Գլխավոր տեղեկություն
Համար
N 232
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.01.2002-08.01.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.06.12/18(193)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.04.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.01.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ապրիլի 2000 թվականի N 232
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 5-ի N 470 և սեպտեմբերի 3-ի N 551 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման հավելվածում`

ա) «32. ՀՀ ֆինանսների նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«32. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 390 5 1».

բ) 33-րդ տողում «ՀՀ ֆինանսների նախարարության տեղական մարմիններ» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական մարմիններ» բառերով.

գ) հանել «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» տողը:

3. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 435 որոշման (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի դեկտեմբերի 30-ի N 789 որոշման խմբագրությամբ) 1-ին կետը.

բ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 551 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
ապրիլի 28-ի N 232 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների եվ էկոնոմիկայի նախարարության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետև` նախարարություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է:

2. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրներն իրագործելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններ:

Նախարարությունն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից իր գործողություններով կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ, ինչպես նաև հանդես գալ դատարանում:

3. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր:

4. Նախարարությունը հիմնարկ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ:

5. Նախարարության ապարատի պահպանման և գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

II. Նախարարության հիմնական խնդիրները

 

6. Նախարարության հիմնական խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակման և այն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում ֆինանսատնտեսական, վարկային, հարկային, մաքսային, բյուջետային, ֆինանսական շուկայի միասնական քաղաքականության վերլուծման, մշակման և իրականացման աշխատանքների կատարման ապահովումը.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում կապիտալի, ֆինանսական, այդ թվում` ապահովագրական, աուդիտորական, գրավատների, վիճակախաղերի, խաղատների և շահումով խաղերի գործունեության պետական կարգավորման քաղաքականության մշակումը, օրենքով կամ այլ իրավական ակտերով համապատասխան լիազորությունների տրամադրման դեպքում այդպիսի գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզավորված գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ե) հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների, աուդիտի մեթոդաբանության մշակումը.

զ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային և ոչ հարկային եկամուտների հավաքագրման համար պատասխանատու պետական մարմինների գործունեության նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողության իրականացումը.

է) պետական մարմինների ու հիմնարկների գործունեության ֆինանսական ընթացիկ վերահսկողության կազմակերպումը և իրականացումը.

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող փոխառությունների ու նվիրատվությունների նպատակային օգտագործման աշխատանքների կազմակերպումը և ծրագրերի իրականացման ընթացիկ վերահսկողությունը.

թ) Հայաստանի Հանրապետության տնտեսության և սոցիալական համակարգի զարգացման հեռանկարային ծրագրերի ու կանխատեսումների մշակումը, տնտեսության առանձին ոլորտների զարգացման համապարփակ ծրագրերի կազմման համակարգումը.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում պետության գույքային շահերի պաշտպանությունը:

 

III. Նախարարության գործառույթներն ըստ ոլորտների

 

7. Մակրոտնտեսական և միկրոտնտեսական քաղաքականության ոլորտում`

ա) միկրոտնտեսական և մակրոտնտեսական հետազոտությունների ու վերլուծությունների իրականացումը.

բ) միջազգային ֆինանսական համագործակցության ապահովումը և, մասնավորապես, Միջազգային արժութային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ծրագրերի իրականացման աշխատանքների համակարգումն ու դրանց կատարման ընթացքի վերահսկողությունը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում միկրոտնտեսական և մակրոտնտեսական հիմնական նպատակային ցուցանիշների որոշումն ու սահմանումը, տնտեսության զարգացման մակրոտնտեսական ծրագրավորումը և վերջինիս մոնիտորինգի ապահովումը.

դ) միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների ու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը կամ վերջինիս երաշխավորությամբ տրամադրվող նպատակային փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների պայմանների և ծրագրային նպատակների ուսումնասիրությունն ու վերլուծությունը.

ե) Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության ծրագրի մշակման ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համագործակցության ապահովումը.

զ) Հայաստանի Հանրապետության առանձին մարզերի, աղետի գոտու, սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակմանը մասնակցությունը:

8. Պետական եկամուտների քաղաքականության ոլորտում`

ա) հարկային, մաքսային և ոչ հարկային եկամուտների քաղաքականության պրակտիկայի վերլուծությունների իրականացումը.

բ) ընթացիկ, միջնաժամկետ և հեռանկարային մաքսային, հարկային ու ոչ հարկային եկամուտների քաղաքականության մշակումը.

գ) միջազգային հարկային և մաքսային համագործակցության քաղաքականության մշակումը:

9. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակման ոլորտում.

