ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 07-1120, 07-239/2007թ. |
Քաղաքացիական գործ թիվ 3-162(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան | |
Դատավորներ՝ Ն. Հովսեփյան Մ. Ասատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Մկրտումյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Սարգսյանի | |
|
Դ. Ավետիսյանի | |
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի մարտի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Արաքս» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.10.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Ռուդոլֆ Ղազարյանի ընդդեմ Ընկերության՝ աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների պարտքի բռնագանձման պահանջի մասին և ըստ հայցի Ընկերության ընդդեմ Ռուդոլֆ Ղազարյանի՝ Ընկերության և Ռուդոլֆ Ղազարյանի միջև 01.09.1995 թվականին կնքված կոնտրակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ռուդոլֆ Ղազարյանը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 8.085.705 ՀՀ դրամ որպես աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների հիմնական պարտքի և դրանց նկատմամբ հաշվարկված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ:
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել իր և Ռուդոլֆ Ղազարյանի միջև 01.09.1995 թվականին կնքված կոնտրակտը:
Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 12.07.2006 թվականի վճռով Ռուդոլֆ Ղազարյանի հայցը բավարարվել է:
Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 29.12.2006 թվականի վճռով Ընկերության հայցը մերժվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 07.03.2007 թվականի որոշմամբ վերոնշյալ հայցերով քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:
Վերաքննիչ դատարանի 12.10.2007 թվականի վճռով Ռուդոլֆ Ղազարյանի հայցը բավարարվել է, իսկ Ընկերության հայցը՝ մերժվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ռուդոլֆ Ղազարյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 355-րդ և 332-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել Ընկերության միջնորդությանը հայցային վաղեմություն կիրառելու մասին: Հայցապահանջը պետք է մերժվեր, քանի որ լրացել է իրավունքների դատական պաշտպանության հայցային վաղեմության ժամկետը, ինչը կիրառելու և հայցապահանջը մերժելու մասին դատաքննության ընթացքում միջնորդություն է արվել:
2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների հաշվարկման հիմք է ընդունել ոչ թե հիմնական պարտքի գումարը, այլ նաև տվյալ գումարի նկատմամբ հաշվեգրված տոկոսները:
Բացի այդ, որպես տոկոսների հաշվարկման հիմք ընդունվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքների միջին թվաբանականը: Վերոհիշյալ հոդվածով որպես տոկոսների հաշվարկման հիմք միջին թվաբանականը հիմք ընդունելու հնարավորություն նախատեսված չէ:
3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 215-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի գնահատել քննվող քաղաքացիական գործում առկա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 23.01.2007 թվականի հմ. 0001Պ եզրակացությունը, այն է՝ հակառակ փաստ հաստատված համարելով՝ չի նշել վերոհիշյալ ապացույցը մերժելու փաստարկները:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, վճռով շարունակելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների հաշվարկը, ըստ էության, դուրս է եկել ներկայացված հայցապահանջի շրջանակներից:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.10.2007 թվականի վճռի՝ 7.825.956 ՀՀ դրամ բավարարելու հայցապահանջի մասը:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.
Անհիմն է բողոքի՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 23.01.2007 թվականի հմ. 0001Պ եզրակացությունը չգնահատելու փաստարկը, քանի որ տվյալ ապացույցը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ դատարանների նախագահների խորհրդի թիվ 92 որոշման 5-րդ կետի 2-րդ մասի պահանջների խախտմամբ, այն է՝ վերաքննության կարգով գործի քննության ժամանակ ապացույց ներկայացնելով՝ բողոք բերած անձը չի հիմնավորել իրենից անկախ պատճառներով տվյալ ապացույցը առաջին ատյանի դատարանում ներկայացնելու անհնարինությունը:
Անհիմն է նաև վճռաբեկ բողոքի հիմքն այն մասին, որ Վերաքննիչ դատարանը, շարունակելով հաշվեգրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները, խախտել է վերոհիշյալ նորմի պահանջը: Այսպես, վերոհիշյալ հոդվածի համաձայն՝ տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների պահանջի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառման ենթակա լինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկն անհիմն է, քանի որ Ընկերության կողմից երբևէ չի ներկայացվել հայցային վաղեմություն կիրառելու մջնորդություն:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Սույն քաղաքացիական գործով Ռուդոլֆ Ղազարյանի կողմից ներկայացվել է չվճարված աշխատավարձի (259.749 ՀՀ դրամ), 1997 թվականին Ընկերության կողմից ստացված շահույթի 10% պարգևավճարի (2.112.700 ՀՀ դրամ), 1999 թվականին վճարման ենթակա 6 ամսվա անաշխատունակության նպաստի (151.332 ՀՀ դրամ), 2 տարվա համար չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման գումարի (75.666 ՀՀ դրամ), ինչպես նաև դրանց նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսների (5.486.258 ՀՀ դրամ) բռնագանձման հայցապահանջ:
2) Քաղաքացական գործում առկա Ընկերության բացատրությամբ վերջինս հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով պահանջել է մասնակիորեն` 7.825.956 ՀՀ դրամի չափով մերժել 8.085.705 ՀՀ դրամ հայցապահանջը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն` ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնական և այլ հատուկ օրենսդրությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուդոլֆ Ղազարյանի պահանջի իրավունքի ծագման պահին գործող ՀՀ նախկին աշխատանքային օրենսգրքով հայցային վաղեմության կիրառման կանոնները նախատեսված չեն, հետևաբար, այդ իրավահարաբերություների նկատմամբ պետք է կիրառվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթները:
Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմություն կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը:
Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
Սույն քաղաքացիական գործով հայցվող պարգևավճարի, անաշխատունակության նպաստի, ինչպես նաև ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման գումարի վճարման պարտավորությունը Ընկերության մոտ ծագել է 1998 և 1999 թվականներին: Հետևաբար, Ռուդոլֆ Ղազարյանի կողմից հայցադիմում ներկայացնելու պահին՝ 20.10.2005 թվականին հայցային վաղեմության եռամյա ժամկետը լրացած է եղել, ինչի հիմքով հայցը մասնակիորեն (7.825.956 ՀՀ դրամի չափով) ենթակա է մերժման:
Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Տնտեսական դատարանը չի անդրադարձել հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելու հիմքով հայցը մերժելու պահանջին:
2) Վճռաբեկ բողոքի 2-րդ և 3-րդ հիմքերը Վճռաբեկ դատարանը գնահատման առարկա չի դարձնում, հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելու հիմքով հայցապահանջը մերժման ենթակա լինելու պատճառաբանությամբ:
Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.10.2007 թվականի վճիռը 7.825.956 ՀՀ դրամ բռնագանձելու մասով և այն փոփոխել. Ռուդոլֆ Ղազարյանի հայցը 7.825.956 ՀՀ դրամ բռնագանձելու մասով մերժել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Հ. Մանուկյան |
Դատավորներ` |
Ա. Մկրտումյան |
|
Վ. Աբելյան |
|
Ս. Սարգսյան |
|
Դ. Ավետիսյան |
|
Հ. Ղուկասյան |
|
Ս. Օհանյան |