառով՝ մինչև խախտման պատճառների վերացումը։
2. Հայաստանի Հանրապետության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին՝
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին։
Ա. Մուրադյան