ա) առաջիկա տարվա բյուջետային գործընթացի աշխատանքների կազմակերպումը, այդ թվում` պետական ու համայնքների բյուջեների կազմման համար անհրաժեշտ հաշվարկների կատարման մեթոդական ցուցումների և ուղեցույցների, բյուջետային ֆինանսավորման հայտերի, բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվների ձևերի ու դրանք ներկայացնելու կարգերի տրամադրումը և հավաքագրումը.

բ) առաջիկա տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի և ելքերի ֆինանսական ծրագրավորումը.

գ) առաջիկա տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի մշակումը.

դ) առաջիկա տարվա` Հայաստանի Հանրապետության կառավարության բյուջետային ուղերձի մշակումը.

ե) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների մշակումը.

զ) Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների միջև հարաբերությունների կարգավորումը.

է) Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի ամփոփումը.

ը) բյուջետային ծախսերի հաշվարկման նորմաների և նորմատիվների սահմանումը:

10. Բյուջեների կատարման ոլորտում`

ա) Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարումը` ծախսերի իրականացման գործունեության ապահովումը.

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ քաղաքացիաիրավական պարտավորությունների սպասարկումը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության անունից վարկերի, փոխատվությունների և բյուջետային երաշխիքների տրամադրումը.

գ) Հայաստանի Հանրապետության պետական պարտքի ու երաշխիքների սպասարկումը, Հայաստանի Հանրապետության անունից գանձապետական պարտատոմսերի և մուրհակների թողարկումը, ներառյալ դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց մուրհակների տրամադրումը.

դ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքում մուտքերի նվազման դեպքում օրենքով սահմանված կարգով ծախսերի սահմանափակման մեխանիզմի կիրառումը.

ե) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կանխիկ հոսքերի կառավարումը, Հայաստանի Հանրապետության գանձապետական և բյուջետային համակարգում ֆինանսական հոսքերի կառավարման մեթոդոլոգիայի (ներառյալ բյուջետային դասակարգման) մշակումն ու ներդրումը.

զ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ֆինանսական ընթացիկ ծրագրավորումը և Հայաստանի Հանրապետության պետական ու համայնքների բյուջեների դրամարկղային սպասարկման ապահովումը.

է) տեղական գանձապետական բաժանմունքների աշխատանքների համակարգումը, ներքին աուդիտի իրականացումը և պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ ընթացիկ հսկողությունը.

ը) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտի կառավարումը.

թ) Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը, բյուջետային հիմնարկների ակտիվների` ֆինանսական միջոցների, հիմնական միջոցների, նյութական արժեքների հաշվառումը, պարտավորությունների գրանցումն ու հաշվառումը, վերջիններիս վերաբերյալ մասնակի և ամփոփ հաշվետվությունների կազմումը.

ժ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային ու տարեկան հաշվետվությունների կազմումը և դրանք օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

ժա) գնումների գործընթացի պետական կարգավորումը և միջճյուղային համակարգումը.

ժբ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվող Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, այլ կենտրոնացված ֆոնդերից Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների հիման վրա հատկացումների իրականացումը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսված հատկացումների վերաբաշխումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

ժգ) գանձապետական պահառու համակարգի սպասարկումը:

(10-րդ կետը խմբ. 17.08.00 N 548)

11. Հաշվապահական հաշվառման և աուդիտի կարգավորման ոլորտում`

ա) հաշվապահական հաշվառման և աուդիտի միջազգային ստանդարտների հիման վրա ազգային ստանդարտների մշակումը.

բ) հաշվապահական հաշվառման պլանի և ֆինանսական հաշվետվությունների ձևերի մշակումը.

գ) հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության համակարգերի ներդրման մեթոդական ղեկավարումը.

դ) աուդիտորական գործունեությամբ զբաղվողների լիցենզավորումը, աուդիտորների որակավորումը, լիցենզավորման պայմանների պահպանման վերահսկումը.

ե) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնեցված` բանկերի հաշվապահական հաշվառման վարման կարգի սահմանումը:

12. Արժութային կարգավորման ոլորտում`

ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ արժութային կարգավորման քաղաքականության մշակումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արժութային վերահսկողության իրականացումը.

բ) թանկարժեք մետաղներով և քարերով գործառնությունների քաղաքականության մշակումը, հարգադրոշմային հսկողության իրականացումը:

13. Ապահովագրության, խաղատների, վիճակախաղերի, շահումով խաղերի և գրավատնային գործունեության կարգավորման ոլորտում`

ա) ապահովագրական և ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության կարգավորման քաղաքականության մշակումը, ապահովագրական ընկերությունների և ապահովագրական բրոքերների լիցենզավորումն ու դրանց գործունեության նկատմամբ վերահսկողությունը, ապահովագրական ընկերությունների ֆինանսական կայունության, հաշվապահական հաշվառման, աուդիտի և ֆինանսական կայունության, հաշվապահական հաշվառման, աուդիտի և ֆինանսական հաշվետվությունների մեթոդաբանության մշակումն ու ներդրումը.

բ) շահումով խաղերի, վիճակախաղային, խաղատնային գործունեությամբ զբաղվողների լիցենզավորումը և լիցենզավորված գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

գ) գրավատնային գործունեությամբ զբաղվողների լիցենզավորումը, լիցենզավորման պայմանների պահպանման վերահսկումը:

14. Օտարերկրյա ֆինանսավորմամբ ծրագրերի իրականացման ոլորտում`

ա) վարկային, դրամաշնորհային և տեխնիկական օգնության ծրագրերի հաշվառումը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում օտարերկրյա ֆինանսավորմամբ ծրագրեր իրականացնող գրասենյակների աշխատանքների համակարգումն ու ընթացիկ վերահսկողությունը:

15. Վճարահաշվարկային համակարգի կազմակերպման ոլորտում` գանձապետական համակարգում վճարահաշվարկային համակարգի ներդրման աշխատանքների կատարման ապահովումը:

16. Ֆինանսական վերահսկողության ոլորտում`

ա) պետական հիմնարկների և քաղաքացիաիրավական պայմանագրերով պետական պատվեր կատարող իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության ուղղությամբ ստուգումների և վերստուգումների իրականացումը.

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների հավաքագրման վիճակի համար պատասխանատու պետական մարմինների կողմից բյուջեի եկամուտների հավաքագրման ուղղությամբ տարվող աշխատանքների և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների ապահովման նկատմամբ վերահսկողությունը` համապատասխան ստուգումների և վերստուգումների իրականացման միջոցով.

գ) պետական և տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ներառյալ պետական պատվերի տեղադրման, ճշտության և օրինականության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

 դ) գործադիր իշխանության հանրապետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, ինչպես նաև հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և այլ պետական աղբյուրներից առևտրային ու ոչ առևտրային կազմակերպություններին (անկախ կազմակերպական-իրավական ձևից) տրամադրված հատկացումների, փոխառությունների և նվիրատվությունների արդյունավետ ու նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ե) պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և օգտագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

զ) նախարարության համակարգի գերատեսչությունների, առևտրային կազմակերպությունների և պետական հիմնարկների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

է) նախաքննության ու դատական մարմինների որոշումներով համապատասխան ուսումնասիրությունների կատարումը և մասնագիտական կամ փորձագիտական եզրակացությունների տրամադրումը.

ը) պետական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ կամ բաժնետիրոջ իրավասություններ իրականացնող պետական մարմնի միջնորդությամբ 51 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացումը, ներառյալ լուծարային գործընթացում կազմվող հաշվեկշիռների (միջանկյալ և ամփոփ) արժանահավատության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարումների հերթականության ճշտության ստուգումը.

թ) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրող ֆինանսական ու տեխնիկական օգնության և համագործակցության ծրագրերի արդյունավետ ու նպատակային իրականացման նկատմամբ վերահսկողության իրականացումը:

17. Տնտեսության պետական կարգավորման և պետական սեփականության կառավարման ոլորտում`

ա) բանկերի, այլ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության ֆինանսական արդյունքների հաշվառումը, պետական մասնակցության դիմաց շահաբաժինների վճարման նկատմամբ հսկողության իրականացումը, լուծարված առևտրային ընկերություններից պետական բաժնեմասի լուծարային արժեքի կազմում ընդգրկված գույքային իրավունքների (դեբիտորական պարտքերի) տնօրինումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությամբ Հայաստանի Հանրապետության անունից առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացումը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք քարերի ու մետաղների պահուստների կառավարումը.

դ) բռնագրավված, հօգուտ պետությանը տիրազուրկ ճանաչված, նվիրատվությամբ և ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի տնօրինման, ինչպես նաև հարկային ու ոչ հարկային պարտավորությունների դիմաց բռնագանձված գույքի իրացման աշխատանքների նկատմամբ ընթացիկ վերահսկողությունը.

ե) դրամայնացման նպատակով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող ապրանքային վարկերի ու նվիրատվությունների հաշվառումը և իր իրավասության սահմաններում այդ ապրանքների իրացման աշխատանքների կազմակերպումը.

զ) իր իրավասության սահմաններում առանձին արտադրանքների և ծառայությունների սակագների հաստատումը.

է) տնտեսության արտադրական և ոչ արտադրական ոլորտներում պետական սեփականության մասնավորեցման հայեցակարգի ու ճյուղային քաղաքականության մշակմանը մասնակցությունը.

ը) 51 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսական առողջացման ծրագրերի մշակմանը մասնակցությունը.

թ) տնտեսական գործընթացներում պետության կարգավորող դերի ռազմավարության մշակումը:

18. Պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության անունից կնքված քաղաքացիաիրավական գործարքներից բխող գույքային պահանջներով դատարանում որպես հայցվոր հանդես գալը.

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից գումարների բռնագանձման պահանջով նախարարության, այլ պետական մարմինների կամ հիմնարկների դեմ հայցերով դատարանում որպես պատասխանող ներգրավվելը և պետության գույքային շահերի պաշտպանությունը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում մի կողմից` Հայաստանի Հանրապետության, մյուս կողմից` քաղաքացիների կամ իրավաբանական անձանց միջև քաղաքացիաիրավական հարաբերություններից բխող փոխադարձ դրամական պարտավորությունների երկկողմ կարգավորման նախաձեռնումը:

 

IV. Նախարարության աշխատանքների կազմակերպումը

 

19. Նախարարության համակարգը ներառում է Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությունը, ենթակա հիմնարկները, ինչպես նաև 100 տոկոս պետական մասնակցությամբ այն առևտրային կազմակերպությունները, որոնց պետական բաժնեմասի տնօրինման լիազորությունները վերապահված են նախարարությանը:

20. Նախարարությունը սույն կանոնադրությամբ սահմանված գործառույթներն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունների սահմաններում` չխախտելով համակարգի գերատեսչությունների, հիմնարկների և կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ինքնուրույնությունը:

21. Նախարարությունն ընդհանրացնում է բնագավառի օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան, մշակում առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

22. Նախարարությունը մյուս պետական մարմինների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման և լուծման համար:

23. Նախարարությունը սահմանված կարգով մասնակցում է իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի մշակմանն ու քննարկմանը:

24. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

25. Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

26. Նախարարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է նախարարի առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` նախարարի տեղակալներից մեկը:

27. Նախարարը`

ա) ղեկավարում է նախարարության համակարգի ընթացիկ գործունեությունը և պատասխանատու է նախարարության` սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) սահմանում է իր տեղակալների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության սահմանները, հաստատում նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների և գերատեսչություն չհանդիսացող ենթակա հիմնարկների կանոնադրությունները, ինչպես նաև համակարգի` 100 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները.

գ) ներկայացնում է նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում կամ հատուկ լիազորությունների առկայության դեպքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

ե) նախարարության, իսկ հատուկ լիազորությունների առկայության դեպքում նաև Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրեր.

զ) տալիս է լիազորագրեր, բյուջետային երաշխիքներ, կնքում քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրեր, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին ու աշխատողներին, համակարգի` գերատեսչություն չհանդիսացող հիմնարկների ղեկավարներին.

է) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի և համակարգի կառուցվածքները, կոլեգիայի կազմն ու կենտրոնական ապարատի աշխատողների թիվը.

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում արձակում է հրամաններ ու տալիս ցուցումներ, հրահանգներ, որոնց կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների համար.

թ) ուժը կորցրած է ճանաչում նախարարության համակարգի գերատեսչությունների, հիմնարկների և կազմակերպությունների այն հրամանները, հրամանագրերն ու ցուցումները, որոնք հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.

ժ) հաստատում է կոլեգիայի նիստերի նախապատրաստման, հրավիրման, անցկացման և որոշումների ընդունման կարգը.

ժա) Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստերում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի թեկնածության վերաբերյալ.

ժբ) իրականացնում է իրավաբանական անձանց մասնակցի (բաժնետիրոջ) իրավասությունները Հայաստանի Հանրապետությանը պատկանող և նախարարության կառավարմանը վերապահված փայամասնակցության (բաժնետոմսերի) մասով, կամ այդ իրավասությունների իրականացումը լիազորում է նախարարության պաշտոնատար անձանց.

ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

28. Գլխավոր գանձապետն ի պաշտոնե հանդիսանում է նախարարի տեղակալ և իրականացնում է սահմանված կարգով հաստատված` գանձապետարանի կանոնադրությամբ նախատեսված լիազորություններ:

29. Նախարարությունը համակարգի կառավարման հարցերը քննարկում և լուծում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման սկզբունքների զուգակցման, ինչպես նաև որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց իրավասությունների հստակ սահմանման հիման վրա:

30. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որպես նախարարին առընթեր խորհրդակցական մարմին, որի անդամների թիվը և անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Կոլեգիայի կազմի մեջ մտնում են նախարարը (կոլեգիայի նախագահ), նախարարի տեղակալները, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալը, նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, համակարգի հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներ: Կոլեգիայի նիստերին կարող են մասնակցել քննարկվող հարցին առնչվող այլ անձինք:

(30-րդ կետը փոփ. 17.10.00 N 696)

31. Կոլեգիայի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, որոնցում քննարկվում են նախարարության հիմնական խնդիրներին և գործունեությանը վերաբերող հարցեր, ենթակա գերատեսչությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության հարցերը, լսվում են նախարարության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների, նախարարության համակարգի գերատեսչությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության մասին հաշվետվությունները, դրանց գործունեության վերստուգման արդյունքները և այլ հարցեր:

32. Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են նախարարի հրամաններով:

33. Նախարարի և կոլեգիայի անդամների միջև կոլեգիայի նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ տարաձայնությունների առկայության դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են կարծիք հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

34. Նախարարությունում նախարարին առընթեր կարող է ստեղծվել հասարակական հիմունքներով գործող խորհրդատվական, գիտավերլուծական մարմին հանդիսացող գիտամեթոդական խորհուրդ, այլ խորհուրդներ: Իրավաբանական անձանց լիցենզավորման հետ կապված հարցերի քննարկման համար նախարարությունում կարող են ստեղծվել լիցենզավորման մշտական հանձնաժողովներ:

35. Նախարարությունը կազմակերպում է կենտրոնական ապարատի և համակարգի աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացումը, նրանց վերապատրաստումը, անցկացնում կենտրոնական ապարատի աշխատողների ատեստավորում, համակարգում է ղեկավար կադրերի ընտրության, վերապատրաստման և տեղաբաշխման աշխատանքները:

36. Նախարարությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների, դիմումների և գանգատների ժամանակին քննարկումը, միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած խախտումների և թերությունների վերացման համար:

(կանոնադրությունը խմբ. 17.08.00 N 548,  փոփ. 17.10.00 N 696)

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
ապրիլի 28-ի N 232 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների եվ էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի

 

Նախարարի աշխատակազմ

Ապահովագրական տեսչություն (գլխավոր վարչություն)

Արտաքին վարկերի հաշվին իրականացվող ծախսերի ֆինանսական

ծրագրավորման և դրանց կատարման ընթացքի մոնիտորինգի վարչություն

Բյուջետային գործընթացի կառավարման գլխավոր վարչություն

Բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման գլխավոր վարչություն

Բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծությունների

վարչություն

Բյուջեների կատարման մեթոդաբանության վարչություն

Գանձապետական համակարգի ներքին աուդիտի վարչություն

Գործառնական վարչություն

Գործերի կառավարչություն (գլխավոր վարչություն)

Եվրոմիության տեխնիկական օգնության կոորդինացման բաժին

(տողը հանված է 04.01.02 N 2)

Իրավաբանական գլխավոր վարչություն

Կադրերի վարչություն

(տողը հանված է 30.08.01 N 631)

(տողը հանված է 04.01.02 N 2)

Համակարգչային տեխնոլոգիաների սպասարկման գլխավոր վարչություն

Հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության գլխավոր

վարչություն

Հատուկ բաժին

Մակրոտնտեսական քաղաքականության գլխավոր վարչություն

Միկրոտնտեսական ծրագրերի գլխավոր վարչություն

Միջազգային ֆինանսական համագործակցության վարչություն

Պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման

վարչություն

Պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչություն

Պետական մասնակցության մոնիտորինգի գլխավոր վարչություն

Պետական պարտքի կառավարման վարչություն

Վիճակախաղերի և խաղային գործի կարգավորման վարչություն

Ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման

վարչություն

Ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչություն

Ծախսերի ֆինանսավորման վարչություն

(կառուցվածքը լրաց. 04.01.02 N 2)

(կառուցվածքը փոփ. 30.08.01 N 631, փոփ., լրաց. 04.01.02 N 2)