Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.03.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.07.30/39(274)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.03.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2008

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-3850

Քաղաքացիական գործ թիվ 3-174(ՎԴ)
2008թ.

Նախագահող դատավոր՝ Վ. Ավանեսյան

Դատավորներ՝ Գ. Մատինյան 

                   Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի մարտի 27-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Սոֆիա Սուքիասյանի, Գագիկ, Նաիրա, Մարինե և Ռուզաննա Եղիազարյանների վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.11.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Սվետլանա Պետրոսյանի ընդդեմ Սոֆիա Սուքիասյանի, Գագիկ, Նաիրա, Մարինե և Ռուզաննա Եղիազարյանների՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքում բնակարանի օժանդակ մակերեսներն առանձնացնելու պահանջի մասին և Սոֆիա Սուքիասյանի, Գագիկ, Նաիրա, Մարինե և Ռուզաննա Եղիազարյանների հակընդդեմ հայցի ընդդեմ Սվետլանա Պետրոսյանի` օժանդակ մակերեսները կողմերի միջև հավասար կիսելու, իսկ անհամաչափ կիսելու դեպքում անհամաչափություն կազմող տարածքի դիմաց վճարելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Սվետլանա Պետրոսյանը պահանջել է առանձնացնել Երևանի Նալբանդյան փողոցի 17 շենքի թիվ 16 բնակարանի օժանդակ մակերեսները՝ կողմերի փաստացի տիրապետմանը և օգտագործմանը համապատասխան:

Դիմելով դատարան՝ Սոֆիա Սուքիասյանը և Գագիկ, Նաիրա, Մարինե և Ռուզաննա Եղիազարյանները պահանջել են վերոհիշյալ բնակարանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող օժանդակ մակերեսները հավասար բաժանել կողմերի միջև, իսկ անհամաչափ բաժանելու դեպքում պարտավորեցնել Սոֆիա Պետրոսյանին վճարելու դրամական փոխհատուցում՝ անհամաչափություն կազմող տարածքի համար:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 08.08.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.11.2007 թվականի

վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Սոֆիա Սուքիասյանը և Գագիկ, Նաիրա, Մարինե և Ռուզաննա Եղիազարյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 190-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, բողոք բերած անձանց բացատրություններն այն մասին, որ վեճի առարկա տարածքը առանձնացնելու վերաբերյալ կողմերի միջև որևէ համաձայնություն չի եղել:

Վերոհիշյալ բնակարանի կոմունալ և օժանդակ հարմարությունները կողմերի ընդհանուր սեփականությունն են և կողմերի միջև առկա չէ որևէ համաձայնություն ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքում կոմունալ և օժանդակ հարմարությունների յուրաքանչյուրի բաժինը որոշելու հարցում:

Վերաքննիչ դատարանի սույն վճռով ընդհանուր սեփականությունից Սվետլանա Պետրոսյանին սեփականության իրավունքով թողնվել է 32,2քմ մակերես, իսկ բողոք բերած անձանց` 6,5քմ մակերես:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ընդհանուր սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության դեպքում այդ մակերեսի անհամաչափ բաժնի դիմաց վճարվում է դրամական փոխհատուցում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 23.11.2007 թվականի վճիռը և փոփոխել այն` հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

1) Երևանի Նալբանդյան փողոցի 17 շենքի թիվ 16 չորսսենյականոց բնակարանի 25,8քմ մակերեսով 2 սենյակների սեփականատերն է Սվետլանա Պետրոսյանը, իսկ 32,76քմ մակերեսով մյուս 2 սենյակների սեփականատերերն են Սոֆիա Սուքիասյանը, Գագիկ, Նաիրա, Մարինե և Ռուզաննա Եղիազարյանները: Նշված բնակարանի կոմունալ հարմարությունները և օժանդակ տարածքը կազմող 46,4քմ մակերեսը բոլոր սեփականատերերի ընդհանուր սեփականությունն է:

2) Սույն քաղաքացիական գործի տվյալների համաձայն՝ ընդհանուր սեփականությունում կողմերի բաժինները հավասար են:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 190-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ բաժինները համարվում են հավասար, եթե բաժնային սեփականության մասնակիցների բաժինները չեն կարող որոշվել oրենքի հիման վրա կամ սահմանված չեն բոլոր մասնակիցների համաձայնությամբ:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ եթե բաժնային սեփականության մասնակիցների բաժինները չեն կարող որոշվել oրենքի հիման վրա կամ սահմանված չեն բոլոր մասնակիցների համաձայնությամբ, հետևաբար դրանք համարվում են հավասար:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը վեճի առարկա տարածքը հավասար բաժիններով առանձնացնելու հայցապահանջը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ վեճի առարկա գույքում սեփականատերերի բաժիններն արդեն իսկ որոշվել են նրանց համաձայնությամբ: Նման եզրահանգման համար Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել ընդհանուր սեփականության ներքո գտնվող տարածքից օգտվելու կարգ սահմանելու վերաբերյալ սեփականատերի համաձայնությունը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ընդհանուր սեփականության ներքո գտնվող տարածքից օգտվելու կարգ սահմանելու վերաբերյալ սեփականատերերի համաձայնությունը չի կարող որակվել որպես բաժինները որոշելու համաձայնություն, քանի որ այդ համաձայնությամբ կողմերը որոշել են վեճի առարկա գույքի օգտագործման և ոչ թե բաժինները որոշելու (փոփոխելու) կարգ, որը պետք է դրսևորվի սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի հրաժարման և այլ անձի կողմից այդ իրավունքի ձեռք բերման ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կանոններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը:

Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում oրենքով կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ բաժնային սեփականության մասնակցին բնեղենով առանձնացվող գույքի անհամաչափությունը բաժնային սեփականության իրավունքում նրա բաժնին վերացվում է նրան համապատասխան դրամական գումար վճարելով կամ այլ փոխհատուցումով:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը նախ պետք է անդրադառնար և գնահատման առարկա դարձներ վեճի առարկա գույքը հավասար բաժիններով առանձնացնելու հնարավորության հարցը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ անհամաչափ առանձնացվող գույքի անհամաչափությունը պետք է վերացվեր համապատասխան դրամական գումար վճարելով կամ այլ փոխհատուցումով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 23.11.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան