Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-758
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.01.18/5(180) Հոդ.943
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
09.09.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
09.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2008

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

9 սեպտեմբերի 2008 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻ ՍԵՐԻՆԵ ՖԼՋՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 80 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 4-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` դիմող` քաղաքացի Ս. Ֆլջյանի ներկայացուցիչ Կ. Մեժլումյանի, պատասխանող կողմի` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Սերինե Ֆլջյանի դիմումի հիման վրա՝ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 80 հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացի Ս. Ֆլջյանի` 14.05.2008 թ. դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով վեճի առարկա օրենքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1998 թվականի հունիսի 17-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որը վիճարկում է դիմողը, ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2007 թվականի նոյեմբերի 28-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել է 2007 թվականի դեկտեմբերի 20-ին և ուժի մեջ է մտել 2008 թվականի հունվարի 1-ից:

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 72 հոդվածով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը լրացվել է 3.2 (վճիռների և որոշումների վերանայումը նոր հանգամանքներով) բաժնով: Միաժամանակ, նշված օրենքի 76 հոդվածով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5.1 (վճիռների և որոշումների վերանայումը նոր հանգամանքներով) բաժինը: Նշված 3.2 բաժնի հոդվածները սահմանում են նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու իրավասու դատարանը, դատական ակտի վերանայման հիմքերը, վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակը, վերանայման խնդրանք ներկայացնելու կարգը:

2. Քննության առարկա գործի քաղաքացիական հայցի շրջանակներում դատավարական նախապատմությունը հանգում է նրան, որ դիմողը 29.12.2007 թ. հավատարմագրված փաստաբանի միջոցով դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ խնդրելով ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2007 թ. ՍԴՈ-690 որոշման հիման վրա վերանայել վճռաբեկ դատարանի 30.11.2007 թ. որոշումը: Վճռաբեկ դատարանը 22.01.2008 թ. թիվ 3-95/ՎԴ/2008 թ. որոշմամբ` կիրառելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 80 հոդվածը, անհրաժեշտ է համարել` «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.09.2006 թ. վճռի դեմ Սերինե Ֆլջյանի վճռաբեկ բողոքը փոխանցել Երևանի քաղաքացիական դատարան»:

Երևանի քաղաքացիական դատարանը, կիրառելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 80 հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասը, 204.20 հոդվածի 2-րդ մասը, 204.25 հոդվածը, որոշել է Սերինե Ֆլջյանի դիմումի հիման վրա նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթի հարուցումը մերժել` այն պատճառաբանությամբ, որ դիմող Սերինե Ֆլջյանը խնդրել է նոր հանգամանքներով վերանայել ոչ թե առաջին ատյանի դատարանի դատական ակտը, այլ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը, այն դեպքում, երբ, ըստ Երևանի քաղաքացիական դատարանի` նոր հանգամանքներով վերանայման ենթակա են առաջին ատյանի դատարանների դատական ակտերը:

3. Վիճարկելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 80 հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերի, ինչպես նաև վերջիններիս հետ համակարգային առումով փոխկապակցված և նույն օրենքի 72 հոդվածում ներառված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.20 հոդվածի 2-րդ մասի, 204.26 և 204.29 հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի դրույթների սահմանադրականությունը, դիմողը գտնում է, որ այդ նորմերը հակասում են ՀՀ Սահմանադրության 6, 18, 19 և 42 հոդվածներին:

Ըստ դիմողի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթների և ՀՀ Սահմանադրության 18, 19 հոդվածների միջև հակասությունը դրսևորվում է նրանում, որ այդ դրույթները բացառում են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերի վերանայման հնարավորությունը և ըստ այդմ՝ անձի խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունը: Ավելին, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 80 հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը հակասում են նաև ՀՀ Սահմանադրության 42 հոդվածի պահանջներին, քանի որ դրանք հետադարձ ուժ են հաղորդել անձի վիճակը վատթարացնող իրավակարգավորմանը: Նույն հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը վիճարկվում է այն հիմքով, որ այն ընդունվել է ի խախտումն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջների:

Ըստ դիմողի՝ թեև սահմանադրական դատարանն իր որոշումներում արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխությունները պետք է կատարվեն այնպես, որ արդյունքում անձինք չզրկվեն օրենքով նախատեսված նախկին կարգով սկսված և դեռևս չավարտված իրավակարգավորման գործընթացի պայմաններում իրենց սահմանադրական իրավունքներն արդյունավետ պաշտպանելու լիարժեք հնարավորությունից, սակայն, ըստ դիմողի` պատասխանող ՀՀ Ազգային ժողովը շարունակում է ընդունել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի փոփոխություններ, որոնց արդյունքում, փաստորեն, անձինք զրկվում են այդ իրավունքները պաշտպանելու հնարավորությունից:

4. Պատասխանողի ներկայացուցչի պնդմամբ՝ ՀՀ դատական օրենսգրքի 26, 47 հոդվածներում և 50 հոդվածի 7-րդ մասում ամրագրված դրույթների, ինչպես նաև այդ դրույթների հետ թղթակցող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219 և 239 հոդվածների համադրական վերլուծությունից բխում է, որ անձը չի զրկվել նոր հանգամանքներով կամ նոր երևան եկած հանգամանքներով գործը վերանայելու համար դիմումը ներկայացնելու իրավունքից կամ չի սահմանափակվել նրա այդ իրավունքը, այսինքն` անձը չի զրկվել իր խախտված իրավունքները վերականգնելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքից (ՀՀ Սահմանադրության 19 հոդված), ինչպես նաև չի զրկվել իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքից (ՀՀ Սահմանադրության 18 հոդված):

