Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.03.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.30/26(616)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.03.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Տնտեսական դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ S-2597/2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-58(ՏԴ)
2008 թ.

Նախագահող դատավոր՝ Ռ. Սարգսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի մարտի 27-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Տնտեսական դատարանի 26.09.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ դիմումի «Հրաշք պարտեզ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Աշտարակի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Ծառայություն)` 19.06.2007 թվականի թիվ 2314460 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության Աշտարակի տարածքային հարկային տեսչության 19.06.2007 թվականի թիվ 2314460 ստուգման ակտը:

Տնտեսական դատարանի 26.09.2007 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Տնտեսական դատարանը սխալ է մեկնաբանել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 35-րդ հոդվածները, կիրառել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը և «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Տնտեսական դատարանը բավարարել է հայցը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ընկերության հանրային սննդի կազմակերպման համար նախատեսված տարածքը գործել է սպառողների սահմանափակ քանակական կազմի համար, այսինքն` կախված է եղել սպառողների թվից: Մինչդեռ Տնտեսական դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված ամբողջ տարածքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ծառայություն ներկայացված Ընկերության 06.06.2007 թվականի ելակետային տվյալների վերաբերյալ հայտարարության համաձայն` Ընկերության հանրային սպասարկման համար նախատեսված տարածքը 122քմ է (շինության ներսում՝ 60քմ և բացօթյա՝ 62քմ), մինչդեռ ներկա պահին օգտագործվում է 12քմ՝ շինության ներսում և 12քմ՝ բացօթյա տարածք:

2) Ծառայության պետի 13.06.2007 թվականի թիվ 2314460 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում կատարվել է հաստատագրված վճարների ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների ճշտության ստուգում:

3) Ծառայության 19.06.2007 թվականի թիվ 2314460 ստուգման ակտով արձանագրվել է, որ Ընկերությունը հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացնում է շինության ներսում` 60 քմ և բացօթյա` 62 քմ տարածքի վրա: Վերոհիշյալ ակտով սուբյեկտին առաջադրվել է 1.541.100 ՀՀ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման վայրի զբաղեցրած սպասարկման սրահի մակերեսը` քառակուսի մետրերով: Նույն օրենքի 32-րդ հոդվածի համաձայն` հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված տարածքը: Բացօթյա վայրերում հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման ընդհանուր մակերեսը:

Տնտեսական դատարանը դիմումի բավարարման հիմքում դնելով այն հանգամանքը, որ Ընկերության կողմից հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցը պայմանավորված է սպառողների թվից և որ Ծառայության կողմից չի ստուգվել, թե հաշվետու ժամանակաշրջանում հանրային սննդի համար նախատեսված տարածքը որքան սեղաններով և աթոռներով է կահավորված եղել, եկել է այն եզրահանգման, որ ստուգման ակտով արձանագրված փաստը Ընկերության հանրային սննդի կազմակերպման տարածքը 122քմ լինելու վերաբերյալ անհիմն է:

Մինչդեռ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 35-րդ հոդվածներից հետևում է, որ հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում ոչ թե հաշվետու ժամանակաշրջանում Ընկերության կողմից փաստացի օգտագործվող տարածքը, որը կարող է պայմանավորվել սպառողների թվով, այլ հանրային սննդի գործունեության կազմակերպման համար նախատեսված ամբողջ տարածքը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից ներկայացված ելակետային տվյալների ճշտությունը ստուգելիս Ծառայությունը պարտավոր չէ պարզելու հաշվետու ժամանակաշրջանում Ընկերության կողմից փաստացի օգտագործվող տարածքի չափը:

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն՝ Ընկերության հանրային սննդի գործունեության կազմակերպման համար նախատեսված ամբողջ տարածքը 122քմ է:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերության կողմից ելակետային տվյալների վերաբերյալ հայտարարությամբ որպես Ընկերության հանրային սննդի գործունեության կազմակերպման մակերես նշվել է 24քմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Ծառայության 19.06.2007 թվականի թիվ 2314460 ստուգման ակտով արձանագրված խախտման փաստը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Տնտեսական դատարանի 26.09.2007 թվականի վճիռը և այն փոփոխել. «Հրաշք պարտեզ» ՍՊԸ-ի դիմումը մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան