Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.01.29/5(595)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.12.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ
դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-2007

Քաղաքացիական գործ թիվ 3-1854(ՎԴ)
2007թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան
Դատավորներ՝ Գ. Մատինյան, Մ. Ասատրյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

 

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 25-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Սվետլանա Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 15.10.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Սվետլանա Խաչատրյանի ընդդեմ Վազգեն Սահակյանի` «Աննա» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդհանուր ժողովի որոշումը անվավեր ճանաչելու և բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության 26.07.2006 թվականի ընդհանուր ժողովի որոշումը և առանձնացնել Գյումրի քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 24 հասցեում գտնվող Ընկերության իր՝ 40 տոկոս բաժնեմասը, այն է` առաջին հարկի թիվ 4 սենյակը 33,54քմ մակերեսով և նկուղային հատվածից թիվ 2,3,4 սենյակները` 101,76քմ ընդհանուր մակերեսով:

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 16.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15.10.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է Սվետլանա Խաչատրյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 163-րդ և 197-րդ հոդվածները, չի կիրառել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 35-րդ, 36-րդ, 40-րդ և 45-րդ հոդվածները և սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 7-րդ, 190-րդ և 191-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 191-րդ հոդվածը, արձանագրել սեփականության մասնակիցների բաժինները որոշելու և փոփոխելու կարգ, հանգամանք, որը վեճի հետ որևէ առնչություն չունի, քանի որ բաժինները որոշելու և փոփոխելու հարց չի դրվել, այլ պահանջվել է փորձագետի եզրակացության հիման վրա առանձնացնել բաժնեմասը, ինչպես նաև անվավեր ճանաչել Ընկերության մասնակցի իրավունքը խախտող որոշումը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.10.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 16.07.2007 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Գյումրի քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 24 հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Ընկերությանը:

2) Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի 26.07.2006 թվականի որոշմամբ Ընկերության գույքը բաժանվել է մասնակիցների միջև:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. 

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տնտեսական ընկերակցություններ և ընկերություններ են համարվում իրենց հիմնադիրների (մասնակիցների)՝ բաժնեմասերի բաժանված կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ ունեցող առևտրային կազմակերպությունները: Հիմնադիրների (բաժնեհավաք) մասնակիցների ավանդների հաշվին ստեղծված, ինչպես նաև տնտեսական ընկերակցության կամ ընկերության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքը նրան է պատկանում սեփականության իրավունքով:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ընկերության հիմնադիրների ավանդները, դրանց հաշվին ստեղծած, ինչպես նաև ընկերության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքն ընկերությանն է պատկանում սեփականության իրավունքով:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ Ընկերության գույքը վերջինիս սեփականությունն է, և հետևաբար դրա տիրապետման կամ կառավարման վերաբերյալ ցանկացած համաձայնություն, որը կարող է վտանգել Ընկերության սեփականության իրավունքը իրավական հետևանքներ չի կարող առաջացնել ընկերության և նրա հիմնադիրների համար:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես, օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն, 21.12.2006 թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով)):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե´ փաստական, և թե´ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման, վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:

Վերաքննիչ դատարանը սույն քաղաքացիական գործով ծագած իրավահարաբերության՝ Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ կիրառել է ընդհանուր սեփականությունը կարգավորող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ, 190-րդ, 191-րդ հոդվածները՝ առանց հիմնավորելու տվյալ հոդվածների՝ սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելիությունը, ինչպես նաև մերժել է Ընկերության գույքից բաժինն առանձնացնելու պահանջը՝ առանց հիմնավորելու այդ դիրքորոշումը:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանի վճիռը զուրկ է իրավական հիմնավորումից, և այս առումով այն չի կարող լինել օրինական, համոզիչ, ինչպես նաև հեղինակավոր:

Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված հիմքերի առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու հիմք է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 15.10.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`

Ա. Մկրտումյան

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ`

Ս. Անտոնյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Գյուրջյան

Է. Հայրիյան

 

Ս. Սարգսյան