Ըստ պատասխանող կողմի` դատական պաշտպանության արդյունավետության գնահատման բաղկացուցիչ մաս կարող է դիտվել նաև այն գործոնը, որի համաձայն՝ նոր հանգամանքներով կամ նոր երևան եկած հանգամանքներով գործը քննվում է ըստ էության, քանի որ այդ հանգամանքների ուժով կարող է ըստ էության փոփոխվել նախկինում կայացված դատական ակտը: Միևնույն ժամանակ, անձի իրավական վիճակը չի վատթարացել, այլ ապահովվել է «սկզբից մինչև վերջ» սկզբունքով դատական պաշտպանության արդյունավետ միջոցների կիրառման կառուցակարգ:

Պատասխանող կողմի կարծիքով` «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի վիճարկվող 80 հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով կարգավորվել են օրենքով նախատեսված նախկին կարգով սկսված և դեռևս չավարտված գործընթացի պայմաններում անձանց սահմանադրական իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու պայմանները, հետևաբար, նորմատիվ այդ դրույթները նպատակ ունեն ոչ թե սահմանափակել քաղաքացիադատավարական հարաբերությունների ընթացքում անձանց իրավունքները, այլ կարգավորել դրանք իրականացնելու և պաշտպանելու պայմանները, ինչը չի նշանակում, որ սահմանափակվել է անձանց սահմանադրական իրավունքը:

5. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 80 հոդվածը սահմանում է.

«Հոդված 80. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը բողոքարկված դատական ակտերի նկատմամբ սույն օրենքով նախատեսված կանոնները կիրառելի չեն:

3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործին մասնակից չդարձված անձանց ներկայացված բողոքները դատարանի որոշմամբ փոխանցվում են վերաքննիչ քաղաքացիական դատարան:

4. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նոր երևան եկած հանգամանքներով ներկայացված վճռաբեկ բողոքները դատարանի որոշմամբ փոխանցվում են համապատասխան դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան:

5. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նոր հանգամանքներով ներկայացված վճռաբեկ բողոքները դատարանի որոշմամբ փոխանցվում են համապատասխան դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան:

6. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն առաջին ատյանի և տնտեսական դատարանում առկա հայցադիմումները և հարուցված դատական գործերը դատարանի որոշմամբ փոխանցվում են համապատասխան դատարան` սույն օրենքով սահմանված տարածքային և առարկայական ընդդատության պահանջներին համապատասխան»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.20 հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Նոր հանգամանքներով վերանայման ենթակա են առաջին ատյանի դատարանների դատական ակտերը»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.26 հոդվածը սահմանում է. «Նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու իրավասություն ունի համապատասխան դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարանը»:

6. ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմի 23.05.2008 թ. որոշմամբ դիմումը քննության է ընդունվել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 80 հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերի կապակցությամբ, իսկ դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված վերոհիշյալ դրույթների սահմանադրականությունը պարզելու անհրաժեշտության հարցի լուծումը թողնվել է գործի դատաքննության փուլին:

Դիմումի քննության արդյունքներով, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի 2008 թ. հունվարի 22-ի որոշման մեջ հիշատակվում է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 80 հոդվածի՝ նոր երևան եկած հանգամանքներով ներկայացված վճռաբեկ բողոքներին վերաբերող 4-րդ մասը (նույն որոշման մեջ ոչ ճիշտ վկայակոչելով նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 80 հոդվածը, որը դիմումի առարկային չի առնչվում և վերաբերում է գործի վարույթի ժամանակ գործին մասնակցող անձանց հասցեները փոխվելուն): Սակայն գործի հանգամանքները, մասնավորապես նաև Երևանի քաղաքացիական դատարանի 19.03.2008 թ.՝ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելը մերժելու մասին որոշումը, վկայում են, որ խոսքը վերաբերում է նույն հոդվածի՝ նոր հանգամանքներով ներկայացված վճռաբեկ բողոքներին վերաբերող 5-րդ մասին, քանզի դիմողը վճռաբեկ դատարան է դիմել վերջինիս որոշումը վերանայելու պահանջով՝ ոչ թե նոր երևան եկած հանգամանքով, այլ նոր հանգամանքով, որպիսին հանդիսանում է ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2007 թ. ՍԴՈ-690 որոշումը: Հետևաբար, տվյալ գործի շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանի քննության առարկան, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածին համապատասխան՝ որպես դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթ, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 80 հոդվածի 5-րդ մասն է:

Սահմանադրական դատարանը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 9-րդ մասին համապատասխան, հարկ է համարում պարզել նաև «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 80 հոդվածի վիճարկվող դրույթների հետ համակարգային առումով փոխկապակցված և վեճի առարկա օրենքի հիման վրա ընդունված՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.20 հոդվածի 2-րդ մասի և 204.26 հոդվածի դրույթների սահմանադրականությունը, քանզի այդ դրույթները, վիճարկվող դրույթների հետ համակցության մեջ, կազմում են նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման իրավակարգավորման բաղկացուցիչ տարրերը:

Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմումն առնչվում է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի առանձին տարրերի սահմանադրականությանը, սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ այդ ինստիտուտի իրավակարգավորման բոլոր տարրերի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3.2 բաժնի դրույթների սահմանադրականությանը՝ իրենց համակարգային ամբողջականության մեջ: Հետևաբար, սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև 2007 թ. նոյեմբերի 28-ին ընդունված «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 76 հոդվածի սահմանադրականության հարցին, որով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5.1 բաժինը, ինչպես նաև 72 հոդվածի սահմանադրականության հարցին, որով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը լրացվել է 3.2 բաժնով:

7. Նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտն ըստ էության ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում իր ամրագրումն ստացավ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 18.02.04 թ. ՀՕ-39-Ն ՀՀ օրենքով: Վերջինս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը լրացրեց նոր՝ «Վճիռների և որոշումների վերանայումը նոր հանգամանքներով» վերտառությամբ 5.1 բաժնով, որով սահմանվեց նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ընթացակարգը: 2007 թ. փետրվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված` «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով լրացում է կատարվել նոր հանգամանքներով վճիռների և որոշումների վերանայման հիմքերը սահմանող 241.1 հոդվածում: Նշված օրենքի 22 հոդվածը, մասնավորապես, սահմանում էր. «Օրենսգրքի 241.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում» բառերով»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5.1 բաժինն ուժը կորցրած է ճանաչվել վերոհիշյալ` «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 28.11.07. ՀՕ-277-Ն ՀՀ օրենքի 76 հոդվածով:

8. Վիճարկվող և դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթների վերլուծությունը, ինչպես նաև դրանց իրավակիրառական պրակտիկան վկայում են, որ նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման օրենսդրական ներկա կարգավորման հիմնական տարրերը հետևյալներն են.

- նոր հանգամանքներով վերանայման ենթակա են միայն առաջին ատյանի դատարանների դատական ակտերը,

- նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու իրավասություն ունի միայն համապատասխան դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարանը,

- վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը նշված հիմքերով վերանայման ենթակա չեն,

-վերաքննիչ և վճռաբեկ դատարանները նշված հիմքերով դատական ակտերի վերանայման իրավասությամբ օժտված չեն,

- նոր հանգամանքների հիմքով վերանայման ենթակա են ոչ միայն առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը, այն է՝ վճիռները, այլ նաև առաջին ատյանի դատարանի միջանկյալ դատական ակտերը:

Նշված իրավակարգավորման արդյունքում ձևավորված իրավակիրառական պրակտիկայի մասին է վկայում գործում առկա՝ Երևանի քաղաքացիական դատարանի՝ Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելը մերժելու մասին 19.03.2008 թ. որոշումը: Այս որոշմամբ դատարանը մերժել է ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2007 թ. ՍԴՈ-690 որոշման հիման վրա վճռաբեկ դատարանի թիվ 3-1882/ՎԴ/ քաղաքացիական գործով 30.11.2007 թ. որոշումը վերանայելու խնդրանքը՝ պատճառաբանելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.20 հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նոր հանգամանքներով վերանայման ենթակա են միայն առաջին ատյանի դատական ակտերը:

9. Նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ներկա իրավակարգավորման հիմքում թերևս ընկած է ՀՀ դատական օրենսգրքի այն տրամաբանությունը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործող դատարաններից ընդհանուր իրավասության դատարաններ են հանդիսանում միայն առաջին ատյանի դատարանները, և քաղաքացիական դատավարության շրջանակներում վեճն ըստ էության լուծող դատական ակտ է համարվում առաջին ատյանի դատարանի վճիռը:

Դա իր հերթին բխում է դատական օրենսգրքի՝ դատարանակազմությանը վերաբերող դրույթների հիմքում ընկած այն տրամաբանությունից, որ ընդհանուր կանոնը մասնագիտացված դատարաններն են, իսկ ընդհանուր իրավասության դատարանները, փաստորեն, բացառություն են այդ ընդհանուր կանոնից: Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 92 հոդվածում ամրագրված է հակառակ տրամաբանությունը:

Սույն գործի շրջանակներում իրավասու չլինելով անդրադառնալու ՀՀ դատական օրենսգրքի՝ նշված տրամաբանության վրա հիմնված դրույթների սահմանադրականությանը, այնուամենայնիվ, սահմանադրական դատարանը նման մոտեցումը խնդրահարույց է համարում ՀՀ Սահմանադրության 92 հոդվածի տեսանկյունից: ՀՀ Սահմանադրության 92 հոդվածի 1-ին մասն ամրագրում է Հայաստանի Հանրապետության դատարանակազմության հիմքում ընկած հետևյալ ընդհանուր կանոնը. «Հայաստանի Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը...»: Սահմանելով այն ընդհանուր նորմը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության դատական համակարգի հիմնական բաղադրիչն ընդհանուր իրավասության դատարաններն են՝ միաժամանակ նույն դրույթով Սահմանադրությունն ամրագրել է ընդհանուր իրավասության դատարանների եռաստիճան համակարգը, որը ներկայացված է առաջին ատյանի դատարանների, վերաքննիչ դատարանների և վճռաբեկ դատարանի միջոցով: Սահմանադրական այս դրույթին համահունչ՝ ընդհանուր իրավասության դատարաններին ընդդատյա գործերի առնչությամբ քաղաքացիների համար գործում է դատական պաշտպանության եռաստիճան համակարգը. ընդհանուր իրավասության դատարանների բոլոր ակտերը ենթակա են բողոքարկման քաղաքացիական և քրեական վերաքննիչ դատարաններ, իսկ այդ ակտերի բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանների ընդունած որոշումները ենթակա են բողոքարկման վճռաբեկ դատարան:

ՀՀ Սահմանադրության 92 հոդվածի 1-ին մասում ամրագրված դրույթի երկրորդ հատվածը սահմանում է նույն դրույթի 1-ին հատվածում ամրագրված վերոհիշյալ ընդհանուր կանոնից հետևյալ բացառությունը. «...իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև մասնագիտացված դատարաններ»: ՀՀ Սահմանադրությունը, նշված նորմն ամրագրելով որպես վերոհիշյալ ընդհանուր կանոնից բացառություն, չի մանրամասնում մասնագիտացված դատարանների ո´չ տեսակները, ո´չ ատյանները՝ դրանց սահմանումը թողնելով օրենսդրի հայեցողությանը: Ուստի օրենսդիրն ազատ է մասնագիտացված դատարանների պարագայում սահմանելու վերաքննիչ ատյան:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 92 հոդվածը նախատեսում է ընդհանուր իրավասության դատարանների՝ ստորադասության վրա հիմնված եռաստիճան համակարգ, որում հստակեցված է նաև վճռաբեկ դատարանի ֆունկցիոնալ դերը` օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու առումով: Այդ համակարգին բնորոշ է տարբեր ատյանի դատարանների միջև եղած գործառնական կապը: Տարբեր ատյանների միջև եղած կապը նպատակ է հետապնդում ապահովել դատարանների կողմից կայացվող դատական ակտերի օրինականությունը և հիմնավորվածությունը, վերացնել օրենքի խախտումները և վերականգնել դատավարության մասնակիցների խախտված իրավունքները:

Տարբեր ատյանների դատարանները միմյանցից տարբերվում են իրենց իրավասությունների շրջանակով: Տվյալ դատական ատյանի իրավասությունների շրջանակով են պայմանավորված այդ դատարանի կողմից ընդունվող դատական ակտերի բնույթն ու բովանդակությունը. յուրաքանչյուր դատական ատյանի կողմից ընդունվող ակտը հանդիսանում է տվյալ դատական ատյանի իրավասությունների և գործառույթների կրողը: Հետևաբար, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր դատական ատյանի գործառույթի իրացման արդյունքում անձի իրավունքների դատական պաշտպանությունը նոր որակ է ստանում, յուրաքանչյուր դատական ատյանի կողմից իր գործառույթների իրականացման արդյունքում ընդունված դատական ակտն իր ինքնուրույն դերակատարությունն ունի դատական պաշտպանության իրավունքի իրացման ողջ գործընթացում:

Այսպես, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների լիազորությունների ուսումնասիրությունը վկայում է, որ, ընդհանուր առմամբ, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններն իրենց լիազորությունների շրջանակներում արդարադատություն իրականացնելիս.

- մերժում են վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքը՝ դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ. ընդ որում, այն դեպքում երբ բողոքարկվող ակտը պատճառաբանված է թերի կամ սխալ, կամ ընդհանրապես պատճառաբանված չէ, վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանը պատճառաբանում է ստորադաս դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը,

- բեկանում են դատական ակտը և գործն ուղարկում համապատասխան ստորադաս դատարան,

- բեկանում և փոփոխում են ստորադաս դատարանի դատական ակտը:

Վերաքննիչ և վճռաբեկ դատարանների լիազորությունների բնույթից բխում է, որ ստորադաս դատարանի դատական ակտը վերանայելիս, հատկապես այն դեպքում, երբ վերադաս դատական ատյանը փոփոխում է ստորադաս դատական ատյանի ակտը, վերադաս դատական ատյանների դատական ակտերը հանդես են գալիս որպես դատական պաշտպանության իրավունքի իրացման նոր և ինքնուրույն արդյունք՝ ըստ էության ազդելով ստորադաս դատարանի դատական ակտի բովանդակության վրա և դատավարության կողմերի համար առաջացնելով նոր իրավական հետևանքներ:

Ելնելով վերոգրյալից՝ սահմանադրական դատարանը գտնում է, որ նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման իրավակարգավորումը շեղվել է վերոհիշյալ տրամաբանությունից՝ աղճատելով ստորադասության վրա հիմնված դատական եռաստիճան համակարգի էությունն ու բովանդակությունը, դատական երեք ատյանների միջև ֆունկցիոնալ կապը՝ հաշվի չառնելով դատական երեք ատյանների գործառույթների առանձնահատկությունները:

10. Սահմանադրական դատարանը նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5.1 նախկին բաժնով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3.2 բաժնով սահմանված ներկա իրավակարգավորման համեմատական վերլուծության արդյունքում արձանագրում է, որ դրանց միջև առկա են էական սկզբունքային տարբերություններ, որոնք, մասնավորապես, դրսևորվում են նրանում, որ նախկին կարգավորմամբ.

- նոր հանգամանքներով վերանայման ենթակա էին ինչպես առաջին ատյանի դատարանի, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը,

- վերանայման ենթակա էին վերոհիշյալ դատարանների՝ ինչպես գործն ըստ էության լուծող դատական ակտերը, այնպես էլ նրանց կայացրած միջանկյալ ակտերը,

- վճիռները և որոշումները վերանայելու իրավասություն ունեին.

1) առաջին ատյանի դատարանը` իր օրինական ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը վերանայելու կապակցությամբ,

2) վերաքննիչ դատարանը` իր օրինական ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը վերանայելու կապակցությամբ,

3) վճռաբեկ դատարանը` իր ուժի մեջ մտած որոշումը վերանայելու կապակցությամբ, որը կայացվել է առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի կամ որոշման վերաբերյալ:

Ի տարբերություն նախկին կարգավորման, ինչպես նշվեց, ներկա իրավակարգավորման հիմնական առանձնահատկությունն այն է, որ նոր հանգամանքների հիմքով հնարավոր է միայն առաջին ատյանի դատարանների դատական ակտերի վերանայումը նույն ատյանի դատարանի կողմից:

Բացի դրանից, եթե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախկին 5.1 բաժնում օգտագործվում էր միայն «վճիռ և որոշում» հասկացությունը՝ պարզորոշ կերպով մատնացույց անելով, որ վերանայման ենթակա են ինչպես գործն ըստ էության լուծող դատական ակտերը, այնպես էլ՝ միջանկյալ դատական ակտերը: Մինչդեռ օրենսգրքի գործող 3.2 բաժնում օգտագործվում է «դատական ակտ» հասկացությունը, և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթների բովանդակային մեկնաբանությունն է միայն հնարավորություն տալիս պարզելու, որ խոսքը վերաբերում է ոչ միայն գործն ըստ էության լուծող դատական ակտին, այլ նաև միջանկյալ դատական ակտին:

Սահմանադրական դատարանը վերոհիշյալ համեմատական վերլուծության արդյունքում նշում է, որ նախկին իրավակարգավորումն ուներ հստակ, լիարժեք և ողջամիտ տրամաբանություն՝ քաղաքացիների իրավունքների վերականգնումն ապահովելու հնարավորության տեսանկյունից՝ երաշխավորելով նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման ընթացակարգ՝ դատական բոլոր ատյաններում: Հետևաբար, հաշվի առնելով նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 17-րդ մասի պահանջները, սահմանադրական դատարանը գտնում է, որ մինչև ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ սահմանադրական դատարանի սույն որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ հարցի հետագա կանոնակարգումը, կարող է գործել նշված ինստիտուտի այն իրավակարգավորումը, որը սահմանվել էր 18.02.2004 թ. ՀՕ-39-Ն օրենքով:

11. Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.20 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ դատական ակտի վերանայման համար նոր հանգամանք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի` ուժի մեջ մտած որոշումը, որով ամբողջությամբ կամ մի մասով հակասահմանադրական է ճանաչվել այն օրենքը կամ այլ իրավական ակտը, որը կիրառել է դատարանը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գործնականում հնարավոր են իրավիճակներ, երբ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտի վերանայման միջոցով անձի խախտված իրավունքների վերականգնումը պահանջում է բացառապես վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանների ակտերի վերանայում: Այսպես, ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ անհատական դիմումի շրջանակներում սահմանադրական դատարանում կարող են վիճարկվել դատարանի վերջնական ակտով կիրառված օրենքի դրույթները: Որպես վերջնական դատական ակտ առանձին դեպքերում կարող են հանդես գալ տարբեր ատյանի՝ առաջին ատյանի, վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի դատական ակտերը: Առավել հաճախ վերջնական դատական ակտը վճռաբեկ դատարանի ակտն է, որը կայացվել է ի սպառումն պաշտպանության բոլոր միջոցների: Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ սահմանադրական նշված դրույթը որպես անհատական դիմումի ընդունելիության պայման ամրագրում է վիճարկվող օրենքի դրույթի վերջնական դատական ակտով կիրառված լինելու պահանջը, ինչը չի նշանակում, որ վերջնական դատական ակտով կիրառված դրույթը պետք է պարտադիր կերպով կիրառված լինի նաև առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում. օրենքի դրույթի սահմանադրականությունը սահմանադրական դատարանում վիճարկելու համար բավական է միայն այդ դրույթի կիրառումը վերջնական դատական ակտով: Այսինքն՝ ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետը հնարավոր է համարում սահմանադրական դատարանում այնպիսի օրենքի դրույթի սահմանադրականության վիճարկում, որը կիրառվել է որպես վերջնական դատական ակտ հանդիսացող՝ վճռաբեկ դատարանի կամ վերաքննիչ դատարանի ակտով, սակայն չի կիրառվել առաջին ատյանի դատարանի ակտով: Նման իրավիճակում, այս կամ այն օրենքի դրույթը սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու դեպքում սահմանադրական դատարանի համապատասխան որոշման հիման վրա անձի խախտված իրավունքների վերականգնման տեսանկյունից առաջին ատյանի դատարանի դատական ակտի վերանայումը դառնում է անիմաստ և անհնարին. սահմանադրական դատարանի որոշման հիման վրա անձի խախտված իրավունքների վերականգնումը պահանջում է միայն վերջնական դատական ակտի վերանայում:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ անհատական դիմումների քննության ընդունման առնչությամբ սահմանադրական դատարանում արդեն ձևավորված է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի վերոհիշյալ մեկնաբանությանը համապատասխան իրավակիրառական պրակտիկա:

Բացի դրանից, սահմանադրական դատարանում կարող են վիճարկման առարկա դառնալ նաև այն դատավարական նորմերը, որոնք կանոնակարգում են վարույթի կոնկրետ ձևերը, այն է՝ վարույթն առաջին ատյանի դատարանում, վերաքննիչ դատարանում կամ վճռաբեկ դատարանում: Նման նորմերը կիրառելի են միայն տվյալ դատական ատյանի դատական ակտով:

Ավելին, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ և´ վերաքննիչ դատարանը, և´ վճռաբեկ դատարանն ստորադաս դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանում է այդ ակտը, եթե գտնում է, որ այն թերի է պատճառաբանված, սխալ է պատճառաբանված կամ պատճառաբանված չէ: Այս դեպքում վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանը կարող են կիրառել օրենքի դրույթներ, որոնք ստորին ատյանի դատարանի կողմից չեն կիրառվել:

Միաժամանակ, նոր հանգամանքների հիման վրա վերանայման են ենթակա ոչ միայն գործն ըստ էության լուծող դատական ակտերը, այլ նաև միջանկյալ դատական ակտերը: Իսկ միջանկյալ ակտերի բողոքարկման արդյունքում վերաքննիչ և վճռաբեկ դատարաններն իրավասու են կայացնելու նոր դատական ակտեր, որոնք օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: Այս դեպքում ավելի քան ակնհայտ է, որ միայն առաջին ատյանի դատարանի միջանկյալ ակտի՝ նոր հանգամանքների հիմքով վերանայման հնարավորությունը բացառում է վերաքննիչ և վճռաբեկ դատարանների կողմից միջանկյալ դատական ակտերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս կայացված նոր դատական ակտերի վերանայման հնարավորությունը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման առկա իրավակարգավորման պայմաններում չի ապահովվում սահմանադրական դատարանի որոշումների լիարժեք կատարումը` անձի սահմանադրական արդարադատության իրավունքի իրացումը դարձնելով ինքնանպատակ և ոչ արդյունավետ:

12. Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.20 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ դատական ակտի վերանայման համար նոր հանգամանք է հանդիսանում նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը, որով հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման հանգամանքը: Այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-751 որոշման մեջ մտահոգություն է հայտնել առ այն, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.20 հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթն իրավակիրառական պրակտիկայում կարող է լուրջ խոչընդոտներ հարուցել ոչ միայն սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա անձանց սահմանադրական իրավունքների և ազատությունների վերականգնման կամ պաշտպանության համար, այլ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա անձանց կոնվենցիոն իրավունքների վերականգնման և պաշտպանության, հետևաբար` նաև Եվրոպական դատարանի վճիռները կատարելու՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորության բարեխիղճ կատարման համար»:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 46 հոդվածն ամրագրում է պայմանավորվող կողմերի՝ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը: Ի կատարումն Եվրոպական դատարանի վճիռների՝ պայմանավորվող պետություններից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից, պահանջվում է, ի թիվս այլոց, ձեռնարկել անհատական բնույթի միջոցառումներ: Վերջիններիս խնդիրն է վերացնել ժամանակի մեջ շարունակվող իրավախախտումը և այդ իրավախախտման հետևանքները՝ մինչև կոնվենցիոն իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակը հնարավորինս վերականգնելու նպատակով (restitutio in integrum): Անհատական բնույթի միջոցառումները, որպես կանոն, ներառում են Եվրոպական դատարանի վճռի հիման վրա ներպետական դատական ակտերի վերանայումը: Ի կատարումն Եվրոպական դատարանի վճռի՝ նման անհատական բնույթի միջոցառումն անխուսափելի է լինում բոլոր այն դեպքերում, երբ կոնվենցիոն իրավունքի խախտման պատճառը ներպետական դատական վարույթի ընթացքում դատավարական նորմերի խախտումն է: Հարկ է նկատել, որ դատավարական նորմերի խախտումը կարող է տեղի ունեցած լինել ներպետական ցանկացած դատական ատյանում: Հետևաբար, ի կատարումն Եվրոպական դատարանի վճռի` անհրաժեշտ է վերանայել այն դատական ատյանի ակտը, որի կողմից թույլ է տրվել դատավարական նորմի սխալը. եթե առաջին ատյանի դատարանը գործի քննությունն իրականացրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածում ամրագրված՝ արդար դատաքննության կոնվենցիոն երաշխիքների պահպանմամբ, ապա առաջին ատյանի դատարանի դատական ակտի վերանայման խնդիր չի կարող ծագել:

Սահմանադրական դատարանն այս կապակցությամբ հարկ է համարում վկայակոչել նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թ. Նախարարների ներկայացուցիչների 694 նստաշրջանում ընդունված «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների հիման վրա ներպետական մակարդակով գործերի վերանայման և վարույթի նորոգման մասին» N R (2000) 2 հանձնարարականը: Վերջինս, մասնավորապես, ամրագրում է. «Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն ... նկատի ունենալով, որ Դատարանի վճիռների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելուն ուղղված Նախարարների կոմիտեի պրակտիկան ցույց է տալիս, որ որոշակի հանգամանքներում գործերի վերանայումը կամ վարույթի նորոգումը հանդիսանում է ամենաարդյունավետ, եթե ոչ միակ միջոցը restitutio in integrum-ի հասնելու համար.

1. Առաջարկում է Պայմանավորվող պետություններին համոզվել, որ ներպետական մակարդակում գոյություն ունեն համարժեք հնարավորություններ restitutio in integrum-ի հասնելու համար...»:

Ելնելով վերոհիշյալից` սահմանադրական դատարանը գտնում է, որ Եվրոպական դատարանի վճռի հիման վրա ներպետական դատական ակտի վերանայման առկա իրավակարգավորումն առանձին դեպքերում ոչ միայն հնարավորություն չի տա վերականգնելու անձի խախտված իրավունքը, այլ նաև կխոչընդոտի Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպական դատարանի վճիռները կատարելու` Կոնվենցիայով ստանձնած պարտավորության լիարժեք կատարմանը:

Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ Եվրոպական դատարանի պրակտիկայում հետևողականորեն զարգանում է, այսպես կոչված` «ուղենիշ (ղեկավար) վճիռների» ինստիտուտը: Վերջինիս էությունը կայանում է նրանում, որ Եվրոպական դատարանը տվյալ պայմանավորվող պետության դեմ ուղղված մի շարք միանման գանգատներից ընտրում է մեկ առավել տիպային օրինակ և ըստ էության քննում և վճիռ է կայացնում միայն այդ գանգատի կապակցությամբ. մնացած գանգատների հեղինակների իրավունքների վերականգնումը կատարվում է ներպետական մակարդակում` այդ «ուղենիշ վճռի» հիման վրա: Հաշվի առնելով Եվրոպական դատարանի պրակտիկայում առկա այդ զարգացումները և ելնելով «ուղենիշ վճիռների» հիման վրա ներպետական մակարդակում՝ Եվրոպական դատարան դիմած քաղաքացիների իրավունքների վերականգնման հնարավորությունն ապահովելու անհրաժեշտությունից, ներպետական օրենսդրությունը պետք է այս հանգամանքը նույնպես հստակ ամրագրի:

13. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28 հոդվածը սահմանում է վերանայման արդյունքում դատարանի լիազորությունները: Վերջիններս, ի թիվս այլոց, ներառում են նաև նախորդ դատական ակտն ուժի մեջ թողնելը: Եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հիման վրա ներպետական դատական ակտի վերանայման արդյունքում հնարավոր է այդ դատական ակտն ուժի մեջ թողնելը, ապա այն դեպքում, երբ դատական ակտի համար որպես նոր հանգամանք հիմք է հանդիսանում սահմանադրական դատարանի՝ համապատասխան օրենքի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշումը, ապա գործնականում վերանայված ակտի ուժի մեջ մնալն անհնարին է, որովհետև արդարադատության հիմքում դրվել է ու կշարունակի ուժի մեջ մնալ հակասահմանադրական նորմը:

14. Նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ներկայումս սահմանված իրավակարգավորման արդյունք կարող է հանդիսանալ այն, որ անհնարին կդառնա վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանների դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայելը: Նման իրավիճակում գործնականում դատական ակտի վերանայման ինստիտուտը դադարում է գործել ընդհանրապես՝ հնարավորություն չտալով վերականգնել անձի խախտված իրավունքը` ինչն առկա է սույն գործով դիմողի առնչությամբ:

Սահմանադրական դատարանը դեռևս 2008 թ. ապրիլի 15-ի իր ՍԴՈ-751 որոշման մեջ անձի՝ սահմանադրական դատարան դիմելու իրավունքի իրացման արդյունավետության տեսանկյունից կարևորել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով՝ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի կարգի սահմանումը, որը, նախ՝ չի խաթարի երկրի իրավական անվտանգությունն ու քաղաքացիական շրջանառության կայունությունը, ինչպես նաև լիարժեք հնարավորություն կտա անձին սահմանադրական դատարանի որոշման հիման վրա վերականգնելու հակասահմանադրական նորմի կիրառման արդյունքում խախտված իր իրավունքը»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթներն անձին զրկում են նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման միջոցով իր խախտված իրավունքների լիարժեք վերականգնման հնարավորությունից՝ խաթարելով երկրի իրավական անվտանգությունն ու քաղաքացիական շրջանառության կայունությունը, մեծացնելով կոռուպցիոն ռիսկը, թույլ չտալով Հայաստանի Հանրապետությանը լիարժեք և բարեխղճորեն կատարելու ՀՀ մասնակցությամբ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման համակարգն արդյունավետ կարող է գործել միայն այն դեպքում, երբ կապահովվի նոր հանգամանքների հիմքով դատական բոլոր ատյանների ակտերի վերանայման հնարավորությունը, բացառելով ստորադաս ատյանի դատարանի կողմից վերադաս դատարանի ակտի վերանայումը:

15. Ինչ վերաբերում է դիմողի այն պնդմանը, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 80 հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, ի խախտումն ՀՀ Սահմանադրության 42 հոդվածի, անձի իրավական վիճակը վատթարացնող իրավակարգավորմանը տրվել է հետադարձ ուժ, ապա այս կապակցությամբ սահմանադրական դատարանը, ելնելով խնդրո առարկա ինստիտուտի նախկին և ներկա իրավակարգավորման վերոհիշյալ համեմատական վերլուծության արդյունքներից և նախկին իրավակարգավորմանը տված իր վերոհիշյալ գնահատականից, գտնում է, որ իրոք նոր իրավակարգավորմամբ ստեղծվել է անձի համար ավելի անբարենպաստ վիճակ, քանի որ անձը զրկվել է նոր հանգամանքի հիմքով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների ակտերը վերանայելու հնարավորությունից: Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ նշյալ դրույթները, որոնց բովանդակությունը հանգում է վճռաբեկ բողոքները համապատասխան դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան փոխանցելուն, ինքնին չի ենթադրում, որ վերջինս պետք է մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ներկայացված բողոքների առնչությամբ հետադարձ ուժով կիրառի անձի համար վատթարացնող հետևանք ունեցող նոր իրավակարգավորումը՝ նրան զրկելով դատական ակտի վերանայման հնարավորությունից: Սակայն, եթե նույնիսկ համապատասխան դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարանը, որին վիճարկվող դրույթի հիման վրա փոխանցվել է վճռաբեկ բողոքը, փորձի կիրառել նախկին իրավակարգավորումը, ապա այն կհանգեցնի մեկ այլ անընդունելի իրավիճակի, երբ վերադաս դատական ակտը կվերանայվի ստորադաս դատարանի կողմից:

Իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ վիճարկվող դրույթներն ստացել են այնպիսի մեկնաբանություն, որ այդ դրույթների հիման վրա վճռաբեկ բողոքն ստացած համապատասխան առաջին ատյանի դատարանը կիրառում է նոր իրավակարգավորումը՝ մերժելով վերադաս ատյանների դատական ակտերը վերանայելու խնդրանքը՝ դրանով իսկ, ի խախտումն ՀՀ Սահմանադրության 42 հոդվածի, հետադարձ ուժ տալով անձի վիճակը վատթարացնող օրենքին:

16. Դիմողի պնդմամբ՝ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 80 հոդվածի 1-ին մասը, ըստ որի՝ նշված օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից, խախտում է ՀՀ Սահմանադրության 6 հոդվածի 2-րդ պարբերության պահանջը, համաձայն որի` օրենքներն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո: Նշված խախտումը, ըստ դիմողի՝ դրսևորվել է նրանում, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46 հոդվածի պահանջներին համապատասխան նշված օրենքը պետք է ուժի մեջ մտներ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, սակայն պաշտոնական տեղեկագրում հրապարակվելով 26.12.2007 թ.՝ ուժի մեջ է մտել օրենքով սահմանված տասնօրյա ժամկետից շուտ, այն է՝ 2008 թ. հունվարի 1-ից:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նման ժամկետ սահմանել է՝ ելնելով օրենքի ուժի մեջ մտնելու համար օրենսդրությամբ սահմանված համապատասխան ընթացակարգի տարբեր փուլերի համար սահմանված և անհրաժեշտ ժամկետների ողջամիտ հաշվարկից:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը նկատի է ունեցել նաև այն պարագան, որ տարբեր տեխնիկական հանգամանքների բերումով իրավական ակտը կարող է պաշտոնապես հրապարակվել նաև ավելի ուշ, քան տվյալ իրավական ակտով սահմանված` դրա ուժի մեջ մտնելու օրը: Մասնավորապես, 62 հոդվածի 6-րդ մասում ամրագրված է, որ «Եթե նորմատիվ իրավական ակտը չի հրապարակվել այնտեղ նշված իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, ապա իրավական ակտն ուժի մեջ մտնելու օր է համարվում դրա հրապարակմանը հաջորդող օրը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ»:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ բոլոր կոնկրետ դեպքերում իրավակիրառ սուբյեկտներն օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի առնչությամբ պետք է առաջնորդվեն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 80 հոդվածի 4-րդ մասի առնչությամբ գործի վարույթը կարճել:

2. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 80 հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

3. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 80 հոդվածի 5-րդ մասը՝ իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակությամբ հանդերձ, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18, 19 և 42 հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

4. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3.2 բաժնի 204.20 հոդվածի 2-րդ մասը և 204.26 հոդվածը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18, 19 հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

5. Վերոհիշյալ նորմերի` ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու արդյունքում օրենսդրական բացը բացառելու անհրաժեշտությունից ելնելով, նկատի ունենալով սույն որոշման 10-րդ կետում սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 9-րդ մասով, ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել նաև «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 28.11.2007 թ. ՀՕ-277-Ն ՀՀ օրենքի` սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված իրավադրույթների հետ համակարգային առումով փոխկապակցված 72 և 76 հոդվածները:

6. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

9 սեպտեմբերի 2008 թ.
ՍԴՈ-758